среда, 26 декабря 2018 г.

Մարդ եղեք

Ստորեւ ներկայացվում է Վանաձորի քիմիագործների թաղամասի տնակային ավանի 30 տարվա բնակիչ Քնարիկ Պապիկյանի նախատոնական նամակը՝ոչ նախատոնական տրամադրվածությամբ.այն ավելի շուտ սոցիալական բնույթի  հոգու պոռթկում է...

---------------------------------------------------------------------------------------------------------------------

                                   Մարդ եղեք

Իրոք զարմանում եմ, որ հայաստանյան հեռուստատեսությամբ  պարբերաբար հայտարարում են, որ համատարած բարեգործություններ են անում բոլոր կարիքավորներին՝չքավոր ընտանիքներին, միայնակ ծերերին եւ այլն:Բայց ես ապշած եւ զարմացած եմ, որ եթե այդքան օգնություններ են հատկացվում վերոհիշյալ մարդկանց, ինչու՞ գոնե մի անգամ չգտնվեց մի բարերար,որ այցելեր Վանաձորի քիմկոմբինատի տնակային ավանում ապրող բնակիչներին եւ տեսներ նրանց ապրելակերպը, ցավն ու դարդը:Չնայած մեկ-երկու ամիս առաջ եկավ մի երիտասարդ՝Գեւորգ անունով,բնակիչները շրջապատեցին այդ ,,բարերարին,,եւ պատմեցին իրենց պայմանների մասին, սակայն այդ տղան գնաց եւ առ այսօր հետքն անգամ չկա;

Ես, Քնարիկ Երվանդի Պապիկյանս, 30 տարի է,բնակվում եմ նույն տնակային ավանում, 9 մետրանոց երկաթե կլոր տնակում, ,,ցիստեռն,, տիպի:Չորս բոլորը սեփական կառույցներ են, 12 տարի առաջ կառուցված, տերերից մի քանիսն այդպես թողել-գնացել են արտերկիր, ոմանք մահացել են, մի քանի կառույցների վրա գրված է ,,վաճառվում է,,:ես մնացել եմ կղզիացած:Չունեմ ոչ կոյուղու, ոչ ջրային համակարգ/մի քանի տարի առաջ դրանցից զրկվեցի, երբ ներքեւի մի տարածք վաճառվեց/:7 տարի է, ջուրը բերում եմ 100մետր հեռավորությունից:Երկրաշարժից առաջ բնակվում էի Բանյո փողոցում:Ունեի լավ բնակարան, բայց աղետը քանդեց իմ շենքը/մեր շենքից 8 զոհ եղավ/:Ցավը նրանում է, որ առ այսօր ես ոչ մի օգնություն չստացա, նույնիսկ քանդված բնակարանիս ավանդը սառեցրին եւ չտվեցին:Ավարտել եմ Վոլգոգրադի տեխնիկումը եւ Մոսկվայի ինստիտուտը. աշխատել եմ քիմմանրաթելերի գործարանում՝ինժեներ:Երկրաշարժից հետո գործարանը փակվեց:Մնացի միայն  թոշակի հույսին:Անցած տարվա դեկտեմբերին իմ եւ մի քանի բնակիչների անունից օգնություն խնդրեցի Սեպուհ Չուլջյանից, որ գոնե վառելափայտ ունենանք կամ՝մարդասիրական օգնության որեւէ տեսակից օգտվենք, որ գոնե Նոր տարին սեղանը դատարկ չլինի, բայց արձագանք չեղավ:Հետո էլ ասում են՝,,Օգնիր, ձեռք մեկնիր  եղբորդ,,.բայց մեզ ոչ մի օգնություն չեղավ, չնայած՝շատ տեղեր գրվեց մեր անունից՝կոմպյուտերով եւ նամակով:Այսքանից հետո եկա այն եզրակացության, որ այդ բոլոր բարերարներն օգնում են միայն այն մարդկանց, ում ուզում են, ում հարմար են գտնում;

ՁԵԶ ԲԱՐԻ ՆՈՐ ՏԱՐԻ

/Պապիկյանի ստորագրությունն է նամակում/

-------------------------------------------------------------------------------------------------------------
Հ.Գ.,,բարերար,, Գեւորգը, ում մասին Պապիկյանը նշում է, Վանաձորի քաղաքապետարանի փաստահավաք խմբի աշխատանքները համակարգող երիտասարդ ակտիվիստ Գեւորգ Քոթանջյանն է, որ ամիսներ առաջ այցելել է թաղամաս, գրանցել բնակիչների խնդիրներն ու գնացել:Բայց՝մոտ 5 ընտանիք/Պապիկյանի հավաստմամբ/, այդպես էլ չեն ստացել Վանաձորի քաղաքապետարանի կողմից տնակների բնակիչներին տրվելիք վառելափայտը, եւ երեկվա դրությամբ՝Պապիկյանը ծանոթներից մեկի նվիրաբերած մի քանի հին ,,դեսպեների,, հույսին էր/ընդ որում՝ինքն էր հասել մի քանի կանգառ ներքեւ ու սայլաքարշակով բերել՝մեջքի ցավ ստանալով/, որ ջարդելու մտահոգություն ուներ եւ նաեւ մտահոգված էր, թե որքան կձգեն այդ ,,դեսպեները,,/:Եվ սա այն դեպքում, երբ տարեց թոշակառուի խնդիրը ոչ միայն քանիցս բարձրաձայնել ենք համացանցում, այլեւ՝անձամբ ենք գնացել քաղաքապետարան, եւ հավաստիացում ստացել Աշոտ Կարապետյանից, որ առաջիկայում անպայման կհատկացվի վառելափայտը:Բայց՝հետո տնակային ավանի բնակիչների ցուցակները Կարապետյանից վերցրել եւ հանձնել են մեկ այլ պաշտոնյայի, որին էլ 2 անգամ մեկ ուրիշ անձի կողմից է խնդրանք-հիշեցում արվել/մինչ այդ էլ՝անգամ՝Պապիկյանն ինքն է հասել քաղաքապետարան եւ պարզել, որ ցուցակն արդեմն Կարապետյանի մոտ չէ, եւ իրավասությունն էլ նրա ձեռքին չէ/:Այսքանից հետո ինչպե՞ս չասենք, որ բռնադատվածներն այսօր էլ են բռնադատված:Թերեւս, քաղաքապետարանին թվում է, թե մեկ տարի առաջ տված վառելափայտը դեռ ,,պարտավոր,, էր դիմանալ այնպես, ինչպես տնակային ավանների բնակիչներն են դիմանում այդ անմարդկային պայմաններում՝30 տարի:Միգուցե  Վանաձորի ՀՀԿ-ական իշխանությունները,,պատժու՞մ,, են Պապիկյանին, որ տարիներ առաջ եղել է երբեմնի ընդդիմադիր ,,ժառանգության,, ակտիվիստ-անդամ, 2008-ին էլ՝ՀԱԿ-ին է ձայն տվել, ինչի մասին վկայում են մամուլի արխիվները.իսկ այս խորհրդարանական ընտրություններին նախընտրեց ձայն տալ ,,Լուսավոր Հայաստանին,, եւ անգամ՝նախապես անթաքույց հայտարարեց այդ մասին:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

пятница, 14 декабря 2018 г.

14 դեկտեմբերի, Վանաձոր, նախատոնական եռուզեռ եւ աճապարանքներ՝,,Լաչինի միջանցք,, կոչվող բացօթյա առեւտրի վայրում, հրոց-հրմշտոց․․․մի խումբ մարդիկ հավաքվել էին վերին հատվածներից մի փոքր ներքեւ, որտեղ ամենախոցելի հատվածն է՝տարածքի անբարեկարգության պատճառով։Փողոցի լայնքով մի փոքր աջ քաշած պառկեցրել էին/թե ինքն էր գետնատարած հայտնվել ինչ-ինչ պատճառներով/ մի տղամարդու՝միջինից բարձր տարիքի, իսկ մտահոգներից մեկն էլ հարցրեց՝,,կարող է՞ շաքար ունեք,,։Չի բացառվում, որ տարածքի անբարեկարգության պատճառով  քաղաքացին սայթաքել-ընկել էր/մի բան, որ հաճախ է լինում այստեղ ոչ միայն ձմռանը, այլեւ՝ամռանը․․․եթե ամռանն են ընկնում, բա ձմռանը,երբ մարդիկ իրենց քաշից 2 անգամ ծանր հագուստներով են, ի՞նչ կլինի վիճակը․մանավանդ, որ երկկողմանի առեւտրի բացօթյա կետերն արդեն այնքան են առաջ եկել, որ 2 գեր կամ ձմեռային հագուկապով անցորդ իրար կողքի հաստատ չեն կարող անցնել, ու սայթաքումներն անպակաս են։Նախորդ սայթաքումը, որին ականատես եղանք, այս նույն հատվածում, ամռանն էր, երբ վայր ընկած մի գեր կնոջ 2 տղամարդ թեւերն ընկած՝մի կերպ բարձրացրին/։

․․․Իսկ այսօրվա դեպքի առնչությամբ շտապօգնությունը, իր ,,ճանապարհ, ճանապարհ,, գոռացող աշխատակիցներով, շատ արագ տեղ հասավ․բայց՝թե որտեղ էր կանգնեցրել մեքենան՝անհայտ մնաց։Հարկ է նկատել, որ ուշաթափության դեպքեր էլ են հաճախ լինում, ինչը կարելի է բացատրել սթրեսների եւ հիվանդությունների, լարված հոգեվիճակների պատճառով։Ու դրա համար՝ողջ օրվա ընթացքում շտապօգնության մեքենան անընդհատ ,,վզզալով,, սուրում է քաղաքում։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

вторник, 11 декабря 2018 г.

Քաղաքապետարանն առաջնորդվում է ,,չկա մարդ, չկա պրոբլեմ,, կարգախոսո՞վ

Ցավով տեղեկացանք, որ երեկ, այցելելով Վանաձորի քաղաքապետարան,քիմիագործների տնակային ավանի 30 տարվա բնակչուհի, միայնակ, անժառանգ թոշակառու , նախկին երկարամյա քիմմանրաթելագործ-ինժեներ,1937թվի բռնադատվածի ժառանգ Քնարիկ Պապիկյանը պարզել է, որ տնակների բնակիչներին վառելափայտ տրամադրելու հարցն ու մասնավորապես՝շահառուների ցուցակները, հիմա էլ Աշոտ Կարապետյանից փոխանցվել են քաղաքապետարանի աշխատակից Վլասին/ազգանունը ճշտել չհաջողվեց/։Ընդ որում, դեռ մեկ տարի առաջ էին այդ գործառույթները գտնվում Վլասի ձեռքում/եւ  Պապիկյանը մեծապես երախտապարտ է, որ այդ պաշտոնյան անցած տարի մեծ աջակցություն ցուցաբերեց՝անձամբ վառելափայտը իր տնակ հասցնելով/։Այս տարի,կարգը փոխվելուց հետո/երբ սկսեց վառելափայտ տրամադրվել շահառուներին՝ դիմումների համաձայն/, ցուցակները հանձնվել են Աշոտ Կարապետյանին/ում մոտ մեկ ամիս առաջ անձամբ ենք համոզվել, որ Պապիկյանի անունը կա ցուցակում, եւ դիմում գրելու անհրաժեշտություն չկա․այդ մասին գրել ենք այս թեմայով նախորդ հրապարակման մեջ/։Թե որն է եղել Կարապետյանից ցուցակը վերցնելու եւ կրկին Վլասին հանձնելու իմաստը՝դժվար է ասել․ամեն դեպքում, պարոն Կարապետյանը երեկ Պապիկյանին/ով արդեն 2 ամիս է՝իր տարածքին հարակից մի քանի ընտանիքների հետ մնացել է վառելափայտի նամակին սպասող/ հայտնել է, որ ինքը ցուցակը հանձնել է Վլասին, որին էլ,ցավոք, այդ օրը չի կարողացել հանդիպել Պապիկյանը եւ ճշտել, թե ՞նչ ընթացքի մեջ է վառելափայտի հարցը։,,Հեռախոսի համարն էլ չեմ գտնում,,-մեր հետ զրույցում ցավով նկատեց Պապիկյանը։Հիշեցնենք, որ տնակների բնակիչների խնդիրներով այս տարվանից սկսել էր զբաղվել փաստահավաք խումբ՝քաղաքապետարանին կից/հայտնի չէ՝հասարակական հիմունքներո՞վ, թե՞՝համայնքի միջոցների հաշվին վարձատրմամբ։Փաստ է այն, որ տնակների բնակիչների խնդիրներով զբաղվում են մի քանի աշխատողներ եւ անգամ՝մի ամբողջ հանձնաժողով/որի աշխատանքները համակարգող երիտասարդ ակտիվիստ Գեւորգ Քոթանջյանը դեռ ամիսներ առաջ էր այցելել տնակային ավաններ եւ գրանցել խնդիրները/, բայց՝ձմեռ օրով բնակիչներից մի քանիսը/այդ թվում՝խոցելի խմբի պատկանող Պապիկյանը/, դեկտեմբերի 11-ի դրությամբ մնացել են վառելափայտի նամակին սպասող։Պատկերն ավելի ողբերգական է, եթե հաշվի առնենք, որ այս թաղամասի բնակիչները նաեւ 7 տարի է՝ստիպված են ամեն օր ջուր կրել՝ամեն մեկը մի հեռավոր տեղից/Պապիկյանն, օրինակ, մոտակա ավտոլվացման կետից է օգտվում, որի համար էլ մեծապես շնորհակալ է այդ կետի աշխատողների բարեհաճ վերաբերմունքից/․պատճառն այն է, որ 7 տարի առաջ, նախկին քաղաքապետի օրոք ներքեւի տարածքն օտարվել է, եւ այդտեղ տեղի ունեցած շինարարության արդյունքում վերին թաղամասի բնակիչները զրկվել են թե ջրամատակարարման, թե կոյուղու համակարգից/կատարյալ ,,անտիսանիտարիա,,/։Իսկ այսօր, վերջնականպես հուսահատվելով, թե իրեն վերջապես խոստացված փայտը կհասնի, Պապիկյանը հուսահատ՝ օգնական ուժեր էր փնտրում, որպեսզի կարողանա սայլակով տեղափոխել մի քանի կանգառ ներքեւ ապրող ծանոթներից մեկի խոստացված ,,դեսպե,, տեսակի նյութը՝որպես վառելափայտ։Հիմա ինչպե՞ս չասենք, որ բռնադատվածներն այսօր էլ են շարունակում բռնադատված մնալ․այն էլ՝1988թվի երկրաշարժից 30 տարի անց։Ու՞ր է կորել պաշտոնյաների խիղճը/եթե եղել է այն/։

,,Գոնե ավանդս չեն հատկացնում․ երկրաշարժից հետո տունս փլվել է, բայց ես դեռ փախհատուցման գումարս չեմ ստացել,,-հերթական անգամ գանգատվում է Պապիկյանը՝մեր հետ զրույցում։Վերջին անգամ այդ առթիվ նամակ է ուղարկել ՕԵԿ-ին՝ավելի քան 10 տարի առաջ։․․․Ցավով գալիս ենք եզրակացության, որ քաղաքապետարանում, ամենայն հավանականությամբ, առաջնորդվում են այն հին, ստալինյան կարգախոսով, թե ,,չկա մարդ, չկա պրոբլեմ,,։Սպասում են օդերեութաբանների կողմից խոստացված առատ ձյանը, որ նո՞ր էտեն ծառերի ճյուղերը/քաղաքապետարան մեկ ամիս առաջ մեր այցի ժամանակ պարոն Կարապետյանը պատճառաբանեց, որ ըստ հերթականության է կատարվում վառելիքի տրամադրումը, ըստ կարգերի եւ ըստ՝տերիտորիայի, եւ Սպանդարյան փողոցին ու այդ տարածքի ծառերն էտելուն  դեռ հերթը չի հասել․․․․Սա առնվազն ծաղր է, ու սրանից կոռուպցիայի հոտ է փչում․․․․մի քանիսին տվել են, մի քանիսին չե՞ն տվել․․․․ակնկալում ենք Լոռու մարզային իշխանությունների, Վանաձորի համայնքի ավագանու, տարածքային կառավարման նախարարության,Վանաձորից ընտրված պատգամավորների  ուշադրությունը՝սույն խնդրի հանդեպ․ո՞վ է տնակների բնակիչներին վառելափայտ տրամադրելու հարցի պատասխանատուն։Սա այն կարեւոր հարցն է, որ չի կարելի թողնել միայն համայնքային ենթակայության տակ, ու անհրաժեշտ է վերահսկողություն թե մարզպետարանի, թե տարածքային նախարարությանբ կողմից։Ահա թե ինչ է լինում, երբ համայնքի կառավարումը՝ մեկ առանձին վերցրած քաղաքում, շարունակում է գտնվել Հանրապետականի ձեռքում՝շուրջ 20 տարի, 1999թվից սկսած։Հույսները դրել են տարեց, միայնակ թոշակառուի վատառողջության եւ տարիքի վրա՞, սպասելով, թե երբ է ցրտից ու անբարենպաստ պայմաններում ապրելուց շունչը փչելու։Ի դեպ, ցանկացած կենցաղային տարրական հարց կամ՝քաղաքապետարանում չի լուծվում ամիսներ շարունակ, կամ՝լուծվում է կռիվ-ղալմաղալների արդյունքում․այնպես, ինչպես լուծվեց Բանյո փողոցի վթարային շենքի մի բնակչուհու առաստաղի հարցը, երբ վերջինս իր խնդրի մասին ամիսներ շարունակ քաղաքապետարանին իրազեկելուց եւ հարցի լուծում չստանալուց հետո ստիպված եղավ բնակարանի աղետալի վիճակը կանխելու նպատակով եւ առաստաղից կաթացող ջուրը դույլերով հավաքելուց ու բջջայինով նկարելուց-համացանց գցելուց հետո մի հատ էլ այցելել ավագանու նիստ, եւ բոլոր մասնակիցների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա՝աղմուկ բարձրացնելով։

․․․Ցանկալի կլիներ, եթե տեղեկան հեռուստաալիքներից որեւէ մեկը նկարահաներ ու լուսաբաներ  Սպանդարյան 2-5-7 տնակի 30 տարվա բնակչի /ինչպես նաեւ՝հարակից այլ տնակների բնակիչների/կյանքը՝Ռոբինզոն Կռուզոյի կարգավիճակով․եւ սա՝21-րդ դարում, երկրաշարժից 30 տարի անց։Այս տարածք այցելող քաղաքացին տպավորություն է ստանում, թե կյանքը կանգ է առել 1988թվի դեկտեմբերի 7-ի վրա։

Մի՞թե Պապիկյանն իրավունք չունի գոնե կյանքի մնացած հատվածն ապրել Լուսավոր Հայաստանում․միգուցե՝,,Լուսավոր Հայաստա՞նն,, աջակցի այդ հարցում, ում Պապիկյանը ձայն է տվել՝մեծագույն հավատով եւ ընտրություններից առաջ էլ հավաստիացրել նախապես, ասելով․,,Ուզում է փայտս տան, ուզում է՝չտան, ես ,,Լուսավորին,, եմ ընտրելու,,։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ