Ահա թե ինչու էր երգչուհի Շուշան Պետրոսյանն ուզում պատգամավոր դառնալ. որպեսզի հենց որ հասարակության քաղաքացիական հատվածի կողմից բողոքի ակցիաներ, ընդվզումներ լինեն ՝ հասարակական կարգի ապօրինությունների նկատմամբ, ,,թեւերը քշտած,, առաջ նետվի, թերեւս, չմտածելով, որ այդ կերպ ավելի է սրում իրավիճակը: Այդ իմաստով նա յուրօրինակ Գալուստ Սահակյան է, ով վերջերս ,,օրինաչափ,, էր համարում ոստիկանության բիրտ գործողությունները ՝ իրենց իրավունքները պաշտպանել ցանկացող քաղաքացիների նկատմամբ, եւ արդարացնում, թե ,,ոստիկանությունը շոյելու համար չէ,,: Դե Շուշանն էլ օրինաչափ է համարում, որ ոստիկանը հասարակական կարգ պաշտպանելու փոխարեն բարոյական կոդեքս է խախտում ու միտինգին մասնակցող երիտասարդ, անծանոթ կնոջը փարվում ու համբուրում ,,վզից,, / թերեւս ՝ ,,Հայ եմ ես, հայ ես դու,, սկզբունքով /: ,,Նման դեպքերում արտասահմանում մի 10 տարի նստացնում են,, - նկատում է վանաձորցիներից մեկը: Իսկ Հայաստանում կին պատգամավորը ՝ իշխող կուսակցության թեւից, փոխանակ իր բողոքի ձայնը բարձրացնի ՝ ի պաշտպանության կնոջ նկատմամբ իրականացվող բռնության կամ գռեհիկ , ստորացուցիչ արարքի, արդարացնում է, ասելով, թե ,,Համբույրի մեջ վատ բան չկա,,: Եթե փողոցում է ոստիկանը նման արարք կատարում ՝ օգտվելով արեւի տակ երկար մնալուց հոգնած կնոջ վիճակից , ապա ի՞նչ կլիներ այդ կնոջ վիճակը ՝ոստիկանությունում / վկայություններ կարելի է գտնել 2003թ. նախագահական ընտրություններից հետո ոստիկանությունում հայտնված ընդդիմադիր ակտիվիստների պատմածներով մամուլի էջերում /: Միգուցե, այդ դեպքում էլ այդ կնոջ նկատմամբ ,,գործ սարքեին ,, ՝ ,,ոստիկանին դիմադրություն ցույց տալու,, եւ նրա ,,պաչիկներից,, հրաժարվելու համար: Փաստորեն, եթե ցույցի մասնակիցը 70 տարեկան կին է ՝ քացու տակ են քաշում, եթե երիտասարդ կին է ՝ սեռական բռնության էլ են ենթարկում ՝ ֆիզիկականից բացի: Բա ի՞նչ եք ուզում ՝,,բիլակները տեղը,, ով ասես ՝ ոստիկան է դարձել վերջին տարիներին, ու նրանց մի մասը զազրախոսող, փողոցում արեւածաղիկ չրթող-թքող խավից են, որոնց պահվածքի մասին, բարեբախտաբար, ՀՀ ոստիկանապետն էլ է խոսել խորհրդակցություններում, մինչդեռ ոստիկանը պետք է բարոյական մաքուր կերպար լինի, օգնող, հարեհաս, պաշտպանող, ոչ թե մի բաժակ ջուր տա մի հոգնած կնոջ, հետո ,,քթից բերի,, ՝ թփերի տակ քարշ տալով: Ակամա հիշում եմ սովետական տարիներին հանված ,,Նվագախմբի տղաները,, հայկական ֆիլմը, ՝1918-20 թվականների Հայաստանի ներքաղաքական վիճակի մասին, երբ հարբած մաուզերիստները ռեստորանում ատրճանակի ուժով ,,տրնգի,, էին պատվիրում, իսկ մի հարբած մաուզերիստ էլ գիշերը փողոցում հարձակվել էր մի կնոջ վրա եւ ցանկանում էր ուժով ,,պաչել,, , սակայն ընդհատակյա բոլշեւիկ Ցոլակ Դարբինյանի միջամտությունից ու հուժկու հարվածից հետո կանխվել էին մաուզերիստի հետագա գործողությունները: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն