Հոկտեմբերի 6-ին Վանաձորի Հայքի հրապարակում անցկացվող հանրահավաքին / որի մասին քաղաքի տարբեր շենքերի պատերին փակցված հայտարարություններ կային մի քանի օր շարունակ / հասանք այն պահին, երբ միտինգավորներից մեկը տրիբունայից խոսում էր ,,նշանակովի ընդդիմության,, մասին, ովքեր սեփական երկրի խնդիրներով զբաղվելու փոխարեն նախընտրում են այլ երկրների իշխանությունների հրաժարականը պահանջել: Թե ո՞ր ուժերին նկատի ուներ ելույթ ունեցողը ՝ անհայտ մնաց: ԲՀԿ անդամ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին սկսեցին ծափահարել անունը լսելուն պես, դեռ ելույթը չսկսած, իսկ նրա բոցաշունչ , խրոխտ ելույթից հետո ՝ առավել եւս: Նա մտահոգություն հայտնեց, որ հայ ժողովուրդը պատմության մեջ մնալու է որպես ,,տոկոսի տակ ընկած ժողովուրդ,,: Նաեւ մտահոգություն հայտնեց արտագաղթի մեծ չափերի առնչությամբ, որի վկայությունները տեսել է Ստրասբուրգում, որտեղից վերջերս է վերադարձել: Միտինգավար Ռուբեն Հակոբյանը ՝,,Ժառանգություն,, խմբակցության ղեկավար, Զոհրաբյանի ելույթից հետո, չգիտես ինչու, նշեց, որ հանրահավաքը մոտենում է ավարտին, ու դրանից հետո մի քանիսն սկսեցին պոկվել ու հեռանալ հոծ բազմությունից, ասելով.,,Հա դե արդեն պրծավ, գնացինք,,: Բայց մեկ էլ նույն ելույթում Հակոբյանն ասաց, որ ձայնը տրվում է ՀԱԿ անդամ Լեւոն Զուրաբյանին: Այդուհանդերձ, հանրահավաքի բուն կորիզը ՝ ծածանվող դրոշների ուղեկցությամբ, պահպանվում էր / ոմանք էլ լոռեցու միամտությամբ թե իներցիայով ՝ դեռ անձրեւանոցներն էին գլխներին պահում, թեպետ եղանակի բարեհաճության շնորհիվ ՝հորդառատ անձրեւը դադարել էր միտինգն սկսվելուն պես / :Զուրաբյանը մտահոգություն հայտնեց, որ ԵԽԽՎ-ում Ղարաբաղը համարում են ,,օկուպացված տարածք,, ու դա համարեց երկրի վատ արտաքին քաղաքականության արդյունք: Նաեւ մտահոգություն հայտնելով Վանաձորի քիմգործարանի գործարանի չաշխատելու առնչությամբ, պատմեց, որ իր վաղեմի ընկերը տարիներ առաջ քիմգործարանն աշխատեցնելու ծրագիր է ներկայացրել Հայաստանում, բայց ՝ անուշադրության է մատնվել, ուստի ստիպված է եղել հեռանալ Չեխիա եւ այնտեղ քիմիական գործարան բացել: Հանրահավաքն ընդհանուր առմամբ խաղաղ էր, սակայն սկսվելուց մոտ 1 ժամ անց ծխածածկույթ տարածվեց ՝ծխահոտով հանդերձ: Թե ու՞մ էր դա ձեռնտու ՝ դժվար է ասել: Հարկ է նկատել, որ առաջին անգամ էր, որ պետական Հ2 ալիքը ծանուցել էր հանրահավաքի կայանալու օրն ու ժամը / միգուցե արդեն Հ2-ը պետական չէ. հավանաբար, հենց դրա համար հաջորդ օրը ցերեկը Հ2-ն սկզբում սկսեց հեռարձակվել առանց ձայնի, այնուհետ ՝ իսպառ անհետացավ էկրաններից ՝մոտ մեկ ժամով /: Մինչ հեռուստատեսությամբ ծանուցելն էլ, անգամ՝ մինչեւ պատերին հայտարարություններ փակցնելը Լոռվա գյուղերում անգամ դեռ 1 շաբաթ առաջ տեղյակ էին, որ ,,ՀԱԿ-ը հանրահավաք է անելու Վանաձորում,,: Իսկ ումի՞ց էին տեղեկացել ՝հարցիս գյուղաբնակներից մեկն ասաց.,,Իրանց թերթըմ էր գրած,,: ,,Բաժանում էի՞ն,, հարցիս էլ պատասխանեց.,,Չէ ի՞նչ բաժանել, մինը քաղաքից էկել էր, հետը բերել,,: /,,Մեռնող-ապրողից, թանկ ու էժանից, կամ նոր դուս էկած գազեթից - բանից,,- Հովհաննես Թումանյան /:Իսկ մեկ ուրիշ վանաձորցի օրեր առաջ տեղեկացրեց, թե ,,Ժառանգությունն,, է Վանաձորում հանրահավաք անցկացնելու ՝ հոկտեմբերի 6-ին: Եվ այսպես, ամեն մեկն իր նախընտրած կուսակցության անունն էր տալիս, որպես հանրահավաքի կազմակերպիչ: Իսկ Վանաձորի շենքերի պատերին փակցված հայտարարության մեջ պարզապես նշված էր, որ այսինչ օրը կկայանա ՀԱՆՐԱՀԱՎԱՔ: Հոկտեմբերի 7-ին, դիտելով խորհրդարանական եռյակի / որոնց արդեն ,,ոչ իշխանական ուժեր,, անունն է տրված / հանրահավաքի կադրերը, պարզեցինք, որ եռյակ ուժերի / ՀԱԿ, ԲՀԿ, ,,Ժառանգություն,, / կազմում ելույթ ունեցողների թվում եղել է նաեւ ծնունդով վանաձորցի, թիվ 3 միջնակարգ դպրոցի շրջանավարտ, Ոսկե մեդալակիր Վահան Վարդապետյանը ՝ ներկայումս մայրաքաղաքաբնակ, մասնագիտությամբ բժիշկ-գինեկոլոգ, ով նույնպես մտահոգված է հայրենի քաղաքի ճակատագրով այնպես, ինչպես, թերեւս, ՀԱԿ պատգամավոր,վանաձորցի Արամ Մանուկյանը, որի ելույթներով քանիցս հիացել եմ: Այդուհանդերձ, անհասկանալի էր Արամ Մանուկյանի ,,մուննաթը,, ժողովրդին, թե ինչու՞ են հանդուրժում ,,իրենց եղունգը չարժեցող իշխանություններին,,: Նաեւ ի սկզբանե ամոթանք տվեց, որ եթե հանրահավաքի մասնակիցները, որոնք դժգոհ են կյանքից, չգան Երեւան հանրահավաքի ՝ ,,ամոթ նրանց,,: Ինչպե՞ս կարելի է կյանքի դառնությունից կուչ եկած, մի բուռ դառած մարդկանցից անուրանալի զոհողություններ պահանջել, երբ որ մարդիկ անգամ կարող է օրվա հացի փող չունենան: ,,Դե որ տրանսպորտ լինի ՝կգանք,,- խոստովանեց մի տարեց վանաձորցի ՝ հեռուստատեսությամբ:Ժողովուրդը քանի տարի է ՝ մասնակցում ու մասնակցում է տվյալ պահի ընդդիմության հանրահավաքներին, եւ ի՞նչ է փոխվում դրանից: Շատերը Երեւան էլ են գնում հանրահավաքի: Ժողովրդին քննադատում են վախենալու համար, իսկ ի՞նչ ասես ընդդիմության անմիաբանության մասին, ինչու՞ ՀՅԴ անդամները հրաժարվեցին քառյակի հետ համագործակցելուց: Այ նրանց վրա պետք է ,,մուննաթ,, գալ:Կամ, որ Եռյակը , ի դեմս ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ,,Ժառանգության,, ՝քննադատում են իշխանությանը, բայց չէ՞ որ նորանշանակ վարչապետն էլ , որ նույնպես իշխանություն է, եւ ՝ԲՀԿ առաջնորդին շա՜տ մոտ կանգնած. այնքան մոտ, որ լոռեցիներից մեկն ամիսներ առաջ ասաց ՝,,Թազա վարչապետն էլ ԲՀԿ-ից ա, բա էդ ո՞նց տի ըլիլ,,: Ի վերջո վարչապետի կողմից էր Սյունիքի մարզպետի վերանշանակումը, ինչը հասարակության առաջադեմ ուժերի, քաղաքացիական հասարակության ակտիվի ու իրավապաշտպանների կողմից որակվեց որպես ծաղր ու ապտակ ՝ ժողովրդին: ...,,Էսքան մարդը էս ո՞նց ա հավաքվել,,- զարմացել էր լոռեցիներից մեկը: Իսկապես, արտագաղթի ու մահացությունների հետեւանքով կիսով չափ դատարկված քաղաքի պայմաններում, այն էլ ՝ մաղմղացող անձրեւի տակ, ամեն րոպե սպասելով հորդառատ անձրեւի, հրապարակի կեսը բռնած բազմությունը , գումարած ՝ ծառերի տակ հեռվից ունկնդրողներին, խոսում է այն մասին, որ ժողովուրդը դեռ պահպանում է հետաքրքրությունը ՝ քաղաքականության հանդեպ, ժողովուրդը չի վախենում, ու փողոց է ելել, որի ապացույցը նաեւ տեղական ,,Լոռի,, հեռուստատեսությամբ մարդկանց հետ հարցազրույցներն էին ՝հոկտեմբերի 7-ին ներկայացված: Իսկ Նաիրա Զոհրաբյանը ելույթում շնորհակալություն հայտնեց ժողովրդին ՝,,տեղական իշխանիկներից չվախենալու ու միտինգին մասնակցելու համար,,: Ի՞նչ ունեն վախենալու, հանրահավաքի մասնակիցների մեծ մասն ինչ ունեին ՝ կորցրել են. սկսած ՝ խնայբանկի ավանդներից, վերջացրած ՝ ապրուստով ու եկամտով: Ու թեեւ միտինգն ընթանում էր եռագույն դրոշների ներքո, սակայն տեղին է հիշատակել ՝,,Պրոլետարները ոչինչ չունեն կորցնելու, բացի շղթաները,,: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն