Վերջնականապես համոզվելով, որ ՀՀ-ն լիարժեք իրավական պետություն լինելուց դեռ հեռու է, եւ պետք է առաջնորդվել ,,Եղունգ ունես ՝ գլուխդ քորի,,/ հնար ունես ՝ երկրից կորի / սկզբունքով, ստիպված էի այլեւս չսպասել, թե ,,անհայտ հանգամանքներում,, գտնվող օմբուդսմենից /ում 10 օր առաջ հարցում էի ուղարկել էլեկտրոնային նամակով /կարելի է պատասխան ստանալ այն մասին, թե որքանո՞վ է տեղին կամ օրինական, երբ անձնագրային բաժնում ընտանիքի կազմի մասին տեղեկանք տալու համար 1100դրամ պետտուրք են պահանջում մուծել, ու հունվարի 30-ին, ժամը 12-ի սահմաններում ուղեւորվեցի Վանաձորի անձնագրային ծառայություն ՝տեղեկանք վերցնելու, որ հույժ անհրաժեշտություն էր. ավելի ճիշտ ՝,,փրկագին,,՝ ջրմուղում բյուրոկրատական քաշքշուկներին վերջ տալու համար / ջրի ամսավարձը անձերի հաշվարկով վերահաշվարկելու առնչությամբ /:Պարզվեց, 1100դրամ պետտուրքից բացի, եւս 50 դրամ էլ քաղաքացիները վճարում / ավելի ճիշտ ՝ գնում / են մոտակա գրատնից ՝դիմումի բլանկի հատուկ ձեւի համար: Իսկ եթե պարզվում է, որ ընտանիքի մահացած անդամը դեռ հաշվառումից չի հանվել անձնագրային բաժնում, ապա 2-րդ բլանկը պետք է եւս գնվի եւ լրացվի ՝ առանձին պահանջով. անձին հաշվառումից հանելու համար: Եվ, քանի որ տեղեկանքը պետք է հանձնեին հաջորդ օրը ՝հունվարի 31-ին, ուստի պետտուրքն այդտեղ մուծելուց հետո նախընտրեցի տանել-պատճենահանել ՝նախքան հանձնելը, ինչը մեծապես զարմացրեց աշխատակիցներին: ,,Իսկ ես վաղն ինչպե՞ս ապացուցեմ, որ պետտուրքը մուծել եմ, եթե անդորրագիրը ձեզ մոտ եմ թողնում, հենց դրա համար էլ նախընտրում եմ պատճենահանել,,-իմ դիտարկմանը խիստ վիրավորված տեսք ընդունեցին, ասելով, որ իրենց մոտ ,,յուրացումները,, բացառվում են:/ Դե այդ առումով տառապանքս փորձ ունի. մի 10-15 տարի առաջ, երբ ,,Արմենտելում,, հեռախոսավարձ էի մուծում, հետո պարզվում էր, որ չեն մուտքագրել եւ կրկին գումարել են հաջորդ ամսվա գումարին, ու մինչեւ անդորրագիրը չէի ներկայացնում, մինչեւ երկար-բարակ բանակցություններ չէի վարում ՝ ղեկավարության հետ, հարցը չէր կարգավորվում , ու այդպես ՝ մի քանի անգամ, մինչեւ հարցը հասավ մարզային դատախազություն, ու դրանից հետո վերջ տրվեց կեղծիքներին կամ ,,անփութությանը,,:Սա ՝ իմիջիայլոց / : Հետաքրքիր էր, որ իմ այն հարցին ՝ ,,Դեկտեմբեր ամսվա մահացածների անունները հասե՞լ են, եւ արդյո՞ք տեղեկանքի մեջ ընտանիքի կազմի թվաքանակի կրճատումը կերեւա ,, ՝կասկած հայտնեցին, որ հնարավոր է ՝ ցուցակները չեն հասել, ուստի նախքան տեղեկանքը հանձնելն անպայման կճշտեն: Ինչպես եւ ենթադրվում էր, հունվարի 31-ին, երբ գնացի տեղեկանք ստանալու, պարզվեց, որ դեկտեմբերի 26-ին մահացած ընտանիքի անդամը դեռեւս հաշվառումից չէր հանվել, եւ հաշվառումից հանվեց միայն այն բանից հետո, երբ իրենց պահանջով 2-րդ դիմումի ձեւը գնեցի եւ 2-րդ հայցը ներկայացրի ՝ անձին մահվան կապակցությամբ հաշվառումից հանելու վերաբերյալ:Այսպիսով, տեղեկանք ստանալը կազմեց 1200դրամ /մեկ բաժանորդի ջրի վարձի սակագնից ավել /, որից 1100դրամը ՝ բյուջեի ,,մաքուր փայ,,: Սա ոչ միայն զավեշտ է, այլեւ ՝ պետական ,,ռեկետություն,,՝ քաղաքացու գրպանի նկատմամբ, առավել եւս ՝ որ քաղաքացին այդ տեղեկանքով լոտո չի խաղալու կամ բիզնես- վարկ վերցնելու, այլ ՝ներկայացնելու է ջրմուղին:Հիշեցնենք, որ մահվան վկայականի համար էլ ԶԱԳՍ-ում 300դրամ են մուծում, եւ կրկին հարց է առաջանում. հա բայց ինչի՞: Պարզապես աբսուրդ է, որ ջրի վարձը 1050դրամով պակասեցնելու համար քաղաքացին 1200դրամ է վճարում տեղեկանքի համար, իսկ, չգիտես ինչու դեռ հաշվառումից չհանված հարազատի մահվան վկայականի պատճեն ստիպված է ներկայացնել, որ մահացած ճանաչեն. եւ սա ՝ այն դեպքում, երբ քաղաքացու մահն անմիջապես ֆիքսվում է ոստիկանության մատյաններում:Ահա թե ինչու, ընտրություններին հաճախ հանգուցյալներն էլ են,,մասնակցում,,. ով անձնագրայինում գործ է ունենում ՝իր ընտանիքի մահացած անդամին հաշվառումից հանել է տալիս, ով ՝ չէ, այդպես էլ կարող է չիմանալ, որ , դիցուք, իր ողորմածիկ պապը ,,եկել-մասնակցել,, է ընտրություններին ու իրենց չի էլ ,,այցելել,,: Հենց դրա համար էլ ընտրություններից առաջ տնետուն այցելություններ են կատարում ոստիկանության, անձնագրայինի կամ ԲՇՏ-ների ներկայացուցիչները ՝ցուցակներ ,,ճշտելու,, նպատակով. երեւի թե ՝ եթե որեւէ մեկը մահացած է, բայց իրենց մոտ հաշվառված ՝ օգտագործեն որպես ընտրական ձայն: Հետո էլ ասում են ՝քաղաքացիներն իրենք են մեղավոր, որ իրենց իրավունքները խախտվում են, չեն պայքարում: Դե պայքարեք ՝ տեսնեմ ո՞նց եք պայքարում, քաղաքացու ,,վզին դրել,, են ՝ պետականորեն, որ մինչեւ 1100/ պլյուս ՝50-50 / դրամ չմուծի, տեղեկանք չի ստանա, իսկ տեղեկանքը հույժ անհրաժեշտություն է, որի ուշացումը կարող է նրան հետագայում ավելի մեծ ծախսերի տակ գցել: Միակ հիմնարկն էլ, որին կարելի է դիմել ՝ տեղեկանքի նպատակայնության կամ օրինականության վերաբերյալ հարցումով ՝ օմբուդսմենն է, որն իր ,,Թեժ գծի,, հետ միասին անհասանելի է: Դե մարդիկ հո սահմանադրական դատարան կամ Եվրոդատարան չե՞ն դիմելու ՝ տեղեկանքի հարցով: Մի խոսքով, մնացել ենք Սովետի ժամանակվա այն մակարդակին, երբ տեղեկանքը դարձել էր բյուրոկրատական քաշքշուկի լավագույն միջոց, ու անգամ անեկդոտ կար ՝ տեղեկանք այն մասին, որ կա տեղեկանք:Ինչ վերաբերվում է օմբուդսմենի անհասանելիությանը, ապա վանաձորցիներից մեկը նկատում է, որ օմբուդսմենի ձայնն այլեւս չի լսվում այն բանից հետո, երբ հայտարարել էր դատաիրավական համակարգի կոռումպացվածության մասին/ գրասենյակը հեռուստատեսությամբ էլ հատ-հատ ներկայացնում էր վերաքննիչի ու վճռաբեկի ,,գները,, ՝1-ին ատյանի դատարանների վճիռները փոխելու հարցում, այն էլ ՝ մի քանի հազար դոլարներով /, իսկ այդ առնչությամբ ,,վերեւները,, փաստեր էին պահանջել. դե նա էլ հավանաբար գնացել է,,փաստեր հավաքելու,, եւ ,,այլեւս չի վերադարձել: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
ОтветитьУдалить