Լրագրող դառնալու համար անկախությանն եմ պարտական
Այսօր մամուլի միջազգային օրն է։Եվ, քանի որ այսօր համացանցն ավելի մեծ ու տարածական հնարավորություններ ունի՝խոսքի ազատության համար, բայց մամուլին համարժեք է նրանց համար, ովքեր զբաղվում են համացանցային լրագրությամբ, հռետորաբանությամբ,ուստի ամենայն իրավունքով շնորհավորում եմ համացանցային լրագրողների տոնը։Ցանկանում եմ, որ լինենք հնարավորինս անկախ ու անաչառ, միմյանց հանդեպ հանդուրժող եվ առողջ բանավեճի ու քննադատության կողմնակից։Հպարտ եմ, որ 26 տարվա լրագրողական անընդմեջ գործունեությանս վերջին 10 տարում զբաղվում եմ համացանցային ակտիվ լրագրությամբ/այլ կերպ՝քաղաքացիական լրագրությամբ/։Համացանց մտա 10 տարի առաջ՝իմ վաղեմի ծանոթ, մանկավարժ Սոֆյա Քալանթարյանի/Ղալամքարյան/ խորհրդով, երբ հասկացա, որ թերթերն այնքան էլ անկախ չեն։Ցանկանում եմ, որ ստոր գործարքներից հեռու մնանք, խիղճներս չուրանանք, հոգիներս մաքուր պահենք, լինենք արդարամիտ, լավին՝լավ, վատին՝վատ, չարակամներին արհամարհենք՝եթե չստացվի բարիացնելը/Աստված իրենց հետ/, կյանքը մի օր նրանց միգուցե դարձի բերի։Համբերություն մեզ եւ մեր պես մտածող, պայքարող եւ դժվարություններից չերկնչող մարդկանց։Ուրախ եմ, որ ինձ, որպես լրագրող գնահատողներն ավելի շատ անծանոթ շրջանակներից են, ոչ թե՝,,յուրայիններից,, եւ դա համարում եմ իմ ամենամեծ հաղթանակն անաչառ լրագրության ասպարեզում։Ուրախ եմ, որ ունեմ համախոհներ՝թեկուզ եւ ոչ շատ․ինձ համար կարեվորը որակն է,քաղաքացիական գիտակցության մակարդակը, հոգեկերտվածքը, ազգային նկարագիրը, եվ ոչ թե՝քանակը։Չնայած 26 տարվա լրագրողական գործունեության ընթացքում կրած դժվարություններին, իմ եւ իմ ընտանիքի նկատմամբ ժողովրդավարության թշնամիների կողմից հալածանքներին,այնուամենայնիվ, անկախությանն եմ պարտական՝ինձ լրագրող դարձնելու համար, որ դպրոցական տարիներիս երազանքն է եղել, իսկ սովետական տարիներին ժուռնալիստ դառնալու կարեվոր պայմանը լրագրողական մասնագիտական կրթությունն էր։Իսկ ի՞նչ անեիր, եթե քո քաղաքում միայն մանկավարժական եւ պոլիտեխնիկակական ինստիտուտներ էին՝սովետական տարիներին, ու դու ստիպված էիր ոչ թե ընտրել, այլ՝ վերցնել այն, ինչ մատուցված է քեզ․մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի եւ գրականության բաժինը։Ներկա երիտասարդ սերունդն այնքան է բախտավոր, որ իր քաղաքում այժմ կա համալսարան՝մոտ 3-4 տարի առաջ վերապրոֆիլավորված մանկավարժականի հենքի վրա, ու լրագրող դանալու ցանկություն ունեցողներն ստիպված չեն լինի բնակության վայրը փոխել եւ գնալ մայրաքաղաք։Համենայյն դեպս, ես իմ քաղաքն ու միջավայրն այնքան էի սիրում, որ չէի ցանկանա թեկուզ՝ժուռնալիստական կրթության համար բնակության վայրս փոխել/Ի դեպ, անկախության սկզբնական տարիներին Վանաձորում նաեւ մասնավոր համալսարան ստեղծվեց՝Բաց համալսարան, որտեղ եւս ժուռնալիստական կադրեր էին պատրաստվում, բայց՝այն մի քանի տարի գործեց/։Հպարտ եմ, որ համացանցային 10 տարվա գործունեության ընթացքում ստեղծել եմ 3 բլոգ/AZAT ANKAKH,Լրագրողական նոթեր եւ Պատմաքաղաքական բլոգ/,ֆեյսբուքյան խմբեր՝իրավապաշտպան, գրական եւ հայրենակցական։Ունեմ բանաստեղծական էջ՝,,Լրագրողական նոթեր,, բլոգում, որտեղ զետեղել եմ ավելի քան 70 բանաստեղծություններ։Իսկ այս ամենի համար պարտական եմ նաեւ բարի կամեցողներին, աջակիցներին՝ոչ մեծ թվով, հարազատներիս/նաեւ՝ինֆորմացիոն աջակիցներին/։Լրագրողական գործունեությանս ընթացքում կարողացել եմ ոչ միայն խնդիրներ բարձրաձայնել, այլեւ՝որոշ դեպքերում նաեւ նպաստել դրանց լուծմանը՝հասարակական հնչեղության շնորհիվ։Բայց վատ է այն, որ քաղաքացիական լրագրությունը ոչ միայն չի խրախուսվում պետականորեն կամ դրամաշնորհային կարգով,չի ֆինանսավորվում,այլեւ՝ստաժ չի համարվում, եւ կենսաթոշակի անցնելիս կարող է ստիպված լինես ասել՝,,Հըբը կյանքս ինչի՞ անցավ,,։Բա ու՞ր մնաց քաղաքացիական հասարակությունն այն երկրում, որ հեղեղված է ,,ժողովրդավարոթյան զարգացմանն ուղղված դրամաշնորհներով,,։
․․․․Լրագրողական գործունեությունս սկսել եմ կիրովականյան ,,Կայծ,, եւ հանրապետական ,,Ավանգարդ,, թերթերին թղթակցելուց՝1989թ․երբ ,Բելառուսից թղթակցություններ էի ուղարկում՝ժամանակավոր բացված հայկական դպրոցի մասին/այնտեղ գործուղվել էի ԼԿԵՄ ուղեգրով՝դասավանդելու 1988թվի երկրաշարժի հետեվանքով էվակուացված երեխաներին/։Այնուհետ, Հայաստան վերադառնալուց հետո, 6 տարի վարչական աշխատանքի անցնելու ընթացքում դադարեցրի լրագրողական գործունեությունս, եւ միայն1995թվից հաստատուն քայլերով մտա մեծ լրագրության աշխարհ։Տպագրվել եմ բազմաթիվ թերթերում,բայց առավել երկար գործունեություն եմ ունեցել ,,Առավոտ,, թերթում՝9 տարի, հասարակական հնչեղություն ձեռք բերել ,,Ժամանակ-Երեվան,, թերթում՝2007-2008թվերին,իրավապաշտպան լրագրությամբ զբաղվել ,,Քաղաքացիական նախաձեռնություն,, վանաձորյան երբեմնի երկշաբաթաթերթում, հետաքննություններով հանդես եկել ,,Մամուլն ընդդեմ կոռուպցիայի,, ,,Մամուլ եւ իրավունք,, ,,Դիտորդ,, տեղեկագրերում, արժանացել շնորհակալագրերի եւ մրցանակների։
․․․Հավանաբար, նախորդ՝սովետական հասարակարգում իմ կարիքը,որպես լրագրող, չկար, դրա համար Աստված լրագրությունն ինձ հանձնարարեց այս հասարակարգում, որտեղ անարդարություններն ավելի շատ են, քան՝նախորդ հասարակարգում, ուստի անհրաժեշտ են ազատ, անկախ եւ արդարամիտ լրագրողներ, եվ ոչ թե հանձնակատարներ։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն