суббота, 31 октября 2020 г.

Բանկի սպասասրահում դրված բազմոցի իմաստը ո՞րն է, եթե քաղաքացիները պետք է դրսում սպասեն

 Մտնում ես բանկ, կտրոն վերցնելու եւ կոմունալ վճարելու համար հերթի սպասելու, կտրոնը տալիս են քեզ ու կրկին դուրս հրավիրում.դրսում սպասելու:Եթե դռան մոտ եք կանգնած, կարող եք գլուխներդ դռան  ապակուն մոտեցնել ու էկրանին հետեվել, իմանալու, թե  ձեր հերթն ինչքան է մոտ կամ ինչքան՝հեռու:Ընդ որում,ներսում բազմոց է դրված՝քաղաքացիների համար, բազմոցին էլ մարդ չկա նստած, բայց՝քաղաքացիներին դրսում են սպասեցնում.չգիտես ինչու:

Այդ իրավիճակում մի հաղթանդամ երիտասարդ՝գլխարկը գլխին, եկավ-մտավ բանկ, պահակի հետ խոսեց ու պինդ տեղավորվեց բազմոցին, մինչ կանայք դրսում միջանցիկ քամու տակ սպասում էին իրենց հերթին. իրավունք չունենալով անգամ ներսում սպասել:,,Իսկ մենք չենք կարո՞ղ ներս մտնել,,-հարցիս պահակը բացասական պատասխան տվեց:Բայց երբ տեսավ, որ դրսում արդեն դժգոհության ալիք է բարձրանում՝խտրականության հետ կապված, սկսեց բացատրել.,,Տիկին ջան, ինքն իմ ընկերն ա, մոտն էլ մեծ գումար կա, դրսում կանգնելը վտանգավոր է,,:,,Իսկ դրսում քամու տակ կանգնելը վտանգավոր չի՞, էդպես եք անում, որ հիվանդությունների թիվն աճում է,,-իմ այս դիտողությանը երիտասարդ պահակն անմիջապես հակահարձակման անցավ՝իրեն վարչապետի տեղ դրած.,,Այ որ ժամանակին դիմակ կապեիք, էս վիճակը չէր լինի,,:Բա չասե՞ս՝տղա ջան, նախ ՝ես քեզ հետ խոսելիս դիմակով եմ, երկրորդ՝էդ ինչից որոշեցի՞ր, որ դիմակ չեմ կապում առհասարակ, դու իմ ընտանեկան բժիշկն ե՞ս:Բայց՝դա արդեն մտքում ասի՝որպես նախապատրաստելիք հոդվածի միտք, քանի որ արդեն իմաստ չկար ,,ջուր ծեծելու,,:Կամ ի՞նչ կապ ունի դիմակը՝գլխին փչող քամու հետ.այ եթե ասեր՝գիտեք, մյուս անգամ գալիս գլխարկ դրեք՝ավելի տրամաբանական կլիներ:

Բանկի անունը չենք նշում, որովհետեւ հարցին իրավական տեսք տալու ցանկություն չունենք, այլ՝խնդրի վրա ուշադրություն հրավիրելու:Եթե հերթն այնքան մեծ լիներ, որ սպասասրահի բազմոցին նստելու տեղ չլիներ, դրսում կանգնեցնելը արդարացված կլիներ, բայց բազմոցը թափուր, դու հաղթանդամ երիտասարդին՝գլխարկը գլխին, հրավիրում ես ներսում հարմար տեղավորվելու/մի հատ էլ հպարտորեն խոստովանում, որ քո ընկերն է/, կանանց էլ գերիների նման բանկի պատի տակ շարում, դա ինչի՞ նման է:Մայթերին սպասեցնելը վտանգավոր է նաեւ այն առումով, որ խանգարում է մայթային երթեվեկությանը, ու մարդիկ իրենցից անկախ կարող են հայտնվել ավտոճանապարհին:Բարեբախտաբար, բանկեր կան, որ քաղաքացիներին դրսում չեն սպասեցնում այլ՝ ներսում, հարմարավետ պայմաններում, ու մարդիկ էլ այնքան հասկացողություն ունեն, որ միմյանցից պատկառելի հեռավորություն են պահում՝նկատի ունենալով երկրում առկա համաճարակային վիճակը: 

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր


четверг, 22 октября 2020 г.

Ու էս պատերազմական նեղ վիճակում

 Ու էս պատերազմական նեղ վիճակում Վանաձորի քաղաքապետարանը ,,վիզ դրած,, պահանջում է, որ այս տարվա մայիսի 26-ին մահկանացուն կնքած միայնակ, անժառանգ թոշակառու Քնարիկ Պապիկյանի խարխուլ, ժանգոտած եւ վաղուց ժամկետանց տնակի բանալին/որ նրա մահից հետո գտնվում է ինձ մոտ՝ամենայն բարոյական ու մարդկային իրավունքով եվ Պապիկյանի պատգամով/հանձնեմ քաղաքապետարան։Բայց այդպես էլ չեն պատասխանում իմ նամակին, որ բաց տեսքով զետեղել եմ համացանցում եւ ուղարկել նաեւ Վանաձորի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջին/նաեւ՝Լոռու մարզպետին, Վանաձորի համայնքի ավագանուն, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին/․ընդ որում՝վերջինիս նաեւ էլեկտրոնային նամակով եմ ուղարկել, ոչ միայն ֆեյսբուքյան էջին, բայց՝դեռեւս ձայն բարբառո են բոլորին ուղարկված նամակներն էլ/։ Չեն պատասխանում, թե ի՞նչ իրավական հիմքեր կան, որ ես Պապիկյանի տնակը, որ նա ստացել է սովետական տարիների մայրամուտին, իր ներսի գույքով պետք է հանձնեմ 2016թ, ձեվավորված Վանաձորի ներկա քաղաքապետարանին։Քաղաքապետարանի պաշտոնյան մեզ հետ զրույցում ասում է, որ քաղաքապետը ,,կուզի կպատասխանի, կուզի՝չի պատասխանի,, ֆեյսբուքով ուղարկած նամակին, ու պետք է նամակը կամ փոստով ուղարկեմ, կամ՝հանձնեմ քաղաքապետարանի ընդհանուր գրասենյակ։Ըստ այդմ, այսօր նամակը առձեռն հանձնեցինք քաղաքապետարանի ընդհանուր բաժին։Միաժամանակ այցելեցինք Վանաձորի ավագանու սենյակ՝որպեսզի նամակի մի օրինակն էլ նրան հանձնենք առձեռն․դե եթե համացանցին չեն պատասխանում, ուրեմն պետք է անձամբ հանձնենք։Պարզվեց, սենյակն այժմ զբաղվում է միայն պատերազմական իրավիճակին առնչվող հարցերով, եւ Արցախ ուղարկվող գույքի հավաքագրում են իրականացնում։Համաձայն ենք, այս իրավիճակում ուրիշ հարցերով չեն զբաղվում,մանավանդ, որ ավագանին վարձատրվող կառույց չէ, բայց քանիցս էլ նամակ ենք ուղարկել համացանցով, թե ինչ հիմքով է աղբի վարձի պարտքերի վրա տոկոսներ դրվում, բայց՝ձայն բարբառո ․ոչ ավագանին է արձագանքում, ոչ՝ավագանուց արդեն պատգամավոր դարձած անձը։Այստեղ են ասել՝,,ահի տարին ինչ էին, թե մահի տարին ինչ լինեն,,/։Ի դեպ, հիշեցնենք, որ Պապիկյանի մահից հետո տնակի ներսի գույքի մի մասը տնօրինվել է նրանց կողմից, ովքեր այն տնօրինելու բարոյական իրավունք ունեն․այն է՝Պապիկյանի հարազատների ու մտերիմների կողմից։Իսկ մնացած մասը՝հագուստեղեն, պարբերաբար հանձնել եվ հանձնում եմ եկեղեցուն, ինչպես նաեւ՝արցախահայության համար հավաքվող հագուստեղենի եւ չոր սննդի կետին։Հարկ եմ համարում նաեւ տեղեկացնել, որ եկեղեցուց տեղեկանալով, որ հանրակացարանում բնակվող մի կին՝կարիք ունի ներքնակ-վերմակի, վերջինիս փոխանցել եմ, որ Պապիկյանի տնակում կա համապատասպան գույք, եւ կարող է գալ-վերցնել։Մեր հետ զրույցում այդ կինը նաեւ նշեց, որ իր հետ բնակվող այլ կարիքավոր եւս կա, եւ նա էլ որոշակի գույքի կարիք ունի/որ կա Պապիկյանի տնակում/, եւ մտադիր են գալ եւ վերցնել դրանք,բայց, թերեւս, մեքենայի բացակայության պատճառով, վերջիններս չեն կարողանում գալ եւ տնօրինել դրանք։Երբ այդ մասին տեղեկացրի քաղաքապետարանի անունից մեզ հետ զրույց վարող պաշտոնյային, ասաց՝դա արդեն մեր խնդիրը չէ․այսինքն՝մեքենայի խնդիրը։

․․․Քաղաքապետին ուղարկված բաց նամակում նաեւ նշել էի, որ մտադիր եմ Պապիկյանի տնակում/որ բնակվելու համար ընդհանրապես պիտանի չէ, զրկված է սանհանգույցից/, առնվազն ժամանակավոր աշխատանքային տարածք ստեղծել՝մի քանի ակտիվ կանանց հետ, որովհետեւ իմ անկախ լրագրողական-իրավապաշտպան գործունեության համար տարածք չունեմ։25 տարվա լրագրող եմ,9 տարվա բլոգեր՝իրավապաշտպան ուղղվածությամբ, ես իրավունք չունե՞մ իրավապաշտպան գործունեություն կազմակերպեմ՝գոնե ժամկետանց տնակում, որ ,,վիզ դրած,, ուզում է անհայտ նպատակների ծառայեցնել քաղաքապետարանն՝առանց հիմնավորման, առանց իրավական փաստաթղթերի վկայակոչման։Թե՞ պետք է անպայման ինչ-որ մեկի ,,թրի տակով,, անցնենք, որ ,,արեւի տակ,, տեղ ունենանք։Առանց այդ էլ պետական կամ դրամաշնորհային աջակցություն չեմ ստանում՝իմ քաղաքացիական լրագրության համար, որ նաեւ Ազգային Ժողովի մեղավորությունն է, քանի որ չի փորձում այս դաշտը կարգավորել՝համապատասխան օրենքներով, թեպետ՝քանիցս համացանցային նամակներով դիմել ե։ Ինքս թոշակառու չեմ, աշխատող չեմ, պետական աշխատանքս էլ՝մանկավարժական համալսարանում, կորցրել եմ՝1998թ․ չարաբաստիկ իշխանափոխությունից հետո՝քաղաքական հալածանքների պատճառով, որ նաեւ արձանագրվել է բազում իրավապաշտպան կառույցների կողմից ուղարկված իմ բազմաթիվ նամակներում․․․․2016թ․ Վանաձորի քաղաքապետը վիճահարույց արդյունքներով դարձավ քաղաքապետ, ու անմիջապես գնաց Ամերիկա՝երեվի թե ,,փորձի փոխանակման,,․բա այդ ե՞ն սովորեցրել Ամերիկայում, այդ կերպ ե՞ն վարվում քաղաքացիների եւ, առավել եվս՝քաղաքացիական լրագրողների հետ․դե պատկերացրեք՝շարքային քաղաքացիների հետ ինչ կերպ կվարվեն։Բա չասե՞ս՝գոնե այս օրերին մի քիչ մարդ եղեք ու մարդկային եղեք․էդ ժանգոտ տնակի հույսին ե՞ք մնացել, քաղաքը լիքը անտեր շենք-շինություններ են, վագոն-տնակներն էլ հետը,թե՞ հատուկ հոբբի  է՝միայնակ-անժառանգների տնակները կամ դրանց բանալիները հավաքել։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, իրավապաշտպան լրագրող-բլոգեր,22․10․2020թ․

вторник, 13 октября 2020 г.

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին,Վանաձորի համայնքի ավագանուն, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին

                                    ԲԱՑ ՆԱՄԱԿ 

Այսօր իմացա, որ Վանաձորի քաղաքապետը համացանցային նամակներին՝իրեն ուղղված, չի պատասխանում, եւ որպեսզի պատասխանի, պետք է նրան անձամբ նամակ ուղարկել՝փոստով կամ քաղաքապետարանի միջոցով։Ամեն դեպքում, կարծում եմ, հասարակական նշանակություն ունեցող հարցերը պետք է նաեւ բարձրաձայնվեն համացանցով․անկախ՝քաղաքապետին նամակ ուղարկել-չուղարկելուց։Ըստ այդմ, ցանկանում եմ տեղեկանալ/ինչպես արդեն մեկ անգամ անդրադարձել եմ քաղաքապետին ու մարզպետին ուղղված նախորդ բաց նամակում՝մասնակիորեն/, ի՞նչ կարգով է տնօրինվում միայնակ, անժառանգ թոշակառուներին պատկանող տնակների ճակատագիրը՝նրանց մահից հետո, եթե չեն սեփականաշնորհել տնակը/որովհետեւ նման իրավունք չունեն/, կտակ էլ չեն գրել։Տվյալ դեպքում, այս տարվա մայիսի 26-ին մահկանացուն կնքած միայնակ, անժառանգ թոշակառու Քնարիկ Պապիկյանին պատկանող տնակը, որ նա ստացել է սովետական տարիների մայրամուտին՝88-ի երկրաշարժից հետո անօթեվան դառնալու պատճառով, թերեւս 1989թվին․ապացույցները՝Պապիկյանի փաստաթղթերում կան/, հիմա ու՞մ հաշվեկշռում է, արդյո՞ք այն փոխանցվել է քաղաքապետարանի հաշվեկշիռ, կա՞ արդյոք որոշում՝այդ մասին։Իմ տեղեկություններով՝ավագանին նման որոշում չի կայացրել/եթե դա ավագանու իրավասությունն է, եւ ոչ թե՝քաղաքապետի/։Հարցն ինձ համար այնքանով է հետաքրքրություն ներկայացնում, որ 2 տարի շարունակ ինքս զբաղվել եմ Քնարիկ Պապիկյանի խնդիրներով՝նրա անձնական խնդրանքով, լուսաբանել այդ խնդիրները՝համացանցով, հարկ եղած դեպքում նրա անունից նամակագրություն վարել՝ըստ պատկանելույն, պաշտոնատար մարմիններին/առանց դրամաշնորհային կամ պետական ֆինանսական աջակցության, որովհետեւ իմ անկախ լրագրողական կամ հասարակական գործունեությունը որեւէ աղբյուրից, կառույցից կամ հիմնադրամից չի ֆինանսավորվում, թեպետ այդ առթիվ քանիցս հայտարարություններ եմ զետեղել․ավելի հաճախ շարժվել եմ խղճի ձայնով եւ լրագրողական առաքելության գիտակցումով, որն ինձ համար պակաս կարեվոր չէ, եթե ոչ ՝առաջին տեղում/։

Նկատի ունենալով, որ քաղաքի իրավապաշտպան կառույցները պատշաճ չեն զբաղվում քաղաքի հեռավոր թաղամասերի խնդիրներով/լավագույն դեպքում՝տարին մեկ անգամ՝հաշվետվության կարգով երեւի թե/, նամակներին մինչեւ վերջ տիրություն անելու պատրաստակամություն չեն հայտնում,ինչպես նաեւ՝առհասարակ մարդկանց իրավասոցիալական խնդիրներով չեն զբաղվում, եւ նրանց դիմող որոշ քաղաքացիներ իրավապաշտպան բավարար աջակցություն չստանալով, ինձ են դիմել՝լրագրողական աջակցության խնդրանքով,որն էլ համատեղել եմ՝վերջիններիս միաժամանակ իրավապաշտպան աջակցություն ցույց տալու հետ,եւ նկատի ունենալով, որ վերջին 2 տարում պարբերաբար լուսաբանել եմ ոչ միայն Պապիկյանին վերաբերվող, այլեւ՝քիմիագործների թաղամասի տնակային ավանի բնակիչների խնդիրները թե ֆեյսբուքով, թե բլոգով, ուստի  կցանկանայի Քնարիկ Պապիկյանի տնակը/որ բնակության համար պիտանի չէ/, օգտագործել որպես աշխատանքային տարածք՝հիմնելով մարդու եւ կենդանիների իրավունքների պաշտպանության կենտրոն։Ճիշտ է, տնակները ժամանակի ընթացքում պարբերաբար կհավաքվեն այդ տարածքից, բայց՝այդտեղ արդեն շենքեր են կառուցվել տարիներ առաջ, շինարարական գործընթաց է գնում, եւ թաղամասն սկսում է շնչառություն ու զարկ ստանալ․հետեվաբար՝այդտեղ կզգացվի նաեւ իրավապաշտպան գրասենյակի անհրաժեշտություն,իսկ ես ունեմ իրավապաշտպան կառույցների հետ համագործակցելու եւ թղթակցելու շուրջ 25 տարվա փորձ։Ընդ որում, նմանատիպ կառույց ստեղծելու գործում ինձ բարոյական աջակցություն ցույց տալու եւ կառույցին անդամագրվելու պատրաստակամություն են հայտնել ավագ տարիքի կանայք/որոնց թվում կա նաեւ թոշակառու մանկավարժ/, որոնք մարտականորեն են տրամադրված իրավունքների պաշտպանության հարցում , իրենց իրավունքները պաշտպանելու կամ պաշտպանել փորձելու փորձ ունեն։

Ի դեպ, հարկ եմ համարում հիշատակել, որ Պապիկյանի մահից հետո եւս զբաղվել եմ տնակի մաքրության հարցով՝հնարավորության սահմաններում/թեպետ՝անհայտ չարագործները երբեմն գիշերային ժամերին այդտեղ ասպատակել են՝անհայտ մեխանիզմով կողպեքը բացելով/չնայած՝կողպեքի բանալին Պապիկյանի պատգամով գտնվում էր իմ մոտ նրա մահից հետո/,տնակից դուրս շպրտված իրերը ցաքուցրիվ անելով եւ փորձելով այդտեղ անտերության դիկտատուրա հաստատել, հարբեցության որջ սարքել,կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունք դրսեվորել, այդուհանդերձ,Պապիկյանին պատկանող հագուստեղենը պարբերաբար հանձնել եմ եկեղեցուն՝ըստ տնօրինության, կարիքավորներին հանձնելու նպատակով, իսկ տարիների ընթացքում Պապիկյանի կողմից հավաքված մանկական հագուստներն էլ վերջերս հանձնել եմ Արցախի համար հագուստեղեն հավաքող կետերից մեկին/բարեբախտաբար, դրանք խնամքով պահմանվել են, չարագործի ձեռքը դրանց չի հասել, քանի որ ակնհայտ է, որ վերջիններս այդտեղ հիմնականում մետաղական փնտրտուքներ են կատարել, որի արդյունքում բակում էր հայտնվել հեռուստացույցը, որ անխնա ջարդոտել էին, ինչպես նաեւ մասերի բաժանված էլեկտրական վառարանն ու խորդանոցից դուրս բերված գազի վառարանը, իսկ տնակում գտնվող 2 սառնարանները՝չաշխատող, տեղահան էին արվել՝ինչ-որ մեխանիզմ պոկելու մոլուցքով, որի արդյունքում պատից պոկվել էր նաեւ խոհանոցի պահարանը։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող-բլոգեր

հեռ՝0322/4-61-17