вторник, 2 августа 2011 г.

Ինչու՞ չեն հսկվում գերեզմանատները


Երբ օտար ափերում հայկական հուշարձաններն ու գերեզմանատները ոչնչացվում են, թալանվում, պղծվում, Հայաստանում քաղաքական որոշ ուժեր իրավացիորեն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում: Բայց ցավալի է նաև այն, որ գերեզմանատները պարբերաբար հարձակման են ենթարկվում նաև Հայաստանում` հայերի կողմից. սկսած` ալյումինե ճաղերի հափշտակությունից վերջացրած ծաղիկների գողություններով: Երեկ Լոռու մարզի Ձորագես ավանից տեղեկացանք, որ Ձորագետավանի համայնքի գերեզմանատանը մշտադալար, մի քանի տարի առաջ տնկած 2 ծառաթփի առևանգում է կատարվել` շիրիմներից մեկի մոտից: Բնակիչների պատմելով` “Էդ թփերի տերևները տանում են ծաղիկների հետ փունջ անում, ծախում: Արդեն ավտոն բարձել-տանում էին: Ծաղիկ ծախողի շատ պետքն է՞, թե իր ծաղկի հետ ինչ կանաչ է փունջ կազմում”: Ենթադրվում է, թե գողացողները թունդ աթեիստներ են եղել և ամենևին չեն վախեցել հավատալիքների հետ կապված նախապաշարմունքներից, անեծքից կամ երկնային պատժից: “Ախր ասում են թենց բան տանելը լավ չի, ո՞նց չեն վախեցել”,- նկատում է ավանի բնակչուհիներից մեկը: Տարիներ առաջ էլ այդտեղ ալյումինե ճաղաշարի, անգամ` մուտքի դռան գողություն է կատարվել: Այս ամենի պատճառը ոչ միայն նա է, որ սոցիալական պայմանների հետևանքով ոմանց մոտ իսպառ ոչնչացել են ազգայինն ու հոգևորը, այլև` այն, որ գերեզմանատները հսկելու նպատակով պահակային հաստիքները, թերևս, քչություն են անում երկրում: Նշենք, որ հեռուստատեսությամբ էլ պարբերաբար տեղեկանում ենք այլ գերեզմանատներում տեղի ունեցող թալանի մասին: Ականատեսների վկայությամբ, մարդիկ կան, որ գերեզմանատներից ծաղիկներ են գողանում-վաճառում: (Ըստ տեղեկությունների, Վանաձորի որոշ հատվածներից, մասնավորապես` գազոններից, նույնպես մշտադալար ծառաթփերի գողություն է կատարվում, կամ` ծառաթփերը ջարդում, պոկոտում են` ճագարներին կերակրելու նպատակով): Այս ամենը կարող է հանգեցնել նրան, որ մի օր էլ կսկսեն հուղարկավորության պարագաներ կամ շիրմաքարեր գողանալ: Ի դեպ, ձորագետավանցիները պարբերաբար դժգոհում են գերեզմանատան հարևանությամբ, Ալավերդու մայրուղու վրա գտնվող կամրջի անմխիթար վիճակից: Իսկ տարիներ առաջ այդ ոլորապտույտի մոտ գտնվող կամրջից ավտոբուս էր գլորվել գետը: “Մի կարգին բռնվելու տեղ չի մնացել կամրջից, մայթն էլ` նեղ, ասենք թե մի ավտո անցնի, էդ պահին ո՞րտեղից բռնվենք”,- ասում է ավանի բնակչուհիներից մեկը: Հետաքրքիր է, օրերս Ալավերդի մեկնած վարչապետին տեղյա՞կ են պահել կամրջի անմխիթար վիճակի մասին: Ավանի 3 կամուրջներից 2-ը նորոգվել են մի քանի տարի առաջ (մամուլում այդ մասին քանիցս հիշատակելուց հետո), բայց վերոնշյալը մնում է:

Գայանե Հովսեփյան "Հրապարակ", 30.04.2010թ.

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն