տեղեկատվական-վերլուծական, իրավապաշտպան,ազատ,անկախ,այլընտրանքային բլոգ ՝հիմնադրված 2011թվի հուլիսի 24-ին ՝Վանաձորում: Լրացավ բլոգի գործունեության 10-րդ տարին: www.azatankakh.blogspot.com, e-mail; gayane1960@gmail.com
пятница, 25 октября 2013 г.
понедельник, 21 октября 2013 г.
Խիղճ ունեցեք ՝ խիճն ասֆալտապատեք
Մայիս-հունիս ամիսներից սկսած ՝ Վանաձորի Գ.Լուսավորիչ փողոցի / նախկինում Մարքսի անունը կրող / մի մասը կազմող, 2000թվից անվանակոչված Կ.Դեմիրճյան փողոցում ջրագծերի փոխման նպատակով շինարարական աշխատանքներ տարվեցին, ու թեպետ մի եզրաշերտ ասֆալտապատում արին ՝ 1-2 ամիս փողոցը քարուքանդ թողնելով, սակայն հիմա փողոցը շատ ավելի անբարեկարգ է, քան ՝ մինչեւ ջրագծերի փոփոխելը, որ կատարյալ փորձանք է դարձել բնակչության գլխին: Տերյան փողոցում էլ եթե ջրագիծ փոխելուց ու 2 ամիս տարածքը քարուքանդ թողնելուց հետո մի կերպ կարկատանային-եզրաշերտային ասֆալտապատում արին / քանի որ ամբողջական ասֆալտապատման միայն կենտրոնական փողոցներն են արժանանում /, ապա Լազյան փողոցի մի հատվածը ՝ նախկին կոշիկի ֆաբրիկայի հարեւանությամբ, շուրջ 3 շաբաթ է ՝ խճապատված է / այնպես, ինչպես Լուսավորչի 38 հասցեւմ գտնվող մայթեզրը /, ինչի արդյունքում խոչընդոտվում է այցելուների մուտքն ՝ այդտեղ գտնվող առեւտրի տաղավարներ: Ի դեպ, խճապատմանը նախորդել էր 2 շաբաթ տարածքը ճահճաթմբերի մեջ թողնելը ՝ հորդառատ անձրեւների արդյունքում: Քանի որ նախադեպը եղել է, որ Լազյան / Շիրվանզադե խաչմերուկից մինչեւ Գոշի փողոցը տարիներ առաջ, ՏԻՄ կամ ԱԺ ընտրությունների նախօրյակին խճապատել էին ՝ ասֆալտապատելու նպատակով, որ այդպես էլ չարվեց, ուստի հնարավոր է, որ այս դեպքում էլ նույնը տեղի ունենա: / Իսկ այդ հատվածը ՝Լազյան / Շիրվանզադե խաչմերուկից մինչեւ Գոշ, տարիներ շարունակ անբարեկարգ, քարուքանդ վիճակում է, որին էլ օրերս ավելացավ մի գերեզմանաչափ տարածքի փորելն ու այդպես թողնելը. չի բացառվում, որ երեկոյան ժամերին բոմժերն ու խրոնիկ հարբեցողները հերթական կռվշտոցից հետո ակամա հայտնվեն այդ եւ այլեւայլլ փոսերում, որ ջրագծերի փոխման նպատակով արվում են ու օրերով թողնվում. օրինակ ՝ նախկինում Էնգելսի անունը կրող Նժդեհի փողոցի վրա / : Մինչդեռ այդ տարածքում էլ անցորդների մշտական երթեւեկ է, քանի որ այդտեղ առեւտրի եւ կենցաղսպասարկման տաղավարներ կան, ու անբարենպաստ եղանակներին առավել եւս փողոցը դառնում է դժվարանցանելի, եթե առեւտրականները ,,տախտակամածներ,, չտեղադրեն: Այս ամռան-աշնանն էլ Ղուկասյան փողոցը 2 անգամ քանդեցին ՝ ջրագիծ փոխելու նպատակով, ու մի կերպ ասֆալտապատում արեցին ՝ կիսատ-պռատ. փողոցի քանդած եզրաշերտը լիարժեք չեն ասֆալտապատել, ու չփորած հատվածը բարձր է մնացել փորած հատվածից. այլ կերպ ՝ զլացել են ասֆալտի հաստ եզրաշերտ քաշեն: 1 ամիս առաջ էլ ,,Լաչինի միջանցք,, կոչվող առեւտրի հատվածում լայնակի քանդում կատարեցին ՝ ,,Լաչինը,,հատող Լազյան փողոցի երկայնքով. Թվում էր, թե դրանից հետո ,,Լաչինում,, այլեւս ջրի վթարներ չեն լինի, բայց ՝ հոկտեմբերի 17-ից սկսած, այստեղ ջրի վթարները պարբերական են դարձել ու անվերջ ջրեր են հոսում փողոցով: Երկաթուղայինների այգում գտնվող վետերանների ակումբի դիմացի մայթեզրի մի զգալի հատվածն էլ քանդեցին-փորեցին, ու դրանից հետո, թեպետ փորածը փակել են, բայց ՝ մի ամբողջ հողաթումբ է կուտակվել սիզամարգի տարածքի հաշվին: Լուսավորչի ու Նժդեհի փողոցների տարբեր հատվածներում էլ շուրջ 2 ամիս է քանդում-փորում են ՝ վերջը չի երեւում, ու առանց այդ էլ ոչ բարվոք վիճակում գտնվող փողոցներն ավելի անբարեկարգ են դարձել, մայթն ու ավտոճանապարհը խառնվել իրար: ,,Օրը մի տեղ կրծում-թողնում են, գոնե մի տեղ վերջացնեն, հետո մյուսներին անցնեն,,- նկատում է մի հնաբնակ վանաձորցի: Մի տեղ ՝ քանդածը խճապատել են, մի տեղ ՝ քարակույտերով ,,լցոնել,, մի տեղ լցոնման աշխատանքներին անգամ ծառերից թափվող շագանակենիներն են ներգրավվել ՝ վերածվելով յուրճրինակ ,,հումքի,, ՝ որպես ,,ասֆալտ,,; Նախկին բարետես Կիրովականը վերածվել է իսկական հողային ճանապարհներով Ղարաքիլիսայի: Տարիներ առաջ ,,Ազգը,, մի խորագիր ուներ ՝ ,,ԴԱԺՈ-յի ընտրությունները Դարուփոսում,,. հիմա իսկական Վանաձորն է. էլ դարուփոս, էլ քարուփոս, էլ քարուքանդ, էլ ,,երախը,, աղբով ու տերեւներով փակած, անկափարիչ դիտահորեր : Քաղաքի որ հատվածով անցնում ես, հասկանում ես, որ ,,այդտեղով անցել են ջրմուղագործները,, իսկ ասֆալտապատողները դեռ չեն մոտեցել: Դե վերոնշյալ փողոցներով իշխանական շարասյուներ չեն անցնում, ուստի դրանք բարեկարգելը երրորդական պլանում է: Լավ, Մարքսին ու Էնգելսին չեն սիրում գոնե Նժդեհից ու Լուսավորչից ակնածեն, ու նրանց անունը կրող փողոցներին պատշաճ ուշադրություն դարձնեն, մայթերը բարեկարգեն, աղբահանմանը ուշադրություն դարձնեն.. Գ.Լուսավորչի 38 հասցեում, մի շարք ազդեցիկ բանկերի մերձակայքում մշտապես չդատարկվող, գարշահոտություն տարածող աղբարկղեր են ՝ շների ու ,ցավոք, նրանց հետ նույն հարթության վրա գտնվող բոմժերի ընկերակցությամբ, որոնցից, ինչպես նաեւ ՝ քարուքանդ մայթից խուսափելու նպատակով անցորդներն ակամա իրավախախտ են դառնում ու նախընտրում ավտոճանապարհը ՝ վտանգելով իրենց անվտանգությունը: ,,Չես հասկանում, քաղաք է՞, թե՞ ՝ գյուղ, որ փողոցով անցնում ես, ոնց որ գյուղի փողոցներ լինեն, մենակ պրոսպեկտն է շատ թե քիչ նորմալ,,- դժգոհում է մեկ այլ հնաբնակ: Փաստորեն, կառավարությունը փող է հատկացրել ասֆալտապատման նպատակով, բայց հիմնականում ջրագծերի փոխման նպատակով քանդման աշխատանքներ են տարվում ՝ գերմանական վարկային ծրագրով, իսկ ասֆալտապատում իրականացվում է քարուքանդից ամիսներ անց, այն էլ ՝ ,,կաթիլային ներարկմամբ,,: Մի քանի օր առաջ էլ մի հետաքրքիր նորություն պարզվեց. ջրագիծ փոխելը վարկային ծրագրով է, բայց քանդել-փորելը ՝ համայքային տեխնիկայով ու միջոցներով ;Դա պարզվեց այն բանից հետո, երվբ վանաձորյան հեռուստաալիքներից մեկին մի տիկին բողոքել էր, որ ջրմուղի կողմից ջրագիծ փոխելուց հետո իր տուն մտնող ջրագիծը վնասվել է, իսկ ջրմուղից պարզաբանել էին թե դրա պատասխանատուն ոչ թե իրենք են, այլ ՝ քանդումը իրականացրած ՍՊԸ-ն: Մի խոսքով ՝ ջրմուղ-համայք, վարկային ու համայնքային, պետական ու մասնավոր խառնվել են իրար ՝ ի վնաս բնակչության: Ընդ որում, ջրագծերի փոխման ընթացքում այլեւայլ ,,արտակարգ պատահարներ,, էլ են լինում. օրինակ ՝ կաբել վնասելու դեպքեր: Բանը հասել է այնտեղ, որ երբ որեւէ թաղամասում հոսանք է անջատվում, անեկդոտի կարգով ասում են.,,Երեւի էլի ջրմուղի տրակտորը գործի է անցել, մի տեղ տվել-պայթացրել է կաբելը,,: ...Այս օրերին վանաձորցիներին քարուքանդ փողոցներից առավելապես փրկում են աշնան թափվող տերեւները ՝յուրօրինակ գորգի դեր կատարելով: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ Հ.Գ. Տես նաեւ ,,Նեմեցական ծրագիրը՝ գործողության մեջ,, 23.09.2013
вторник, 8 октября 2013 г.
Թանկացած գազից կհրաժարվեք ՝ հոսանքը կանջատեն. վաղահաս ձմռան շեմին
,,Մթի ու ցրտի,, տարիները ՝1990-96թվականները, երբ մեկ-երկու կամ մի քանի ժամով էին հոսանք տալիս, վաղուց անցյալում են, բայց, 2000թվից սկսած` շարունակական գործողության մեջ են ,,պլանային ու նորոգման,, անվան տակ արվող 5-7ժամյա անջատումները, եւ ամեն օր, գիշերային լուրերի վերջում Հ2-ը մի ,,լավաշ,, ցուցակ է ներկայացնում, թե ՀՀ որ քաղաքի կամ գյուղի որ թաղամասն է հաջորդ օրը հոսանքազրկվելու ՝ 5-7 ժամով: Զուգահեռ էլ ոչ պլանային անջատումներ են արվում. տվյալ դեպքում ՝ Վանաձորում, ու այդ անկապ անջատումները, երբ անսպասելի հոսանքազրկում է լինում, չի կարող իր բացասական հետեւանքները չունենալ մարդկանց կենցաղի, աշխատանքի կազմակերպման վրա, հաճախ էլ նպաստում է էլեկտրական իրերի փչանալուն, իսկ դրանց դրամական փոխհատուցումը դժվար ապացուցելի խնդիր է Հայաստանի պարագայում, երբ օրենքները գրեթե չեն գործում: Դե հավանաբար անկապ անջատումները / որոնցով եթե որեւէ մեկը փորձում է հետաքրքրվել, ասում են ՝ վթար կա / թերեւս, արվում են էլեկտրական սարքավորումների նորոգման արհեստանոցների աշխատանքն աշխուժացնելու նպատակով : Հետաքրքիրն այն է, որ մայրաքաղաքում զուգահեռաբար էլ ,,հովհարային,, ջրանջատումներ են լինում, ու կրկին այդ մասին նախապես ծանուցվում է Հ2-ով,ինչն էլ հիմք է տալիս ենթադրելու, թե այդ ամենը նպատակ է հետապնդում մարդկանց կենցաղային հոգսերն ավելացնել, որպեսզի քաղաքականությամբ հետաքրքրվելու ժամանակ չունենան, ու միայն մտածեն կենցաղի ու օրվա հացը հայթայթելու մասին: Ինչի՞ նման է, երբ ցերեկով մտնում են խանութ ՝ սրահը մթության մեջ թաղված է, կշեռքները չեն աշխատում հոսանքազրկման հետեւանքով, գնում են բանկերում վճարումներ կատարելու ՝ համակարգիչները չեն աշխատում հոսանքի պատճառով, նստած են համակարգչի առջեւ ՝ անսպասելի հոսանքազրկման պատճառով ծրագիրը խափանվում է, կատարած աշխատանքը ՝ ոչնչանում: Կամ, որ ամենաահավորն է ՝ հիվանդին սիստեմ են միացրել ՝ հոսանքն անջատվում է այդ պահին, ու եթե դա հիվանդի կյանքի համար անդառնալի հետեւանքներ ունենա ՝ ո՞վ է պատասխան տալու: Դիցուք, հիվանդանոցը կարող է սնուցման երկրորդ գիծ ունենալ, իսկ տներում բուժվող հիվանդնե՞րը: Մի ժամանակ խոսում էին էներգիա արտահանելու մասին, հիմա ի՞նչ պատահեց, որ այդպես կտրուկ սկսեց քչություն անել էներգիան, որ ,,պլանայինից,, բացի ՝ մի հատ էլ անպլան ու անկապ անջատումներ են անում: Հերթականը Վանաձորում հոկտեմբերի 7-ին եւ 8-ին էր ՝,,խստացված,, ռեժիմով: Ահավասիկ, հոկտեմբերի 7-ին, երբ նախօրեին ողջ օրն անընդմեջ ձյուն էր տեղում, ժամը 10-ն անց 30-ից հոսանքազրկվեցին քաղաքի տարբեր հատվածներ: Այնուհետ, տարբեր ժամերի, սկսեցին հաջորդաբար վերականգնվել հոսանքազրկված թաղամասերը: 15-ն անց 30-ին զանգահարեցի Էլցանցի ,,Դեբեդ,, մասնաճյուղ, փորձելով հետաքրքրվել, թե արդյո՞ք սա ,,պլանային,, անջատում է, եւ որքա՞ն կտեւի այն, պատասխանեցին, թե ՝,,ամբողջ քաղաքի,, կտրվածքով է անջատումը, վթար է եղել: Հաջորդ հարցիս, թե ինչպե՞ս է ամբողջ քաղաքի կտրվածքով, եթե ժամը 14-ի դրությամբ քաղաքի կենտրոնական հատվածներում հոսանք կար, մի շարք տեղերում էլ վերականգնել են, բայց Երկաթուղայինների այգուն հարող շենքերում հոսանք չկա, պատասխանեցին, թե ,,Հերթով միացնում են,,: Ի վերջո, ժամը 18-ն անց 45, ութժամյա անջատումից հետո նշված թաղամասի շենքերի /Կ. Դեմիրճյան 26, 28, 30 եվ այլն / հոսանքը վերականգնվեց, բայց...հաջորդ օրը, հոկտեմբերի 8-ի վաղ առավոտից հիշյալ շենքերը կրկին հոսանքազրկվեցին: Այս անգամ էլցանցից մեզ տվեցին ինժեների հեռախոսահամարը, բայց, վերջինս, ,,Վթարը ի վերջո վերացվե՞ց,, ՝ հարցը դեռ չլսած ՝ հեռախոսն անջատեց ու այլեւս չէր վերցնում: ,,Սփյուռ,, տեղեկատուից վերցնելով ,,Թեժ գծի,, համարը ՝180, զանգահարեցինք եւ նույն հարցը նրանց ուղղեցինք: Այդտեղ, ճիշտ է, չգիտեին, որ իրենք ,,Թեժ գիծ,, են կոչվում, այլ ասեցին, որ էլցանցի հերթապահությունն է, բայց ավելի բարյացակամ գտնվեցին, ու պատասխանեցին, որ ,,Մեծ վթար,, է, ու հիմա ,,աշխատանքներ են տարվում,,: ,,Ո՞րն է վթարի պատճառը,, ՝ ,,Կաբելները մաշված են,,: Ու խոստացան մինչեւ ,, օրվա վերջը,, վերականգնել:Բարեբախտաբար,ժամը 13-ն անց հոսանքը վերականգնվեց. թերեւս, քաղաքացիների բազմաթիվ բողոքների ու մտահոգիչ զանգերի արդյունքում, բայց ոչ մի երաշխիք չկա, թե կրկին հոսանքազրկում չի լինի, քանի որ, ըստ տեղեկությունների, ջրմուղն էլ իր հերթին շինարարական աշխատանքների ընթացքում կաբելներ է վնասում: Դիցուք, այս անգամ իսկապես վթար է, բա նախորդ անգամնե՞րը / օրինակ ՝ մեկ շաբաթ առաջվա մեկժամանոց անջատումը /: Ի դեպ, հոկտեմբերի 7-ին քաղաքում պարզապես ,,գժանոց,, վիճակ էր. կամ հոսանք չկար, կամ ՝ինտերնետ կապ չկար, քանի որ որտեղ էլ հոսանք կար ՝ինտերնետ-մատակարարն էր հոսանքազրկված թաղամասում գտնվում: Ու նման դեպքերը եզակի չեն. ահա եւ ձեզ ,,գիտատեխնիկական առաջընթաց,,: Չի բացառվում,որ այսօրինակ անջատումներն արվում են մարդկանց ինֆորմացիայից, ռադիոհեռուստատեսությունից կտրելու նպատակով կամ ՝ նպատակ ունեն ետ պահել թանկացած գազից էներգիայի հույսով հրաժարվելու մտքից, կամ էլ ՝ աշխուժացնել մոմի, չոր սպիրտի ու կերոսինի բիզնեսը:Իսկ այսօրինակ անջատումներից ամենից շատ տուժում են սոցիալապես խոցելի խմբերը, որոնք գազից հրաժարվել են ՝թանկության պատճառով: Մի քանի օր առաջ հեռուստաալիքներից մեկը տեղեկացրեց, որ ատոմակայանը կանգնում է: Միգուցե, այդ պատճառով էլ որոշել են ավելի խստացնել անջատումները, ու ,,կուժն ու կուլան,, սկսել են կոտրել մարզերի գլխին: Փաստորեն, իսկական հովհարային անջատումները հիմա են, իսկ 90-ականներին հովհարային միացումներ են եղել: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
пятница, 4 октября 2013 г.
Հրապարակայնություն ունենք ՝ աշխարհը չունի
Վանաձորցի Ջեմմա Վարդումյանին պատահաբար հանդիպեցի Լոռու մարզային գրադարանում, ուր երկուսս էլ հաճախ ենք այցելում մամուլի բաժին ՝ ընթերցանության: Նշենք, որ Ջեմմա Վարդումյանը 2008 թվի մարտի 1-2-ի զոհերից Դավիթ Պետրոսյանի մայրն է: Գանգատվեց, որ ոչ մի կերպ չի կարողանում ոչ թերթերում, ոչ առաջատար կայքերում գտնել Ազգային ժողովի հերթական քառօրյայում հարցուպատասխանի այն հատվածը, երբ ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը հարց էր ուղղել Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանին ՝մարտի 1-2-ի զոհերի հարազատներին փոխհատուցում հատկացնելու մասին:Իսկապես, ընդդիմադիր երկու թերթերում փնտրեցինք Զուրաբյանի ելույթը ՝ չգտանք: Հետո հիշեցի, որ ախր մի ժամանակ / 90-ականների վերջերին / Աժ պաշտոնաթերթը, որ ,,Հայաստանի Հանրապետությունն,, էր, ու խմբագիրը Լիզա Ճաղարյանն էր, տեղը տեղին լուսաբանում էր Աժ նիստերը, ներկայացնում պատգամավորների ելույթները: Ավաղ, հիմա ոչ միայն Զուրաբյանի ելույթին, այլեւ ընդհանրապես Ազգային Ժողովին վերաբերվող տեղեկատվության չհանդիպեցինք, եւ ավելի շատ վարչապետի ու նախագահի գործունեության լուսաբանումն էր այդտեղ: Ավելի ուշ փորձեցի ԱԺ կայքից որեւէ տեղեկություն ստանալ, բայց այդտեղ ընդհանրապես ,,հարցուպատասխան,, բաժին չկար: Եվ ամենաթարմ տեղեկատվությունը Հովիկ Աբրահամյանի հայտարարությունն էր ՝ Զարուհի Փոստանջյանի ՝ ԵԽԽՎ-ում ,,պահվածքի,, մասին: Եվ այսօր ոմանք խոսում են ժողովրդավարության ,,առաջընթացի,, մասի՞ն, երբ հենց միայն այն, որ 1998-99 թթ. ,,Հայաստանի Հանրապետությունը,, լուսաբանում էր Ազգային Ժողովի նիստերը, իսկ այսօր ՝ ոչ, տեղով հետընթաց է: Կամ ինչի՞ նման է, երբ Ստրասբուրգում տեղի ունեցած ԵԽԽՎ նիստին ընդդիմադիր Զարուհի Փոստանջյանի ելույթը միայն ,,Ազատություն,, ռադիոկայանով հնչեց, իսկ ,,առաջատար,, հեռուստաալիքները բավարարվեցին միայն նրա ,,պահվածքի,, մասին ԱԺ նախագահի հայտարարությամբ, ու շատերը չիմացան, թե այդ ի՞նչ պահվածքի մասին էր խոսքը: ՀՀ նախագահի ելույթը գովաբանող ելույթներ են ցույց տալիս, բայց ընդդիմադիր պատգամավորների ելույթներ չհնչեցին հեռուստատեսությամբ: Իսկ ,,Ազատություն,, ռ/կայանի ձայնն էլ, որով միայն կարելի է ունկնդրել ընդդիմադիր ելույթների ՝ արդեն քանի օր է ՝ խաթարումներով, ղռղռոցներով ու այլ ալիքների ,,ներխուժումներով,, է ընթանում Վանաձորում, ու սա առաջին անգամ չէ. ինչպե՞ս կարելի է նույն հաճախականության վրա մի քանի միլիմետր հեռավորությամբ ալիքներ հատկացնել: Ի դեպ, օրերս ,,Ազատություն,, ռ/կայանով Ջեմմա Վարդումյանի ելույթը հեռարձակվեց, բայց որքան փնտրեցի ,,Ազատության,, կայքում, այդպես էլ չգտա. այնպես, ինչպես ամիսներ առաջ մի հետաքրքիր ռեպորտաժ հեռարձակվեց Քաշաթաղի մասին / առ այն, որ լուսավորություն չկա /, սակայն այդ ռեպորտաժը փնտրեցի ու չգտա: Հավանաբար, որոշ նյութերի նկատմամբ ներքին գրաքննություն կա ու հրահանգ. հեռարձակել, բայց ՝չարխիվացնել: Սա՞ է թվացյալ ժողովրդավարությունը, որի մասին ոգեւորված խոսում էին եվրոպացի ,,քեռիներն,, ՝ Ստրասբուրգից: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Подписаться на:
Сообщения (Atom)