вторник, 25 октября 2011 г.

ՀԱԿ-ը անցնցում դեմոկրատիա է ուզում


Հոկտեմբերի 24-ին ՀԱԿ Վանաձորի գրասենյակում ակտիվի հետ հանդիպեցին ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, “Ազատություն” կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը և ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Ինչպես պարզվեց նրանց ելույթներից, այցելության նպատակը մինչհանրահավաքային քարոզչական աշխատանք տանելն էր: Լ. Զուրաբյանը տեղեկացրեց, որ սպառված են իշխանության հետ երկխոսության բոլոր հնարավորությունները, նախագահը “դարձել է օլիգարխիայի պատանդը”, ուստի ելքը նախագահի հրաժարականի պահանջն է: “Պահանջը պետք է ամրապնդվի հանրահավաքային ակտիվ մասնակցությամբ”, - հավելեց Լ. Սարգսյանը, որ քննադատեց, երբ շատերը, չնայած իշխանություններից դժգոհությանը, չեն մասնակցում հանրահավաքներին` նախընտրելով դրանք դիտել ինտերնետով: Ինչպես միշտ, Հրանտ Բագրատյանի  “թիրախը” վարչապետ Տիգրան Սարգսյանն էր, գումարած` իր նախորդ վարչապետն ու Երևանի նախկին ու ներկա քաղաքապետերը: Նա 90-ականների էներգետիկ ճգնաժամի մեղքը բարդեց իր նախորդի վրա և հպարտությամբ հայտարարեց, որ իր պաշտոնավարումից սկսած` երկիրն անցավ  24 ժամյա էներգամատակարարման (այսինքն` 1996թ.): Նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանին քննադատեց, որ “Ազատության” հրապարակում ելույթի ժամանակ Տիգրան Սարգսյանին հաճելի մտքեր է ասել` երկրի բյուջեի իբր թե ավելացման վերաբերյալ: “Ցավում եմ, որ նման բան է ասել: Նա ասել է այն, ինչ ցանկանում է լսել Տիգրան Սարգսյանը: Ոչ մի ավելացում էլ չկա”, - ասեց Բագրատյանը և այդ առթիվ համառոտ տնտեսական վերլուծություն ներկայացրեց: Քաղաքապետ Կարեն Կարապետյանին քննադատեց, որ Հայռուսգազարդի տնօրեն եղած ժամանակ նպաստել է, որ բարձր սակագնով պայմանագիր կնքվի Ռուսաստանի հետ. “ Ռուսաստանից գազը գնում են 150 դոլարով, մեր վրա վաճառում 450-ով, բա էն 300 դոլարը ու՞ր է գնում”: Նաև համեմատության համար վկայակոչեց, որ նման մի պայմանագրի համար Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին դատապարտեցին ազատազրկման: Երբ Լևոն Զուրաբյանը նշեց, որ իրենք “անցնցում դեմոկրատիա” են ցանկանում, մեկը թերահավատորեն նկատեց. “Հայաստանում նման բան հնարավոր չէ”: Իսկ երբ երկրի նախագահի վերաբերյալ քննադատություն հնչեց, կողքիս նստած մի կին ասաց. “Բա որ հետո Քոչարյանն եկավ, էս հլա փառք ա, հրեն ասում են Քոչարյանն ա ուզում նորից հետ գա”: Միջոցառումն սկսվեց 1 ժամ ուշացումով` երեկոյան 19:30-ին, հյուրերի ուշանալու պատճառով, ուստի հնարավորություն չեղավ մասնակիցների համար` շատ հարցեր բարձրացնելու: Ոմանք ակնհայտորեն “նեղվում” էին ուշացումից և դրսում հավաքվածներից հետաքրքրվում. “ Հլա չեկա՞ն, հիմի որտե՞ղ են, Ապարանում ե՞ն, թե՞` Սպիտակ են հասել”: Ոմանք չկարողացան մինչև վերջ ներկա գտնվել և ժամը 21-ին մոտ գնացին: Ոմանք եկել էին ուղիղ աշխատանքի վայրից և հոգնած էին ու շտապում էին: Կարծում ենք, տեղին կլինի, եթե նման հանդիպումները կազմակերպեն շաբաթ-կիրակի օրերին, ոչ ուշ ժամի: “Ճիշտ կլինի, եթե մեծ դահլիճ վարձեն, թե չէ ամեն անգամ գալիս են նույն մարդկանց, նեղ խմբի հետ հանդիպում` գնում”, - նկատեց մասնակիցներից մեկն` ինձ հետ զրույցում: Երբ առաջարկ եղավ Վանաձորում էլ հանրահավաք կազմակերպել, Լ. Զուրաբյանը հետաքրքրվեց. “ Իսկ նորմալ քանակ կհավաքվի՞”: Կարծում եմ, դա կախված է նրանից, թե ինչպես կկազմակերպվի այն: “Հանրահավաքի համար պետք է նախապես հայտարարություններ փակցվեն, հեռուստատեսությամբ հայտարարեն, ներկայացնեն, թե ինչ հարցեր են շոշափելու, որ մարդիկ շահագրգիռ լինեն”,- իմ հետ զրույցում նկատում է անկուսակցական, նախկին տնտեսագետ Ռաֆիկ Սահարյանը, որ մշտապես մասնակցում է մայրաքաղաքի հանրահավաքներին: Մինչ միջոցառումը սկսվելը հասցրինք արձանագրել մարդկանց դժգոհությունները. դրանցից մի քանիսն առնչվում էին մարդահամարին: “ Հարցնում են` քանի՞ ոչխար, կով ունես, չհասկացանք, հիմի մարդկանց են հաշվու՞մ, թե՞` անասուններին”,- դժգոհեց մի տարեց կին, ում ի պատասխան մեկ ուրիշը բողոքեց. “ Մեզ էլ հարցնում էին` ձեր տունը քանի՞ քառակուսի մետր ա: Ինչի՞դ ա պետք, ուզում ես էդ էլ ձեռիցս խլե՞ս”: Հանդիպմանը ներկա էին “օպտիմալացված” մանկավարժներ, թոշակառուներ, երիտասարդներ, 2 այլընտրանքային ԶԼՄ, ինչպես նաև ՀՀՇ Լոռու մարզային կազմակերպության նախագահ Աշոտ Մանուկյանը և իր կինը` Անահիտ Կիրակոսյանը, որ նաև ամուսնու մարտական ընկերուհին է ու ՀԱԿ հանրահավաքների մշտական մասնակիցը:
 Գայանե Հովսեփյան

понедельник, 24 октября 2011 г.

Հեռախոսավարձը չի իջնելու, անվճար րոպեներն էլ կպակասեցվեն



“Բիլայն” ծառայության ղեկավարի հետ վերջերս հարցազրույց էր տպագրվել մամուլում, որտեղ հավաստիացվում էր, թե 2012թ. հունվարի 1-ից ֆիքսված հեռախոսակապի սակագինն իջնելու է: Քանի որ հարցազրույցում միայն նշված էր, որ միջքաղաքային կոդն է 20 դրամից դառնալու 10 դրամ, դեպի բջջային ցանց րոպեավճարն էլ իջնելու է 36 դրամի, իսկ բուն հեռախոսավարձի վերաբերյալ որևէ տեղեկություն չկար, ըստ այդմ, այցելեցինք “Բիլայն” ինտերնետային կայք, որտեղ ֆիքսված հեռախոսակապի վերաբերյալ “ Նորություններ”բաժնում ներառված էին հունվարից նախատեսվող փոփոխությունները: Պարզվում է, որ 1100 դրամ հեռախոսավարձը ոչ միայն շարունակելու է պահպանվել, այլև մեկ այլ փաթեթում կազմում է 4000 դրամ: Իսկ անվճար րոպեների քանակը, որ մինչև հիմա 360 րոպե է (ամսվա կտրվածքով), դեռ մի բան էլ կրճատվելու է` պակասեցվելով 260 րոպեի: Եթե ամսվա կտրվածքով բաժանենք 30 օրվա, կստացվի, որ 1 օրվա անվճար րոպեների քանակը կազմում է մոտ 8 դրամ, և եթե տվյալ 8 րոպեն էլ բաժանենք այդ հեռախոսահամարից օգտվող միևնույն ընտանիքի անդամների թվի վրա, պատկերն ավելի ողբերգական կլինի: Մեր իսկ երկրում օտարը սահամանափակում է խոսելու մեր չափաբաժինը: Ի՞նչ պակաս խոսքի ազատության սահմանափակում է, այն էլ` օտարերկրյա ներդրողի կողմից: Այս պայմաններում հազիվ թե կարելի է “մխիթարական” համարել այն, որ միջքաղաքային րոպեավճարը 20-ից իջնելու է 10 դրամի: Փաստորեն, միջքաղաքային խոսակցությունների րոպեավճարն իջնելու է տեղական խոսակցությունների անվճար րոպեների պակասեցման հաշվին: Եվ սա  կոչվում է “սակագների իջեցում”, ու դեռ “Բիլայնը” պատրաստվում է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` նախատեսվող գները հաստատելու խնդրանքով: Հիշեցնենք, որ 2000 թ.-ից հետո հեռախոսավարձը 100 դրամից փուլերով հասավ 1100 դրամի, և արդեն 3-4 տարի է` կանգնած է նույն գնի վրա: Սակագնի բարձրացումը պատճառաբանվում էր դոլարի կուրսի աճի հանգամանքով: Արդեն 4 տարուց ավելի է` դոլարը սրընթաց անկում է ապրում` հասնելով 300-380 դրամի, ինչը ենթադրում էր, որ հեռախոսավարձն էլ պետք է իջնի, մինչդեռ ոչ մի փոփոխություն չի նախատեսվում: Հետաքրքիր է, արդյո՞ք “Արմենտելի" վաճառքի պայմանագրում ի սկզբանե չեն նախատեսվել դոլարի կուրսի փոփոխման հետ կապված գնային փոփոխությունները:
                                                                                              Գայանե Հովսեփյան



  Հ.Գ. 2012թ. հունվարի 13-ին զանգահարեցինք «Բիլայն» 1-09 ծառայություն, փորձելով տեղեկանալ, թե արդյո՞ք ուժի մեջ են «Բիլայնի» վերոնշյալ փոփոխությունները:  Հեռախոսառոբոտը սկզբում հայտնում է «մարզերի կոդերի և սակագների» վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու պատրաստակամության մասին, սակայն այնուհետ տեղեկություն տրամադրում է միայն կոդերի մասին: Ընդ որում, այդ տեղեկատվության մեջ չեն ներառված մարզկենտրոննները, այլ միայն` ՀՀ մարզերի քաղաքները: Այցելեցինք «Բիլայն» ինտերնետային կայք, որտեղ նույն վիճակն էր` գրավոր տեսքով, իսկ նախատեսվող փոփոխությունները ներկայացված էին միայն որպես «Բիլայնի» մտադրություն` հունվարի 1-ից նախատեսված. և սա` հունվարի 13-ի դրությամբ: Անգամ հայտնի չէ, այդ փոփոխությունների համար «Բիլայնը» դիմե՞լ է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, թե՞` ոչ:

четверг, 20 октября 2011 г.

Մարդահամա՞ր, թե՞ պարտադրված սոցիոլոգիական հարցում

20.10.2011 Անհամբեր սպասում եմ մարդահամարի ավարտին, որպեսզի այլևս չլսեմ հեռուստատեսային անդուր գովազդը,որն ավարտվում է կեղծ, մուլտիկային ձայնով. "Մայդահայը, բոլյորիս համայ է": Պետական գործին կարելի՞ է հումորային տեսք տալ` պետական մակարդակով: Սև պայուսակով հաշվարարներին ցույց տվեցին, բնակչությանը հաշվառվելու և քաղաքացիական պարտք կատարելու կոչ արեցին` հասկացանք, բա այդ կեղծ, մուլտիկային ձայնի իմաստը ո՞րն է: Սա նշանակում է, որ իրենք իրենց գործին էլ չեն լրջությամբ վերաբերվում, էլ ուր մնաց` հաշվառվողները: Մնում է գովազդի մեջ տեղադրեին "Ուլիկը, որը հաշվում էր մինչև 10-ը" ռուսական մուլտֆիլմը, և հորթուկը էկրանից բղավեր . " Мама, он и мне сосчитал": Թեպետ, ո՞վ գիտե, կարող է այդ մուլտն էլ Հանրայինի մեկնաբան Ալթունյանը գցի իր "Տեսանկյուն" հաղորդման մեջ: Հատկանշական է, որ չնայած մարդահամարի մեկնարկը տված էր հոկտեմբերի 12-ից, սակայն Վանաձորում դեռ հոկտեմբերի 9-ից, կիրակի օրով "ափալ-թափալ" դռներ են ծեծել, ասելով, թե "հաշվառողներ ենք": Ո՞վ գիտե, հաշվառողնե՞ր են եղել, թե՞` այդ անվան տակ հայտնված ժուլիկներ, որոնք ջրմուղի տեսուչի անվան տակ բնակարան ներթափանցած կողոպտիչի "օրինակելի փորձն" են ընդօրինակել: Ահա թե ինչու, նրանց առջև դուռ չեն բացել: Մի միայնակ կնոջ էլ հաշվարարը իր ամուսնու ուղեկցությամբ այցելել էր գիշերվա ժամը 9-ին: Հիմա եթե քաղաքացին այդ ժամին դուռը չբացեր ու ասեր` "Ես ի՞նչ գիտեմ, դուք հաշվառողնե՞ր եք, թե՞` "Եզրագծից այն կողմ" ոստիկանական սերիալի "ժիվոյ" կերպարներից, որ Աստվածաշունչ բաժանողի ու "Ճշմարիտ հավատացյալի" անվան տակ մի կնոջ բնակարան թափանցեցին ու եղած-չեղածը տարան: Նմանատիպ հնարավոր դեպքերի առնչությամբ հեռուստատեսությամբ զգուշացրին, որ եթե կասկածներ լինեն, զանգեն ոստիկանություն (այ, սա հումորի ժանրից է. իբր քաղաքացիներն այնքան սերով են ոստիկանության հետ, որ ամեն րոպե պատրաստ են տեղը տեղին կապվել հեռախոսահամարով): Իսկ եթե մարդը հեռախոս չունի կամ պարտքի պատճառով անջատել են: Ընդ որում, կապ չունի` այդ պահին քաղաքացին հյուր ունի, անհետաձգելի գործ ունի, հազար ու մի հոգս ունի, պարտավոր է պատասխանել մի շարք նեղ-անձնական հարցերի, իսկ դա ավելի շուտ պարտադրված սոցիոլոգիական հարցում է` մարդահամարի անվան տակ "հրամցվող", մինչդեռ սոցիոլոգիական հարցմանը քաղաքացին կարող է և չպատասխանել: Ընդհանրապես հարց է ծագում. իսկ պետությունը կատարու՞մ է իր պարտքը քաղաքացու հանդեպ: Ահա թե ինչու Ռուսաստանից նոր վերադարձած մի կին ասաց."Մոսկվայում սենց դեպքերում շատերը դուռը չեն բացում": Երևի Ռուսաստանում էլ իրենց պետությունից են դժգոհ, քանի որ նույն իրավիճակն է ու անվստահության մթնոլորտը, վախը` անկոչ այցելուների հանդեպ: Ի դեպ, Լոռու մարզի Ձորագես ավանում հաշվարարը, մի բնակարան այցելելով, հետաքրքրվել է. "Ովքե՞ր են էս տանը գիշերել" (այնպես, ինչպես քննիչը քրեական գործ հետաքննելիս): Եվ պարզաբանել է. "Մենք հաշվառում ենք նաև նրանց, ովքեր էդ տանը գիշերել են": "Բայց ես այստեղ գրանցված չեմ, հյուր եմ, ինձ դեռ պետք է իմ գրանցման վայրում հաշվառեն", - քաղաքացու դիտարկմանը պատասխանել է ."Ոչինչ, մենք կտեղեկացնենք ձեր գրանցման վայր, որ այնտեղ ձեզ չհաշվառեն": Դիցուք, տեղեկացրին, որ արդեն հաշվառել են այդ քաղաքացուն, բայց չէ՞ որ նրա բնակության վայրում պետք է ընտանիքի բոլոր անդամներին հաշվառեն: Հո չե՞ն կարող այդ ընտանիքը թերի կազմով ներկայացնեն իրենց տվյալների մեջ: Ըստ այդմ, կասկածում եմ, որ կրկնակի հաշվառումներ լինեն և օգտագործվեն ընտրական գործընթացներում: Գայանե Հովսեփյան     Diplomat.am

Խաբեությունը` գործողության մեջ

Վանաձորցի տիկին Սվետան, որ տարիների բացակայությունից հետո վերջերս է վերադարձել Կրասնոդարից, արդեն հասցրել է բախվել սովորական դարձած խաբեության հետ: Նրան հիասթափեցրել են ատամնաբուժարանում: “Ամբողջ օրը հեռուստացույցով ռեկլամ են տալիս, իբր` լավ պրոթեզներ են սարքում: Ոգևորված գնացի, պատվիրեցի, բայց պարզվեց` ծուռն են սարքել, հրաժարվել եմ վերցնել, ասել եմ նորը սարքեն, եթե չարեցին, էդ իրանց ծուռտիկ պրոթեզը ֆոտո եմ անելու, գցեմ ինտերնետ”: Հուսանք, որ տիկին Սվետային կհաջողվի նոր պրոթեզ պատվիրել նույն ատամնաբուժարանում, և ֆոտո անելու հարկ չի լինի: Առայժմ ձեռնպահ ենք մնում ատամնաբուժարանի անվանումը մատնանշելուց: Գայանե Հովսեփյան

понедельник, 17 октября 2011 г.

Ո՞րտեղից է ներկրվում շաքարավազը

17.10.2011 Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահն օրերս արդարացրեց շաքարավազի գնի բարձրացումը, այն կապելով համաշխարհային շուկայի գների հետ: Հետաքրքիր է, արդյո՞ք «համաշխարհային շուկայի» մեջ Ռուսաստանը չի մտնում, չէ՞ որ ռուսաստանյան հեռուստաալիքներն արդեն քանի ամիս է` հայտարարում են, որ Ռուսասատանում շաքարավազի գինը պարբերաբար իջնում է: Իսկ օրերս Ռոսիա1-ը հայտնեց, որ Ռուսաստանում շաքարի ճակնդեղի մեծաքանակ բերք կա, ինչից կարելի է պատկերացնել, որ շաքարավազի արտադրությունն էլ ավելի կմեծանա, ինչն էլ կնպաստի գների անկմանը: Բայց չէ, Հայաստանում ամենևին մտադրություն չունեն շաքարավազի գինն իջեցնել ու շարունակում են «կրծել» ժողովրդի դրամապանակը` «սերմացու գողացող մկան պես» ու խեղճ-խեղճ հայտարարել, թե համաշխարհային շուկայում գները բարձրացել են: Այլ հարց է, որ շաքարավազ ներկրող միակ ընկերությունը Ռուսաստանից չի ապրանք բերում: Այդ դեպքում մի՞թե չկան այլ ընկերություններ, որոնք Ռուսաստանից կարողանան շաքարավազ ներկրել: Հիշեցնենք, որ անգամ մթի ու ցրտի տարիներին, շրջափակման պայմաններում Ռուսաստանից շաքարավազ էին ներկրում: Հիմա ի՞նչ պատահեց, ինչու՞ շաքարավազի ներկրմամբ միայն մեկ ընկերություն է զբաղվում: Ի՞նչ է ստացվում. այսօրվա պայմաններում, երբ օդային, ծովային ու ցամաքային բոլոր ճանապարհները բաց են, շաքարի գործարանները փակել են ու «նստել» միակ ներկրողի հույսին, որն էլ հայտնի չէ, թե որտեղից է շաքարավազ ներկրում, միայն պատճառաբանում է, թե «համաշխարհային շուկայում» գները բարձրացել են: ՏՄՊՊՀ նախագահն էլ նրա ասածը հիմք է ընդունում ու փորձում արդարացնել գնաճը: Ընդհանրապես տպավորություն է ստացվում, թե ՏՄՊՊՀ-ն միայն էժան մթերք վաճառողների նկատմամբ է առավելապես կոշտ սանկցիաներ կիրառում, ինչպես հավկիթների պարագայում էր` 2010 թվին, երբ էժան հավկիթ վաճառող ընկերությանը տուգանեցին` «անբարեխիղճ մրցակցության» պատճառաբանությամբ: Գայանե Հովսեփյան Diplomat.am

Երգիծական ֆիլմ է նկարահանվել Ձորագետի ափին

Մոտ 1 ամիս էր Հ1-ը նկարահանումներ էր անում Լոռու մարզի Ձորագես ավանում: Երգիծական ֆիլմ էր նկարահանվում, որտեղ առանցքային դերը պատկանում էր “Արմենիայի” հանրահայտ Հովոյին (“Երե-1”-ից): Հոկտեմբերի 16-ը նկարահանման վերջին օրն էր: Երգիչ-դերասաններից բացի նկարահանումներին ներգրավվել են նաև մի քանի տեղաբնակներ` հոնորարային կարգով: “Երեք օրվա փող են տալու, տեսնենք ինչքան կլինի, դե ասում են օրականը 2000 դրամ է”,- պատմեց տեղաբնակներից մեկը: Բնակիչները ֆիլմի նկարահանմանն աջակցել են նաև գույքով: Հոկտեմբերի 12-ին Ձորագես ավան մեր պատահական այցելության պահին նկարահանողները մոտակայքում ապրող մի բնակչից հովվի շուն էին խնդրում և հին հագուստ, զինվորական երկար ճտքերով կոշիկներ: Օրեր շարունակ ձորագեսցիները հետաքրքրությամբ հետևում էին նկարահանումներին` կամրջի վրա հավաքված, քանի որ նկարահանումները հիմնականում Ձորագետի ափին էին: “Վերջում խոզ են մորթելու, խարույկի վրա էլ պետք է պտտեցնեն”,- պատմում է բնակիչներից մեկը: Եթե նկատի ունենանք, որ Հովոն “Երե-1”-ում էլ եր առանցքային դեր կատարում, ենթադրվում է, թե ֆիլմն էլ պետք է կոչվի “Ձորա-1”: Սա` ընդամենը անձնական դիտարկում է:
Գայանե Հովսեփյան

Հայտարարություն

Փնտրում եմ դրամաշնորհային ծրագիր` “Ազատ անկախ” բլոգը հովանավորելու նպատակով: Բլոգի ստեղծումը որևէ քաղաքական նպատակներ չի հետապնդում, և կոչված է նպաստել ազատ, անկախ մամուլի զարգացմանը և ժողովրդավարության կայացմանը: Բլոգը ստեղծվել է 2011թ. հուլիսի 24-ից: Այստեղ տեղադրվում են հասարակական-քաղաքական, սոցիալական, դատաիրավական, մշակութային թեմաներով հրապարակումներ, նորություններ: Քաղաքական թեմաներին անդրադարձ է կատարվում այնքանով, որքանով դրանք իրադարձային են կամ կապված են հասարակությանը հուզող խնդիրների հետ, առանց վարկաբեկումների կամ պիտակավորումների, հարգելով լրագրողական էթիկայի կանոնները: Բլոգում նաև համապատասխան հղումով վերահրատարակվում են նյութեր, որորնք նախկինում տպագրվել են մամուլում, բայց դրանցում բարձրացված խնդիրները լուծում չեն ստացել (այդ թվում` վերատպություն այն կայքերից, որոնք փակվել են կամ արխիվն է “սառեցվել”): Բլոգում առավելապես լուսաբանվում են Լոռու մարզին վերաբերվող տարբեր խնդիրներ: Բլոգային նյութերը պարբերաբար զետեղվում են նաև Facebook սոցիալական ցանցում` բլոգում բարձրացված խնդիրներին էլ ավելի հասարակական հնչեղություն տալու նպատակով կամ համատեղությամբ տեղադրվում են նաև այլ կայքերում: Բլոգի ինտերնետային հասցեն է` www.AZATANKAKH.blogspot.com: Խնդրում եմ տեղեկացնել համապատասխան մրցույթների մասին թեկուզ Facebook ցանցով:
E-mail Gayane1960@gmail.com
Գայանե Հովսեփյան, Վանաձոր, ազատ լրագրող, 0322 4 61 17

воскресенье, 16 октября 2011 г.

Սառույցը շարժվել է և հալվել, փառք Աստծո

Վերջապես "Հայ լրագրողներ" էջը սկսել է շարժվել, ինչը հայտնաբերեցի օրերս, մինչդեռ ամռան ամիսներին կարծես թե անշարժ վիճակ էր, հավանաբար լրագրողների մտքով չէր անցել, որ այդտեղ կարելի է նաև տեղադրել հոդվածներ, և ոչ թե միայն "բարևագիրներ" ու մաղթանքներ հղել: Ըստ այդմ, որոշեցի ընդօրինակել նախահարձակներին ու տեղադրել իմ հոդվածները: Ի դեպ, այս էջին ծանոթացել եմ "Ես հայ եմ" սոցիալական ցանցի միջոցով, որ հայտնվեց իմ Facebook-ային "друзья"-ների ցանկում, ահա թե ինչու, առաջին հղումս, որ կատարեցի "Հայ լրագրողներ" էջում ընդամենը սա էր` "Հայ եմ ես, հայ ես դու": Գայանե Հովսեփյան

четверг, 13 октября 2011 г.

ՊԱԿ-ի նախկին աշխատակցուհին գիրք է գրել




Լույս է տեսել ՊԱԿ-ի պաշտոնաթող մայոր,նախկին ՕԵԿ-ական Իզաբելա Հասրաթյանի "Ո՞վ է մեղավոր" հասարակական-քաղաքական, պատմա-վավերագրական, ինքնակենսագրական գիրքը, որ հեղինակի նոթերն են` նախորդ դարի 70-ականներից մինչև մեր օրերը` ներքաղաքական իրադարձությունների համայնապատկերի վրա: Այստեղ անդրադարձ կա և 1915թ. ցեղասպանությանը, և դրա հետևանքով ստեղծված հայրենադարձությանը, հայրենադարձների նկատմամբ "խտրական" վերաբերմունքին` խորհրդային տարիներին. "Նրանք, չգրված մի օրենքով համարվում էին 3-րդ տեսակի հայեր: Նրանց հազվադեպ էին ընդունում կուսակցության շարքերը: Ղեկավար պաշտոնները անմատչելի էին նրանց համար, իսկ արտասահմանյան հարազատների հետ կապը գտնվում էր հսկողության տակ": Գրքում քաղաքական գնահատականներ են տրված և 90-ականների մթի ու ցրտի տարիներին տեղի ունեցած սպանություններին, և Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը. "Անօրինական հարձակումների զոհ դարձան մի շարք ղեկավարներ Հ. Գալստյանը, Ղանդիլյանը, Յուզբաշյանը: Ցավոք, այս սպանությունները մնացին չբացահայտված: Իսկ 1999թ. հոկտեմբերի 27-ի ահավոր ահաբեկչությունը, որին զոհ դարձան ժողովրդի ընտրյալները` Կ. Դեմիրճյան, Վազգեն Սարգսյան և այլն, այդ 8 հոգու դաժան մահը ապացուցեց, որ երկրում տիրում է անարխիան ու քաոսը, ոչ մի օրենք կամ սահմանադրություն չի գործում: Ամբողջ աշխարհը ցնցեց այդ ահավոր սպանդը, ո՞վ էր տեսել, որ նիստի ժամանակ խորհրդարան ներխուժեն զինված մարդիկ և կրակ բացեն պատգամավորների վրա": Հեղինակը դատապարոտւմ է միջազգային ահաբեկչությունն առհասարակ: Նաև դատապարտում է նացիոնալիզմի ցանկացած դրսևորում, բայց մտահոգված է նաև ազգային ասիմիլիացիայի հանգամանքով, որ արտագաղթի հետևանք է: Դատապարտում է արտագաղթը, բայց և արդարացումներ է գտնում` նաև փիլիսոփայորեն. " Շատ ենք սիրում մեր հայրենիքը: Իսկ նա՞ մեզ... Չէ՞ որ միակողմանի սերը բաժանմամբ է վերջանում: Եվ ահա շատ հայեր բաժանվում են իրենց սիրելի հայրենիքից ու մեկնում օտար երկրներ: Ո՞վ է մեղավոր, որ մեր ծաղկուն երկիրը հասավ աղքատության դուռը, որ մենք չենք կարողանում լավ ղեկավարներ ընտրել, որ Երկիր Նաիրիում մնացել է 1.800.000 հայ: Ո՞վ է մեղավոր, որ կյանքից մի 50 տարով հետ ընկանք, որ նոր սերնդի կրթական ու բարոյական մակարդակն այդքան ընկավ: Իսկ ամենասարսափելին այն է, որ փող աշխատելու համար հայ կանայք փողոց են դուրս եկել` մարմնավաճառության... Ահավորն այն է, որ նրանք կապվում են պարսիկների, արաբների, թուրքերի հետ` առանց նողկալու, այն դեպքում, երբ թուրքի կամ պարսիկի համար հայ կինը միշտ անհասանելի է եղել, իսկ եթե բռնի ուժով են ցանկացել տիրանալ, հայ կինն ինքնասպան է եղել... Ասում ենք` մեր լեռների պես վեհ ու հպարտ ժողովուրդ ենք, բայց ինչ վեհության մասին կարող է խոսք լինել, երբ հայ տղամարդը չի կարողանում իր տունը պահել, տանն է նստում, իսկ կինը գնում է առևտրի` Թուրքիա, Իրան, Ռուսաստան": Երկրում ստեղծված վիճակի համար հեղինակը մեղադրում է ոչ միայն ապաշնորհ ղեկավարներին, որորնք յուրացնում են վարկերը, անարդյունավետ ծախսում գումարները, այլև` պատգամավորներին` քար-անտարբերության համար: Պարբերաբար “ով է մեղավոր” հարցադրումը տալով հեղինակը գտնում է, որ մեղավորները պետք պատժվեն: Նա կարոտախտով է հիշում խորհրդային տարիները, բայց ընդունում է, որ եղել են բացասական երևույթներ, դրվատում է և նախկին դրականը, և` այսօրվա, ուրախանում, որ ուսանողներն այսօր ստիպված չեն ուսանել գիտական կոմունիզմի դրույթները: Բայց նաև նեղվում է նոր սերնդի բարոյահոգեբանական դաստիարակության պակասի, մարդկային արժեքների ոչնչացման համար: Ողջունում է խոսքի ազատությունը, բայց գտնում է, որ այն չպետք է վերածվի սանձարձակության, զազրախոսության: Գրքում անդրադարձ կա նաև հայ մշակութային կյանքին սփյուռքում և Հայաստանում: Ներկայացրել է նաև սփյուռքահայերի կյանքը` Մոսկվայում: Գրքում հետաքրքիր ու օրինակելի համեմատություններ կան արտասահմանյան երկրների հետ, ուր շրջագայել է հեղինակը վերջին 10 տարիներին: Իզաբելա Հասրաթյանը ներքաղաքական իրադարձությունների համայնապատկերի վրա ներկայացրել է նաև իր ուշացած սիրո տխուր պատմությունը, սգում է սիրելի մարդու կորուստը և փնտրում իր դժբախտության մեղավորներին. այնպես, ինչպես փնտրում է վերջին 20 տարիներին իրենց երջանկությունը չգտած հարյուրավոր կանանց միայնության պատճառներն ու հռետորական հարց տալիս. " Ո՞վ է մեղավոր": Հեղինակը խոստովանում է նաև իր քաղաքական հայացքները." Ես շատ էի ցանկանում երկիրը տեսնել իսկական օրինաց երկիր, որտեղ կգործեր օրենք բոլորի համար, և ընդունվեցի "Օրինաց երկիր", բայց հետո հիասթափվեցի, հասկացա, որ թղթի վրա կարող է ճիշտ օրենսդրություն և կանոնադրություն գրվել, կամ Բիշարյանը ամբիոնից ամպագոռգոռ ճառեր ու խոստումներ տալ, իսկ իրականում ոչինչ չի արվում, միայն մի խումբ թոշակառուների խնայողությունները վերադարձվեցին և վերջ": Գիրքը տպագրվել է 200 օրինակով և վաճառվում է մայրաքաղաքի գրախանութներում: Նշենք, որ սա հեղինակի 2-րդ գիրքն է: Նախորդը վերնագրված էր` " Ինչպես ապրել 100 տարի առանց դեղորայքի":

 ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

суббота, 8 октября 2011 г.

Աղետի գոտին դարձել է ռիսկային գոտի

Վանաձոր-Նոյեմբերյան ավտոճանապարհի վրա հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած սողանքի առնչությամբ ՀՀ վարչապետը նշեց, թե ճանապարհի այդ հատվածը ռիսկային գոտի չի համարվել, մինչդեռ փաստերն ապացուցում են, որ ոչ թե միայն ճանապարհը, այլ ամբողջ Լոռվա մարզը ռիսկային գոտի է:

Ահավասիկ, դեռևս 15.08.98թ. «Առավոտի» «Արտակարգ և ոչ արտակարգ իրավիճակներ» հոդվածում նշվել է. «Լոռու մարզը համարվում է ոչ միայն աղետի, այլև ռիսկային գոտի», - նշվեց մարզխորհրդի նիստում` նկատի ունենալով ոչ միայն երկրաշարժի հասցրած վնասները, այլև հաճախ տեղի ունեցող ջրհեղեղը, կարկուտն ու փոթորիկը»: Ընդ որում, այդ հայտարարությունը արվել էր այն ժամանակվա Լոռու փոխմարզպետի կողմից: Ինչ վերաբերվում է սողանքներին, ապա սողանքի մի նախադեպ էլ եղել է դեռևս մեկ ու կես տարի առաջ:

Ահավասիկ, 2010թ. ապրիլի 30-ին «Հրապարակի» «Գյուղամիջյան ճանապարհն ու կառամատույցը` քարուքանդ» հոդվածում ասվում է. «Վերջերս Վանաձորի ՄԻԳ հեռուստատեցությամբ ներկայացվեց, որ Վանաձոր-Ալավերդի մայրուղու վրա, Ձորահէկի մոտ ավտոճանապարհահատվածի մի մասը փլվել է` երթևեկությունը դարձնելով վտանգավոր: Ձորագետավանի բնակիչներից մեկի բնորոշմամբ պատճառը ոչ միայն անձրևաջրերն են ու վարարած գետը, այլև հավանաբար` այն, որ այդտեղ մի քանի ամիս ի վեր շինարարական աշխատանքներ էին իրականացվում մալուխային գծերի անցկացման հետ կապված, որ պետք է հասնի մինչև Վրաստան»:

Նշենք, որ մեկուկես տարի առաջ տեղի ունեցած այդ սողանքի մասին «Հետք» էլեկտրոնային պարբերաթերթն էլ էր ահազանգել` համապատասխան լուսանկարներով: Մի՞թե մեկուկես տարվա ընթացքում չէր կարելի այդ ճանապարհների վրա մի փոքր ավելի մեծ ուշադրություն դարձնել, հողապատնեշները ամրացնել կամ նորը կառուցել և կամ արգելել հսկայածավալ, տոննայանոց բեռներ տեղափոխող մեքենաների երթևեկն այդ ճանապարհով, ինչը որոշվեց ընդամենը օրերս` աղետից հետո: Չէ՞ որ այդ ճանապարհը դեռ խորհրդային տարիներին կառուցելիս հավանաբար նկատի չեն ունեցել, թե ինչ ծանրություն է հետագայում դրանցով տեղաշարժվելու. առավել ևս, որ 1988թ. երկրաշարժն էլ «անցավ» այդ ճանապարհների վրայով:

Խորհրդային տարիներին նման բեռները վագոններով են տեղափոխել` երկաթուղով: Այս ամենը հաշվի չառնելու արդյունքում ի՞նչ ստացվեց. մի վերամբարձ կռունկ ընկնում է ձորը, մի քանի բեռնատարով գալիս են նրա ետևից, և մի փլուզում էլ նպաստում է, որ մի քանի տասնյակ մեքենաներ հայտնվեն ձորում, մի քանի մարդիկ անհետ կորչեն, մի քանիսը զոհվեն` փլուզման տակ մնալով:

Իսկ այս տարվա հուլիսի 8-ին էլ «Իրատես դեֆակտոն» է ահազանգել` «Վթարային իրավիճակ» հոդվածում. «Մի վթարային վիճակ էլ Ձորագետավան մտնող թունելին հաջորդող կամրջի վրա է ստեղծված. բազրիքների մի մասն անհիշելի ժամանակներից թափված է, և թունելից դուրս եկող մեքենաները ոչ միայն գետում հայտնվելու վտանգի առաջ են կանգնած, այլև կամրջով անցնող հետիոտների համար են լուրջ վտանգ ներկայացնում: Դիցուք, մի խեղճ ու կրակ մարդատար փորձում է հսկայածավալ բեռնատարից խույս տալ ու իրենից անկախ հայտվնում է հետիոտնի համար հատկացված մայթին. այս դեպքում ո՞րն է լինելու հետիոտնի «այլընտրանքը». մարդու լեզուն էլ չի պտտում, թե ասի` գազազած Դեբեդը: Կամրջի վթարային իրավիճակի մասին քանիցս ահազանգվել է մամուլում, սակայն «ձայն բարբառո հանապատի»: Ի դեպ, այս ճանապարհահատվածի էլ եզրաքարերն են թափված, և 1 տարի առաջ երթուղային տաքսի էր գլորվել ձորը, սակայն դրանից առ այսօր որևէ հետևություն չի արվել:


Գայանե Հովսեփյան

07.10.2011
Diplomat.am