Վերջին անգամ նրան / այսինքն ՝ կենտրոնացված ջեռուցմանը / տեսել են 1993-1994 թվերին , երբ անգիտակից քաղաքացիները նրա ,,վերջին հյութերն,, էին քամում ՝մարտկոցների վրա տեղադրված ինքնաշեն խողովակներով տաք ջուր ,,գողանալով,, ինչն էլ վթարների պատճառ էր դառնում:Դրանից հետո գազամատակարարումը վերջնականապես դադարեց, ու կենտրոնացված ջեռուցումն էլ անհետացավ, իսկ բնակարաններում, ինչպես նաեւ ՝ հիմնարկներից շատերում մարդիկ սկսեցին փայտ վառել ՝անտառների ,,վայը տալով,,ու մոմ հալելով /Վառվելուց հետո մի հատ էլ նորից էին ամուր թելի մեջ պտտեցնում ու կրկնակի օգտագործում / : Որքան հիշում եմ ՝ամենալավ փայտն ,ասում էին ՝կաղնին էր, որ արագ էր ,,կպնում,, ու վառվում: Վանաձորի փողոցներում այդ տարիներին ամենուր սայլակով կամ շալակով փայտ տանող-բերողներ էին, անգամ ՝քաղաքի ներսի ծառերն էին ոչնչացվում: 1995թվին Թուրքմենստանի հետ կնքված գազամատակարարման պայմանագրի ճակատագիրն այդպես էլ անհայտ մնաց / թերեւս, այդ մասին միայն Բագրատյանը կիմանա, քանի որ այդ տարիներին վարչապետ էր /:Իսկ 1998թվի իշխանափոխությունից մի քանի տարի անց, ի վերջո, Ռուսաստանից գազամատակարարումը վերականգնվեց, բայց ՝գլխացավանքն էլ հետն եկավ: Նախկին խողովակները բնակարաններից հավաքում էին, նորը տեղադրում ՝ առանց այդ էլ երկրաշարժից տուժած ու չամրացված շենքերը շինարարական նոր ձեւափոխությունների ենթարկելով, ու դրա իմաստը, թերեւս, բնակիչներից լրացուցիչ գումարներ շորթելն էր: Դա դեռ բավական չէր, հետո էլ սկսեցին ,,սպասարկման վարձ,, փաթաթել բնակչության վզին, ու ստիպել պայմանագիր կնքել: Թե որքանով էր արդյունավետ այդ ,,սպասարկումը,, ՝ վկայում են պարբերական վթարները:Իսկ կենտրոնացված ջեռուցումն այդպես էլ վերացավ ՝որպես տեսակ, եւ միայն հիմնարկներն սկսեցին կաթսայատների օգնությամբ ջեռուցել:Բնակչությունն առ այսօր ստիպված է բնակարանները ջեռուցել էլեկտրական վառարաններով ՝սնուցման գծերի ,,հերն անիծելով,,: Այդ պայմաններում շատ-շատերի բնակարաններում ջերմաստիճանը պլյուս տասից չի բարձրանում: Եվ հիմա, երբ ասում են, թե ,,Վանաձորում մի քանի օր արտակարգ իրավիճակ էր, գազ չկար, էներգիայի պարբերական անջատումներ էին, հացի փռերը չէին աշխատում, հիմնարկների մի մասը / ներառյալ դպրոցները / փակ էին,, ՝ապա հարկ է նկատել, որ արտակարգ իրավիճակը արդեն 20 տարի է ՝ ուղեկցում է բնակչությանը: Հենց միայն այն, որ կենտրոնացված ջեռուցումը բնակարններից բացակայում է, դա արդեն իսկ արտակարգ վիճակ է ոչ միայն Վանաձորում, այլեւ ՝ հանրապետության այլ քաղաքներում:Ճիշտ է, գազատարի վթարը մասամբ վերացվեց ՝այլընտրանքային գազամուղի ժամանակավոր տեղադրմամբ, հիմնարկներում ջեռուցումը վերականգնվեց, հացի փռերը կրկին սկսեցին աշխատել ՝եռօրյա պարապուրդից հետո, ու խանութներին կրկին հաց մատակարարել, բայց բնակչությունը հիմնականում էներգիայով է ջեռուցվում, քանի որ գազը թանկ է:Ու մարդիկ խոստովանում են, որ գազի առկայության պայմաններում էլ նախընտրում են էլեկտրականությամբ տաքանալ, քանի որ գազի օգտագործումը շատ թանկ կարժենա:Հետաքրքիր է, տեղական իշխանությունները երբեւէ կմտածե՞ն, որ թափառող շներին ,,շանսատակ անելուց,, կամ ,,վնասազերծելուց,, կոմունալ վարձեր հավաքելուց բացի ՝ այլ կարեւոր խնդիրներ էլ կան, որոնցից մեկը ՝ բնակչության կենտրոնացված կամ կաթսայատների օգնությամբ ջեռուցման հարցն է / այնպես, ինչպես մայրաքաղաքում համատիրություններից մեկն էր կազմակերպել /:Չէ՞ որ կենտրոնացված ջեռուցումը, որպես ջերմության աղբյուր, եւ մատչելի է, եւ անվտանգ: Ինչի՞ նման է, մարդիկ էլէկտրական վառարանների կողքին ,,սրթսրթում,, են, մեկ էլ հանկարծ ՝ լույսերն անհետանում են, ու մարդիկ սկսում են պատուհանից դուրս նայել, պարզելու, արդյո՞ք հանդիպակաց շենքերն էլ են հոսանքազրկվել, թե՞ անջատումը միայն իրենց շենքին կամ շքամուտքին է պատել, ինչն էլ գծերի ծանրաբեռնվածության հետեւանք է:Ու երբ պարզում են, որ անջատումը տվյալ շենքում կամ շքամուտքում է,բոլորը միասին դուրս են նետվում տներից , ու մոմերը ձեռքներին սկսում անհասցե հոխորտալ ու գոռգոռալ, թե տեսնես ու՞մ տանն է ,,ուժեղ բան միացրած, որ գիծը չի դիմացել,, ու սկսում են էլէկտրիկների որոնումներ կատարել: Սրանից էլ արտակարգ վիճա՞կ, որ, ցավոք, արդեն սովորական է Վանաձորում / թերեւս նաեւ ՝մայրաքաղաքում / արդեն քանի տարի:Կամ ինչո՞վ արտակարգ իրավիճակ չէ, երբ ամեն օր, 10 տարուց ավելի, Հ2-ը մի պատկառելի ցուցակ է ներկայացնում, թե որ քաղաքը կամ որ գյուղը, որ թաղամասերը քանի ժամով են հոսանքազրկվելու հաջորդ օրը ՝,,պլանային եւ նորոգման աշխատանքների նպատակով,,: Էլ ,,չենք խոսում,, անհովհար անջատումների մասին, երբ անկապ անջատումներ են լինում օրվա տարբեր ժամերի, տարբեր թաղամասերում: Ի դեպ, այս օրերին Վանաձորում ամենապահանջվող ապրանքներից են մոմերը, որոնց մատչելի գներով տեսակները մեծ արագությամբ սպառվել են, եւ խանութներում ավելի շատ ,,թանկանոց,,մոմերն են մնացել: Ոմանք էլ նախընտրում են լապտերիկներ գնել: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն