Հեյ գիտի ՏՄՊՊՀ նախկին նախագահ Շահնազարյա՜ն... որ 4-5 տարի առաջ, Նոր Տարվա նախօրեին ձվի շուկայում մոնիտորինգ կատարելուց ու թանկ գնով վաճառքի հանող տնտեսվարողներին տուգանելուց հետո զայրացած ասում էր . ,,Ի՞նչ է, հայ ժողովուրդը դատապարտվա՞ծ է 60 դրամով ձու ուտել,,: Այն ժամանակ ամենաթանկ շեմը, այն էլ ՝ Նոր տարվա նախօրեին ՝ 60 դրամն էր: Հիմա, հերթական նախագահական ընտրություններից ամիսներ անց ձվի գնի ամենացածր շեմն է 60դրամը, ու ամառ օրով, կիզիչ կամ ՝ լոռեցիների ասած ՝ ,,տիժիկ,, արեւի տակ դրած, վանաձորյան առեւտրի կետերում 60-75 դրամանոց ձվեր են վաճառում. հավանաբար, նկատի ունենալով այն, որ ամառային շոգի պայմաններում ձուն տեղնուտեղը ,,եփում,, է կամ ձվածեղ դառնում, ուստի արեւային էներգիայի արժեքն էլ հետն են հաշվում / :Չենք կասկածում, որ նույնն էլ մայրաքաղաքում է /: Իսկ ՏՄՊՊՀ-ն բացարձակ անտերության է մատնել այս ոլորտը, ու եթե տուգանում է, ապա միայն...էժան ձու վաճառողներին, ինչին ականատես եղանք տարիներ առաջ :Դե հավանաբար մտածում են, որ գները դարձել են ,,աչքին սովոր մակարդակի ,,: Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ, գների հերթական բարձրացումը խիստ դատապարտելով, ՀՀ նախագահը հավաստիացրեց, որ դրանք առաջիկայում կիջնեն նախկին ՝,,աչքին սովոր մակարդակի ,,: Դրանից հետո գներն իջան միայն բանջարեղենի ոլորտում / հատկապես, երբ փոխվեց գյուղնախարարը /, իսկ մնացած բնագավառներում արդեն մշտական թանկացումները կայունանալով ՝ դարձան ,,աչքին սովոր մակարդակի ,,: Հիմա ,,աչքին սովոր մակարդակը,, 370 դրամանոց շաքարավազն է, ու մարդիկ, հատկապես ՝ պահածոյացման շրջանում, ուրախանում են, որ այն ...10դրամով իջել է կիլոգրամի մեջ: Աչքին սովոր մակարդակի է նաեւ 60-70դրամանոց ձուն, 400-600դրամանոց բրինձը, 800դրամանոց ձեթը եւ այլն: Ամենից խղճովը, թերեւս, բառացիորեն չարքաշ կյանք վարող գյուղացիներն են, որ կարկուտի հետեւանքների փոխհատուցումը չստանալու պայմաններում անգամ ստիպված են գները պահել աչքին սովոր էժան մակարդակի վրա. կարտոֆիլը ՝50-130, լոլիկը ՝100-150, սմբուկը ՝ 50-100դրամ: Փառք ու պատիվ հայ գյուղացուն: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն