"Ժառանգության" հոլովակում կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը ողջ ուժ ու եռանդով գովաբանում է պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին (ցուցադրվում են կադրեր ոստիկանների հետ Մարտիրոսյանի բախումներից, նաև, թե ինչպես է Մարտիրոսյանը 2008թ. մարտի 1-ի "անկարգությունների" ժամանակ ոստիկան փրկում` կրծքով պաշտպանելով գազազած ամբոխի հարձակումներից), ու մեկ էլ հանկարծ հոլովակի վերջում հայտնվում է "Ժառանգության" համամասնական ցուցակը, որի առաջին 3 տեղերում Մարտիրոսյանը չկա, իսկ 2-րդ տեղում "Ազատ դեմոկրատներ" կուսակցության անդամն է (Ով ոստիկան փրկի, ով հայտնվի ցուցակի 2-րդ տեղում): Էլի բարեբախտություն է, որ "Ժառանգության" հայտնի ակտիվիստ Զարուհի Փոստանջյանին "3-րդ պատվավոր" տեղում են գրել (հավանաբար, կանխելով ընդդիմադիր ակտիվիստի հնարավոր փապուստը դեպի ՀԱԿ): Ցավոք, "Ժառանգության" բացօթյա հանդիպումները որոշակի առումով թատերականացված բնույթ են կրում, քանի որ գյուղերում գրեթե մարդ չի լինում հանդիպումներին, բացառությամբ պատի տակ նստած ծերունիների, և ակամա հիշում ենք Հ2-ի հանրահայտ Պոնչոյին (Վահագն Սիմոնյան), որ "Պահմտոցի" երգիծական հաղորթման ժամանակ մեգաֆոնն առել, կանգնել էր մի գյուղի կենտրոնում ու "կոչով" հանդես էր գալիս. "Ով ինչ չի ունեցել երեկ, չի ունենա նաև վաղը, ով ինչ անի, իրեն կանի": Ցավոք, այսօր որորշ քաղաքական ուժերի հանդիպումներ հենց այդ երգիծական հոլովակի կարգավիճակով են: Ապրիլի 21-ի "Ժառանգության" հոլովակից էլ տպավորություն ստացվեց, թե նախընտրական քարոզչությունը սկսել է "էքստրեմալ տուրիզմի" բնույթ կրել "ժառանգականների" համար, քանի որ կուսակցության նախագահն այն միտքն արտահայտեց, թե իրենք այս շրջանում ապաշխարում են, և շրջելու են ավտոբուսով (այդ պահին "Ժառանգության" թեկնածուներն սպասում էին մայրաքաղաքի "Դավիթաշեն" թաղամաս տանող ավտոբուսին ):
...Ապրիլի 28-ին "Լոռի TV"-ով բանավեճին հյուրընկալված պատգամավորության 2 թեկնածուները ("Ժառանգության" և Կոմկուսի համամասնական ցուցակի անդամներ) զրույցն այնքան էլ բանավեճի չէր նման, քանի որ երկուսն էլ գրեթե նույն գաղափարներն էին քարոզում` գովաբանելով կոմունիստական հասարակարգը, մինչդեռ թվում էր, թե բանավեճին պետք է գաղափարների բախում տեղի ունենար, քանի որ "ժառանգության" նախագահն արևմտամետ քաղաքական գործիչ է: Ըստ այդմ, դժվար է պատկերացնել, թե ինչպե՞ս է հնարավոր "ժառանգության" ճանապարհով կոմունիզմի հասնել:
Գայանե Հովսեփյան
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն