суббота, 31 октября 2020 г.

Բանկի սպասասրահում դրված բազմոցի իմաստը ո՞րն է, եթե քաղաքացիները պետք է դրսում սպասեն

 Մտնում ես բանկ, կտրոն վերցնելու եւ կոմունալ վճարելու համար հերթի սպասելու, կտրոնը տալիս են քեզ ու կրկին դուրս հրավիրում.դրսում սպասելու:Եթե դռան մոտ եք կանգնած, կարող եք գլուխներդ դռան  ապակուն մոտեցնել ու էկրանին հետեվել, իմանալու, թե  ձեր հերթն ինչքան է մոտ կամ ինչքան՝հեռու:Ընդ որում,ներսում բազմոց է դրված՝քաղաքացիների համար, բազմոցին էլ մարդ չկա նստած, բայց՝քաղաքացիներին դրսում են սպասեցնում.չգիտես ինչու:

Այդ իրավիճակում մի հաղթանդամ երիտասարդ՝գլխարկը գլխին, եկավ-մտավ բանկ, պահակի հետ խոսեց ու պինդ տեղավորվեց բազմոցին, մինչ կանայք դրսում միջանցիկ քամու տակ սպասում էին իրենց հերթին. իրավունք չունենալով անգամ ներսում սպասել:,,Իսկ մենք չենք կարո՞ղ ներս մտնել,,-հարցիս պահակը բացասական պատասխան տվեց:Բայց երբ տեսավ, որ դրսում արդեն դժգոհության ալիք է բարձրանում՝խտրականության հետ կապված, սկսեց բացատրել.,,Տիկին ջան, ինքն իմ ընկերն ա, մոտն էլ մեծ գումար կա, դրսում կանգնելը վտանգավոր է,,:,,Իսկ դրսում քամու տակ կանգնելը վտանգավոր չի՞, էդպես եք անում, որ հիվանդությունների թիվն աճում է,,-իմ այս դիտողությանը երիտասարդ պահակն անմիջապես հակահարձակման անցավ՝իրեն վարչապետի տեղ դրած.,,Այ որ ժամանակին դիմակ կապեիք, էս վիճակը չէր լինի,,:Բա չասե՞ս՝տղա ջան, նախ ՝ես քեզ հետ խոսելիս դիմակով եմ, երկրորդ՝էդ ինչից որոշեցի՞ր, որ դիմակ չեմ կապում առհասարակ, դու իմ ընտանեկան բժիշկն ե՞ս:Բայց՝դա արդեն մտքում ասի՝որպես նախապատրաստելիք հոդվածի միտք, քանի որ արդեն իմաստ չկար ,,ջուր ծեծելու,,:Կամ ի՞նչ կապ ունի դիմակը՝գլխին փչող քամու հետ.այ եթե ասեր՝գիտեք, մյուս անգամ գալիս գլխարկ դրեք՝ավելի տրամաբանական կլիներ:

Բանկի անունը չենք նշում, որովհետեւ հարցին իրավական տեսք տալու ցանկություն չունենք, այլ՝խնդրի վրա ուշադրություն հրավիրելու:Եթե հերթն այնքան մեծ լիներ, որ սպասասրահի բազմոցին նստելու տեղ չլիներ, դրսում կանգնեցնելը արդարացված կլիներ, բայց բազմոցը թափուր, դու հաղթանդամ երիտասարդին՝գլխարկը գլխին, հրավիրում ես ներսում հարմար տեղավորվելու/մի հատ էլ հպարտորեն խոստովանում, որ քո ընկերն է/, կանանց էլ գերիների նման բանկի պատի տակ շարում, դա ինչի՞ նման է:Մայթերին սպասեցնելը վտանգավոր է նաեւ այն առումով, որ խանգարում է մայթային երթեվեկությանը, ու մարդիկ իրենցից անկախ կարող են հայտնվել ավտոճանապարհին:Բարեբախտաբար, բանկեր կան, որ քաղաքացիներին դրսում չեն սպասեցնում այլ՝ ներսում, հարմարավետ պայմաններում, ու մարդիկ էլ այնքան հասկացողություն ունեն, որ միմյանցից պատկառելի հեռավորություն են պահում՝նկատի ունենալով երկրում առկա համաճարակային վիճակը: 

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր


Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն