Ինչու՞ ՀԷՑ—ը ներտնային սպասարկում չի իրականացնում՝վթարի դեպքում
ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի ձեռամբ հաստատած ջրի ու հոսանքի մատակարարման պայմանագրի փնթի ու ոչ լիարժեք պայմանագրի պատճառով բնակիչները խնդիրների առաջ են կանգնում, քանի որ այդ պայմանագրերում չկա ներտնային սպասարկման համար նախատեսված ծառայություն։Հետաքրքիր է, ՀՀ այսօրվա կառավարությունը,որ ստիպում էր ՀԷՑ-ին նոր պայմանագրեր փաթաթել ժողովրդի վիզը,տեղյա՞կ է, որ դրանք նախ՝միակողմանի են, ու/չգիտես ինչու, մեկ օրինակը բաժանորդներին չի տրվում/, նաեւ՝այդ պայմանագրերում չկա կետ, որի համաձայն ՀԷՑ-ի տեղամասային տեսուչը պարտավոր է առնվազն սնուցման գծերի վթարի դեպքում այցելել բնակարան՝եթե ահազանգ կա,այլ ոչ թե հոսանքազրկված բնակչին ձմեռ օրով ուղղորդել մասնավոր անլեգալ վարպետներ գտնել-ճարելու։Բայց չէ՞ որ սնուցման գծերի վթարը, որ կարող է առաջանալ բնակարանի ներսում, անմիջականորեն կապ ունի նաեւ դրսի՝շքամուտքի հետ, ինչպե՞ս կարելի է նման վտանգավոր ու պատասխանատու գործը թողնել պատահական մարդկանց հույսին։
,,Մենք բնակարանի հետ գործ չունենք,գնացեք մարդ գտեք,,-ահա այսպիսի պատասխան ստացանք մենք երեկ,երբ ձմեռ օրով ստիպված էինք հասնել Հյուսիսային էլցանցի վանաձորյան մասնաճյուղ՝Բաթումի 8 հասցեում գտնվող/որովհետեվ ՀԷՑ-ի 180 թեժ գիծն անհասանելի է, 010591312 ,,վստահության հեռախոսն էլ,որ հայտնաբերեցինք ՀԷՑ-ի կայքից չի պատասխանում/։Այսինքն երկրում գործում է ԽԾԲ-ն․ՀԷՑ-ի՝բնակիչների համար ոչ լիարժեք պայմանագրի պատճառով։Եվ սա՝,,հեղափոխությունից,, 4 տարի անց։Ինչ է, ,,մարդ գտեք,,-ը իրավական կատեգորիա է՞, ի՞նչ է նշանակում՝սնուցման գծի, բնակարանում պետության կողմից ամրացված այսպես կոչված ապահովիչի այրման հարցով դիմող, ահազանգող քաղաքացուն ՀԷՑ-ի պատասխանատուն ասի՝,,Ես իմ տեսուչներին թույլ չեմ տա, որ գան սարքեն, գնացեք մարդ գտեք,,։Այո, այս պատասխանը տվեց մեզ մինչեւ վերջերս ,,Դեբեդ-մասնաճյուղ,, կոչվող էլցանցի պաշտոնյաներից մեկը/ում հետ աշխատակիցները շփվում էին որպես ,,Կառլենիչ,,/ երբ տեղեկացավ, որ մենք փնտրում ենք իրացման բաժինը՝մեկ այլ պաշտոնյայի խորհրդով, եվ ավելացրեց․,,Շատ սխալ է արել, որ ասել է, իրացման բաժինն ի՞նչ կապ ունի, բնակիչը պետք է մարդ գտնի՝սարքել տա,,։Մի՞թե դժվար է մի կոնկրետ կառույց ստեղծել,որտեղ կհավաքվեն էներգետիկ մասնավոր ծառայություններ մատուցող վարպետներ․թեպետ՝կրկնում եմ,բնակարանի սնուցման գծերը էներգետիկ անվտանգության ոլորտից են, եվ այդ հարցով պետք է զբաղվեն տեղամասային տեսուչները։
Այս թեմայով մեր զրույցների ընթացքում տարբեր կարծիքներ հավաքեցինք, եվ պարզեցինք, որ նման վթարների դեպքում, իրոք, բնակիչները դեսուդեն են ընկնում, որ մասնավոր նորոգող գտնեն/եթե ծանոթ էլեկտրիկ չունեն․բա սա տրագիկոմեդիա չի՝բա ի՞նչ է/։Մեկն էլ կարծիք հայտնեց, որ տեղամասային տեսուչներից շատերը․․․,,տոկից վախենում են, չեն ուզում գործ ունենան, մասնագետ չեն, դրա համար էլ խուսափում են վթարների դեպքում արձագանքել,,։Բա ինչի՞ համար է հոսանքը պարբերաբար թանկանում, եթե բաժանորդին մատուցվող ծառայությունը թերի է, որ պետական բուրգը պահող, պետության հաշվին փող ստացող անբանների թիվն ավելանա՞ ժողովրդից քերթած գումարների հաշվին, ժողովրդի հաշվին փող են դիզում-հարստանում, ամսվա վերջին ժողովրդին նալումեխի արանքում դրած՝ստիպում են վարձեր մուծել, բայց վթարի ժամանակ մասնավոր վարպետի դուռն են ցույց տալիս,այն էլ՝ձմեռ օրով։Ստացվում է, որ անկապ անջատումների, հոսանքի լարում բարձրացնել-իջեցնելու պատճառով բաժանորդի գիծն էլ կարող է շարքից դուրս գալ, էլեկտրական սարքավորումներն էլ, բայց էլցանցը պատասխանատու չի անգամ՝սնուցման գծերի այրվելու դեպքու՞մ․․․միգուցե այս ամենը համակարգված կոռուպցիա է․էլցանցը գծերի հերն անիծի, սարքավորումները շարքից դուրս գան, նոր սարքավորուներ առնեն,նոր պահեստամասեր առնեն, մասնավոր վարպետներից էլ միգուցե միջնորդավճար հավաքեն՝որ իրենց հասցեն տալիս են անհրաժեշտության դեպքում․այլ կերպ՝երկրում մինչ օրս ,,գեղական,, ու ,,ախպերական,, բարքեր են գործում՝Եվրամիություն, Եվրախորհուրդ ու ԱՄՆ ժողովրդավարություն տանող ճանապարհին․ողբամ զմեզ՝հայ ժողովուրդ;
․․․Այսօր, երկօրյա հոսանքազրկումից հետո/որն, ի դեպ, զարմանալիորեն թե դավադրաբար համընկել էր բնակարանի առաստաղից վերին հարկից առատ կաթոցների հետ՝պատկերը կատարյալ դարձնելով/,էլեկտրոնային նամակ եմ ուղարկել ՀԷՑ-ի կայքին․երեկ էլ ֆեյսբուքով նամակ եմ ուղարկել՝Դեբեդ մասնաճյուղին, բայց հնարավոր է, ֆեյսբուքյան կայքն այլեւս չի գործում, որովհետեվ գրառումները նախորդ տարվա էին։
․․․Ու նույն կարգի փնթի եվ անպատասխանատու վիճակ է ջրային ծառայության ոլորտում․բնակարանի ներսում վթարի ժամանակ վարպետ չեն ուղարկում ,,Վեոլիայից,,, եվ մասնավոր վարպետի տեղը կամ հեռախոսահամարն են լավագույն դեպքում հայտնում։
․․Մնանք ՀԷՑ-ի նամակին ձմռան ցրտին սպասող՝
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն