среда, 3 октября 2012 г.

Ինչու՞ չեն պատժվում դեղորայքի շուկայի տնօրինողները ՝ պետական շահերի ոտնահարման համար

   Օրերս  ,,Ժառանգության,,  անդամներն  ասուլիսով  հանդես  եկան  եւ  հերթական  անգամ  բարձրաձայնեցին, որ  դեղորայքի  շուկայում  հակամրցակցային  վիճակի  պատճառով  պետությանը  վնաս է  հասցվել:  Կրկին  հիշատակվեց,  որ  գերիշխող  ընկերությունը  մրցակիցներին  դուրս  է  մղում,  քանի  որ  վերջիններս  ավելի  էժան  գնով  են  դեղորայք  մատակարարում  հիվանդանոցներին:  Այդ  հարցն  ավելի  վաղ  բարձրացնելու  արդյունքում  ՏՄՊՊՀ-ն  գերիշխող  ընկերությանը  տուգանել  էր,սակայն  ի՞նչ  օգուտ  այդ  տուգանքից  / առավել  եւս,  որ  հայտնի  չէ,  այն  մուծվե՞լ  է,  թե՞՝ ոչ / ,  եթե  դրանից  ամիսներ  անց,  այսինքն ՝ սեպտեմբերից  դեղորայքի  գինը  կտրուկ  բարձրացավ.  80 տոկոսով / հավանաբար, այդ կերպ  որոշեցին  տուգանքների  ,,տակից,,  դուրս  գալ / : Մինչեւ  ՏՄՊՊՀ-ն   նոր ուսումնասիրություն  կատարի,  թե  որքանով  է  հիմնավորված  գների  բարձրացումը,  սպառողներն  ստիպված  են  արդեն  իսկ  թանկ  գնով  դեղորայք  գնել: Հարկ  է  նկատել,  որ  երբ  հանրային  ծառայությունների   / գազի,  էներգիայի,  ջրի, հեռախոսակապի / ոլորտում  սակագնի  բարձրացում  է  նախատեսվում,  այդ  ծառայությունները  մատուցող  ընկերությունները  նախապես  դիմում  են  Հանրային  ծառայությունները կարգավորող  հանձնաժողովին,  որպեսզի  վերջինս  հաստատի  կամ  մերժի  սակագնի  բարձրացումը ՝  հարցի  հանգամանորեն  ուսումնասիրությունից  հետո:  Տեղին  կլինի,  եթե  նույն  սկզբունքը  գործի  նաեւ  լայն  սպառման  ապրանքների  ներկրման  ոլորտում. նախ՝ դիմեն  ՏՄՊՊՀ-ին /  մինչ  այդ  վերջինս  պետք  է  պետականորեն  լիազորված  լինի  համապատասխան  իրավունքով / , վերջինս  էլ  ուսումնասիրությունից  հետո  հաստատի  կամ  մերժի  գների  բարձրացումը :  Թե  չէ  ստացվում  է,  որ  նախ  գին  են բարձրացնում,  սպառողներին  մի  լավ  թալանում  , իսկ  հետո  ասում  են ՝ ,,բա  գիտե՞ք,  գինն  անհիմն  էին  բարձրացրել ,  եւ  մենք  նրանց  տուգանեցինք ,,:  Ի՞նչ  օգուտ  սպառողին  այդ  տուգանքից:    Հարցի  մյուս  կողմն  այն  է,  որ  եթե  գերիշխող  ընկերությունը  պետությանը  մնաս է  հասցրել  / տվյալ  դեպքում ՝  դեղորայքի  շուկայում  գերիշխող  դիրք  գրավող /,  ինչո՞ւ  նրա  նկատմամբ  քրեական  գործ  չի  հարուցվում: Չէ՞  որ  արդեն  իսկ  մասնագիտական  հաշվարկով  ապացուցվել  է,  որ  նրանք  հիվանդանոցներին   դեղորայք  են  վաճառել  8  անգամ  ավելի  թանկ  գնով, քան՝  մրցակից  ընկերությունն էր  առաջարկում,  ուրեմն  ինչո՞ւ  չեն  քրեորեն  պատիժ  նախատեսում  այնպես,  ինչպես  սահմանվել  է  գրադարաններից  մեկի  շինարարության  վրա ավել  ծախսված  գումարների  յուրացման  համար:  Չէ՞  որ  պետական  շահերի  ոտնահարման  փաստն  ակնհայտ  է:  Կանցնի  մի  որոշ  ժամանակ,  եւ,  միգուցե,  այս  ոլորտում  մրցակցություն  էլ  չի  լինի,  կլինի  միայն  մենաշնորհ,  քանի  որ  մրցակից  ընկերությունները  սնանկանալով  կփակվեն,  եւ  ՏՄՊՊՀ-ն  արդեն  չի  էլ  կարող  տուգանել  ,,հակամրցակցային  պայմաններ  ստեղծելու  համար,,:  Որքան  հայտնի  է,  այդ  նույն  ընկերությունները  ոչ  միայն  դեղորայքի  շուկայում  են  մոնոպոլ  դիրք  գրավում , այլեւ ՝   շաքարավազի:                                                                                                                                                                                       ԳԱՅԱՆԵ   ՀՈՎՍԵՓՅԱՆ                                       

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն