суббота, 29 ноября 2014 г.

Ձմեռն եկավ, մարդկանց մի հոգսն երկու դարձավ

Իր որոշ թերություններով հանդերձ,  ,,Սովետների երկիրը,, մի մեծ առավելություն ուներ. մարդկանց տարրական բարօրության մասին մտածում էր, ու դեռ նոյեմբերից ՝բնակելի շենքերը ջեռուցվում էին. բոլոր վարձերը միասին ` այնքան քիչ էին, որ մարդկանց աչքին չէին գալիս, բացի ՝ լույսի վարձից, որ պակաս մուծելու համար ոմանք խարդախությունների էին դիմում ՝ հաշվիչի ցուցմունքները կեղծելով. այնպես, ինչպես հիմա է երբեմն տեղի ունենում: Իսկ հիմա , չհաշված այն, որ բոլոր վարձերը միասին վերցրած ` մարդկանց գլխին ,,դամոկլյան սուր,, են դարձել, դեռ չմուծելու դեպքում էլ կարող են զրկվել բնակարանից: Իսկ բնակարանները ջեռուցելու հոգսը թողնված է միմիայն իրենց ՝ բնակիչների վրա. ով ՝ ինչպես ուզում է ՝ թող տաքացնի իր տունը, տան որ անկյունում կուզի ՝ կսառչի. ով միջոցներ ունի՝ թող եվրոջեռուցում կազմակերպի, ով չունի ՝թող նավթ կամ փայտ վառի: Մի առանձին հարց է, թե որքանո՞վ է անվտանգ 25 տարի առաջ վթարային դարձած, բայց մինչ օրս  չամրացված շենքերում գազի նախկին խողովակները հանել, նորերը տեղադրել ՝ շինարարական  լրացուցիչ աշխատանքներ կատարելով / հետեւանքներին հաճախ ենք իրազեկվում. պարբերաբար գազի պայթյուններ են լինում շենքերում /, կամ ՝ որքանո՞վ է անվտանգ ՝ 25 տարի չնորոգված,  չնորացված էլեկտրական սնուցման գծերի մաշվածության պայմաններում բնակարանները ջեռուցել էլեկտրաէներգիայով / սրա հետեւանքներին էլ շատ ավելի հաճախ ենք առնչվում. պարբերական վթարներ ՝էներգահամակարգում /: ,,Կազարմային,, ջերմաստիճանը պլյուս 17 աստիճանն է, բայց ձմռան ամիսներին շատերի բնակարններում 11-ից չի բարձրանում ջերմաստիճանը, քանի որ գազի ու էլեկտրաէներգիայի միջոցով են ջեռուցում. այն էլ՝խնայողաբար:  ,,Այլընտրանքը,, կենտրոնացված ջեռուցման համակարգի պահպանումը պետք է լիներ, սակայն արդեն 15 տարուց ավելի է՝ բնակելիները զրկված են դրանից / Մինչեւ 1998-99թվերը Վանաձորի ,,Տարոն,, թաղամասում դեռ պահպանվում էր շենքերի ջեռուցման մեխանիզմը ՝ կաթսայատների միջոցով ,իսկ մինչեւ 1995-96 թիվերը ՝նաեւ քաղաքի կենտրոնում /: 1998թվից ի վեր, հիմնականում ջեռուցվում են պետական ու համայնքապատկան շենքերը, իսկ բնակելիները մատնված են  անտերության:Անցած տարի սպառողների միություններից մեկի նախագահն էր խոսում հանրապետությունում կենտրոնացված ջեռուցման անհրաժեշտության մասին ՝որպես ամենամատչելի ու անվտանգ աղբյուր. եւ ի՞նչ. ասուլիս էր ՝ ասին-տվին-անցան, ո՞վ ուշադրություն դարձրեց համապատասխան կառույցներում, ջուրն իր ճամփով գնում է. մանկապարտեզները, դպրոցները, մարզպետարաններն ու քաղաքապետարանները ջեռուցում են կաթսայատների օգնությամբ, շենքերի մասին մտածող չկա պետական կառույցներում: Ջեռուցում կազմակերպելու փոխարեն շենքե-շենք ընկած հայտարարություններ են փակցնում ՝ջեռուցման մարտկոցներ գնելու առաջարկով. ո՞վ է այս գործի կազմակերպիչը, ո՞ւր են տանում այդ մարտկոցները, ի՞նչ նպատակով ՝ հայտնի չէ: Իսկ ամենաանապահով խավերն այսօր / կյանքի հատակում գտնվողները / Վանաձորում ՝դարձել են խանութների կողքերին տեղադրված աղբարկղերի մշտական շահառուներ. դատարկ արկղեր, ստվարաթղթեր են հավաքում, որ տանեն վառեն: Ու ինչքան ուզում է ՝,,դրսից,, օգնության վարկեր գան. այդ խավի կենսամակարդակը հա նույնն է ու նույնը:...Ի դեպ, ,,Սովետ միությունը,,վաղուց է փլուզվել , բայց դա չի խանգարում, որ կապիտալիստական Ռուսաստանում մինչ օրս պահպանվի բնակելի շենքերը ջեռուցելու նախկին մեխանիզմը, իսկ եթե ռուսաստանյան որեւէ քաղաքում հանկարծ 2 օր ջեռուցում չի լինում ՝ վթարի պատճառով, բնակիչները դուրս են գալիս փողոց ՝ ցույց են անում, կամ ՝ առնվազն հեռուստատեսությունն ահազանգում է:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն