տեղեկատվական-վերլուծական, իրավապաշտպան,ազատ,անկախ,այլընտրանքային բլոգ ՝հիմնադրված 2011թվի հուլիսի 24-ին ՝Վանաձորում: Լրացավ բլոգի գործունեության 10-րդ տարին: www.azatankakh.blogspot.com, e-mail; gayane1960@gmail.com
суббота, 18 октября 2014 г.
среда, 15 октября 2014 г.
Կարտոֆիլի, ձկան ու ձվի ,,կուրսն,, աճում է, սխտորի գինը ռեկորդ է խփում
Օրերս հայաստանյան հեռուստաալիքները ոգեւորությամբ փաստում էին, որ եվրասիական տարածաշրջանային միության անդամագրվելուց հետո հայաստանյան ապրանքների համար Ռուսաստանում լայն հորիզոններ / ավելի ճիշտ՝ վաճառակետեր / կբացվեն:Ի դեպ, եվրոպական տարբեր երկրներում էլ, ԱՄՆ-ում էլ ՝ հայաստանյան բարձրորակ ապրանքի վաճառք միշտ էլ եղել է , սակայն տվյալ դեպքում ,,աչքալուսանքը,, վերաբերվում է նաեւ բանջարեղինին. դեռ ամիսներ առաջ էլ ասվեց, որ ռուսաստանյան ընկերությունները պետք է բանջարեղեն ներկրեն Հայաստանից: Ու հոկտեմբերի սկզբից արդեն Վանաձորի առեւտրի կետերում սկսվեց կարտոֆիլի գնի կտրուկ աճ: Դրան նպաստեց նաեւ այն, որ գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներից մեկն էլ հեռուստատեսությամբ ,,գուշակել.. էր, որ կարտոֆիլի գնի աճ է սպասվում: Ամենայն հավանականությամբ, այս մթերգի գնաճին նպաստում է նաեւ այն, որ Թուրքիայից արդեն կարտոֆիլ չի ներկրվում, այսինքն ՝ չկա մրցակցության հանգամանք: Ձվից հետո սա երկրորդ ապրանքատեսակն է, որ մրցակցության բացակայության պայմաններում, տեղական արտադրողների մենաշնորհային դիրքի պատճառով թանկանում է:Բայց այ, որքան էլ տարօրինակ է, սխտորի պարագայում մրցակցության հանգամանքն ամենեւին էլ դեր չի խաղում, քանի որ չնայած շուկայում առկա է Չինաստանից ներկրվող սխտոր, սակայն այս մթերքի գինը դեռ սեպտեմբերից սկսեց բարձրանալու հակումներ ցույց տալ ՝ 1կգ-ն 500 դրամից հասնելով 1000դրամի-ի, իսկ ներկայումս ՝ 2000-ի: ,,Այլընտրանքը,, չինական սխտորն է ՝ փնջով վաճառվող. 4 փնջանի 1 տուփ սխտորը, որ հազիվ 2-300գրամ կազմի, վաճառվում է 400դրամով: Պատճառը, թերեւս, պահածոյացման շրջանն է, ու դա շահարկելով ՝ շուկայական ,,մաֆիա,, ասվածը փորձում է ժողովրդից հավելյալ շահույթներ կորզել, քաջ գիտենալով, որ առանց դրա անհնար է ,,թթու փակել,,: Միգուցե խաշի սեզոնն է՞լ է սկսվել, ինչը նույնպես նպաստել է սխտորի գնի աճին. այն դեպքում, երբ դեֆիցիտ չկա: Վերջին մեկ ամսում ոչ միայն կարտոֆիլը, ձուն ու սխտորն են թանկացել, այլեւ ՝ մսամթերքները : Անկախության տոնի նախօրեից ՝ սեպտեմբերի 20-ից սկսած ՝ կտրուկ բարձրացավ բրազիլական խոզի մսի գինը ՝1700դրամից հասնելով 2100դրամի / երեւի թե համարվելով եվրոպական մսամթերք, ու նկատի ունենալով, որ շուտով մաքսային միություն ենք մտնելու Ռուսաստանի ու Ղազախստանի հետ, եւ դրանից հետո պետք է Եվրոպայից ներմուծվող ապրանքը թանկանա ,մինչդեռ այդ թանկացումը կարող էր տեղի ունենալ առնվազն հունվարից, երբ եվրասիական միութուն մտնելու պայմանագիրն ուժի մեջ կմտներ /: Նույն կերպ, շուկայական ,,մաֆիայի,, ձեռամբ դեռ եվրասիական մտնելու պայմանագիր ստորագրելուց ամիսներ առաջ,ապրիլից, ս. Զատկի նախօրեից միանգամից բարձրացավ ներկրվող ձկան գինը, ու խանութներում վաճառվող վիետնամական ,,Պանգաս,, ձուկը դարձավ 1300դրամ / նախկին 1000դրամի փոխարեն /, այսպես կոչված ,,խեկ,,-ը 1100-ից դարձավ 1300դրամ:Հիմա կարող են ասել ՝ ,,Բա գիտե՞ք, հոսանքը թանկացել է,,: Բայց հոսանքի թանկացման փոխհատուցման նպատակով կարելի էր թանկացում կատարել համապատասխան հաշվարկով եւ հոսանքի թանկացումից հետո ՝օգոստոսից, եւ ոչ թե ՝ առաջ: Թանկացել է նաեւ տեղական ձուկը, ու, ըստ հավաստիացումների, էլի կթանկանա, ինչի մասին օրերս հայտարարեց տեղական ձկնարդյունաբերության ոլորտի պատասխանատուներից մեկը. իբր ՝ քիչ էր թանկ: Անգամ ամառային շոգ եղանակներին Վանաձորի բացօթյա առեւտրի կետերում տեղական ձուկը վաճառվում էր 1կգ-ն 1500դրամից սկսած գնով, նախկին 1000դրամի փոխարեն: Թանկացել է նաեւ կաթնամթերքը, ու, մասնավորապես ՝պանիրը: Օրեր առաջ հայաստանյան թերթերից մեկը գրել էր, որ Մոսկվայի խանութներից անհետացել է պանիրը, քանի որ Եվրոպայից առհասարակ մթերք չեն ներմուծում, Հայաստանից էլ ներկրումը շատ քիչ է: Երեւի թե այդ լուրը թերթին հասնելուց առաջ ավելի վաղ էլ հասել էր հայաստանյան շուկայի տնօրինողներին, ու սեպտեմբերից կրկին սկսեց պանրի գինը բարձրանալ : Եթե հուլիս-օգոստոս ամիսներին պանրի գները շուկայում սկսվում էին 1000դրամից, ապա ներկայումս ՝ 1200դրամից .հասնելով 2500դրամի: Իսկ հիշու՞մ եք ինչպես էր առեւտրի ու տնտեսական զարգացման նախարարը հավաստիացնում, թե եվրասիական միություն մտնելուց հետո ապրանքները կէժանանան: Առայժմ չի թանկանում միայն ռուսաստանյան ձեթը, իսկ բանջարեղեններից ,,ամենահամեստ,, ,,կուրսը,, կաղամբինն է . 1կգ-ն ՝100դրամ: Ամեն դեպքում ՝ պահպանվում է ամսվա առաջին տասնօրյակում, թոշակների ու աշխատավարձերի օրերին առհասարակ բոլոր մթերքների գները որոշ ժամանակ բարձր պահելու ,,սովորույթը,, որ կարգավորվում է շուկայական ,,մաֆիայի,, կողմից: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
вторник, 14 октября 2014 г.
среда, 8 октября 2014 г.
Դանիաբնակ վանաձորցին հանդես եկավ զեկուցումով ՝ցեղասպանության ինստիտուտում
Հոկտեմբերի 7-ին ցեղասպանության ինստիտուտում տեղի ունեցավ 20-րդ դարասկզբի դանիացի հասարակական գործիչ, գրող-բանաստեղծ Ինգա Նալբանդյանի ՝հայոց ցեղասպանության մասին գրքերի շնորհանդեսը: Այս եռահատորյակի / ,,Մեծ ցավը,, ,,Ճակատագրով դատապարտվածները,, եւ ,,Սպիտակ դաշտ,, / թարգմանությունը կատարել է ծնունդով վանաձորցի Հասմիկ Կուրղինյանը, ով շուրջ 20 տարի է, բնակվում է Դանիայի Օբենրո քաղաքում, աշխատում է քաղաքային սոցիալ բաժնում: Միջոցառմանը զեկուցումով հանդես է եկել Ինգա Նալբանդյանի թոռը ՝ Ֆրանս Նալբանդյանը ՝ նույնպես դանիաբնակ, որի զեկուցման թարգմանիչը նույնպես Հասմիկ Կուրղինյանն էր: Միջոցառման կայացման եւ իր տպավորությունների մասին այսօր տեղեկացրեց Հ.Կուրղինյանը, ասելով, որ 10-օրյա իր այցի նպատակը կարող է համարել կայացած, քանի որ վերջապես հայ ընթերցողին հասան այս տարի հրատարակած գրքերը: Եռահատորյակի 2 հատորների խմբագիրը Հասմիկի հայրն է ՝ վանաձորաբնակ գրականագետ, մի շարք գրքերի ու թերթերի խմբագիր, գերմաներենի մասնագետ Գառնիկ Կուրղինյանը, ով ,,Մեծ ցավը,,գրքի վերջաբանում նաեւ ներկայացրել է, թե ով է Ինգա Նալբանդյանը եւ ինչպես հղացավ նրա գրքերը թարգմանելու գաղափարը ՝ Հասմիկի մոտ: 2-րդ գիրքը խմբագրել է Հասմիկի քույրը ՝ Նարինե Կուրղինյանը, ով շուրջ 30 տարի է , բնակվում է Գյումրիում: Մինչ այս գրքերի թարգմանությունը Հասմիկը տարիներ առաջ եւս մեկ գիրք է թարգմանել դանիերենից, որ կոչվում էր ,,Մի աներկիր ժողովրդի մոտ,,: Այդ գիրքը պատմում էր դանիացի մեծ հայասեր Կարեն Եփփեի կյանքի ու հասարակական գործունեության մասին ՝ ցեղասպանության տարիներին: Հասմիկի թարգմանած բոլոր 4 գրքերն էլ լույս են տեսել նրա անձնական միջոցներով, ուստի տպագրվել են սահմանափակ քանակությամբ, վաճառքի չեն հանվել եւ պարզապես բաժանվել են հասարակական-քաղաքական գործիչների, լրագրողների, Ազգային գրադարանին ու ցեղասպանության ինստիտուտ-թանգարանին են հանձնվել:Գրքերի մի մասը Վանաձորում են տպագրվել, մի մասը ՝ Գյումրիում: Իսկ 2000թ.Հասմիկի թարգմանած առաջին գրքի մասին առաջին անգամ լուսաբանվել է ,,Առավոտում,, /14.04.2000թ. ,,Ովքե՞ր են Հայերի դանիացի բարեկամները,, /, այնուհետ ՝,,Հայաստանի հանրապետություն,, ,,Ազգ,, թերթերում: Ստորեւ ներկայացվում են հատվածներ ՝Հասմիկ Կուրղինյանի զեկուցումից.,,Ես իմ ելույթը պիտի սկսեմ շնորհակալական խոսքով:Նախ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Դանիայում Հայաստանի դեսպանին ՝պարոն Հրաչյա Աղաջանյանին եւ հյուպատոս Լիլիթ Սարգսյանին ՝այս միջոցառման կազմակերպմանն աջակցելու համար:Նաեւ ուզում եմ շնորհակալական խոսք ասել Եղեռնի թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին ՝ այս հնարավորությունն ընձեռելու համար:Ապա մի քիչ պատմելու եմ իմ մասին:Արդեն 20 տարի է ՝բնակվում եմ Դանիայում:Առաջին իսկ օրվանից ուսումնասիրել եմ դանիերեն լեզուն, տիրապետել եմ այն եւ այժմ ունեմ համալսարանական կրթություն, ստացել եմ բակալավրի կոչում ՝ որպես սոցիալ խորհրդատու եւ աշխատում եմ մեր քաղաքային սոցիալ բաժնում:Զուգահեռ զբաղվել եմ թարգմանական աշխատանքներով:Ունեմ 15 տարվա թարգմանական փորձ, թարգմանում եմ հայությանը վերաբերվող նյութեր:Ապրելով Դանիայում, ես երբեք չեմ մոռանում իմ Հայաստանը, իմ ողջ էությամբ ես մնում եմ իմ հայրենիքի դուստրը, թարգմանում եմ հայությանը վերաբերվող նյութեր,,: Զեկուցման վերջում էլ ասում է.,,Ուրախ եմ, որ Ինգայի այս եռօրյան վերջապես դրվեց հայ ընթերցողի սեղանին, հասավ այն ժողովրդին, որին ինքը համարում է իրենը: Եռագրությունը հայերեն է թարգմանվել առաջին անգամ, մինչդեռ եվրոպացին այս գրքերի մասին գիտեր մոտ 100տարի առաջ:Այն վաղուց թարգմանված է եվրոպական տարբեր լեզուներով:Գիրքը եռագույն է, զի ես դրանով հայոց ազգային դրոշն եմ խորհրդանշում:Հուսով եմ, որ եղեռնի 100-ամյակին քաղաքակիրթ աշխարհը կճանաչի եղեռնը եւ Ինգա Նալբանդյանն էլ կունենա իր արժանի ավանդն այս գործում: Ավարտելով խոսքս, ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել լրագրող Գոհար Աճեմյանին, ով այս եռագրության հայերեն թարգմանության ծնունդի նախապատրաստողն էր,,: ....Իսկ ինչպե՞ս հղացավ Հասմիկի մոտ ՝ցեղասպանությանը վերաբերվող գրքերի թարգմանության միտքը. այդ մասին պատմում է հայրը ՝,,Մեծ ցավը,, գրքի խմբագիր Գառնիկ Կուրղինյանը գրքի վերջաբանում.,1996-ին մենք հյուր եղանք Դանիայում, մեր դստեր մոտ: Եվ ստացվեց այնպես, որ բոլորովին պատահական, ապրիլի 24-ին, միացնելով հեռուստացույցը, տեսանք սահմռկեցուցիչ պատկերներ: Հայոց Եղեռնի մասին էր հաղորդումը: Այն ընթանում էր հայ դասական երաժշտության ուղեկցությամբ: Սյուժեն դանուհի կնոջ ՝ Կարեն Եփփեի մասին էր: Նա դարասկզբին եկել էր Հայաստան, լծվել հայերի օգնության դժվարին գործին, վերապրել 1915-ի մեծ Եղեռնը եւ մինչեւ կյանքի վերջը մնաց հայերի հետ: Նրա աճյունը հանգչում է Հալեպի հայոց շիրմատանը: Կարեն Եփփեի ճակատագրով հետաքրքրվեց մեր դուստրը: Նա Դանիայի գրադարաններում գտավ ու թարգմանեց Սվենդ Սեդեգրին Բեքի ,,Մի աներկիր ժողովրդի մոտ,, տխուր վերտառությամբ մի մենագրություն: Այն պատմում է Կ.Եփփեի կյանքը / 1876-1935 /: Քանի որ նրա կյանքը 1903-ից մինչեւ մահկանացուն կնքելն անցել է հայերի հետ, ապա Բեքի գիրքը փոքրիկ եղեռնապատում է ՝ բառիս լայն իմաստով: ,,Մի աներկիր ժողովրդի մոտ,, գիրքը հրապարակեցինք 2000-ին, թարգմանչուհու միջոցներով, 100 տպաքանակ օրինակով, 10-ից ավելի օրինակ ՝ եղեռնի թանգարանին, արձագանք չեղավ: Գրքի մասին գրվեց մի շարք լրագրերում:Դրանցից պիտի առանձնացնել պատմաբան Գեւորգ Յազըճյանի հիրավի արժեքավոր գնահատականը եւ նրա ափսոսանքը, որ գիրքը պետական մակարդակով չի հրապարակվել: Գիրքը Յազըճյանը հասցրեց լիբանանահայությանն ու սիրիահայությանը, որտեղից ստացվեցին սրտագին արձագանքներ: 1999-ին մենք կրկին Դանիայում էինք. վերադարձին, երբ թերթում էինք մեր բացակայության ամիսների մամուլը, հանդիպեցինք Գոհար Աճեմյանի ՝,,Քո եղբոր արյունը կանչում է,, / Ի.Նալբանդյանի պատմվածքի վերնագիրն է,, / հոդվածին, ուր խոսք էր գնում մեկ այլ դանուհու մասին: Այդ հոդվածն ուղարկվեց Դանիա, եւ ,,Մի աներկիր ժողովրդի մոտ,, գրքի թարգմանչուհու ՝ Հասմիկ Կուրղինյանի համար նոր որոնումների առիթ հանդիսացավ: Արդյունքը ՝Ի.Նալբանդյանի ,,Մեծ ցավը,, վեպի թարգմանությունն էր: Վեպի հրատարակությունը կյանքի բերումով ձգձգվեց ; Այն հնարավոր եղավ լույս աշխարհ հանել հիմա,,: / Մեջբերում ՝ ,,Մեծ ցավը,, գրքի վերջաբանից /: Հիշեցնենք, որ այն լույս է տեսել 2008 թվին, սակայն վերահրատարակվել ՝ 2014թվին, հաջորդ երկու գրքերի հետ միասին: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
вторник, 7 октября 2014 г.
Խորհրդարանական եռյակի հանրահավաքը ՝ անձրեւաշող Վանաձորում
Հոկտեմբերի 6-ին Վանաձորի Հայքի հրապարակում անցկացվող հանրահավաքին / որի մասին քաղաքի տարբեր շենքերի պատերին փակցված հայտարարություններ կային մի քանի օր շարունակ / հասանք այն պահին, երբ միտինգավորներից մեկը տրիբունայից խոսում էր ,,նշանակովի ընդդիմության,, մասին, ովքեր սեփական երկրի խնդիրներով զբաղվելու փոխարեն նախընտրում են այլ երկրների իշխանությունների հրաժարականը պահանջել: Թե ո՞ր ուժերին նկատի ուներ ելույթ ունեցողը ՝ անհայտ մնաց: ԲՀԿ անդամ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին սկսեցին ծափահարել անունը լսելուն պես, դեռ ելույթը չսկսած, իսկ նրա բոցաշունչ , խրոխտ ելույթից հետո ՝ առավել եւս: Նա մտահոգություն հայտնեց, որ հայ ժողովուրդը պատմության մեջ մնալու է որպես ,,տոկոսի տակ ընկած ժողովուրդ,,: Նաեւ մտահոգություն հայտնեց արտագաղթի մեծ չափերի առնչությամբ, որի վկայությունները տեսել է Ստրասբուրգում, որտեղից վերջերս է վերադարձել: Միտինգավար Ռուբեն Հակոբյանը ՝,,Ժառանգություն,, խմբակցության ղեկավար, Զոհրաբյանի ելույթից հետո, չգիտես ինչու, նշեց, որ հանրահավաքը մոտենում է ավարտին, ու դրանից հետո մի քանիսն սկսեցին պոկվել ու հեռանալ հոծ բազմությունից, ասելով.,,Հա դե արդեն պրծավ, գնացինք,,: Բայց մեկ էլ նույն ելույթում Հակոբյանն ասաց, որ ձայնը տրվում է ՀԱԿ անդամ Լեւոն Զուրաբյանին: Այդուհանդերձ, հանրահավաքի բուն կորիզը ՝ ծածանվող դրոշների ուղեկցությամբ, պահպանվում էր / ոմանք էլ լոռեցու միամտությամբ թե իներցիայով ՝ դեռ անձրեւանոցներն էին գլխներին պահում, թեպետ եղանակի բարեհաճության շնորհիվ ՝հորդառատ անձրեւը դադարել էր միտինգն սկսվելուն պես / :Զուրաբյանը մտահոգություն հայտնեց, որ ԵԽԽՎ-ում Ղարաբաղը համարում են ,,օկուպացված տարածք,, ու դա համարեց երկրի վատ արտաքին քաղաքականության արդյունք: Նաեւ մտահոգություն հայտնելով Վանաձորի քիմգործարանի գործարանի չաշխատելու առնչությամբ, պատմեց, որ իր վաղեմի ընկերը տարիներ առաջ քիմգործարանն աշխատեցնելու ծրագիր է ներկայացրել Հայաստանում, բայց ՝ անուշադրության է մատնվել, ուստի ստիպված է եղել հեռանալ Չեխիա եւ այնտեղ քիմիական գործարան բացել: Հանրահավաքն ընդհանուր առմամբ խաղաղ էր, սակայն սկսվելուց մոտ 1 ժամ անց ծխածածկույթ տարածվեց ՝ծխահոտով հանդերձ: Թե ու՞մ էր դա ձեռնտու ՝ դժվար է ասել: Հարկ է նկատել, որ առաջին անգամ էր, որ պետական Հ2 ալիքը ծանուցել էր հանրահավաքի կայանալու օրն ու ժամը / միգուցե արդեն Հ2-ը պետական չէ. հավանաբար, հենց դրա համար հաջորդ օրը ցերեկը Հ2-ն սկզբում սկսեց հեռարձակվել առանց ձայնի, այնուհետ ՝ իսպառ անհետացավ էկրաններից ՝մոտ մեկ ժամով /: Մինչ հեռուստատեսությամբ ծանուցելն էլ, անգամ՝ մինչեւ պատերին հայտարարություններ փակցնելը Լոռվա գյուղերում անգամ դեռ 1 շաբաթ առաջ տեղյակ էին, որ ,,ՀԱԿ-ը հանրահավաք է անելու Վանաձորում,,: Իսկ ումի՞ց էին տեղեկացել ՝հարցիս գյուղաբնակներից մեկն ասաց.,,Իրանց թերթըմ էր գրած,,: ,,Բաժանում էի՞ն,, հարցիս էլ պատասխանեց.,,Չէ ի՞նչ բաժանել, մինը քաղաքից էկել էր, հետը բերել,,: /,,Մեռնող-ապրողից, թանկ ու էժանից, կամ նոր դուս էկած գազեթից - բանից,,- Հովհաննես Թումանյան /:Իսկ մեկ ուրիշ վանաձորցի օրեր առաջ տեղեկացրեց, թե ,,Ժառանգությունն,, է Վանաձորում հանրահավաք անցկացնելու ՝ հոկտեմբերի 6-ին: Եվ այսպես, ամեն մեկն իր նախընտրած կուսակցության անունն էր տալիս, որպես հանրահավաքի կազմակերպիչ: Իսկ Վանաձորի շենքերի պատերին փակցված հայտարարության մեջ պարզապես նշված էր, որ այսինչ օրը կկայանա ՀԱՆՐԱՀԱՎԱՔ: Հոկտեմբերի 7-ին, դիտելով խորհրդարանական եռյակի / որոնց արդեն ,,ոչ իշխանական ուժեր,, անունն է տրված / հանրահավաքի կադրերը, պարզեցինք, որ եռյակ ուժերի / ՀԱԿ, ԲՀԿ, ,,Ժառանգություն,, / կազմում ելույթ ունեցողների թվում եղել է նաեւ ծնունդով վանաձորցի, թիվ 3 միջնակարգ դպրոցի շրջանավարտ, Ոսկե մեդալակիր Վահան Վարդապետյանը ՝ ներկայումս մայրաքաղաքաբնակ, մասնագիտությամբ բժիշկ-գինեկոլոգ, ով նույնպես մտահոգված է հայրենի քաղաքի ճակատագրով այնպես, ինչպես, թերեւս, ՀԱԿ պատգամավոր,վանաձորցի Արամ Մանուկյանը, որի ելույթներով քանիցս հիացել եմ: Այդուհանդերձ, անհասկանալի էր Արամ Մանուկյանի ,,մուննաթը,, ժողովրդին, թե ինչու՞ են հանդուրժում ,,իրենց եղունգը չարժեցող իշխանություններին,,: Նաեւ ի սկզբանե ամոթանք տվեց, որ եթե հանրահավաքի մասնակիցները, որոնք դժգոհ են կյանքից, չգան Երեւան հանրահավաքի ՝ ,,ամոթ նրանց,,: Ինչպե՞ս կարելի է կյանքի դառնությունից կուչ եկած, մի բուռ դառած մարդկանցից անուրանալի զոհողություններ պահանջել, երբ որ մարդիկ անգամ կարող է օրվա հացի փող չունենան: ,,Դե որ տրանսպորտ լինի ՝կգանք,,- խոստովանեց մի տարեց վանաձորցի ՝ հեռուստատեսությամբ:Ժողովուրդը քանի տարի է ՝ մասնակցում ու մասնակցում է տվյալ պահի ընդդիմության հանրահավաքներին, եւ ի՞նչ է փոխվում դրանից: Շատերը Երեւան էլ են գնում հանրահավաքի: Ժողովրդին քննադատում են վախենալու համար, իսկ ի՞նչ ասես ընդդիմության անմիաբանության մասին, ինչու՞ ՀՅԴ անդամները հրաժարվեցին քառյակի հետ համագործակցելուց: Այ նրանց վրա պետք է ,,մուննաթ,, գալ:Կամ, որ Եռյակը , ի դեմս ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ,,Ժառանգության,, ՝քննադատում են իշխանությանը, բայց չէ՞ որ նորանշանակ վարչապետն էլ , որ նույնպես իշխանություն է, եւ ՝ԲՀԿ առաջնորդին շա՜տ մոտ կանգնած. այնքան մոտ, որ լոռեցիներից մեկն ամիսներ առաջ ասաց ՝,,Թազա վարչապետն էլ ԲՀԿ-ից ա, բա էդ ո՞նց տի ըլիլ,,: Ի վերջո վարչապետի կողմից էր Սյունիքի մարզպետի վերանշանակումը, ինչը հասարակության առաջադեմ ուժերի, քաղաքացիական հասարակության ակտիվի ու իրավապաշտպանների կողմից որակվեց որպես ծաղր ու ապտակ ՝ ժողովրդին: ...,,Էսքան մարդը էս ո՞նց ա հավաքվել,,- զարմացել էր լոռեցիներից մեկը: Իսկապես, արտագաղթի ու մահացությունների հետեւանքով կիսով չափ դատարկված քաղաքի պայմաններում, այն էլ ՝ մաղմղացող անձրեւի տակ, ամեն րոպե սպասելով հորդառատ անձրեւի, հրապարակի կեսը բռնած բազմությունը , գումարած ՝ ծառերի տակ հեռվից ունկնդրողներին, խոսում է այն մասին, որ ժողովուրդը դեռ պահպանում է հետաքրքրությունը ՝ քաղաքականության հանդեպ, ժողովուրդը չի վախենում, ու փողոց է ելել, որի ապացույցը նաեւ տեղական ,,Լոռի,, հեռուստատեսությամբ մարդկանց հետ հարցազրույցներն էին ՝հոկտեմբերի 7-ին ներկայացված: Իսկ Նաիրա Զոհրաբյանը ելույթում շնորհակալություն հայտնեց ժողովրդին ՝,,տեղական իշխանիկներից չվախենալու ու միտինգին մասնակցելու համար,,: Ի՞նչ ունեն վախենալու, հանրահավաքի մասնակիցների մեծ մասն ինչ ունեին ՝ կորցրել են. սկսած ՝ խնայբանկի ավանդներից, վերջացրած ՝ ապրուստով ու եկամտով: Ու թեեւ միտինգն ընթանում էր եռագույն դրոշների ներքո, սակայն տեղին է հիշատակել ՝,,Պրոլետարները ոչինչ չունեն կորցնելու, բացի շղթաները,,: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
четверг, 2 октября 2014 г.
Հնացած հավեր ու ձվեր ՝ վաճառակետերում
Սեպտեմբերի 29-ին վանաձորաբնակ Հենրիետա Մխիթարյանը ՝ Վանաձորի վետերանների միության կանանց խորհրդի նախագահ, քաղաքի սուպերմարկետներից մեկից գնել էր ,,հավի թեվիկներ,, ապրանքատեսակը՝ 1կգ-անոց տուփը՝1500 դրամով, ռուսական ապրանքանիշի տակ վաճառվող: Տուն տանելուց հետո պարզել էր, որ ապրանքի որակը խիստ կասկածելի է, ու հաջորդ օրն շտապել էր խանութ ՝ չեկ պահանջելու: Որքան էլ զարմանալի է, բայց խանութում համաձայնվել էին արդեն իսկ գնված, տուն տարած ապրանքի չեկը հանձնել, արդարանալով.,,,Դե դուք էն ժամանակ չպահանջեցիք, մենք էլ չտվինք,,: Թեվիկները եփելուց հետո Մխիթարյանի կասկածները ՝ ապրանքի անորակության մասին, հաստատվել էին, քանի որ անմիջապես տհաճ բույր էր տարածվել: Մինչ հաջորդ օրը կտաներ ապրանքը ետ հանձնելու, շտապել է նաեւ սանէպիդկայան ՝ քաղաքի կենտրոնում գտնվող, բայց այդտեղ պարզվել է, որ սանէպիդկայանի ՝սննդամթերքի որակի հարցերով զբաղվող մասը տեղափոխվել է քաղաքի ծայրամասային ,,Լագեր,, թաղամաս, ու նա չի զլացել, այդտեղ էլ է գնացել ՝իր հետ տանելով ,,իրեղեն ապացույց,, փչացած հավի կտորտանքներն, ասելով, որ քաղաքի սուպերմարկետներից մեկից է գնել: Հավաստիացրել են, որ առաջիկայում պետք է զբաղվեն քաղաքի խանութներում առկա սննդամթերքի որակի հարցերով, ստուգայց են կատարելու:Նույն օրը, հոկտեմբերի 1-ին, Մխիթարյանի հեռախոսազանգով ուղեւորվեցինք ներկա գտնվելու փչացած հավի հանձնման հույժ կարեւոր իրադարձությանը ՝խանութում:Մինչ Մխիթարյանի ժամանելը. խանութի ցուցափեղկում նրա մատնանշած ապրանքատեսակից չգտանք: Այնուհետ Մխիթարյանը ժամանեց եւ աշխատողներին խնդրեց կանչել վաճառողներից ավագագույնին:Ու սկսվեց բանակցությունների փուլը:Քանի որ հնացած հավի ողջ պարունակությունը ՝ սառույցներից ձերբազատվելուց ու եփելուց հետո կշռում էր 400դրամ, ուստի վաճառողը դժգոհեց, թե ,,Կեսը կերել եք , նոր ե՞ք բերել,,: ,,Դա ուտել կլինե՞ր, որ ես ուտեի,,- զայրացած նկատեց Մխիթարյանն ու սպառնաց հավի կտորտանքը տանել ,,այնտեղ, որտեղ պետք է,,:՚Ի՞նչ իմանար վաճառողը, որ խեղճ թեվիկներին արդեն իսկ մի տեղ լավ ,,ամաչացրել,, էին ՝ անորակության համար: Այդուհանդերձ, դժկամությամբ, բայց ՝ ետ վերադարձրին Մխիթարյանին ապրանքի արժեքն ամբողջությամբ: Բայց այդ ամենի հետեւանքով վերջինս տեւական ժամանակ հաստատ ,,հավի թեւիկներ,, անունն անգամ լսել չի ցանկանա, ուր մնաց ՝գնել կամ ուտել:Մխիթարյանը չի բացառում, որ այդ ապրանքանիշը կարող է եւ կեղծված լինել ու հայտնում է.,,Ես գիտեմ, որ մարդիկ կան, որ կեղծ ապրանքանիշեր են վաճառում, դրանով հարստանում, հնացած ապրանք ունեցողներն էլ դրանցից գնում-փակցնում են,,:Ընդ որում, նա խանութի վաճառողին էլ ամենայն համոզվածությամբ պնդում էր, որ հավը հաստատ հատուկ լուծույթով մշակել են, որ հնացածությունն անցնի, սպիտակի, բայց ներսի հոտը պահպանվել է:Այս կապակցությամբ հիշեցի, որ ամիսներ առաջ ,,Արմենիայի,, ,,Սուր անկյունը,, պատմեց, որ ՀՀ տարբեր քաղաքներում վաճառվել է հնացած հավ / կարծեմ ՝էլի խոսքը գնում էր հավի թեւիկների մասին /, ու կեղծ ապրանքանիշով է եղել, հետո պարզվել է որ հատուկ լուծույթով մշակել են հավն ու փորձել երկրորդ կյանք տալ ՝ սպառողների առողջությունը վտանգելու հաշվին: Այն ժամանակ երեւի թե հայկական ապրանքանիշի տակ են կեղծել, հիմա ՝ռուսականի տակ: Իսկ նախորդ շաբաթ տեղեկացանք, որ մայրաքաղաքի խանութներից մեկում սպառողի կողմից արձանագրվել է հնացած ձվի վաճառք. գնորդը տուփով ձուն տուն տանելուց հետո պարզել է, որ դրանք դեռ չեփած են ,,բուրում,, ու շտապել է տանել ետ հանձնել: Միգուցե ,,բուրումնավետության,, համա՞ր է ձվի գինն այդքան բարձր ու էլի բարձրանալու միտում ունի ՝65 դրամից հասնելով 75-80-ի, հիշեցնելով հայտնի բանաստեղծությունը.,,Ելնում եմ ես սարերն ի վեր, ելնում եմ ես քարերն ի վեր...,,: Ներմուծվող ձվերի ,,վերջը տվին,,՝ տեղական արտադրողների նվնվոցներից հետո, հիմա ասպարեզում մնացել են տեղական հավկիթները, որոնք էլ բարձր գնի պատճառով դժվարությամբ են իրացվում ու հնանում են: Ի վերջո խիղճ է պետք: Օստապ Բենդերի ասած ՝,,Բա սրանց չար երազները չե՞ն տանջում,,: Ո՞նց կարելի է 65-70 դրամով հնացած ձու վաճառել կամ ՝1500դրամով հնացած հավ ,,սաղացնել,,: Ի դեպ, Մխիթարյանը տեղեկացրեց, որ վերջերս նույն խանութից ձու էլ է գնել ՝ 65 դրամով, բայց տուն տանելուց հետո պարզել է, որ ձվի ավանդական դեղնուցը կանաչ գույնի է, ինչն անորակության ակնհայտ ապացույց է: Ասենք , Մխիթարյանը քաղաքի կենտրոնում է ապրում ու կարողացել է գոնե հավի հարցում պաշտպանել սպառողի իր իրավունքները /ինչը, բարեբախտաբար, եզակի երեւույթ չէ, երբ սպառողը կարողանում է տեր կանգնել իր իրավունքներին /, իսկ նրա՞նք, ովքեր գյուղերից գալիս են մարզկենտրոն, առեւտուր կատարում հապշտապ ու գնում...Սա այն դեպքը չէ, երբ կարելի է ասել ՝,,Փողոցից միք գնի, փողոցում ինչ ասես վաճառվում է,,: Իսկ ի՞նչ ասես, երբ սուպերմարկետում է հնացած մթերք վաճառվում, որոնց թվում ՝ակնհայտ որակազրկված տեսքով երշիկ կամ նրբերշիկ:Ու կապ չունի, հնացած ապրանքը մայրաքաղաքու՞մ է վաճառվում, թե՞ մարզերում: Այս երեւույթը նոր չէ, եւ կապ չունի էներգիայի գնի բարձրացման հետեւանքով սառնարանները ոչ բավարար միացնելու հետ, քանի որ մշտապես էլ նկատվել են նման երեւույթներ ՝ անկախ էներգիայի թանկ կամ էժան լինելու հանգամանքից: Իսկ ամենավատն այն է, երբ հնացած մթերքներ են իրացվում մանկապարտեզների կամ մանկատների ճաշարանների վրա, ինչի վերաբերյալ քանիցս տեղեկացել ենք հանրապետական հեռուստատեսությամբ: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Подписаться на:
Сообщения (Atom)