среда, 27 июня 2012 г.

Ինչպես “նեղել” ընդդիմախոսներին





                                          Վանաձորի  քաղաքապետարանի  գույքի  
                                         կառավարման  և  եկամուտների
                                         հավաքագրման  բաժնի  պետ Վ. Դարբինյանին





Ի  պատասխան  Ձեր`2012թ.  գրավոր  հիշեցման  (որի  վրա  ամիսն  ու  ամսաթիվը  չի  նշված),  տեղեկացնեմ,  որ  աղբահանության  գումարները  կանոնավոր  վճարում  ենք  տարիներ  շարունակ (թեպետ`Ձեր  կուսակից  ՀՀԿ  անդամ  չինովնիկների  անբարյացակամ  վերաբերմունքի  շնորհիվ  այս  ընտանիքի  ոչ  մի  անդամը,  սկսած  1998-2001թթ-ից  մշտական  աշխատանք  կամ  կայուն  եկամուտ  չունի,  թեպետ  բոլորը  բարձրագույնÇ  դիպլոմ  ունեն  ու  շնորհակալագրեր,  դրական  բնութագրեր  նախկին  աշխատավայրից):  Եվ  այդուհանդերձ,  մինչև  2009թ.  նոյեմբերը  աղբահանության  վճարները  կատարել  ենք  4  անձի  հաշվարկով,  այնուհետ` ընտանիքի  անդամներից  մեկի  ծանր  կորստից  հետո`3  անձի:  Այդ  առթիվ  առկա  են  բոլոր  ստացականները:  Մինչև  2009թ.  նոյեմբեր,  գումարները  հանձնել  ենք  վճարներ  գանձող  տեսուչին,  և  այդ  առթիվ  առկա  են  բոլոր  անդորագրերը:  Ավելին,  աղբահանման  բուն  վարձավճարին  զուգահեռ  մի  քանի  ամիս  մասնակիորեն  վճարել  ենք  նաև  2008թ. ներկայացնած  27.300դրամ  մայր  պարտքի  դիմաց,  առանձնապես  չխորանալով,  թե  այն  որ  ժամանակվանից  է  գալիս,  միգուցե` անգամ  իրավանախորդ  քաղաքապետարանից,  երբ  թաղամասի  աղբարկղերը  հավաքվել  էին,  և  մինչև  2002թ.  բնակիչները  չգիտեին,  թե  ում  կամ  ինչի  համար  պետք  է  վճարեն:  Այդ  առթիվ  անգամ  հոդվածներ  են  գրվել  այդ  տարիներին:  Ինչևէ:  2009թ.  նոյեմբերին  աղբահանման  տեսուչը  տեղեկացրեց,  որ  քաղաքապետարանը  իր  միջնորդությամբ  զիջել  է  մայր  պարտքի  մի  մասը (թերևս,  որպես  բարի  կամքի  դրսևորում  ամեն  ամիս  կանոնավոր  մուծումներ  կատարող  ընտանիքի  նկատմամբ,  և  նախկին  պարտքը  դարձել  է  13.000դրամ):  2009թ. դեկտեմբերից  մինչև  2010թ.  փետրվար  ամիսներին  վճարները  ամսեամիս  շարունակել  ենք  փոստային  բաժանմունքում,  մայր  պարտքը  դարձնելով  12.000դրամ,  զուգահեռաբար,  վճարելով  նաև  տվյալ  ամսվա  վճարը:  Եվ  մինչ  մենք  մայր  պարտք  էինք  թեթևացնում,  համայնքի  ավագանին  շարունակում  էր  բնակիչների  բեռը  ծանրացնել` աղբի  սակագինը  բարձրացնելով  և  80դրամից  հասցնելով  150դրամի` մեկ  անձի  հաշվարկով,  որի  պայմաններում  էլ  շարունակել  ենք  վճարները` բարձրացված  սակագներով:  Եվ,  քանի  որ  փոստային  բաժանմունքներում  անդորագրերի  վրա  գրառումները  դժվար  ընթեռնելի  էին  ու  մանրատառ,  ուստի  2010թ.  մարտից  մինչ  օրս  սկսեցինք  կանոնավոր  մուծումները  շարունակել  Ինէկոբանկի  Վանաձորի  մասնաճյուղում:  Փաստորեն,  2009թ. ի  վեր  նոր  պարտք  չենք  գոյացրել:  Այս  տարվա  հունիսին  Ձեր  կողմից  ուղարկած  գրավոր  հիշեցումից  հետո  (առ  այն,  որ  մայր  պարտքը  կազմում  է  12.000դրամ),  զարմանալ  կարելի  է,  որ  3  տարուց  ավելի  վաղեմություն  ունեցող  և  իրավաբանորեն  չհիմնավորված  պարտքը  հանկարծ  հիշել  են,    և  քաղաքապետարանը  սպառնում  է  գումարը  գանձել  դատական  կարգով:  Մինչդեռ  թվում  էր,  թե  այն  ժամկետանց  լինելու  տեսանկյունից  պետք  է  չեղյալ  համարվեր,  համաձայն  ՀՀ  քաղաքացիական  օրենսգրքի  331  հոդվածի,  էլ  չենք  խոսում  տարրական  մարդկային  վերաբերմունքի  մասին,  երբ  կանոնավոր  վարձ  մուծող  բնակչին  գրավոր  սպառնում  են  դատարանով:  Հիշեցնենք,  որ  նմանատիպ  պայմաններում  Ջրմուղն  ու  Էլցանցը  քաղաքացիների  նախկին  պարտքերի  “համաներում”  էին  հայտարարում,  ավելացրած ` մայրաքաղաքի  քաղաքապետարանում  կամ  թաղապետարաններում  նմանատիպ    “միջոցառումների’  մասին` առնվազն  ընտրությունների  նախօրյակին:  Նաև  հետաքրքիր  է  պայմանագիր  կնքելու  գրավոր  առաջարկը  Ձեր  կողմից  այն  դեպքում,  երբ  համայնքի  ավագանին  պարբերաբար   բարձրացնում  է  աղբահանման  ծառայության  վարձը:  Որքան  հայտնի  է,  ամիսներ  առաջ  էլ  Ազգային  ժողովն  էր  աղբի  վարձի  նոր  գին  սահմանել:  Ստացվում  է,  որ  սակագնի  յուրաքանչյուր  փոփոխությունից  հետո  քաղաքացիները  պետք  է   նոր  պայմանագիր  կնքեն  կամ ` նախապես  “ղազագիր”  ստորագրեն,  որ  համաձայն  են  ներկայացվող  և  առաջիկայում   նախատեսվելիք  թանկացումներին: 

                                                          
                                                                          Գ.  Հովսեփյան,  Կ. Դեմիրճյան  26/6,  27.06.2012թ.

Հ.Գ.  Անկեղծ  ասած,  որոշել  էի  առաջիկայում  նվազեցնել  լրագրողական  ու  քաղաքացիական  ակտիվությունս,  և  առայժմ  նոր  հոդված  գրելու  մտադրություն  չկար.  մանավանդ,  որ  բլոգը  չի  ֆինանսավորվում  որևէ  կառույցից  կամ  հովանավորից,  իսկ  հոդվածներն  այնտեղ  տեղադրում  եմ  բացառապես  իմ  անձնական  խնայողությունների  հաշվին,  քանի  որ  բլոգը  որևէ  դրամաշնորհային  ծրագրում  ընդգրկելու  մշտական  հայտարարություններս  առայժմ  անարձագանք  են  մնացել:  Ըստ  այդմ,  առավելապես “ինտեգրվում”  էի  ֆեյսբուքային  այլ  օգտատերերի  ակտիվությանը` մեկնաբանություններով  ու “լայքերով”:  Բայց,  ինչպես  երևում  է,  տեղական  իշխանությունները  ջանք  ու  եռանդ  չեն  խնայում  խթանելու  մարդկանց  քաղաքացիական ակտիվությունը:  Այստեղ  են  ասել` քաղաքականությամբ  չզբաղվես,  ինքը  քեզնով  կզբաղվի:  Նշեմ,  որ  2010թ.  հուլիս-օգոստոս  ամիսներին  Ջրմուղն  էր  ժամկետանց  պարտքի  (անգամ` մինչև  1999թ.  եկող)  ժամկետանց  գումար  ներկայացրել` 70.000դրամ,  բայց  մի  քանի  ամսվա  թղթաբանության  և  գրավոր  ու  բանավոր  պարզաբանումների  արդյունքում  (որի  ընթացքում  2  տնօրեն  փոխվեց  այնտեղ),  ի  վերջո,  հասկացան,  որ  ժամկետանց  ու  չհիմնավորված  պարտքը  չի  կարելի  բնակիչների  վզին  փաթաթել  ու  էլ  ավելի  մեծացնել  երկրի  սոցիալական  լարվածությունը,  և  կանոնավոր  մուծումներ  կատարող  բնակիչների  մայր  պարտքը  զրոյացրին:  Ակամա  հիշեցի  Վանաձորի  ընդդիմադիր  կուսակցություններից  մեկի  ղեկավարին,  որ  ասում  էր. “Հենց  ժողովրդին  հուզող  մի  հարց  ենք  բարձրացնում,  անմիջապես  հիշում  են,  որ  տարածքի  վարձի  հետ  կապված  խնդիրներ  կան,  ու  սկսում  են  գրություն  ուղարկել”:  Ենթադրվում  է,  այդ  նույն  տրամաբանությամբ  տեղական  իշխանություններին  դուր  չեն  եկել  բլոգում  իմ  կողմից  տպագրված  որոշ  հրապարակումներ,  կամ ` ֆեյսբուքային  “հակաքարոզչությունն”.  ընդդեմ  իշխող  կուսակցության  որոշ  ներկայացուցւչների  ապաշնորհ  գործունեության,  ու սկսել  են  “ճշտել”  ընդդիմախոս,  բայց  անկախ  լրագրողի  կոմունալ  պարտքերը:  Հետաքրքիր  է  այն,  որ  հիշեցում-գրությունը` աղբահանության  պարտքի  վերաբերյալ, ուղարկվել  է  ոչ  թե  կոմունալ  բաժնի,  այլ` գույքի  կառավարման  բաժնի  պետի  կողմից,  որ  քաղաքապետի  ազգականն  է:  Չ՞է  որ  առջևում  ՏԻՄ  ընտրություններ  են,  և  պետք  է  ընդդիմախոսներից  հավաքեն,  որ  համակիրներին  բաժանեն:  Ակամա  ստիպված  ենք  հերթական  հիասթափությունն  ապրել  ու  ասել.  “Ոնց  եմ  էս  ընտրություններից  զզվու ու ու~մ...”,  երբ  ստիպված  ես  ընտրություն  կատարել  վատի,  վատագույնի  ու  չարիքից  փոքրագույնի  միջև.  եթե,  իհարկե,  գոնե  չարիքից  փոքրագույն  լինի:

пятница, 22 июня 2012 г.

Ինչո՞ւ են թանկացել միջքաղաքային ուղեվարձերը


168.am
Գայանե ՀՈՎՍԵՓՅԱՆ | Փետրվար 24, 2005, 
Անցյալ տարվա մայիսից Վանաձոր-Երեւան միջքաղաքային միկրոավտոբուսների գները 1000 դրամից բարձրացան 1200-ի (խոսքը վերաբերում է Երեւանի «Այրարատ» կինոթատրոնի մոտ գտնվող ոչ պետական միկրոավտոբուսներին, որոնց մեկնարկային կետը Վանաձորում պետական ավտոկայանին հարող տարածքն է)։ Սա վերջին 7 տարում այդ բնագավառում տեղի ունեցած առաջին թանկացումն էր` այն դեպքում, երբ նախկինում նույնիսկ 800 դրամ դառնալու փաստ է «գրանցվել»։ Ամիսներ առաջ, աշնանը, վերոհիշյալ երթուղու գների բարձրացման առիթով հարց բարձրացվեց ԱԺ-ում` Լոռուց ընտրված մի պատգամավորի կողմից։ Եվ, չնայած, կապի եւ տրանսպորտի նախարարը խոստացավ, որ կհետաքրքրվի եւ հարցը կկարգավորի, սակայն հարցը մոռացության մատնվեց թե՛ պատգամավորի, թե՛ նախարարի կողմից։ Իսկ գները շարունակում են մնալ նույնը` այն դեպքում, երբ տարադրամի կուրսը վերջին մեկ տարում ահռելիորեն ընկել է, եւ առնվազն այդ պատճառով գները պետք է իրենց նախկին դիրքն ընդունեին։ Նշենք, որ միջքաղաքային երթուղիների սպասարկման մրցույթները կայանում են մայրաքաղաքում, եւ այս ոլորտը բավականին փակ է։

Հ.Գ. Սույն արխիվային հրապարակումից, որ տպագրվել է 168 Ժամ թերթում 2005թ. փետրվարի 24-ին, պարզ է դառնում, որ նախորդ թանկացումը եղել է 8 տարի առաջ` 2004թ. մայիսիÝ: Եվ, քանի որ այդ առթիվ ԱԺ-ում բարձրացված հարցը այն ժամանակ անուշադրության մատնվեց, ուստի հիմա էլ 2-րդ թանկացումն է արվում` ուղեվարձը դարձնելով 1400 դրամ, ինչի մասին ազդարարվեց օրերս: Հետաքրքիր է այն, որ պատճառաբանվում է բենզինի թանկացումը, մինչդեռ ընդամենը վերջերս հեռուստատեսությամբ ասվեց, որ չնայած դոլարի կուրսը բարձրացել է, սակայն դիզվառելիքն էժանացել է: Հիշեցնենք, որ մինչև 2005թ., երբ երթուղայինների ուղեվարձը 1000 դրամ էր, դոլարի կուրսը շատ ավելի բարձր էր, քան` հիմա: Հարկ է նկատել նաև, որ թանկացումն արվում է խորհրդարանական ընտրությունները "հորով-մորով" անելուց 1 ամիս անց, ինչը, թերևս, նույնպես ընտրությունների ծախսերից դուրս ալու մի ձև է գծատերերի կողմից:  

четверг, 7 июня 2012 г.

Օմբուդսմենի գրասենյակը խուսափու՞մ է այցելուներից



   Դեռևս 2011թ. նոյեմբերի 25-ին նախատեսված էր մարդու իրավունքների պաշտպանի այցերը մարզեր, որոնց թվում` Լոռի: Սակայն վաղահաս ձմռան անբարենպաստ եղանակն ու նախօրեին տեղացած առատ ձյունը պատճառ հանդիսացան, որ այդ հանդիպումը Վանաձորում չկայանար (տես` «Azatankakh»-ի 2011թ. նոյեմբերի 30-ի «Իսկ օմբուդսմենի հանդիպումը Վանաձորում չկայացավ» հոդվածը): Հանդիպումը հետաձգվեց 1-2 ամսով, ինչպես մամուլով հավաստիացրել էին պաշտպանի գրասենյակից: Դա էլ չկայացավ: Եվ ահա, 6 ամիս անց, 2012թ. հունիսի 6-ին օմբուդսմենը ժամանեց Վանաձոր, բայց ոչ թե քաղաքացիների հետ հանդիպելու, այլ` մարզային գրասենյակի պաշտոնական բացման արարողության կապակցությամբ: «Կարևորն այն է, որ մարդիկ իմանան այս գրասենյակի տեղը և դիմեն»,- նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, որի ելույթն ունկնդրեցինք 3 հեռուստաալիքներով (որոնց թվում` 1 վանաձորյան, 2 հանրապետական` Հ1 և Հ2): Զարմանալին այն է, որ 3 հեռուսաալիքներից ոչ մեկով այդպես էլ չնշվեց, թե որ հասցեում է գործում գրասենյակը, որն, ըստ հավաստիացումների, գործում է շուրջ 2 ամիս և 28 դիմում է ստացել այդ ընթացքում: Ի սկզբանե էլ հանրային ռադիոն ավետեց, որ «Վանաձորում այսօր տեղի կունենա մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի բացումը», բայց գրասենյակի հասցեն չմատնանշվեց: Հետաքրքիր է, ո՞րն է այս դեպքում տեղեկատվության իմաստը, որպեսզի հրապարակայնության պատրա՞նք ստեղծվի: Կարևորը, գրասենյակի հասցեն, փաստորեն, գիտեն մարզի ու քաղաքի բարձրաստիճան պաշտոնյաները, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, որոնք ներկա էին գրասենյակի պաշտոնական բացմանը: Թերևս, սա կիսաավտորիտար հասարակության (ինչպես բնորոշել էր Freedom House-ը Հայաստանը) առանձնահատկություններից մեկն է, երբ քաղաքացիական որոշ կառույցներ աշխատում են հնարավորինս խուսափել քաղաքացիներից կամ այցելությունները նվազագույնի հասցնել: Չէ՞ որ իրենք էլ չեն համոզված, թե նրանց բողոքներին ի վիճակի են ընթացք տալ: Ասվածի ապացույց է այն, որ օմբուդսմենն արդարացման կարգով նշեց, թե իրենց դիմած քաղաքացիների բողոքների 40%-ին է դրական լուծում տրվել: Հարկ է հիշատակել, որ դեռևս 2011թ. նոյեմբերի 25-ին Վանաձորում կայանալիք հանդիպման տեղն ու ժամն էլ չէին մատնանշել: Ի դեպ, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Լոռու մարզում բացվել է միջազգային ֆինանսավորմամբ: Ենթադրվում է, թե մի առանձին պետական ֆինանսավորում էլ պետք է, որպեսզի գրասենյակի տեղը մատնանշեն:



                                                              Գայանե Հովսեփյան

среда, 6 июня 2012 г.

Ովքե՞ր չեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները



  ԱՄՆ պետքարտուղարի` հունիսի 4-ին Հայաստան ժամանելու նախօրեին ԶԼՄ-ներում նշվում էր, որ նա, ի թիվս այլ հանդիպումների, կհանդիպի նաև «քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների» հետ (նույնը նշվեց նաև Վրաստան ծրագրված այցի պարագայում): Տպավորություն է ստացվում, թե մենք` հայաստանաբնակներս, անկախ պետության 22 տարիների ընթացքում այդպես էլ ամբողջական քաղաքացիական հասարակություն չենք ձևավորել, և հասարակարգը տարանջատված է քաղաքացիականի և ոչ քաղաքացիականի: Այս վարկածը հաստատվեց Freedom House հանրահայտ իրավապաշտպան կազմակերպության զեկույցում օրերս տրված գնահատականով, ըստ որի, Հայաստանը դասվում է կիսատոտալիտար պետությունների շարքը: Եվ, քանի որ հունիսի 5-ին ԶԼՄ-ներում լուսաբանվեց, որ պետքարտուղարը, ՀՀ նախագահից ու արտգործնախարարից բացի հանդիպել է նաև իրավապաշտպան կառույցների, բնապահպանների ու մի քանի ԶԼՄ-ների հետ, ուստի մնում է ենթադրել, որ «քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ» ասելով նկատի են առնվում հենց այդ կառույցները: Այսինքն, հենց այդ կառույցներն են, որ քաղաքացիական հասարակության շահերն են ներկայացնում (բարեբախտաբար, ընդդիմադիր կուսակցություններից բացի, իշխող կուսակցության ներկայացուցիչներ էլ էին ներկա գտնվել պետքարտուղարի հանդիպմանը, հակառակ պարագայում իշխող կուսակցությունն ինքնաբերաբար կարող էր հայտնվել ոչ քաղաքացիական կառույցների շարքում): Ընդհանրապես, «քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ» ասելով պետք է նկատի ունենալ ոչ միայն իրավապաշտպան կառույցներն ու ընդդիմադիր կամ անկախ ԶԼՄ-ներին, այլև` այն քաղաքացիներին, որոնք ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեն, ընտրակեղծիքներին ոչ միայն չեն մասնակցում, այլև պայքարում են դրա դեմ, ոչ միայն մարդ չեն ծեծում կամ բռնություն գործադրում, այլև փորձում են նման դեպքերում պաշտպան կանգնել, ոչ միայն մտահոգված են հասարակության շահերով, այլև փորձում են իրենց լուման ներդնել այդ շահերի պաշտպանության հարցում: Հասարակության պասիվ ընտրազանգվածը, որ մշտապես առաջնորդվում է «Ով` տեր, մենք` ծառա» սկզբունքով կամ իր վերափոխիչ դերը չի տեսնում հասարակության առաջընթացի հարցում, բնականաբար, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ կոչվել չի կարող: Ցավոք, այս պայմաններում, երբ հասարակարգն առայժմ տարանջատված է քաղաքացիականի ու ոչ քաղաքացիականի, իշխանությունը մնում է «ոչ քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչ:


                                             Գայանե Հովսեփյան