Չնայած ,,Ժառանգության,,կուսակցության կողմից Վանաձորի ,,Արցախ,, պուրակում ապրիլի 4-ին կազմակերպվելիք հանրահավաքի համար կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Վանաձորի քաղաքապետարանից խնդրել էր տարածքը տրամադրել ժամը 11-ից մինչեւ 23-ը,եւ քաղաքապետարանն էլ ընդառաջել էր / ինչը տեղ էր գտել քաղաքապետարանի կայքում /, սակայն ,,Ժառանգության,, կողմից դեռ 2 օր առաջ բնակչությանը գրավոր ծանուցումներ բաժանվեցին ՝ հանրահավաքին ժամը 15-ին ներկա գտնվելու խնդրանքով: Այդուհանդերձ, ապրիլի 4-ին Վանաձորի ,,Արցախ,, պուրակը ցավալիորեն սակավամարդ էր, բայց ՝ հասարակության մտավոր շերտերն էին ավելի շատ, որոնց թվում`ընդդիմադիր կուսակցությունների անդամներ: Մասնակիցներից ոմանք ավելի շատ միմյանց հետ զրուցում էին քաղաքական հարցերից, քննարկում վարչապետ Տիգրան Սարգսյանի՝նախօրեին տված ու ՀՀ նախագահի կողմից ընդունված հրաժարականի հարցը, ավելի շատ ՝
վիճաբանում, քան ՝լսում. երեւի մարդիկ հոգնել են անընդհատ նույնը լսել:Մի քանիսն էլ սաստում էին բարձր խոսողներին: Միմյանց հետ բանավիճող երկու քաղաքացու վեճը թեժացավ նրանով, որ մեկը մյուսից հետաքրքրվեց, թե ,,Դու ո՞ր կուսակցությունից ես,, մյուսն էլ պատասխանեց.,,Ե՞ս....մարդու կուսակցությունից,,: Մեկն էլ համոզված էր, որ ,,Մինչեւ մի քանիսին չգյուլլեն, էս երկիրը չի դզվի,,: ,,Ազգային պետությունից են խոսում, բայց հլա թուրքերեն գրությանը,,-Վանաձորի ,,Արցախ,, պուրակի սննդի օբյեկտներից մեկին փակցված ,,Յաղլի-բիշի,, մակագրությունը մատնացույց արեց մի քաղաքացի, որ ինձ հետ զրույցում ասաց, թե ,,Երեւանից ,,փախել-եկել,, է, որ գլուխն ազատի միտինգներից, բայց հիմա էլ այստեղ է միտինգ, ու ինքն այդ մասին իմացավ պատահաբար, անցնելիս / ինչպես շատ քաղաքացիներ, որոնք անցնելիս հետաքրքրվում էին, թե ինչ միջոցառում է /: Քանի որ Արմեն Մարտիրոսյանը քաղաքապետարանին իրազեկման գրությամբ նշել էր, թե ,,ակնկալվում է 1000-5000մասնակցի առկայություն ,, /Հայ-հայ՜, 5000մարդ... Վանաձորում 5000շարժունակ քաղաքացի էլ չի երեւի թե մնացել, այն էլ ՝ խոպանի սեզոնին /,ուստի ոստիկանների պատկառելի խմբեր կային պուրակի մերձակայքում / : Իսկ հանրահավաքը տեւեց ընդամենը 1 ժամ ՝ ոչ ավել: Ելույթներ ունեցան ընդդիմադիր ,,Ժառանգության,, առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արմեն Մարտիրոսյանը, հավաստիացրին, որ պայքարը շարունակելու են մինչեւ վերջ, ասացին այն նույն ըննդիմադիր մտքերը ՝ ամբողջական իշխանափոխության անհրաժեշտության մասին, որոնք ասում են նաեւ մյուս բնակավայրերում, եւ, ինչպես միշտ, ելույթից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստակամ պատասխանեց իրեն շրջապատած տեղական ԶԼՄ-ների հարցերին:Ինչպես սովորաբար ՝,,Ժառանգության,, հանրահավաքներին, մինչ միջոցառման սկսվելն ու միտինգավորների հավաքվելը պուրակում թեւածում էր Արտո Թունջբոյաջյանի հայտնի գլուխգործոցը՝ մասնակիցների ազգային ոգին բարձրացնելու միտում ունեցող ,,Արարատ,, երգը: Ի դեպ, Արմեն Մարտիրոսյանն ավելի շուտ էր եկել միտինգի, քան ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, թեպետ ՝ վերջինիս ժամանելուց հետո միայն սկսվեց միտինգը: ...Մասնակիցների թվաքանակի սակավությունը, թերեւս, կարելի էր բացատրել նաեւ այն հանգամանքով, որ թոշակ-աշխատավարձերի բաշխման օր էր, եւ բնակչության մի ստվար զանգվածի համար թունդ առեւտրային օրեր էին, ինչի ապացույցը խանութներում ու առեւտրի կետերում հերթերի առկայությունն էր: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն