пятница, 25 мая 2012 г.

Լոռվա ետընտրական խճանկար



«Հավատանք, որ փոխենք» գներն ու տանիքները
  Մի վանաձորցի ընտրություններից հետո գլուխն օրորելով ասաց. «Էսա գները կբարձրանան»: Երբ նկատեցի, որ գներն արդեն իսկ բարձրացել են, և դրա մեղավորը նաև ժողովուրդն է, որ գնաց ընտրակաշառք վերցրեց, ու հիմա այդ ոլորտը տնօրինող օլիգարխներն իրենց ծախսածն այդ կերպ հետ են բերում, իմ զրուցակից մանկավարժը հավանություն տալով ասաց. «Մենակ տեսներիր, թե ինչ էր կատարվում մեր մոտ էդ օրերին… Բայց գիտե՞ս, ես էլ եմ վերցրել»: Ու ինքնագոհ ծիծաղեց: Ակամա հիշեցի վանաձորյան հեռուստատեսությամբ ցուցադրվող մի տեսանյութ, որտեղ հարցվող երիտասարդը հարցին հարցով է պատախանում. «Հըմիկ որ քեզ 10.000 դրամ տային, դու չէիր վերունի՞»: Իսկ Լոռու մարզի գյուղերից մեկում միայնակ թոշակառուն վիրավորվել էր, որ չնայած ինքը Հանրապետականին է ձայն տվել, բայց իրեն ընտրակաշառք չի հասել. «Հենց գիտեն ես Հանրապետական չեմ ընտրել, բայց ախր ընտրել եմ է~… Վարչապետին շատ եմ սիրում, դե որ ինքը լոռեցի ա… Բայց իրան խի՞ չեն սիրում»: Նաև կասկածում էր, որ իրեն չվստահելու և կասկածելու մի պատճառ կարող էր լինել այն, որ կատակով ասել է` «Հավատանք, որ փոխենք տանիքները». «Դե էդ օրերին տանիքները փոխում էին»: Մի զավեշտ էլ այն էր, որ իմ զրուցակիցը կարծում էր, թե շաքարավազի ներկրման մենաշնորհը… ԲՀԿ-ականի է պատկանում. «Սաղ օրն ասում են` «Բարգավաճ հա Բարգավաճ, բա ինչի՞ չեն հարցնում, թե էդ գներն ինչի ա բարձրացնում: Բա էդ թանկ գնով բերած պեսոկի պարտիան չհատա՞վ»: Ով շաքարավազի ներկրման մենաշնորհ ունենա, ում մեղադրեն:


ՀԱԿ-ին հավատում են, Հանրապետականին ձայն տալիս
  Ընդդիմադիր ՀԱԿ թերթը կարդալուց հետո մի լոռեցի զայրացած ասաց. «Ճիշտ են գրում էլի, բա ինչ, կարդում ես` սարսափում»: Նա շատ տպավորվել էր հատկապես Շարլ Ազնավուրի հարցազրույցից (ՀԱԿ թերթում արտատպված), որտեղ Ազնավուրը խիստ գնահատական էր տվել Հայաստանի ներքաղաքական ու սոցիալ-տնտեսական վիճակին: Բայց … մի քանի օր անց նույն մարդը շատ ոգևորված էր ընտրակաշառքներով. «Ասում են գյուղում էսօր փող են բաժանելու, շուտ գնամ ստանամ` չպրծնի»:




                                                        Գայանե Հովսեփյան

четверг, 24 мая 2012 г.

Azatankakh-ը` կայացման փուլում, առանց աջակցման



  Azatankakh լրատվական-վերլուծական բլոգը գործում է 2011թ. հուլիսի 24-ից. այսինքն` մայիսի 24-ին լրացավ բլոգի գործունեության 10-րդ “հոբելյանական” ամիսը: 2011թ. հուլիս-դեկտեմբեր ամիսներին այդտեղ տեղ են գտել 52, 2012թ.` 30 հրապարակումներ իրավական, սոցիալ-տնտեսական, ներքաղաքական, Ազգային բանակին, Հայոց Մեծ եղեռնի  զոհերին նվիրված, կրթամշակութային թեմաներով, տեղեկատվություն, ակնարկ, գրախոսական, 4 հետաքննություն, որոնցից 2-ը` կանանց ու երեխաների իրավունքներին առնչվող, նաև` բլոգի հեղինակի առանձին նյութեր մամուլի արխիվից, որոնցում բարձրացված հարցերը շարունակում են մնալ արդիական: Որոշ հոդվածներ հետգրությամբ ավելացումներ են ունեցել` կապված բարձրացված հարցերի առթիվ արձագանքների հետ: Այս ընթացքում բլոգը ձեռք է բերել բազմաթիվ ընթերցողներ (Facebook և Twitter  ցանցերի միջոցով, որոնց օգնությամբ տարածվել են բլոգի հոդվածները) ոչ միայն Հայաստանում, այլև` արտերկրում: Ըստ բլոգում գործող վիճակագրական սանդղակի, ընթերցանությունների թիվը մայիսի 23-ի դրությամբ կազմել է շուրջ 2300: Ընդ որում` թվով 2-րդ տեղում Ամերիկան է (բնականաբար, Հայաստանից հետո), այնուհետ` Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Հունաստանը, Չեխիան: Ցավոք, բլոգը տեխնիկապես զարգացնելու, հոդվածներն ըստ ոլորտների տեսակավորելու, լուրերը տարանջատելու, քաղաքացիների բողոքներին ավելի հաճախ անդրադառնալու, գովազդներ տեղադրելու ֆինանսական հնարավորություններ առայժմ չկան, քանի որ բլոգը դրամաշնորհային ծրագրեում ընդգրկելու առթիվ համացանցում տեղադրվող հայտարարություններն առայժմ արդյունք չեն տվել: Ըստ այդմ, որոշեցինք բացել բանկային հաշիվ` Զարգացման հայկական բանկում, որն, ի դեպ, եզակի բանկերից էր, որտեղ հաշվի համարի բացման համար գումար չէր գանձվում: Նրանք, ովքեր ցանկանում են նպաստել այլընտրանքային, բայց անկողմնակալ լրատվությանն ու ժողովրդավարության զարգացմանը` ի դեմս Azatankakh բլոգի, կարող են փոխանցումներ կատարել Զարգացման հայկական բանկում հետևյալ հաշվի համարներով`

 ՀՀ դրամով          (AMD) 1810004845330100
ԱՄՆ դոլարով     (USD)  1810004845330101
Եվրոյով              (EUR)  1810004845330150
Ռուս. ռուբլով    (RUR)  1810004845330158


  Azatankakh բլոգի հիմնադիր հեղինակ` Գայանե Հովսեփյան
Էլ.հասցե` gayane1960@gmail.com
                               gayanehovsepyan91@gmail.com
                             Հեռ.             +374 (322) 4-61-17


вторник, 15 мая 2012 г.

Երբ ծեծողն իրավապահ է…



  Մայիսի  14-ին ինտերնետային տարբեր կայքեր ու “Ազատություն” ռադիոկայանը, ավելի ուշ` “Արմենիա” հեռուստատեսությունն ու Հ1-ը ահազանգեցին, որ շաբաթ օրը դաժան ծեծի է ենթարկվել “Ռեգնում” գործակալության խմբագիրը. այն էլ` Կոտայքի մարզի դատախազի կողմից: Ընդ որում, դեպքը տեղի էր ունեցել ծեծվողի հղի կնոջ, մոր ու 2 երեխաների ներկայությամբ: Վեճի առիթը եղել են երեխաները, որոնք դատախազի մեքենայի մոտ խաղալիս են եղել` մինչև մեքենան գործի գցելը: Ինչպես “Ազատություն” ռ/կ-ով հավաստեց անձամբ դատախազն ինքը` “Ասեցի էս ում լակոտներն են, բա սրանք մեր չունե՞ն”, որից հետո հայտնվել է տուժողը (որ այդ պահին դեռ տուժող չէր) ու ասել` “Ունեն, մեր ունեն”, որին էլ հաջորդել է լեզվամարտը` “Ասեցի բա որ ունեն, ինչի՞ չի գալիս իրա երեխեքին տիրություն անում, բա որ ավտոյի տակ ընկնեն, ասեց` գցողը պատասխան կտա, ասեցի` լակոտներիդ վերցրու, ռադդ քաշի”: Լեզվամարտին հաջորդել են երկուստեք փոխադարձ հարվածները, որից հետո վրա են հասել դատախազին ուղեկցող անձինք ու երիտասարդին դաժան ծեծի ենթարկել: Ակնհայտ հետևանքները` աչքի ահավոր կապտուկի և ուռածության տեսքով, պարզ տեսանելի էին մայիսի 14-ին և 15-ին “Արմենիայի” “Ժամը” լրատվականով ցուցադրված կադրում: Երիտասարդին այնքան են ծեծում, մինչև գիտակցությունը կորցնում է, և դեպքին ականատես հղի կինը սարսափած աղերսում է դադարեցնել ծեծը. “Ասեցի` չե՞ք տեսնում, էլ չի շարժվում, շտապ օգնություն է պետք կանչել”: Հարցի մեկ այլ կողմն էլ այն է, թե ինչ հոգեբանական ազդեցություն կունենա այդ ամենը 9-ը ամսական հղի կնոջ և նրա` դեռևս լույս աշխարհ չեկած երեխայի վրա, կամ` դեպքին ականատես մյուս երեխաների ներաշխարհի վրա: Եթե մի շարքային քաղաքացի լիներ ծեծողը, հիմա վաղուց կալանավորված կլիներ (այդ առթիվ նյութերն ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն): Եվ միանգամայն ճիշտ էր նկատել Հ1-ի մեկնաբանը` “Տեսանկյուն” հաղորդման ժամանակ, որ երևույթը հասարակական հնչեղություն է ստացել այն բանի շնորհիվ, որ տուժողը լրագրող է, և հարցին հասարակական հնչեղություն տալու լծակներ ունի: Իսկ ի՞նչ է լինում մնացած այն դեպքերում, երբ շարքային քաղաքացիներ են լինում նման կարգավիճակում. նմանատիպ հարյուրավոր դեպքեր պարզապես կոծկվում են: Եթե իրավապահը կամ նրան ուղեկցողները ծեծում են ազատության մեջ գտնվողին` բոլորի ներկայությամբ, ապա ի՞նչ կլինի անազատության մեջ, մեկուսարանում գտնվողների վիճակը: Նրանց, միգուցե, սպանեն ու ձևակերպեն ինքնասպանություն”: Պարզապես զավեշտ էր այն, որ դատախազն ինքն էլ պատրաստվել էր իրավապահներին դիմել ու ներկայանալ որպես տուժող, հարձակման զոհ. այն դեպքում, երբ երիտասարդի հասցրած հարվածները, թերևս, “առ ոչինչ” էին (իրավաբանական տերմինով ասած) նրան հասցված խմբակային դաժան ծեծի դիմաց:
     

                               
                                                                    Գայանե Հովսեփյան

вторник, 8 мая 2012 г.

Իսկ բացակայողները չե՞ն «քվեարկել»



  Մայիսի 6-ին Վանաձորի թիվ 30/36 ընտրատեղամասում (թիվ 4 դպրոց), ուր այցելել  էի որպես ընտրող, ոչ միայն հերթեր նկատեցի, այլև` պատին փակցված ընտրացուցակներում մարդկանց անուններ, որոնք շուրջ 20 տարի Վանաձորում չեն բնակվում: Նույն օրն այդ մասին գրեցի «Ֆեյսբուք»-ի իմ էջում: Սա` ընդամենը մեկ տեղամասում կատարված քաղաքացիական ուսումնասիրություն է, իսկ թե որքան այլ բացակայողներ կլինեին ոչ միայն այդ նույն տեղամասում, այլև` այլուր, սա, թերևս, լրագրողական լուրջ հետաքննություն է պահանջում: Կարծում եմ, հենց այդ բացակայողների հաշվին էլ տեղին են ունենում կեղծիքները, որոնք կարող են աննկատ լինել թե վստահված անձերի, որոնք ստորագրամատյանից շատ հեռու են նստում, և թե դիտորդների համար: Որպես կանոն, նրանք հեռուստաէկրանից ասում են. «Ամեն ինչ խաղաղ է, ոչ մի խախտում չկա, ընտրություններն անցնում են խաղաղ մթնոլորտում»: Իսկ մի՞թե հնարավոր է այդ կարգի խախտումները մի քանի ժամվա ընթացքում բացահայտել, երբ, ինչպես ասում են, «ձուկը գլխից է հոտում». այն է` բացակայողների անունները ցուցակներից չհանելուց և տարբեր ընտրություններում դրանք լավագույնս օգտագործելուց: Իսկ արդյո՞ք տեղյակ են բացակայող անձանց առկայության մասին ընդդիմադիր ՀԱԿ գրասենյակում. ՀԱԿ Լոռու գրասենյակի համակարգող Աշոտ Մանուկյանն ասաց. «Շատ-շատ են բացակաները, մոտ 700-ի է հասնում թիվը, պարզապես մեր մարդիկ պետք է հսկեն, որ նրանց փոխարեն չստորագրեն»: Ըստ այդմ, հավատ չի ներշնչում ՀՀԿ և ԲՀԿ այդքան մեծ թվերը Լոռու մարզի մասշտաբով: Միգուցե նախկին տարիների նման մահացածները չեն «քվեարկել», բայց բացականերն են «քվեարկել»: Ընտրությունների ելքը որոշել են նաև ընտրակաշառքները, որոնք բաժանվել են անթաքույց, իսկ համապատասխան մարմինները, որ պետք է կանխեին գործընթացը, «գիտակցված անտարբերություն» են ցուցաբերել ահազանգերի նկատմամբ (ինչն օրերս արձանագրեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարը` հեռուստատեսությամբ): Հատկապես գյուղերում ընտրակաշառքը որոշիչ դեր կարող էր կատարել (և կատարել է), քանի որ թոշակների բաշխումը միտումնավոր հետաձգվել է. իբր` մեքենա չլինելու պատճառաբանությամբ:  Լոռու մարզի որոշ գյուղերում մայիսի 6-ի դրությամբ դեռևս չէին բաշխվել դրանք, հնարավոր է, Վանաձորում էլ բաշխումը, որ սկսվել էր մայիսի 4-ից, դեռ ամբողջությամբ չէր ավարտվել, և թոշակառուներն ստիպված լինեին վաճառել իրենց ձայները: Մի ռոմանտիկ միտք ծագեց գլխումս. քանի որ ժողովուրդն արդեն վարժվել է ընտրակաշառքներին ու ավելի հաճախ սիրով ընդառաջ է գնում, ավելի ճիշտ չի՞ լինի ամեն ընտրությունից առաջ պետությունը բյուջեից որոշակի «խրախուսման գումարներ» հատկացնի պետականորեն. «Ժողովուրդ, սա Ձեզ տոնի առթիվ, ընտրությունները մեզ համար տոն պետք է լինեն, գնացեք ում ուզում եք ընտրեք»: Այդ ժամանակ միգուցե լինի արդար ընտրություն, թե չէ սպասել, որ ընտրողի գիտակցությունը բարձրանա, կամ կենսամակարդակն այնքան բարելավվի, որ կաշառք չվերցնի… ինչի՞ մասին է խոսքը, անգամ 500.000 դրամ ստացող պաշտոնյաները չեն կաշառքից խորշում, էլ ուր մնաց «չոր քարին նստած» ժողովուրդը: Բայց եթե ընտրակաշառքի փոխարեն պետությունն ինքը քաղաքացու քաղաքացիական պարտքը ֆինանսապես խրախուսի, դա կնպաստի ընտրությունների արդարացի անցկացմանը: Սա առայժմ ռոմանտիզմի ժանրից է, բայց մարդկային արժանապատվությունը չվիրավորող և թեկնածուներից կախման մեջ չդնող գործոն է:
  …Միջազգային դիտորդներն ընտրությունները բնորոշել են «միջազգային չափանիշներին համապատասխան»: Մի՞թե միջազգային չափանիշ է այն, երբ ընտրողը ստորագրում է մատյանի հակառակ դիրքից, առանց հստակ տեսնելու, թե ինչի դիմաց է ստորագրում, քանի որ ստիպված է «թարսից» կարդալ իր անուն-ազգանունը: Սա թերևս արվում է նրա համար, որ ընտրողը չհասցնի իր անունից բացի` հանկարծ այլ, քաղաքից բացակայող անուններ հայտնաբերել ու «խոչընդոտի» ընտրությունների «խաղաղ գործընթացը»:
                                                            
                                                                               Գայանե Հովսեփյան

понедельник, 30 апреля 2012 г.

ՀԱԿ-ի հանրահավաքը Վանաձորում

2003 և 2007թթ. Խորհրդարանական ընտրությունների նախօրյակին Վանաձորի “Արցախ “ պուրակում իշխանություններին ու ՀՀԿ-ին պախարակում էր երբեմնի ընդդիմադիր, “Արդարություն” դաշինքի նախկին անդամ, պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: “Խունտան պետք է տապալվի”,- ամենից շատ հնչող արտահայտությունը Դալլաքյանի կողմից սա էր: 2012թ. խորհրդարանական ընտրությունների նախօրյակին այդ նույն “Արցախ” պուրակի հարևանությամբ` Տիգրան Մեծ պողոտայի վրա շողշողացող հսկայական պաստառի վրա ազդարարված է` “ՀՀԿ, Վիկտոր Դալլաքյան”: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ` ճակատագրի ծաղր ու բարոյական ապտակ հասարակության այն հատվածին, որ նրան ձայն էր տվել որպես ընդդիմադիր պատգամավոր: Ապրիլի 29-ին “Արցախ” պուրակում ժողովրդի հետ հանդիպեցին ընդդիմադիր ՀԱԿ անդամները` երբեմնի “Արդարություն” դաշինքի անդամների մասնակցությամբ: ՀԱԿ անդամ, “Հայկական ժամանակ” թերթի գլխավոր խմբագիր և պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը պախարակեց Վ. Դալլաքյանին` իր երբեմնի ընդդիմադիր հայացքներից հրաժարվելու և իշխանությունների դրոշի ներքո հանդես գալու համար. “Բա դու չես ամաչու՞մ, այ տղա”: Նաև հիշեցրեց, թե ժամանակին ինչ է ասել Դալլաքյանը ՀՀ նախագահի հասցեին: Երբ Փաշինյանը հիշեցրեց Դալլաքյանի նախկին ելույթները` ուղղված ներկա իշխանությունների դեմ, ում դրոշի ներքո այսօր հանդես է գալիս Դալլաքյանը, ժողովուրդը սկսեց ոգևորված ծափահարել ու հիացական ձայնարկություններ արձակել (ծափահարողներն ավելի շատ կլինեին, եթե անձրև չլիներ, քանի որ հավաքվածների մի մասի ձեռքին անձրևանոցներն  էին): Անձրևի ու մռայլ, ամպամած եղանակի գործոնը նպաստել էր հանրահավաքի ոչ շատ մարդաշատ լինելուն: Համենայն դեպս, այդտեղ հավաքվել էր հասարակության գաղափարական հատվածը. անգամ` պետական համակարգում աշխատող դասախոս-մանկավարժների և այլ պաշտոնյաների նկատեցինք, թեպետ ելույթ ունեցողներից նախկին վարչապետ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը կարծում էր, թե պետական ապարատի աշխատողները “վախից” չեն եկել: Նա ոչ միայն քննադատեց գործող վարչապետին` չհիմնավորված ֆինանսական ծախսեր ու ներդրումներ անելու համար, այլև դժգոհեց, որ իր հետ բանավեճի չի մտնում, թեպետ ինքը քանիցս առաջարկել է Հ1-ով բանավեճ կազմակերպել: Բագրատյանի ելույթն, ինչպես միշտ, պատկերավոր մտքերով էր. “Էլ ինչ ասես մեզ չկպցրին` էլ մազութի գող, էլ եսիմ ինչ…”, - հեգնեց բանախոսն ու նկատեց, որ ներկա իշխանավորները որոշ ձեռնարկություններ չնչին գներով, էժան վաուչերներով առել են, բայց դրանից բյուջեն գումարներ չի մտել: ՀԱԿ անդամները կոչ արեցին ձայն տալ թիվ 29, 30,31 ընտրատարածքներում ՀԱԿ թեկնածուներին և Հայ ազգային կոնգրեսին: Գայանե Հովսեփյան

Նախընտրական կսմիթներ

"Ժառանգության" հոլովակում կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը ողջ ուժ ու եռանդով գովաբանում է պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին (ցուցադրվում են կադրեր ոստիկանների հետ Մարտիրոսյանի բախումներից, նաև, թե ինչպես է Մարտիրոսյանը 2008թ. մարտի 1-ի "անկարգությունների" ժամանակ ոստիկան փրկում` կրծքով պաշտպանելով գազազած ամբոխի հարձակումներից), ու մեկ էլ հանկարծ հոլովակի վերջում հայտնվում է "Ժառանգության" համամասնական ցուցակը, որի առաջին 3 տեղերում Մարտիրոսյանը չկա, իսկ 2-րդ տեղում "Ազատ դեմոկրատներ" կուսակցության անդամն է (Ով ոստիկան փրկի, ով հայտնվի ցուցակի 2-րդ տեղում): Էլի բարեբախտություն է, որ "Ժառանգության" հայտնի ակտիվիստ Զարուհի Փոստանջյանին "3-րդ պատվավոր" տեղում են գրել (հավանաբար, կանխելով ընդդիմադիր ակտիվիստի հնարավոր փապուստը դեպի ՀԱԿ): Ցավոք, "Ժառանգության" բացօթյա հանդիպումները որոշակի առումով թատերականացված բնույթ են կրում, քանի որ գյուղերում գրեթե մարդ չի լինում հանդիպումներին, բացառությամբ պատի տակ նստած ծերունիների, և ակամա հիշում ենք Հ2-ի հանրահայտ Պոնչոյին (Վահագն Սիմոնյան), որ "Պահմտոցի" երգիծական հաղորթման ժամանակ մեգաֆոնն առել, կանգնել էր մի գյուղի կենտրոնում ու "կոչով" հանդես էր գալիս. "Ով ինչ չի ունեցել երեկ, չի ունենա նաև վաղը, ով ինչ անի, իրեն կանի": Ցավոք, այսօր որորշ քաղաքական ուժերի հանդիպումներ հենց այդ երգիծական հոլովակի կարգավիճակով են: Ապրիլի 21-ի "Ժառանգության" հոլովակից էլ տպավորություն ստացվեց, թե նախընտրական քարոզչությունը սկսել է "էքստրեմալ տուրիզմի" բնույթ կրել "ժառանգականների" համար, քանի որ կուսակցության նախագահն այն միտքն արտահայտեց, թե իրենք այս շրջանում ապաշխարում են, և շրջելու են ավտոբուսով (այդ պահին "Ժառանգության" թեկնածուներն սպասում էին մայրաքաղաքի "Դավիթաշեն" թաղամաս տանող ավտոբուսին ): ...Ապրիլի 28-ին "Լոռի TV"-ով բանավեճին հյուրընկալված պատգամավորության 2 թեկնածուները ("Ժառանգության" և Կոմկուսի համամասնական ցուցակի անդամներ) զրույցն այնքան էլ բանավեճի չէր նման, քանի որ երկուսն էլ գրեթե նույն գաղափարներն էին քարոզում` գովաբանելով կոմունիստական հասարակարգը, մինչդեռ թվում էր, թե բանավեճին պետք է գաղափարների բախում տեղի ունենար, քանի որ "ժառանգության" նախագահն արևմտամետ քաղաքական գործիչ է: Ըստ այդմ, դժվար է պատկերացնել, թե ինչպե՞ս է հնարավոր "ժառանգության" ճանապարհով կոմունիզմի հասնել: Գայանե Հովսեփյան

суббота, 28 апреля 2012 г.

Եթերային գրաքննությունը գործողության մեջ

Ապրիլի 27-ին, ժամը 14-ին “Երկիր մեդիա”-ով ընթացող քաղաքական հաղորդումը (որն, ի դեպ, հեռուստածրագրերում նշված չէր) Վանաձորում ընթանում էր եթերային անընդմեջ ընդհատումներով, գրեթե յուրաքանչյուր 1 րոպեն մեկ, ինչը, թերևս, անլեգալ գրաքննության մի տեսակ է: Իսկ հաղորդման ընթացքում ելույթ էին ունենում ոչ միայն իշխանամետ, այլև ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորության թեկնածուներ (որոնց թվում` ՀԿԿ համամասնական ցուցակում ընդգրկված Վանաձորի քաղկոմի առաջին քարտուղարը): Ի դեպ, սա առաջին դեպքը չէ Վանաձորում ոչ միայն “Երկիր մեդիա”-ի պարագայում (որ, թերևս, ԱԼՄ-ի փակվելուց հետո ընկալվում է որպես “այլընտրանքային”), այլև` “Ազատություն” ռ/կայանի, երբ ընդդիմադիր ելույթների կամ թերթերի տեսության ժամանակ հաճախականությունը սկսում է րոպեն մեկ տեղաշարժվել: Գայանե Հովսեփյան