понедельник, 28 декабря 2015 г.

Նախատոնական առեւտրից ,,շքեղության հարկ,, ե՞ն գանձում

Որոշել էի մինչեւ Նոր տարի դադարեցնեմ ,,հանրային լրագրությունս,, բայց՝ստիպված էի կրկին խախտել ,,հրադադարի ռեժիմը,, , երբ տեսա, որ անցած Նոր տարվա ,,օյինը,, ժողովրդի գլուխն են բերում:Ինչպես նախորդ, այս տարի էլ Վանաձորի որոշ խանութներում Ձմեռ պապի ու Ձյունանուշի փոխարեն մարդկանց դիմավորում էին յուրօրինակ ,,հարկահավաքներ,, , որոնց հավաքած ,,հարկի,, անունը կարելի է ,,շքեղահարկ,, դնել:,,Բարեւ ձեզ, մենք բարեգործական ակցիա ենք իրականացնում, ուզում ենք անապահով ընտանիքներին օգնել, չէիք ցանկանա՞ մասնակցել մեր ակցիային,,՝այս խոսքերով էին ակցիայի կազմակերպիչները դիմավորում խանութ մտնող այցելուներին,կարելի է  ասել՝անխտիր, եզակի բացառություններով, նայած օրվա ժամին կամ կազմակերպիչների զգոնության աստիճանին՝մտնողների հանդեպ:Խանութներից մեկում ինձ դիմավորեցին  միանգամից, մյուսում իրավիճակն ավելի խաղաղ էր, քանի դեռ խանութի ներսը չէիր խորացել մոտ երեք քայլ:Մի տեղ ակցիայի համար նախատեսված բնամթերային արկղը դրված էր հենց շեմքում՝աստիճանների մոտ, ու արկղի մոտ կանգնած կազմակերպիչներն սկսզբում անտարբեր էին այցելուների հանդեպ, հետո միանգամից ակտիվացան ու սկսեցին ներս մտնող ու հերթերին մոտեցող այցելուներին մոտենալ ու սկսել՝,,Բարեձ ձեզ,,-ից:Այդ ամենը քաղաքացիներից ոմանց մոտ տհաճ արձագանք էր թողնում, հատկապես՝շարքային, տարեց քաղաքացիների:Չէ՞ որ դու չգիտես, թե ներս մտնողն ով է, ինչ եկամտի տեր է, ինչ հոգեվիճակում է, միգուցե՝ հարազատին նոր է կորցրել, միգուցե՝ չգիտի, թե մոտը եղած սուղ գումարն ինչպես տնօրինի նվազագույն սահմաններում, ու միանգամից շուրջկալի մեջ ես առնում՝թե ,,Բարեւ ձեզ, մենք բարեգործական ակցիա ենք իրականացնում,,:Որքան հասկացանք, ակնկալվում էր որոշ ապրանքատեսակների  զեղչերի հաշվին տրվող լրացուցիչ որեւէ մթերատուփ նվիրատվության կարգով ստանալ ՝այն տեղադրելով արկղի մեջ, որի վրա մակագրված էր ,,բարեգործական ակցիա,,:Անցած տարի մի խանութում էլի նմանատիպ ակցիա էր, ու մի շարքային տղամարդու երբ մոտեցան՝հացաբուլկեղենի բաժնում, վերջինս ուղղակի անհարմար վիճակի մեջ ընկավ ու նեղվելով ասաց՝,,Թոշակառու մարդ եմ, հազիվ եմ ապրում, ո՞րտեղից փող տամ, մտել էի, որ հաց առնեմ,,:Մեկը կարող է ընդամենը հացի համար է մտել խանութ, մեկը՝կես կիլո շաքարավազի, ուրախ-զվարթ թռվռալով գնում ես ու ,,կալմեջ անում,, ու այդ մարդու տրամադրությունը կրկնակի փչացնում՝ ակամա  ստիպելով, որ նա իր վիճակից ավելի նեղվի, մտածելով կամ քթի տակ ասելով՝,,Մեկը լինի՝ինձ օգնի,,:Բարեգործական ակցիա եք անում՝չգիտե՞ք, թե ովքեր են քաղաքի մեծահարուստները՝պետական աշխատանքից բացի մի քանի բիզնես ունեցող, որ գնում՝շարքային քաղաքացիների ,,ջանին եք ընկնում,,: Բարեգործությունը պարտադրանքով չի լինում, այլ՝բարի կամքի ցանկությամբ:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ամանորյա խոհեր ու բարեմաղթանքներ

Ժամանակ առ ժամանակ ստիպված եմ լինում յուրօրինակ պահքեր սահմանել՝զերծ մնալով համացանցից. այս անգամ այն համընկավ հարազատներիս մահվան տարելիցների հետ՝դեկտեմբերի 20 եւ 26:Այս կարգի պահքերի ընթացքում ոչ միայն հասկանում ես, որ ռեալ կյանքը շատ ավելի կարեւոր է, քան՝վիրտուալը, որ կարող է նաեւ համացանցային մոլուցքի վերածվել, այլեւ՝ինքնամաքրվում ես հոգեպես, կյանքդ վերաիմաստավորում,եւ համոզվում, որ ինչքան կարեւոր բաներ կան շրջապատում, որ հաճախ չես նկատում՝համացանցային զբաղվածության պատճառով:Սակայն, ցավոք, կոչումով լրագրողը չի կարող անտարբեր մնալ շրջապատի բացասական երեւույթների նկատմամբ ու երկար ժամանակով կտրվել համացանցից, եթե այն իր համար ոչ թե զվարճանքի աղբյուր է, այլ՝խոսքի ամբիոն:Ուրեմն ցանկանք, որ գալիք տարում ,,վատ բաներ,, գրելու թեմա քիչ լինի եւ մարդիկ չզարմանան, թե ,,Էդ ինչքան շատ ես գրում, չենք հասցնում գրածներդ կարդանք,,:Բա ես էլ չեմ հասցնում գրածներս համացանցում տեղադրեմ կամ թղթին հանձնեմ:Երանի չէ՞ր քիչ գրեի՝,,վատ բաներ,, չլինելու կամ քիչ լինելու պատճառով եւ մի քիչ էլ մտածեի ճամփորդելու մասին՝սկսելով Արեւմտյան Հայաստանից / որտեղ ,,պապական հողերս,, են , եւ իրականացնեի երջանկահիշատակ մորապապիս երազանքը՝,,Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ,, երգի մոտիվներով.տվյալ դեպքում՝առավել ցանկալի էր նախ Վանը տեսնել, որ մորապապիս ծննդավայրն է /:Ցանկանք նաեւ, որ Նոր տարում մարդիկ ավելի քիչ տրտնջան եւ ավելի շատ պայքարեն հանուն արդարության ու իրավունքների, եւ ոչ թե՝պատերի տակ ու իրար մեջ փնթփնթան, թե ,,Էս այլանդակները կերան ժողովրդին, վառին-թողին,,՝ բայց երբ հերթը հասնի պայքարելուն՝վախից սսկվեն ու ասեն՝,,Ի՜...մենք ով ենք է՜, որ բան փոխենք, կուժն էլ ա իրանց ձեռին, պոպոքն էլ,,:Ցավոք, այդպես խոսող մի վանաձորցի կին անցյալ տարի մահկանացուն կնքեց՝ ծանր առողջական խնդիրների հետեւանքով.մարդը չի կարող իր ներսում կուտակված դառնությունը պահել, այլապես այն նրան կկործանի, եւ հետո՝ինչպես ասում են՝,,Քաղաքականությամբ չզբաղվես, ինքը քեզնով կզբաղվի,,:Հարկավոր է ազգովի համախմբվել՝ընդդեմ չարիքի, եւ ոչ թե ձեռքերն անհույս տարածել ու տրտնջալ՝ձեռքից եկած գոնե նվազագույնը չօգտագործելով:Ի դեպ, տարին սկսվում է լավ լուրերով.Ռուսաստան մեկնածներից ոմանք տուն են վերադառնում՝ետ չգնալու մտադրությամբ,  քանի որ Ռուսաստանում արդեն ,,էլ էն չի,,.ռուսական ռուբլին  արժեզրկվում է, տնտեսությունը՝փլուզվում, երկիրը թաղված է կրիմինալի մեջ. այստեղ են ասել՝չիք չարիք, առանց բարիքի:Ցանկանք, որ արտագնա աշխատանքի մեկնածները տուն վերադառնան ու միանան իրենց հայրենակիցների արդար պայքարին՝  փորձելով երկիրը երկիր դարձնել:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

среда, 16 декабря 2015 г.

Համացանցային ,,վիրաբուժությունը,,՝գործողության մեջ

Իր գոյության 4 ու կես տարվա ընթացքում  AZAT ANKAKH բլոգը 2 անգամ ,,սրտի ծանր վիրահատություն,, է տարել՝կոտրած էլեկտրոնային փոստը դժվարությամբ վերականգնելով, մի քանի անգամ էլ մանր ու միջին չափերի գրաքննության ու վիրուսային հարձակումների հետեւանքով մի քանի ,,կաթված,, է տարել, որի արդյունքում երբեմն բլոգում արգելակվում է նյութի տեղադրումը՝,,վիրուսախեղդ,, լինելու պատճառով:Դրա համար ստիպված եմ հոդվածներիս մի մասը զետեղել ֆեյսբուքում. թեպետ՝ֆեյսբուքային էջում էլ երբեմն նյութերի տարածան հետ կապված խնդիրներ են առաջանում:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ձայն՝,,չար անցյալի խավար խորքից,,

Ո՞վ էր այն ,,դուխով տղան,,  ,որ առաջին անգամ քաղաքապետին դատի տվեց


,,Քաղաքացիական նախաձեռնություն,,  թերթ, 23 ապրիլի, 2004թ., ,,Առավոտ,, օրաթերթ, 10 ապրիլի 2004թ.


,,Քաղաքացիական նախաձեռնություն,, թերթ, 23 ապրիլի 2004թ.,  ,,Առավոտ,, օրաթերթ, 8 ապրիլի, 2004թ.

вторник, 15 декабря 2015 г.

Ռուսականի կուրսը մենակ մակարոնի վրա է՞ ազդել

 Մեկ տարի է՝ԵՏՄ անդամ ենք, բայց հայաստանյան շուկայում ռուսական ապրանքները եւ, հատկապես՝ռուսական քաղցրեղենը շարունակում են մնալ ,,արժանապատիվ,, բարձրության վրա:Եվ սա՝այն դեպքում, երբ ռուսական ռուբլու կուրսը 1 տարվա ընթացքում ավելի է ընկել, իսկ վերջին մեկ ամսում՝հատկապես:Միակ մթերքը, որ ակնառու էժանացում ունի, դա ռուսական մակարոնն է, որի պարբերական էժանացումը մշտապես գնապիտակի վրա ֆիքսվում է խանութներում:Իսկ Ամանորի նախօրեին ամենաբարձր գինը ռուսական ու իտալական կոնֆետներին է պատկանում, ամենացածրը՝թուրքական եւ ուկրաինական:Հետո էլ ,,Օտար, ամայի ճամփեքի վրա,,հաղորդաշարի հեղինակ Ռաֆոն կոչ է անում թուրքական ապրանք չգնել:Բա ի՞նչ անեն, եթե թուրքականն ու ուկրաինականն անգամ տեղականից են էժան:Հետաքրքիր է, էն տեղական ,,Քենդի՞ն ,, ինչի էդքան թանկացավ ու թանկացավ...Ու մինչեւ ե՞րբ մարդիկ առաջնորդվեն ,,Օգնենք մեզ՝գնենք մերը,,կարգախոսով, երբ տեղականը ներմուծվածից էլ կարող է թանկ լինել.այնպես, ինչպես հայաստանյան հանգստյան տներն են արտասահմանյանից թանկ. դե ,,մերն ուրիշ է,,:Եվրոպայից ներմուծվածը որ թանկանա՝հասկանալի է, քանի որ ԵՏՄ ենք մտել, բա էդ նույն ԵՏՄ անդամ պետության ապրանքն ինչի՞ է թանկ մեր երկրում:Եւ ինչու՞ միայն քաղցրեղենի ոլորտը. ռուսական ձեթը մեկ տարի առաջ ինչ գնի վրա որ կար՝նույն գնի վրա կանգնած է՝ռուսականի կուրսի իջեցման պայմաններում, ավելացրած՝որ վերջին մեկ ամսում էլ գնի բարձրացում է նկատվում: Կամ վերցնենք դեղորայքի ոլորտը:Ուկրաինական ,,Ասկոֆենը,, դեղատներից ,,քշեցին,, ու հիմա ռուսական ,,Ասկոֆենի,, գինը բարձրացել է: Բա սա մենաշնորհային կարգավիճակ չէ՞:Արդյո՞ք ՏՄՊՊՀ-ն այս ոլորտում ուսումնասիրություն է կատարել, պարզելու, թե ինչու՞ մարդկանց ,,հաց հանապազօրյա ,,գլխացավի դեղը՝,,Ասկոֆենը,,, երբ որ Ուկրաինայից էր ներկրվում՝100դրամ էր, իսկ Ռուսաստանից ներկրվողը՝120դրամ, հետո ուկրաինականը հանկարծ անհետացավ, ու ասպարեզը մնաց ռուսականին, ու դեղի գինը դարձավ 150 դրամ:Տնտեսական ոլորտում միայն ռուսական կոսմետիկայի ոլորտում է էժանացում՝եվրոպականի համեմատությամբ, որի արտադրանքի գներն ավելացել են մոտ 30 տոկոսով:

 


пятница, 11 декабря 2015 г.

Բա ուրեմն Քոչարյանն էլ էդքան «խաթր»չունե՞ր

Այն մասին, թե ինչպես ,,սկզբունքային,,մանկավարժը ,,ոչ,,-ից թեքվեց ,,այո,,-ի կողմը





Հանդիպեցի մի ծանոթ մանկավարժի, ով մինչեւ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն՝ պնդում էր, որ ,,ոչ,,-ի կողմ է, քանի որ  չի ուզում ,,անպրեզիդենտ երկիր,, ունենալ / այդ առթիվ հոդված էի զետեղել ֆեյբուքում /:Հարցրի, թե արդյո՞ք խոստմանը հավատարիմ է եղել ու ,,ոչ,, է քվեարկել:Ցրտից թե ամոթից շիկնած՝ասաց.,,Գնացի ,,այո,,քվարկեցի,,:Զարմացած հարցիս, թե ,,Ինչպե՞ս, բա չասեցի՞ր, որ ,,ոչ,, ես քվեարկելու,,՝ պատասխանեց, թե ,,Գիտե՞ս, այս օրերին հեռւստացույցով տեսա, որ Ավետիք Իշխանյանը քննադատում է նախագիծն ու ասում, թե այն հետադիմական է, քանի որ դրա ընդունումը մեզ կտանի դեպի կղերականության ժամանակներ, ասի՝ուրեմն լավ սահմանադրություն է, որ դեպի կղերականություն ենք գնում,,: Այ քեզ բա՜ն...էս ու՞ր ենք հասել, եթե մանկավարժը կղերականություն է ողջունում:Մնում է՝տեր-Թոդիկի մանկավարժությունն էլ հետ բերենք ու պրծնենք, թող ուսուցիչներն ինչքան ուզում է՝,,տփեն,, աշակերտներին: Հետո էլ, որպես արդարացում, թե՝,,Գիտե՞ս, ես հետո կարդացի նախագիծը, այնտեղ...,, ու սկսեց եկեղեցու  դերի մեծացման հետ  կապված ինչ-որ դրույթներ վկայակոչել:Ասացի՝,,Բա ուրեմն էդքան քաղաքական գործիչների ասածը քո համար հե՞չ, որ ասում էին՝գնացեք ,,ոչ,, քվեարկեք,,: Ասում է՝,,Էդ ովքեր ե՞ն որ,,:Սկսեցի Րաֆֆի Հովհաննիսյանից, արհամարհանքով թե՝,,Րաֆֆին հեչ.ես նրան քաղաքական գործիչ չեմ հաշվում,,: Չնայած գիտեի, որ էն մյուսներին էլ է ,,փութուկոտ դնելու,, այդուհանդերձ, համբերությամբ զինված՝սկսեցի թվարկել.Լեւոն տեր-Պետրոսյան, Պարույր Հայրիկյան, Ժիրայր ՍԵֆիլյան...Այնուամենայնիվ ՝զրուցակցիս դեմքի արհամարհական արտահայտությունը փոխվեց, երբ նրա երբեմնի կուռքի՝Ռոբերտ Քոչարյանի անունը տվեցի / որ վերջինիս հայրենակիցն է /, ու ասաց.,,Այ Քոչարյանն ուրի՜շ...ես նրան հարգում եմ,,:Ասեցի՝,,Բա որ հարգում ես, բա ուրեմն Քոչարյանն էլ էդքան ,,խաթր,, չունե՞ր, որ գնացիր ,,այո,, քվեարկեցիր,,:Այստեղ զրուցակցիս բախտը բերեց, քանի որ հանդիպեց իր ծանոթներից մեկին, ու մեր զրույցն ընդհատվեց:Չի բացառվում, հաջորդ անգամ ինձ տեսնելիս ձեւացնի, թե բջջայինով տաք-տաք զրուցում է ինչ-որ մեկի հետ:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ


четверг, 10 декабря 2015 г.

Մի դիտարկման խումբ էլ դիտորդներին դիտելու համար է պետք

Հայաստանյան ներքաղաքական գաղջ մթնոլորտի պայմաններում ընտրությունների ժամանակ միայն դիտորդների ներկայությունը բավարար չէ.մի դիտորդական խումբ էլ անհրաժեշտ է՝դիտորդներին դիտելու համար:Հիմա ո՞վ կարող է երաշխավորել, թե ցրտաշունչ ձմռան  ու մերկասառույցի պայմաններում հեռավոր գյուղերում դիտորդներ եղե՞լ են, կամ եթե եղել են՝մինչեւ ժամը 20.00-ն ու դրանից հետո՝մինչեւ քվեների հաշվելն ավարտելը, մնացե՞լ են տեղամասում:Հազիվ թե: Անգամ՝քաղաքային տեղամասերում չեն դիտորդները նման ճշտապահություն ցուցաբերել:Ուղղակի՝դիտորդական ինստիտուտն ընտրությունների ավելի շատ ձեւական կողմն է ապահովում:Այսպես է եղել 1998թվից այս կողմ՝ բոլոր ընտրությունների ժամանակ:Հենց իմ այս կասկածները հիմնավորող կարծիք է հայտնում վանաձորցիներից մեկն՝ասելով.,,Գյուղերում համատարած ,,այո,,-ներ են եղել, բա զարմանալի չի՞, ուրեմն գյուղերում մարդիկ ավելի գոհ են իրենց կյանքից, քան՝քաղաքու՞մ,,:Վկայակոչում եմ, որ մի քանի գյուղերից ռեպորտաժներ հնչեցին եթերով, ու գյուղացիները պնդում էին, որ իրենք ողջ գյուղով կողմ են բարեփոխումներին ու ,,այո,, են ասել: Զրուցակիցս թերահավատորեն ասում է՝,,Ուրեմն հավատում ե՞ս, պարզ չի՞, որ հատուկ մարդիկ են ընտրել, որ եթերով խոսեն, թե չէ ո՞նց կարող է գյուղացին գնա ,,այո,, ասի, երբ որ ամբողջ օրը գյուղացիները բողոքում են կյանքից՝հենց հեռուստատեսությամբ,,:Այս առթիվ հիշեցի մի ռեպորտաժ՝Կուրթանից, որտեղ հանրաքվեի ընթացքի մասին պարզաբանումներ էին տալիս ոչ թե դիտորդներ, այլ՝Կուրթանի գյուղապետն ու Լոռու մարզպետը, հավատացնելով, որ ընտրական գործընթացն անցել է առանց միջադեպերի:Տեսնես այդ գյուղում դիտորդ եղել է՞: 

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

среда, 9 декабря 2015 г.

Ո՞ւմ համար «16+»

ԱՏՎ-ով մի սերիալ է գնում.,,Վերջին հայրիկը,,.10-12 տարեկան տղան հիվանդությունից տառապող երեխայի բարդ հոգեբանական դեր է տանում, ու ֆիլմի ցուցադրման ժամանակ գրվում է ,,16+,,.հարց է ծագում.ու՞մ համար ,,16+,, եթե ֆիլմում խաղացող գլխավոր կերպարներից մեկի դերասանը 10-12 տարեկան է:Հիմա ու՞մ իրավունքն է խախտվում.այդ երեխայի՞, որ, փաստորեն, ըստ ֆիլմի զգուշացման, իրավունք չունի ֆիլմը դիտելու / այն ֆիլմը, որում նկարահանվել է /, թե՞՝նրան հասակակից երեխաների, որոնք ,,իրավունք չունեն,, դիտել իրենց հասակակցի կամ ընկերոջ մասնակցությամբ նկարահանված ֆիլմը:Կամ որքանո՞վ է տեղին ՝այդ տարիքի երեխային բարդ հոգեբանական դեր տալ, որի ընթացքում նա ստիպված է ծանր հիվանդությունից տառապող երեխա մարմնավորել, որ համոզված է, որ ինքը մեռնելու է ու դառնությամբ նկատում է.,,Ի՞նչ տարբերություն, տանն եմ մեռնելու՞, թե՞՝ հիվանդանոցում, մեկ ա՝մեռնելու եմ,,:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

понедельник, 7 декабря 2015 г.

Ընտրացուցակային փնթիությունը՝ դիտավորությու՞ն, թե՞ ՝անփութություն

     Դեկտեմբերի 6-ի հանրաքվեի օրն ուղեւորվեցի ընտրական տեղամաս՝Վանաձորի թիվ 4 դպրոցում տեղակայված, քվեարկելու:Նախ՝փորձեցի տվյալներս գտնեմ՝պատին փակցված ցուցակներից:Ի զարմանս ինձ, ոչ միայն մեր, այլեւ՝շքամուտքի այլ ընտանիքների անդամների անուններ չհայտնաբերեցի. այսինքն՝ցուցակները թերի էին:Մոտեցա հանձնաժողովի անդամներին ու հարցրեցի, թե ինչու՞ իմ անուն ազգանունը չկա ցուցակներում: Պահանջեցին անձնագիրս եւ, իրենց մոտի ցուցակներում էլ ստուգելով, հավաստեցին.,,Մեր մոտ էլ չկա: Կարող է՞ դուք ուրիշ տեղամասում եք քվեարկելու,,:Բայց երբ մատնացույց արեցի մեզ ուղարկված ծանուցագիրը՝կռահեցին, թե սխալն ինչի հետ է կապված.փողոցի անվանափոխման:Պատկերացնու՞մ եք՝15 տարի առաջ Լուսավորիչ փողոցի մի մասն անվանափոխել են Կ.Դեմիրճյանի անվան, բայց՝մինչ օրս անձնագրային բաժիներում այդ փոփոխությունը չի արձանագրվել, ու Կ.Դեմիրճյանի բնակիչներն անձնագրերով ու բանկային գործարքներով՝շարունակում են համարվել Լուսավորչի բնակիչներ/այս մասին քանիցս գրել եմ համացանցում /:Բայց տվյալ պարագայում խնդիրն այն է, որ նույն շենքի բնակիչների մի մասի անունները փակցված էին պատին՝Կ.Դեմիրճյանի հասցեով, մնացած բնակիչներին  չէին զետեղել պատի ցուցակներում:Իսկ սա նշանակում է, որ կարող է որեւէ մեկը գար քվեարկելու, տեսներ, որ իր անունը պատին չկա՝չխորանար ինչուների մեջ ու թողներ՝գնար: Սկսում ես կասկածել, թե կարող է՞ ,,անվստահելիներին,, թողել են Լուսավորչի ցուցակներում, ,,վստահելիներին,,՝Դեմիրճյանի:Այդուհանդերձ,՝Լուսավորչի ցուցակներում, այսինքն՝հանձնաժողովի գրանցամատյանում գտան տվյալներս, հանձնեցին քվեաթերթիկն ու ես քվեարկեցի:Հարցի մյուս կողն էլ այն է, որ, փաստորեն, 15 տարի առաջվա ավագանու կայացրած որոշումը մինչ օրս ,,ոչ լեգիտիմ,, է, եթե փողոցն անվանափոխել են, փողոցի վրա գրել նոր անվանումը, բայց՝անձնագրային բաժնում 15 տարի շարունակ այս փոփոխությունը չի արձանագրվել:

..Ի դեպ, իմ այցելության պահին այդտեղ գտնվող արտասահմանյան երկու դիտորդներ արդեն հրաժեշտ տվեցին հանձնաժողովի անդաներին, ու, հայտնի չէ, թե կայի՞ն, արդյոք, նրանց փոխարինողներ, թե՞՝ոչ:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

суббота, 5 декабря 2015 г.

Հետո էլ ասում են՝«Պահանջեք, անպայման պահանջեք կտրոնը»

Օրեր առաջ Վանաձորի դեղատներից մեկում էի: Հերթ էր ՝հո հերթ չէր՜...Մինչեւ հերթն ինձ կհասներ՝նկատեցի, որ ոչ մեկին կտրոն չեն տալիս:Որոշեցի պահանջել՝1200դրամի առեւտրի դիմաց:Պահանջս լսելով՝նախ երկար ու կասկածանքով դեմքիս նայեց  վաճառողը/երեւի մտածելով, թե կամ ,,ագենտ,, է, կամ՝մոլորյալներից վերջին մոհիկանը, որ դեռ հավատում է կտրոնային վիճակախաղին /:Հետո խնդրեց սպասել:Երբ այդ ընթացքում մի քանիսին էլ սպասարկեց, ու տեսավ, որ դեռ սպասում եմ, վաճառողը երեւի որոշեց, որ ես ամենալուրջ տրամադրություններով եմ ու դժկամորեն մոտեցավ ապարատին՝նոր-նոր միացնելով...լիցքավորելու նպատակով:Պարզվեց, որ պետք է էլի սպասեմ, մինչեւ ապարատը լիցքեր հավաքի:20 րոպե անց՝արդեն հաջորդ վաճառողն ինձ մոտեցավ՝որպես նոր եկածի ու հարցրեց, թե ,,ձեզ ի՞նչ էր պետք,,: Ու երբ իմացավ, որ սպասում եմ կտրոնին՝ակնհայտ դժկամությամբ առաջարկեց սպասել՝մինչեւ ,,միանա,,. բայց՝այլընտրանք էլ առաջարկեց.,,Կամ պետք ա հետո գաք,,:Շա՜տ ոգեւորիչ առաջարկ էր, շատ...Օրն արդեն մթնում էր, ու կիսամութ փողոցներով տուն հասնելը վտանգավոր էր.մանավանդ, որ քաղաքում ամենուր թափառող շներ են վխտում:Ըստ այդմ, ստիպված էի հրաժարվել ,,Տեր եղեք ձեր իրավունքներին,, քաղաքացիական կարգախոսից ու աճապարել՝մտքիս մեջ անհասցե հայհոյելով երկիրն այս օրը գցողներին ու, բնականաբար՝նրանց, ովքեր վաճառակետերին ,,խլամ,, հաշվիչներ են տրամադրում:Հետո էլ ասում են՝,,Լավ բան գրի,,.բանկում վճարում ես կատարում՝ասում են ՝,,Սպասեք ծրագիրը միանա,,, ապրանք ես կշռել տալիս՝պարզվում է կշեռքը վաճառողի կողմից է միայն ցույց տալիս, գնորդի կողմից ցույց չի տալիս, կամ՝առհասարակ ոչինչ ցույց չի տալիս՝ու պատճառաբանում են, թե ,,արեւը վրեն է ընկել, խանգարում է,,  կտրոն ես պահանջում՝սպասեցնում են, համացանց ես մտնում՝,,վիրուսներն,, են խանգարում...Դե արի ու լավ բան գրի...

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

пятница, 4 декабря 2015 г.

Սահմանադրական բարեփոխումների քրոնիկոն

ֆեյսբուքային էջի եւ անտիպ հոդվածների ընտրանի՝սահմանադրական բարեփոխուներին առնչվող

,,Այոոչ,,-ի քարոզչության ,,ժամ-պատարագ,, չկա՞

Հեռուստատեսությամբ պարբերաբար հայտարարվում է, որ ,,այո,,-ն ու ,,ոչ,,-ը համատեղ ռեալիթի շոուի են ելել՝մարզերի ուղղությամբ:Այսինքն՝համատեղ ,,այրուկին՝մեկ մարմին դարձած,,՝մեկն ,,այո,, է քարոզելու, մյուսը՝,,ոչ,,:Իսկ ժողովուրդը պետք է ընտրի, թե որն է իրեն հարմար / հետաքրքիր է, այդ հանդիպումների ժամանակ գոնե բաժանվու՞մ են սահմանադրական բարեփոխումների նախագծի օրինակները /:Հատկանշական է, սակայն, որ քարոզչության ժամը չի նշվում. որ մարզում՝երբ են լինելու, կամ հեռուստատեսությամբ երբ է ցուցադրվելու այդ քաղաքական ,,թամաշան,,.պարզապես՝,,հետեւեք մեր ծրագրերին,,:Ի՞նչ է ստացվում.մարդիկ պետք է ողջ օրը նստեն տվյալ հեռուստաալիքի առաջ, որով ,,այոոչ,,-ի համատեղ քարոզչությունն է նախատեսված, սպառեն լուրերի ու հաղորդումների ողջ պաշարը / այդ թվում՝իրենց չնախընտրած հաղորդումները /, որպեսզի այդ հաղորդումների ինչ-որ մի հատվածում կարող է պատահի՝ներս սողոսկի քարոզարշավն ու մարդիկ միայն այդ ժամանակ տեղեկանան, թե ով՝ում ինչ է ասում:Ու սա եղավ քարոզարշա՞վ:Մի՞թե քարոզչության համար ,,ժամ-պատարագ,, չկա. այն էլ՝այն քարոզչության, որն իբր՝մեծ առավելություն ունի՝համատեղ լինելու առումով:Այն էլ չի տեղին, երբ որւէ հաղորդում կարող է ընդմիջվել քարոզարշավով:Միգուցե տվյալ հեռուստադիտողին դա չի հետաքրքրում:...Առայժմ միայն ՝Ղափանում կայացած ,,այոոչ,,-ի քարոզարշավն եմ բռնեցրել՝պատահաբար, մնացածներին առնչվել եմ միյան տեսահոլովակային թռուցիկ նկարներով, որոնք ավելի շատ քարոզարշավը գովազդելու միտում ունեին, քան՝,,այո,,-ն կամ ,,ոչ,,-ը:Ի դեպ, այսօր վանաձորցիներից մեկը թարմ անեկդոտ պատմեց.,,Բա իմացա՞ր, ,,այո,,-ից ու ,,ոչ,,-ից բացի մի պատասխան էլ կա՝,,եսի՜մ...,,:

17.11.2015թ.

,,Այոոչ,,-ը գող-գող եկավ-գնաց

Ոչ ժամ, ոչ պատարագ, ոչ լուրերով նախնական տեղեկացում, թե ով՝երբ, որտեղ է ժողովրդի հետ հանդիպելու...պարզապես՝լուսաբանումը հրամցվում է հեռուստատեսությամբ՝գնալ-գալուց հետո, ու հավաստիացվում թե ,,լրացուցիչ կտեղեկացնեն,,՝հաջորդ հանդիպումների մասին:Այսինքն՝կպեք հեռուստացույցին ու օրվա հաղորդումների ողջ շտեմարանը մարսեք՝մինչեւ կարող է պատահի՝ինչ-որ մի փախած ժամի ,,յա,, կտեղեկացնեն, ,,յա,, չեն տեղեկացնի:Գոնե Հ2-ը չի ցերեկային լուրերի ,,5 պակասի,, թե ,,5 րոպե շուտ,,-ի ժամանակ հայտնում...

Պարզվում է, երեկ ,,Այոոչ,,-ը Վանաձորի ,,Արցախ,, պուրակում հանդիպում է ունեցել այդտեղ գտնվող քաղաքացիների հետ.բնականաբար նրանց, ովքեր այդ պահին պատահաբար այդտեղ են եղել՝չջեռուցվող բնակարաններից փախած՝աշնանային արեւի շողերն ըմբոշխնելու նպատակով, եւ հաճելին համատեղել են ,,Այոոչ,,-ի քարոզչության հետ:Երեւի հույսները հենց արեւի վրա էլ դրած են եղել քարոզիչները, մտածելով.,,Արեվային եղանակ է, հեչ որ չլինի՝,,գյուղամեջում,, նստած ՝արեւից ջերմացողներ կլինեն,,... մի քանիսն էլ բարձրախոսի ձայնը լսելով կհավաքվեն ռեալիթի-շոու կոչվող քաղաքական ,,թամաշայի,, վրա ...,,20 օր ժողովրդի հետ,,-ավելի շատ այս ահեղադղորդ գովազդն է հնչում եթերում՝,,Այոոչ,,-ի քարոզարշավից,քան՝հանդիպումների գրաֆիկը:Ինչպիսի անձնազոհություն.20 օր շարունակ ,,խալիֆները,, պետք է հետաքրքրվեն ,,ֆուխարայի հալով,, /ինչպես կասեր Չարենցը /.տեսնես գործուղումային ծախսեր չե՞ն պահանջելու:Ըստ տեղեկությունների, ,,Այոոչ,,-ը դեռ մի 10 օր պտտվելու է Լոռու մարզում.ով բռնեցրեց՝բռնեցրեց:

24.11.2015թ.

Նոյեմբերի 28-ին հայրենի հեռուստաալիքները փոխանակ ,,ՈՉ,,-ի հանրահավաքն ու նստացույցը հավուր-պատշաճին լուսաբանեին /մանավանդ, որ ընթանում էր ձմեռային էքստրեմալ պայմաններում /մի քանի կադրեր էին ցույց տալիս ու դրանց զուգահեռ՝ներկայացնում հանրահավաքին չմասնակցող  Նիկոլ փաշինյանի ու ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մեկնաբանությունները՝հանրահավաքի վերաբերյալ: Ներկայացվեց միայն Գարեգին Չուքասզյանի ելույթից մի հատված՝առանց հարակից մեկնաբանության կամ ելույթի:

29.11.2015թ.

Փոխանակ բարեփոխումների նախագիծը բաժանեն ժողովրդին, ,,այո,,-ի բուկլետներ են բաժանում

Միլոններով տպել են՝ժողովրդից խնայում են. որ ի՞նչ, որ գիտակից մարդիկ չկարողանա՞ն մանրամասն տնտղել ու համեմատություններ կամ հետեւություններ անե՞ն: Եթե ,,այո,, եք քարոզում, ու ձեր ,,թեկնածուն,, առաջարկվող բարեփոխումային փաթեթն է, բա ներկայացրեք ձեր թեկնածուին...թե՞ պահում եք, որ այդ նախագիծն անցկացնելուց հետո հիմնարկներին բաժանեք ու պետբյուջեից փող դուսր գրեք՝առքի համար:Սա նույնն է, թե ապրանք գովազդեն՝առանց ցույց տալու:

25.11.2015թ.

Եղանական էլ է դեմ հանրաքվեին ու ,,լացում,, է՝ձյան առատ փաթիլներով:

Մնաց մեկ աշխատանքային օր, որի ընթացքում երկրի բարձրագույն մարմինները հնարավորություն ունեն անսալ ՀՀ առաջին ու երկրորդ նախագահների, ինչպես նաեւ՝անցած նախագահական ընտրություններում նախագահի թեկնածուների հորդորին՝կասեցնել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն՝մի շարք հիմնավորումներով, որոնց արդեն անդրադարձ եղել է:Իսկ եթե նրանց ,,խաթրն,, էլ չեն հաշվի առնում, ապա գոնե հաշվի նստեն եղանակային անբարենպաստ պայմանների հետ: Ողջ հանրապետությունում առատ ձյուն է սկսել տեղալ,եւ բնական է, որ հանրաքվեի անցկացման օրն էլ հազիվ թե ճանապարհները անցանելի լինեն:Իսկ մերկասառույցի պայմաններում հազիվ թե դիտորդները հնարավորություն ունենան մայրաքաղաքից հասնել հեռավոր մարզեր:Իսկ այդ պայմաններում հանրաքվեի արդյունքները չեն կարող արժանահավատ լինել ու ընտրությունները՝լեգիտիմ:Ընդհանրապես, արդեն շատ վատ ավանդույթ է ձեւավորվում.համապետական կարեւոր նշանակության ընտրություններն անցկացնել ձմռանը. այնպես՝ինչպես 2003թ, 2008թ. եւ 2013թ. նախագահական ընտրությունները:

3.12.2015թ.

Եթե գյուղերում պարբերաբար ֆինանսական օգնություններ են բաժանում գործարարները, դա կարելի՞ է ընտրակաշառք համարել.փաստ է այն ,որ մարդկանց մի հատվածն այդ կերպ չեզոքացվում է, եւ հազիվ թե այդ օգնություններից օգտվող մարդիկ հանրաքվեին քվարկեն ,,Ոչ,,-ի օգտին:

2.12.2015թ.

Ոչ՝աբսուրդին, ոչ՝հարմարվողականությանը

Չի կարելի ասել, թե ժողովուրդը միանշանակ ,,Այո,,-ին է կողմ կամ միանշանակ ,,Ոչ,,-ին է կողմ:Մինչդեռ այդ երկու աբսուրդային տեսակետներն էլ հնչել են ՝երկու ճամբարներից:Մի ՀՀԿ-ական պատգամավոր էլ պնդում էր, թե ժողովրդի 50տոկոսն ,,այո,,-ին է կողմ, 50տոկոսն էլ դեռ չի կողմնորոշվել:Սա ամենաիսկական ,,Ոչ,,-ի ժխտման տեսություն է:Այս ամենը նման է մեկնարկային աճուրդի.ով՝ ավելի մեծ գումար կառաջարկի,կամ՝ժողովրդական հեքիաթի, որի հերոսն ասում է՝,,Ով այնպիսի սուտ կասի, որ ասեմ՝սուտ է, թագավորւթյանս կեսը կտամ նրան,,:Իսկ երեկ ՀՀկ մամուլի խոսնակն ,,Ազատությունով,, հայտնեց, թե ինքը Լոռիում հանդիպել է ,,Այո,,-ի, ու մարդիկ ,,Այո,, են ասում, որ առճակատում չլինի:Ի՞նչ է ստացվում. մարդիկ համաձայն են ,,այո,, ասել վախի՞ց, որ հանկարծ իրավիճակը չլարվի:

2.12.2015թ.

Բարեփոխումների քարոզարշավը եթերում ընթանում է ուժերի ակնհայտ անհավասարությամբ:Ընդդիմությունը՝ի դեմս ,,ոչ,, ասողների, ունի ընդամենը մեկ անվճար հնարավորություն՝Հ1-ով, որտեղ մի քանի րոպեանոց գովազդ կարող են տեղադրել:Իսկ ,,այո,,-ն հաղթական թեւածում է նաեւ կուսակցական ուղղվածություն ունեցող հեռուստաալիքներով:Ողջ օրը հեռուստաեթերը լցված է ,,այո,,-ի առթիվ կոլեկտիվային ու դահլիճային հանդիպումների լուսաբանմամբ, իսկ ,,ոչ,,-ի հանրահավաքները հիմնականում լուսաբանվում են ինտերնետային տիրույթում կամ ,,Ազատություն,, ռադիոկայանով,,:

1.12.2015թ.

,,Շանթի,, եթերում երեկ բացառիկ օր էր՝բացառիկ ձեւաչափով.ընդդիմությունից հրավիրվել էր ,,Ժառանգության,, անդամ, ,,Ոչ,,-ի կողմնակից Արմեն Մարտիրոսյանը:Հաղորդավարն անգամ խրախուսեց՝,,կարող եք ազատ վատ բաներ խոսել, հակառակորդ ճամբարից մարդ չկա,,:Է ,,վատ բաներ,, եիք ուզում լսել՝Ժիրայր Սեֆիլյանին հրավիրեիք, ինչու՞ եք կառուցողական ընդիմադիր Մարտիրոսյանին հրավիրել:15-20 րոպեանոց ելույթը երկու անգամ ընդմիջվեց գովազդով.հնարավոր է՝այդ ընթացքում ,,վերեւից,, հրահանգավորում էին ստանում:

3.12.2015թ.

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

четверг, 3 декабря 2015 г.

Վիրուսների տարածումը ՝գրաքնության ձե՞ւ

Վիրուսներ է, որ պտտվում են համացանցում, եւ ես լուրջ կասկածներ ունեմ, որ ա եւս գրաքննության մի ձեւ է, քանի որ երբեմն փորձում ես կարդալ որեւէ պաշտոնյայի վերաբերյալ որեւէ աղմկահարույց հոդված, մեկ էլ տեսնում ես, որ էկրանը սեւացավ, ինչ գրառումեր կան՝կորան-գնացին, ու ,,թռչող ափսեներ,, սկսեցին հայտնվել էկրանին՝կառավարումն արգելակելով:Գրաքննության ամենահաս ձեռքը հասնում է նաեւ էլեկտրոնային փոստին.ձեզ ուղարկվող կարեւոր նամակները կարղ են հայտնվել ,,սպամի,, մեջ կամ ,,զամբյուղում,,  իսկ մենաիսկական ,,սպամները,,՝նամակների համար հատկացված բաժնում:Իսկ ,,զամբյուղում,, հայտնվող նամակն ընդամենը մեկ ամիս է պահպանվում, ու եթե օգտատերը ,,զամբյուղը,, չբացի մեկ ամիս ավելի, կարող է չիմանալ, որ իրեն կարեւոր նամակ է ուղարկվել:

ԳԱՅԱնԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

вторник, 1 декабря 2015 г.

Տնակային դատարանի պատմությունը՝որպես անձնական կյանքի էջ

                           ՄԱՍ ԱՌԱՋԻՆ

Ցրտի ու մթի տարիները՝1989-94թվերի, իմ հիշողության մեջ մնացել են Վանաձորի Զագսի շենքում ծվարած  դատարանի գրասենյակում ու կից տնակներում անցկացրած աշխատանքային առօրյայի հետ:Այդ տարիներին գրասենյակում քաղգործերով գործավար էի աշխատում:Աշխատանքի ընդունվեցի 1989թ. աշնանը:Մինչ այդ՝ 1988թվի դեկտեմբերի 7-ի  երկրաշարժից հետո Բելոռուսիա գործուղվեցի՝որպես մանկավարժ / աշխատելու ժամանակավոր հայկական դպրոցում /:Երբ վերադարձա՝ստիպված էի այդ աշխատանքն ստանձնել՝ընդամենը 70ռուբլով, քանի որ աղետի գոտում այն ժամանակ համապատասխան աշխատանք գտնելը մեծ դժվարություն էր ներկայացնում: Դատարանի հետ իմ կապը մինչ այդ հասարակական կարգով էր.քիմմանրաթելի գործարանի կողմից, ուր աշխատում էի վարչական կազմում, 1987թվին ընտրվել էի հասարակական կարգով ժողատենակալ:Այլ հանգամանքներում՝միգուցե դատարանում աշխատանքի անցնելը դժվարություն լիներ, բայց՝երկրաշարժին հաջորդող տարում, երբ հիմնարկներ էին լուծարվել ու պարզապես վերացել՝երկրաշարժի հետեւանքով, ատենակալների մեծ պահանջարկ կար, ու երբեմն դատական նիստերի ժամանակ որպես ատենակալ էլ էին ինձ ներգրավում՝ինչն արդեն ձանձրալիության աստիճան տհաճ էր, օրվա մեծ մասն անցնում էր դատարանական միջավայրում՝մինչեւ ուշ երեկո:Գրասենյակի աշխատողները՝ջեռուցման մարտկոցի վերջնական պայթելուց հետո/ երբ գրասենյակն ու քաղգործերի մի մասը ողողվեցին կեղտաջրերով /՝ստիպված էին ողջ օրը ածուխի ու փայտի վառարանի մոտ անցկացնել՝արցունքակալած աչքերով ման գալով:Տներում / այսինքն՝ավելի շատ ,,դոմիկներում,,/՝փայտ էին վառում, դատարանում՝փայտ  կամ՝ածուխ: Ըմբռնումային մոտեցում ցուցաբերելով մարդկանց կենցաղային հոգսերի հանդեպ՝դատարանի նախագահը կին-անձնակազմին ներքին կարգով թույլատրել էր մեկ ժամ ուշ գալ աշխատանքի՝ժամը 10-ին:Անգամ՝տներից էին ոմանք փայտ բերում հետները՝պայուսակում  դրած:Իսկ մինչ այդ տղամարդ-անձնակազմը / եւ, մասնավորապես՝դատական կատարածուները, որոնք այսօր դատական տեսուչներ են կոչվում / հասցնում էր ,,օջախի,,կրակը վառել:Դա անցումային ժամանակահատված էր:Դատավորներից մի քանիսի աշխատասենյակները ԶԱԳՍ-ի ու գրասենյակի հետ նույն շենքում էին, մի քանիսինը՝տնակներում: Սովետական միությունը փաստացի փլուզվել էր, բայց՝անկախությունն էլ դեռ լիարժեք հունի մեջ չէր ընկել: Գաղափարախոսությունների կռիվ էր՝ՀՀՇ-ի ու կոմունիստական նոմենկլատուրայի միջեւ:,,Պարոն,, դիմելաձեւը դեռ ընդունված չէր դատարանում, եւ դատավորներին ,,ընկերով,, էին դիմում թե քաղաքացիները, թե աշխատողները:Չնայած երկրաշարժից հետո դատարանը տեղափոխվել էր ԶԱԳՍ-ի շենք՝Լճեր, սակայն արխիվը մնացել էր իր հին տեղում՝վթարային շենքում:Արխիվից գործեր հանելու անհրաժետության դեպքում գրասենյակի աշխատողներն ստիպված էին կյանքը վտանգելով՝վթարային շենքում գտնվող արխիվ հասնել, ու մոմի լույսի տակ, փոշու ու կեղտի մեջ գործ փնտրել:Կարծում եմ, այդ տարիներին դատարանում աշխատած անձանց հարկավոր է ,,վրեդնիության,, թոշակ նշանակել:Զագսի շենքի մի հատվածում խինդ ու ծիծաղ էր, երիտասարդ զույգեր էին ընտանիք կազմում կամ երեխայի ծնունդ գրանցում, երբեմն՝դաշնամուր էին նվագում, մյուս կողմում՝լացուկոծ, անեծքներ՝դատավորներին ուղղված,ամուսնալուծվող զույգերի վեճ ու կռիվ, ոստիկանների ուղեկցությամբ դատարան տարվող կալանավորներ...Իրենց կյանքի ամենաերջանկահիշատակ օրը երիտասարդ զույգերն ստիպված էին առնչվել կյանքի տխուր կողմերի հետ:Ամենաողբերգազավեշտականը տնակ կիսելու պահանջն էր՝ամուսնալուծվող կանանց կողմից, ու հաճախ դատարանն ստիպված էր նույն տնակում բնակվող նախկին զույգերից որեւէ մեկին մի շիրմայով առանձնացված անկյուն հատկացնել. այսինքն՝ամուսնալուծված զույգն ստիպված էր կիսահամատեղ կյանք վարել.սիրային եռանկյունի, որի մի կողմում տղամարդն էր՝նոր կնոջ հետ, մյուս կողմում՝նրանից ամուսնալուծված կինը՝երեխայի հետ:Մինչեւ 1990թիվը քրեական աղմկահարույց գործերի դատավարությունն ընթանում էր վրանում, այնուհետ դրանք սկսեցին տեղափոխվել դատավորների տնակ կամ՝այլ հասցեում գտնվող մեկուսարանի պետի աշխատասենյակ:Զիվորական գործերի քննությունը տեղի էր ունենում ավելի հաճախ՝զորամասերում:90-ականների ղարաբաղյան շարժումը դատարան էլ հասավ. դատավորներից ավելի շատ գումար էին հավաքում՝Արցախին օգնելու նպատակով, աշխատողներից՝ավելի քիչ:Դատավորներն այդ ժամանակաշրջանում / մինչեւ՝1991թվի լիակատար անկախացումը /արդեն հաշվի էին նստում ավելի շատ ոչ թե ,,ռայկոմ-քաղկոների,, հետ , այլ՝բեղ-մորուքի մեջ կորած, ,,պատրոնդաշը կապած,, ֆիդայիների:,,Թարսի պես,,՝նրանցից ոմանք անընդհատ դատական խնդիրներ ունեին՝բնակարանային, ամուսնալուծության ու ալիմենտի հետ կապված: Դատարանում քաղգործերը շատ էին.մանավանդ, որ Կիրովականի դատարան էին տեղափոխվել նաեւ Սպիտակի դատարանից մազապուրծ եղած ու երկրաշարժից փրկված գործերը եւ դրանց ավելացող նոր գործեր՝Սպիտակից: Ավելի ուշ՝Սպիտակում տնակային դատարան սկսեց գործել:Դատարանը հեղեղված էր Կիրովականի քաղխորհրդի կողմից ներկայացվող բնակարանային վտարման հայցադիմումներով, որոնք դառնում էին քաղգործեր, այնուհետ՝վճիռ կայացվելուց եւ այն ուժի մեջ մտնելուց հետո՝կատարողական թերթեր էին հանվում եւ հանձնվում դատական կատարածուներին՝տերիտորիալ կարգով ի կատար ածվելու:Քանի որ բնակչության մեծ մասը քաղաքից հեռացել էր՝երկրաշարժից հետո, շատերը երկրաշարժի զոհ էին դարձել իրենց աշխատավայրերում,ուստի մեծ թվով դատարկ բնակարաններ կային, որոնք, եթե 6 ամիս չէին բնակեցվում՝քաղխորհուրդն իրավունք էր վերապահում այն հանձնել կարիքավորներին: Ոմանք անգամ չէին սպասում քաղխորհրդի հայեցողությանն ու ինքնակամ մտնում էին դատարկ բնակարաններ՝հուսալով հետո այն օրինականացնել՝որպես կարիքավոր: Ոմանց դա հաջողվում էր, ոմանց նկատմամբ վտարման հայցեր էին  ներկայացվում. այդտեղից էլ՝վտարման գործերի շատությունը, չէ՞ որ բնակարանների սեփականաշնորհման օրենքը դեռ չէր գործում:Շատ էին նաեւ ալիմենտի կատարողական վարույթները: Դրանց գերակշիռ մասը ԽՍՀՄ տարածքի երկրներից Հայաստան եկած այլազգի շինարարներին/ռուս, ուկրաինացի,ուզբեկ եվ այլն/ էր վերաբերվում:Ոմանք անգամ 4-5 անգամ էին ամուսնալուծվել, ու տարբեր կանանց կողմից ներկայացվող հայցեր էին ուղարկվում Կիրովականի դատարան՝տերիտորիալ կարգով ի կատար ածվելու եւ տվյալ ալիմենտային պարտապանի աշխատավայրում աշխատավարձի նկատմամբ կալանք դնելու նպատակով:

                          ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

  Հիշարժան պատմություններ՝դատարանից

--------------------------------------------------------------

Բարձրագույն պոլիտեխնիկական կրթությամբ մի աշխատակցուհի կար՝Նարինեն, որ նիստերի քարտուղար էր ընդունվել 1989 թե 1990թվին,գրեթե ինձ հետ միաժամանակ:Պարզվեց, որ նա թաքնված տաղանդ է եղել, քանի որ հաջողությամբ նմանակում էր դատավորների ելույթները:Մի օր աշխատակցուհիներից մեկի  տարեդարձի ժամանակ, որ նշվում էր վերջինիս տնակային բնակարանում՝կոլեկտիվի մասնակցությամբ, Նարինեն տարեդարձի ,,գեղարվեստական մասի,, ժամանակ մեր համառ խնդրանքներից հետո սկսեց նմանակել դատավորների ելույթներից հատվածներ: Տարեդարձին մասնակցող երկու դատավորներն էլ, ում վերջինս նմանակում էր, զարմացած ու քահ-քահ սկսեցին ծիծաղել, իսկ դատավոր Էդիկ Մանուկյանը՝ծնունդով գյումրեցի /ում հետագայում առաջ քաշեցին Երեւան /, հաճոյախոսելով նմանակողին՝գյումրեցու բարբառով ասաց.,,Սատկա՜ծ,,:

Նարինեի հետ կապված այլ հիշողություններ էլ կան:Շատ հումորով էր, ու անգամ ամենատհաճ իրավիճակում հումորը չէր կորցնում:Մի օր առավոտյան մտավ գրասենյակ ու գույնը գցած՝ասաց, որ դատավորի աշխատասենյակի թե սեյֆի բանալին տանն է թողել / թե կորցրել էր՜.../...մի խոսքով հուսահատ վիճակում էր ու մտատանջությունների մեջ, որ ձմեռ օրով պետք է տուն հասնի նորից, եւ տխուր-տրտում ասաց.,,Էրազումս էն մեռած տատս եկել էր ու ինձ ուզում էր հետը տաներ.գնացած տեի ըլնի,,:Ես եւ Նարինեն նույն կանացի պայուսակից էինք բռնում:Մի օր այնպես էր ստացվել, որ մեր պայուսակները գրասենյակում իրար մոտ էին գտնվել, թե իմի համար նախատեսված հատվածում նրանն էր հայտնվել...Մի խոսքով՝իմ պայուսակի փոխարեն, ընդմիջման գնալիս Նարինեինն էի վերցրել:Ավտոբուսով դեռ մեկ կանգառ էլ չէի հասցրել գնալ, մեկ էլ պայուսակս բացելով՝տեսնեմ ինչ-որ անծանոթ թաշկինակ կա դրված:Անակնկալի եկա, բայց շատ արագ կռահեցի, թե ինչ է տեղի ունեցել, ու վարորդին ,,կներեք,, ասելով՝խնդրեցի ավտոբուսը կանգնեցնել, իջա ու սլանալով ուղեւորվեցի դեպի ետ՝դատարան,մտքիս մեջ Աստծուն աղոթելով, որ հանկարծ Նարինեն էլ ընդմիջման գնացած չլինի, ու նա էլ իմ պայուսակը  հետը տարած լինի: Բարեբախտաբար, դեռ չէր գնացել, եւ անգամ տեղյակ էլ չէր, թե ինչ է տեղի ունեցել, ու մի կուշտ ծիծաղելով ասաց.,,Հա ի՞նչ անենք, հիմա էլ կգնայիր տուն՝հետո հետ գալիս կտայիր իմը,,:Հետագայում Նարինեն ամուսնացավ գյումրեցի երիտասարդի հետ ու տեղափոխվեց Գյումրու դատարան:Մի քանի տարի առաջ վանաձորյան շուկայում Նարինեին հանդիպեցի, եկել էր հարազատներին այցելության, ուրախացավ հանդիպման համար ու ասաց, որ դեռ Գյումրու դատարանում է աշխատում, գոհ է աշխատանքից, հետո էլ տեղեկացրեց, որ իմ հոդվածները ՝հանրապետական մամուլում, կարդում է:

Մի անգամ ընդմիջման գնալիս ստիպված էի տաքսիով գնալ, որպեսզի հասցնեմ ժամանակին ետ վերադառնալ, իսկ ավտոբուսն ուշանում էր: Զգացի, որ տաքսու վարորդի ,,քեֆը տեղն,, է, ու կարծես թե դիտմամբ է դանդաղ քշում ու հայելու մեջ էլ ,,տնտղում,,է ինձ:Հետո անցավ ,,հարցախույզի,, թե ,,էդ կողմերում,,/այսինքն՝հեռավոր Լճերի տարածքում, որտեղ երկրաշարժից հետո տեղափոխվել էր դատարանը /, ի՞նչ գործ ունեմ,ի՞նչ եմ անում:Հետագա տհաճ հարցերից խուսափելու նպատակով որոշեցի միանգամից կարճ կապեմ ու ասացի, որ դատարանում եմ աշխատում:Ինձ թվում էր, թե նա դրանից հետո մի փոքր զսպվածություն կցուցաբերի ու զգուշավոր կդառնա, բայց՝ընդհակառակը, ոգեւորվեց ու թե՝,,Պա՜հ...  հա դե ասա դատավոր մարդ եմ էլի տանում,,:Տեսնելով, որ վերջինիս հարցերն ու նկրտումներն արդեն անտանելի են դառնում /մանավանդ, որ ինչ-որ ծանոթի հանդիպելով ու մեքենայից ձեռքով ողջունելով՝ասաց.,,Պարապ չեմ, դատավոր մարդ եմ տանում ,,/, տան մոտ չհասած՝խնդրեցի կանգնեցնել մեքենան, բայց ՝վերջինս, երեւում էր, շտապելու մտադրություն չուներ: Բարեբախտաբար, արդեն մեր տան կողմերում մի ավտոտեսուչ կանգնեցրեց վերջինիս, ու մեքենայի կանգնելուց հետո շտապ-շտապ սովետական ռուբլիանոցը նետեցի մեքենայի մեջ ու սլացա:Դրանից հետո արդեն տեւական ժամանակ խուսափում էի տաքսի նստելուց:

                      ․․․․․․․․․․․․․․․

Դատական նիստի ժամանակ, որ ընթանում էր երջանկահիշատակ դատավոր Գեւորգ Այվազյանի մոտ, դատական նիստի ողջ կազմն սպասում էր, թե երբ է փաստաբանը ժամանելու:Կես ժամ անցել էր նշանակված ժամից՝փաստաբանը չկար ու չկար: Զայրացած դատավորը մի քանի անգամ զանգում էր վերջինիս տուն,  սպասում դատարան հասնելու հավաստիացումներին ու արագացնում, թե ,,շուտ արա, քեզ ենք սպասում,,: Զարմանքից ապշել էինք, երբ իմացանք, որ փաստաբանը, որ գյուղում էր բնակվում, ուշանում է...կովի ծնելու պատճառով:Մեկ ժամ հտո, ի վերջո, փաստաբանը ժամանեց, եւ, ով զարմանք, սկսեց դատավորից նեղանալ, թե ինչու՞ է աղմուկ-աղաղակ բարձրացրել.,,Բա կովը ծնում էր, ի՞նչ անեի,,:Գյուղական ընտանիքների համար, բնականաբար, կովի ծնելը շատ լուրջ ու պարտավորեցնող գործ է, որին անգամ դատական նիստը չի կարող խանգարել, այլ՝ընդհակառակը:Այդուհանդերձ, դատական նիստը կայացավ:

                  ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

1989թվի սկզբին դպրոցներից մեկի տնօրինուհուն դատի էր տվել հավաքարարը՝իրեն աշխատանքից ազատելու համար:Հայցվորը, որ տարիքով կին էր՝կոշտ ու կոպիտ դիմագծերով ու Շամշադինի բարբառով, անընդհատ ասում էր, որ ինքը աշխատանքային կարգապահությունը չի խախտել, ու հպարտանում էր, որ ոչ գողություն է արել, ոչ՝անբարոյականություն: Երբ սկսեց ,,անբարոյականություն,, բառն անընդհատ շահարկել, նիստին գտնվող մի իրավաբան՝ավագ սերնդի, քամահրանքով ասաց.,,Տո լավ հա...դու որ ուզենաս էլ՝չես կարա անբարոյականություն անես,,:

                           ․․․․․․․․․․․․․․․

1989թ.,երբ նոր էի ընդունվել աշխատանքի դատարանում,մի անգամ ընդիմիջման գնալիս, երբ ոտքով փողոցը հատում էի՝կենտրոնական հանրախանութի խաչմերուկում, ավտոտեսուչը կանգնեցրեց ու թե՝,,Փողոցը այս կողմից չի կարելի հատել,,:Ինչ-որ նման մի բան: Չնայած շատ զարմացա, թե իմ խախտումը ո՞րն էր, այդուհանդերձ՝չուզեցի երկար-բարակ գլուխ դնեմ, քանի որ զրույցը երկարելու դեպքում կուշանայի ժամանակին աշխատանքի հասնելուց, ուստի  ասացի՝,,Դատարանի աշխատողներին կարելի է,,:Այստեղ տեսուչը միանգամից փոխեց տոնն ու թե՝,,Դատարանում ես հա՞ աշխատում, բա ո՞նց ա քեզ չեմ տեսել,, ու գրասենյակի պետի անունն իմ կողմից տալուց հետո, համոզվելով, որ դատարանում եմ աշխատում,թույլ տվեց անցնեմ փողոցը:Այսպիսով՝ստիպված էի ,,պաշտոնական դիրքս,,չարաշահեմ:Հակառակ պարագայում՝գործը կարող էր մեծապես տուժել:

    ՄԱՍ ԵՐՐՈՐԴ.ԴԱՏԱԿԱՆ ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ

Ժողդատավոր Սուրեն Առաքելյանի մոտ գողության գործ էր լսվում:Հանցագործը անչափահաս էր, փաստաթղթերով էլ անմեղսունակ էր համարվում, ու դա ստուգելու նպատակով դատավորը հարցրեց.

-Դու սիրած ունե՞ս:

-Ձայն չհանեց:

-Դու չես ուզու՞մ ամուսնանաս:

Էլի ձայն չհանեց:

-Բա հրետ էսա 18-դ թամաում ա, բեր քեզ ամուսնացնենք:Հրես ա՜յ...Նարինեն ու Գայանեն ուզում են քեզ հետ ամուսնանան, դու չես ուզու՞մ:

Գլուխը բացասաբար շարժեց:Դատից հետո Առաքելյանը ,դիմելով մեզ /Նարինեն որպես նիստերի քարտուղար էր նստած, ես՝որպես ատենակալ /, ասաց.,,Դե էլ գլուխներդ չգովաք, էդ դեբիլն էլ չուզեց ձեզ,,:

----------------------------------------------------------------------------------------------

Մի կին բողոքում էր, որ իրեն ու ամուսնուն խանգարողը սկեսրայրն է:Դատավոր Գեվորգ Այվազյանը հարցրեց.

-Դուք իրար հետ ի՞նչ հարաբերությունների մեջ եք:

Հարցը չհասկացան:

_Վերջին անգամ ե՞րբ եք հարաբերություն ունեցել:

Էլի չհասկացան:

_Հիմի իրար հետ խռով ե՞ք, թե՞ ոնց:Ամուսինն աշխուժացավ.

-Հենց էսօր էլ իրար պաչ-պռոշտի ենք արել, նոր ենք եկել:

Կինը թե

-Բա որ հորդ տեսար, էն խի՞փախար:


--------------------------------------------------------------------

Այվազյանը համոզում է ամուսնալուծվող երիտասարդին, որ միանան.վերջինս չի համոզվում ու ասում է.

-Տո դա ինձ ինչ կնիկ է՜...դա ինձ ապագա չի:

Այվազյանը թե՝

-Որ ծոցին քնես, ապագա էլ կունենաս, ամեն ինչ էլ:

---------------------------------------------------------------------------------------------------------

Դատավոր Պավել Անտոնյանը հարցնում է ամուսնալուծվող երիտասարդին.

-Պատճառն ի՞նչ է, ոչ կնոջիցդ բաժանվում ես:

-Բա որ սա կնիկ ըլի, իմ ականջները սենց կեղտոտ կըլնե՞ն:

--------------------------------------------------------------------------------------------------

Ամուսնալուծության դատի ժամանակ երեխաներից մեկը, որ մոր ,,կողմից,, էր, ձեռքը բարձրացնելով թույլտվություն է վերցնում դատավորից.

-Ձյաձյա ես ասե՞մ, ձյաձյա ես ասե՞մ...,-խնդրում է ու ձեռքը թափահարում՝ոնց որ դպրոցում դասի ժամանակ:

-Ասա, աղջիկ ջան,-թույլ է տալիս դատավոր Վոլոդյա Ասլանյանը:

-Ձյաձյա, ուրեմն էս պապաս սաղ օրը մամայիս թխած տորթն ուտում էր մեծ-մեծ կտորներով ու ասում՝էս բան չես սարքե՞լ, սաղ օրը սոված ենք մնում, համ ուտում էր, համ՝ասում:

Ասլանյանը լուրջ-լուրջ նայեց երեխայի դեմքին ու ասաց.

-Ապրես, աղջիկ ջան, չորս, դասդ լավ ես սովորել:

---------------------------------------------------------------------------------------------

Դատավոր Էդիկ Մանուկյանը հարցրեց ծնունդով գյումրեցի ոստիկանին, որ դատին որպես անչափահասների գործերով զբաղվող էր ներկա.

-Համլետ, էս դու դասատու էլ ես աշխատե՞լ:

-Ծո ես ղայդին մասնագիտություն ունեմ, խոմ ձեզի պես թավաքյալի դատավոր-մատավոր չեմ:

-----------------------------------------------------------------------------------------------

Ամուսնալուծվող տղամարդը դատի ժամանակ բողոքում է.

-Քաղաքացի դատավոր, գնացի, որ հետը հաշտվեմ, տենամ տան պատից իմ նկարը կախել ա սեւ շրջանակի մեջ:

-Է ուրախ չե՞ս, որ կենդանի ժամանակ քեզ մեռած տեսել ես,-սրամտում է դատավոր Առաքելյանը:

--------------------------------------------------------------------------------

Դատարանի աշխատողների ժողով էր՝նախագահի աշխատասենյակում:Դատավոր Առաքելյանը հայտնեց.

-Այսուհետ մեր աշխատանքն սկսվում է ժամը 9-ին, կանանց համար՝9-ն անց 30-ին: 

Նարինեն հարցրեց.

-Բա աղջիկնե՞րը: 

Առաքելյան.-Երբ ես ասում եմ ,,կանանց,,՝ նկատի չունեմ ֆիզիոլոգիական վիճակը, այլ միայն՝ սեռը, անկախ նրանից կույս է, թե կույս չէ, աշխատանքն սկսվում է 9-ն անց 30։

-------------------------------------------------

Դատավոր Ասլանյանը հարցնում է ամուսնալուծվող հայցուհուն՝հայցադիմումը կարդալով.

-Էս ի՞նչ խոզերի պահանջ է՝խոզ-06․․․․:

-Չէ, խոզ չունենք:

Հետո Ասլանյանն ուղղեց սխալ կարդացածը՝եւ ծիծաղելով ասաց.

-Խոզ-06 մակնիշի,,:

Հայցուհին, լավ չըմբռնելով, որ թյուրիմացություն էր տեղի ունեցել, ասաց.

-Խոզ ախպերս ունի:

Ամուսինը ,,վրա պրծավ,,.

-Ախպերդ կնիկ էլ ունի, ի՞նձ ինչ։

------------------------------------------------------

Դատարանի՝տնակային պայմաններում գտնվելու եւ համապատասխան հսկողության բացակայության հանգամանքից օգտվելով, մուրացիկները երբեմն փորձում էին ներխուժել հենց դատական նիստի պահին:Հոգեկան ակնհայտ շեղումներով մի երիտասարդ կին,մտնելով դատավորի աշխատասենյակ՝դատական նիստի մասնակիցների ներկայությամբ դիմեց երիտասարդ դատավորին.,,Ձաձա, փող տուր,,. ու դուրս չեկավ այնքան ժամանակ, մինչեւ այդտեղ գտնվող ոստիկանը վերջինիս չհամոզեց, թե ,,ձաձայի,, փոխարեն ինքը փող կտա:,,Արի, արի գնանք՝ես քեզ փող կտամ,,-ասաց ոստիկանը:

---------------------------------------------------------------------

Ամուսնալուծվող երիտասարդ կինը, որ ամուսնուց գույքային պահանջ էր ներկայացնում,իսկ դատարանը համոզում էր չբաժանվել ամուսնուց՝լացակումած ասեց՝,,հարգելի դատավոր, ախր իմ ամուսինը մանեկող ա,,։

-Հիմա էդ ու՞մ ամուսինը չի մանեկող,,-հեգնանքով պատասխանեց հակառակ կողմի կին փաստաբանը։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր