вторник, 29 ноября 2011 г.

Հերթի կտրոնը` նոր հերթերի պատճառ



  Մոտ 2 ամիս է` "Բիլայն" Վանաձորի բաժանմունքի սպասարկման կենտրոնում նոր կարգ է ներդրվել. սպասարկման բաժնի ծառայություններից օգտվել ցանկացողները նախապես պետք է հերթի կտրոն վերցնեն (A, B, C համարանիշերով` ըստ ծառայությունների տեսակի) և ուշադիր հետևեն սրահում տեղակայված էկրաններին, տեսնելու, թե երբ է գրվելու իրենց հերթի համարը: Նրանք, ովքեր արդեն փորձով համոզվել են, որ առաջիկա մի քանի ժամում իրենց հերթի համարը չի մոտենա, գնում են այլ գործերով և մի քանի ժամից վերադառնում: Իսկ այդ դեպքում հերթը ոչ միայն կարող է հասած, այլև անցած լինել, և տվյալ բաժանորդը ստիպված է նոր կտրոն վերցնել (եթե իհարկե աշխատանքային օրն ավարտին չի մոտենում): Հաճախ էլ կարող է այդ օրը ընդհանրապես տվյալ բաժանորդի հերթը չհասնել: Նոր կարգը ոչ միայն չի պակասեցնում, այլև ավելացնում է մարդկանց հերթը, երկարաձգում սպասումները, քանի որ նոր ծրագիրը լուրջ բացասական կողմ ունի. այն է` հերթի թվային համարները ոչ թե ըստ ծառայությունների են, այլ միասնական ուղղությամբ են առաջ շարժվում: Այս պայմաններում մի համակարգչային օպերատորը կարող է թերբեռնվածությամբ աշխատել կամ ընդհանրապես պարապ լինել, իսկ C կարգ ունեցող 280 համարը, օրինակ, սպասել, թե երբ է ավարտվելու B 250-ի սպասարկումը, որպեսզի հերթի թվերն առաջ գնան: Այսպես. C կարգի կտրոն ունեցող բաժանորդը, տեսնելով, որ օպերատորներից մեկի մոտ սպասող չկա, հետաքրքրվում է, թե արդյո՞ք նա չի կարող սպասարկել: "Ինչպե՞ս սպասարկեմ, եթե ձեր հերթի համարը չի գրվել էկրանին",- հնչում է պատասխանը: "Բայց չէ՞ որ իմ գործարքը քաղաքային հեռախոսակապի գծով է, իսկ մյուսներինը` բջջային, դուք էլ հիմա ազատ եք",- զարմանում է բաժանորդը: "Ազատ եմ, բայց չեմ կարող սպասարկել, մինչև ձեր հերթի համարը չգրվի, դե մեր ծրագիրն է այդպես, մենք հո չենք կարող ծրագրին կարգադրել",- հնչում է արդարացում-պատասխանը: Պարզապես զավեշտ է. վարձեր ընդունող օպերատորը պարապ նստած է, բայց վարձեր չի ընդունում, քանի որ մյուս համակարգիչների գործարքները չեն ավարտվել: Սա է նոր ծրագրի "տրամաբանությունը", և այդ "տրամաբանությամբ"  էլ հերթի կտրոնի վրա գրվում է` "Հերթի համարը` A 230, սպասողների թիվը` 6", կամ` "Հերթի համարը` C 163, սպասողների թիվը` 5": Հերթերի պատճառը, սակայն, ոչ միայն ծրագրի անհաջող դրվածքն է, այլև` համակարգչային ծրագրերի հետ կապված տեխնիկական թերությունը, որ այստեղ առկա էր նաև մինչև հերթի կտրոնի ներդրումը: Ասվածի մի ապացույց է այն, որ ժամանակ առ ժամանակ օպերատորներից մեկը հերթ կանգնածներին ի  գիտություն տեղեկացնում է, թե "ծրագիրս չի աշխատում, պետք է սպասեք`  մինչև աշխատի": Իսկ ծրագրի "գործադուլը" երբեմն կարող է տևել մինչև աշխատանքային օրվա վերջը, և տվյալ բաժանորդը ստիպված լինի հաջորդ օրն էլ գալ: "Ի՞նչ է, էլ ուրիշ բանուգործ չունեն՞ք, պետք է օրերով գանք էստեղ հերթ կանգնե՞նք", "Ուրեմն ես պետք է շեֆիցս թույլտվություն վերցնեմ, որ գամ էստեղ հերթ կանգնեմ",- պարբերաբար դժգոհում են բաժանորդները, որոնցից մի քանիսն այդ ընթացքում բջջայինով կապվում են տանեցիների հետ ու տեղեկացնում, որ "Բիլայնի" հերթում են: Երիտասարդ մի աղջիկ ընկերուհուն կատակով ասում էր` "Վայթե գնամ վազող տողով հայտարարություն տամ, որ ըստեղ եմ, տանը չանհագստանան": Դե պատկերացրեք այն մարդու վիճակը, ում հերթի համարը 310 է, իսկ էկրանին դեռ 240 է գրված, աշխատանքային օրն էլ ավարտին է մոտենում: Չնայած այս հիմնարկությունը շաբաթ օրն էլ է աշխատում, սակայն այդ օրը ոչ բոլոր ծառայությունների գծով համակարգիչներն են աշխատում. օրինակ` հեռախոսային խոսակցությունների վերծանման տվյալներ ստանալ ցանկացողներին շաբաթ օրը խնդրում էին այցելել երկուշաբթի, իսկ վարձ մուծել ցանկացողներին էլ ասում էին` <<Տվյալներ չենք կարող ասել, եթե դուք գումարի չափը գիտեք` մուծեք>>: Վիճակը կարող էր փոքր-ինչ թեթևացնել վարձեր ընդունող ապարատը, բայց այս դեպքում մարդիկ ստիպված են գումարը մուծել "կլորացված", քանի որ ապարատը մանրադրամ չի ընդունում և չի վերադարձնում: Իսկ 50-100 դրամ մնացորդ-պարտքի պատճառով հեռախոսը կարող է անջատվել: Վերջերս այստեղ դժգոհությունն այն աստիճանի էր, որ սրահի ադմինիստրատորը ստիպված էր նոր ներդրված ծրագրի "գլխով թռչել" և հայտարարել. "Ժողովուրդ, ովքեր վարձ են մուծելու, թող գան առանց կտրոնի էն պատուհանի մոտ հերթ կանգնեն": Այդ ժամանակ նոր դժգոհություն սկսվեց, քանի որ աստվածաշնչյան լեզվով ասած` "Առաջինները հայտնվեցին վերջում, իսկ վերջինները դարձան առաջիններ": "Ո՞նց, էսքան ժամանակ կտրոնով հերթ էինք պահել, հիմա հենց հերթներս մոտեցավ, նոր հերթ ե՞նք կանգնելու": Ի դեպ "Բիլայնի" վարձերի մուծման անդորրագրերը շուրջ 3 տարի է` Երևանի ԳՈՒՄ-ի անդորրագրեր են, այսինքն` ՀԴՄ կտրոնի կարգավիճակով են (սրանք կապ չունեն "հերթի կտրոնի" հետ): Այս հանգամանքը նպաստում է, որ շատերը ցանկանան հեռախոսավարձը "Բիլայնում", և ոչ թե բանկերում կամ փոստում մուծեն:
  ... Հերթի կտրոնային համակարգը նախատեսված է ներդնել նաև անձնագրային բաժիններում: Միգուցե այնտեղ դա իրեն արդարացնի, ինչը անարդյունավետ է "Բիլայնի" պարագայում:

                                                   Գայանե Հովսեփյան
                                                    "Անկախ" թերթ թիվ 41, դեկտեմբերի 9-16, 2010թ.

Հ.Գ. Սույն հրապարակումից անցել է մոտ 1 տարի, սակայն իրավիճակը հերթերի առումով մնում է նույնը, որին էլ 2011թ. նոյեմբերի 29-ին ավելացել էր հովհարային անջատումը, ինչը հիշեցրեց մկան պոչի ու ցախավելի մասին հայտնի անեկդոտը:

воскресенье, 27 ноября 2011 г.

Ավտովթար` Ձորագես ավանի վթարային կամրջի վրա


Վանաձոր-Ալավերդի ավտոմայրուղու` Ձորագես ավանի մուտքի մոտ գտնվող կամրջի աղետալի վիճակին անդրադարձել է <<Իրատես դե ֆակտո-ն>>` 8.07.2011թ. <<Վթարային իրավիճակ>> հոդվածում: Դրանից հետո հարցը բարձրացվել է նաև հոկտեմբեր ամսին` <<Դիպլոմատ>> և <<Ազատ անկախ>> կայքերում` <<Աղետի գոտին դարձել է ռիսկային գոտի>>: Անգամ facebook ցանցում է հարցը բարձրացվել: Ավելի վաղ էլ <<Ankakh.com>> կայքն էր հարցին անդրադարձել 5.11.2010թ. <<Գերեզմանագողերի, սրբապիղծ կովերի և այլնի մասին>>: Եվ մինչ համապատասխան մարմիններն այս ամենն անուշադրությանն էին մատնում, երեկ ահազանգ ստացանք Ձորագեսից, որ կամրջի վրա ավտովթար է տեղի ունեցել. նոյեմբերի 25-ի առավոտյան ժամը 10-ին Ալավերդի ուղևորվող <<Գազել>> մակնիշի բեռ տեղափոխող մեքենան կամրջից թռել-ընկել է գետը, բայց ոչ թե առանց բազրիքի հատվածից, այլ` բազրիքային մասից, որի երկաթե ճաղաշարի մի մասը մեքենայի բախման արդյունքում պոկվել-ընկել է գետը: Մեքենայի մեջ գտնվող 2 անձինք, որոնցից մեկը` վարորդը, տեղափոխվել են Վանաձորի հիվանդանոց: Այլ ուղևորներ չեն եղել մեքենայում: Ենթադրվում է, թե վթարի պատճառը ոչ այնքան կամրջի անբարեկարգ վիճակն է եղել, որքան` մերկասառույցը, քանի որ այս տեղեկությունը հայտնող բնակիչներից մեկն ասաց, թե <<Էդ դեպքից հետո նոր բերին ավազ շաղ տվին, ուրեմն մինչև մի բան չլներ, շաղ չէին տալու՞>>: Փաստորեն, պատկերավոր ասած` եթե կամուրջը մինչև հիմա միակողմանի էր <<կաղ>>, ապա ներկայումս` երկկողմանի, ինրն առավել վտանգավոր է դարձնում երթևեկությունը` նաև ավանի բնակիչների համար: Ի դեպ, այս հատվածում ավտոմեքենայի` գետն ընկնելու դեպքեր եղել են նաև խորհրդային տարիներին. մասնավորապես` ավտոբուս էր շրջվել: Կարծում ենք, կամուրջն անհրաժեշտ է հիմնովին բարենորոգել, և երկաթե բարձր ճաղաշար տեղադրել` ավտոմեքենաների հարկադրական <<թռիչքը>> դեպի գետ կանխելու նպատակով: Այս առնչությամբ ավանի բնակիչներից մեկը կատակեց. <<Համ էլ բալքի մինն ու մինն ուզում ա իրան գետը գցի, որ ճաղերը բարձր ըլեն, կարալ չի>>:
                                                                                                                                
                                                                                                                         Գայանե Հովսեփյան

суббота, 26 ноября 2011 г.

Կենտրոնացված ջեռուցումը «գրողի ծոցն» են ուղարկել




«Երեկ գազ տրվեց բնակելի և պետական 55 շենքերի: Ջեռուցվեց քաղաքի կանգուն մնացած շենքերի կեսը»,- գրել է Կիրովականի «Կայծ» թերթը  1988թ.  դեկտեմբերի   23-ին` Սպիտակի երկրաշարժից 16 օր անց: «Հույս ունենք ջեռուցել  քաղաքի գոնե կենտրոնական հատվածն ու Տարոն թաղամասը»,- նշել է Վանաձորի քաղխորհրդի նախագահի տեղակալը «Վերածնունդ» թերթի 1993թ. օգոստոսի 24-ի համարում: Դրանից հետո մի քանի տարի ողջ հանրապետությունը ջեռուցվում էր վառելափայտով և քարածխով. դրանք «մութուցրտի», հովհարային անջատումների (որ ավելի ճիշտ կլիներ «հովհարային միացում» կոչվեր, քանի որ լույսը տրվում էր մի քանի ժամով) տարիներն էին: 1996թ. հունվարից Վանաձորում շուրջօրյա էներգամատակարարումը վերականգնվեց` հաշվի առնելով աղետի գոտու հանգամանքը («Առավոտ», 11.01.96թ.), սակայն բնակչությունը դեռևս վառելիքի հույսին էր: 1997թ. Լոռու նախկին մարզպետ Վիգեն Խաչատրյանը Վանաձորի իշխանությունների առջև խնդիր դրեց` անցնել կենտրոնացված ջեռուցման և այդ առթիվ լուրջ տարաձայնություններ ունեցավ Վանաձորի նախկին քաղաքապետ Անդրանիկ Հարությունյանի հետ. վերջինս  պատճառաբանում էր, որ սոցիալական ծանր պայմանների պատճառով բնակչությունը չի կարող ջեռուցման վճարների «տակից դուրս գալ»: Իսկ 1998թ.-ից սկսած` կենտրոնացված ջեռուցման անհրաժեշտությունը Վանաձորում մղվեց հետին պլան. իշխանությունների ուշադրությունը կենտրոնացվեց գազիֆիկացման վրա` թերևս, թանկարժեք գազի վառարանների իրացման նպատակով: Մինչդեռ, ինչպես հայտնի է, կենտրոնացված ջեռուցումն ավելի մատչելի է և անվտանգ: Քաղաքային իշխանությունները վերջին 10 տարում, որպես կանոն, ձմռան նախապատրաստական աշխատանքների մասին խոսելիս նկատի են ունենում միայն քաղաքապետարանի ենթակայության հիմնարկ-ձեռնարկությունների ջեռուցումը, իսկ բնակչության ջեռուցման խնդիրը, փաստորեն, միմիայն իրենց` բնակիչներին է մտահոգում: Հետաքրքիր է, եթե կարելի է կաթսայատների օգնությամբ ջեռուցել հիմնարկները, ինչու՞ չի կարելի կազմակերպել բնակելի շենքերի ջեռուցումը. այնպես, ինչպես մայրաքաղաքում որոշ համատիրությունների կողմից է արվում: Վանաձորի շենքերի գերակշիռ մասը տարբեր աստիճանի վթարայնություն ունի, ինչն առավել վտանգավոր է դարձնում գազի վառարանների օգտագործումը` որպես ջեռուցման միջոց: Եվ մինչ կաթսայատների կամ ՋԷԿ-ի միջոցով բնակարանները ջեռուցելու խնդիրն իսպառ մոռացության է տրվում, ինչ-որ ձեռներեցներ չնչին գներով ջեռուցման մարտկոցներ են գնում բնակիչներից` որպես «մետաղի ջարդոն»: Չի բացառվում, որ դրանք հետագայում կրկին վաճառեն բնակիչների վրա, երբ կենտրոնացված ջեռուցման անհրաժեշտության գաղափարին հանգեն: Իսկ այս օրերին վանաձորյան որոշ շենքերի բակերում փայտասղոցման աշխատանքներ են տարվում: Փողոցներում էլ նկատվում են փայտի ու ցախի կապոցները թևատակին դրած կամ սայլակով քարշ տվող մարդիկ. այսինքն` անտառը շարունակում է հատվել, այնպես, ինչպես «ցուրտումթի» տարիներին:

           Գայանե Հովսեփյան, «Հրապարակ», 06.12.2008թ.

Հ.Գ. Սույն հրապարակումից անցել է 7 տարի, սակայն իրավիճակը ոչ միայն չի փոխվել, այլև` ավելի է վատթարացել: Ահա և ձեզ «տնտեսական առաջընթաց» վերջին 7 տարում, ինչպես պարբերաբար հավաստիացնում են իշխանավորները:
12.11.2015թ.

четверг, 24 ноября 2011 г.

AZAT ANKAKH-ը` կայացման փուլում

Նոյեմբերի 24-ին լրացավ  AZAT ANKAKH բլոգի  գործունեության 4-րդ ամիսը:  Այստեղ տեղադրվում են հասարակական հնչեղություն ունեցող հրապարակումներ`ներքաղաքական, սոցիալ-տնտեսական, իրավական թեմաներով, որոնց թվում` նաև այնպիսիք,  որոնք արդեն իսկ հրապարակվել են մամուլում, սակայն տվյալ թերթը կամ թերթի ինտերնետային արխիվը փակվել է, իսկ տվյալ հրապարակման մեջ բարձրացված խնդիրը շարունակում է մնալ արդիական: Բլոգի նյութերը տեղ են գտնում նաև Google ցանցում, այսինքն` Google ցանցի "որոնում" սյունակում գրելով AZATANKAKH blog կամ պարզապես AZATANKAKH, կարելի է գտնել այն բոլոր նյութերը, որոնք տեղ են գտել AZAT ANKAKH բլոգում (ինտերնետային հասցեն` azatankakh.blogspot.com): Բլոգի հեղինակին վերաբերվող "Профиль" գրառումը մատնանշելով էլ կարելի է կարդալ նաև մի քանի այլ ինտերնետային  կայքեր, որոնց թիվը պարբերաբար ավելացվում է հեղինակի կողմից: 4 ամսվա ընթացքում բլոգը ձեռք է բերել մշտական ընթերցողներ` Facebook ցանցի միջոցով, քանի որ բլոգի նյութերը մշտապես տեղադրվում են Facebook-ում ոչ միայն բլոգի հեղինակի ֆեյսբուքային էջում, այլև` ֆեյսբուքային խմբերում ("Բլոգային նորություններ", "Հայ լրագրողներ", "Մարդու իրավունքները Հայաստանում", "Հայկական տեղեկատվական կենտրոն" ): Բլոգի մի առավելությունը (միգուցե նաև` թերությունն) այն է, որ այն առայժմ տպագրվում է առանց որևէ դրամաշնորհային ծրագրի և հովանավորների, և առայժմ տեխնիկապես կատարելագործելու հնարավորություններ չկան: Կարծում ենք, սակայն, ամեն դեպքում կարևորը բովանդակությունն է, և ոչ թե` ձևը: 


                                                              Գայանե Հովսեփյան

четверг, 17 ноября 2011 г.

Հանուն հայուհի կնոջ իտալացին կնքվել է հայկական եկեղեցում


ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | ankakh | Նոյեմբերի 1, 2010 15:49

Լոռու մարզի Ձորագետ ավանում, որ տուրիզմի միջազգային կենտրոն է, այս տարի ամառային հանգիստն էր անցկացնում իտալացի երիտասարդ ընտանիքը: Եվա Պապիկյանը, որ քանդակագործ Հովսեփ Պապիկյանի և ֆլորիստ-դիզայներ Դոնարա Կոստանդյանի դուստրն է, այդտեղ էր գտնվում իտալացի ամուսնու` Բրունոյի հետ:
2003 թ. ավարտելով Երևանի գեղարվեստի ակադեմիայի արդյունաբերական գրաֆիկայի բաժինը` Եվան ուսումը շարունակել է Իտալիայի Միլան քաղաքում` «Բրերա» հաստատությունում (ազգային պատկերասրահին կից ակադեմիա): Այդ տարիներին հանդիպել է ապագա ամուսնուն` Բրունոյին, որը մինչ Եվայի հետ ծանոթանալը լսած չի եղել Հայաստանի մասին, բայց հանուն Եվայի կնքվել է հայկական եկեղեցում, որտեղ  էլ կայացել է նրանց պսակադրությունը: Ի դեպ, Եվան, որ մանուկ հասակում Տիգրան Հեքեքյանի երգչախմբում է եղել, Իտալիայում երգում է Միլանի հայկական եկեղեցու երգչախմբում:
«Իտալիայում ավելի շատ տպագի՞ր թերթ են կարդում, թե՞ ինտերնետից են օգտվում» հարցիս ի պատասխան  զրուցակիցներս հավաստեցին, որ թերթն առաջատար դիրքերում է, վաղ առավոտից մարդիկ շտապում են թերթ գնել: «Իսկ ինչու՞ ինտերնետի`սփյուռքահայ տպագրված թերթերի ցանկում իտալահայ թերթեր չկան», հարցիս Եվան պատասխանեց, որ պատճառը, թերևս, այն է, որ սփյուռքահայ այլ գաղութների համեմատությամբ Իտալիայում հայերն այնքան էլ շատ չեն. 4 մլն բնակիչ ունեցող Միլանում, օրինակ, մոտ 1000 հայ կա: «Իտալիայում որոշ թերթեր անվճար են տարածվում, քանի որ շահագրգռված են գովազդատուները»,- ասում է Եվան:
Իտալիան հայտնի է իր երգիչներով, փառատոներով, իտալացիները սենտիմենտալ, ռոմանտիկ մարդիկ են, բայց ինչու՞ է շատ տարածված «իտալական մաֆիա» արտահայտությունը: Այս հարցիս Եվան պատասխանեց. «Իտալական մաֆիա իսկապես կա, բայց այն չի երևում, թեպետ շատ հզոր է»: Ի տարբերություն Հայաստանի` Իտալիայում  մաֆիան մանր-մունր բաներով (օրինակ` ձեթի, ալյուրի, շաքարավազի ներկրման ոլորտում) չի զբաղվում, այլ` ավելի ծանրակշիռ գործերով է զբաղված` զենք, թմրանյութ, որից, սակայն, ժողովրդի կենսամակարդակը չի տուժում: Աշխատողների տարեկան եկամուտը 24 000 եվրո է: Հայերը Միլանում զբաղված են բիզնեսով, բայց, չգիտես ինչու, հայաստանյան ապրանք, հայկական խանութներ չկան (ի տարբերություն Ամերիկայի, Ֆրանսիայի, Բելգիայի): «Ռուսական խանութներ շատ կան», – նկատեց իմ զրուցակիցը:
Եվան պատմեց նաև հայ համայնքի մասին. շատ կազմակերպված են, միասին տոներ են նշում. «Այս տարի լավ Վարդավառ արեցինք»: «Այնտեղ է՞լ են միմյանց վրա ջուր լցնում» հարցիս պատասխանեց. «Նրանք` չէ, բայց հայերը միմյանց վրա ջուր լցնում են»:
Իմ զրուցակիցները հետևել են Եվրատեսիլին` հօգուտ Հայաստանի քվեարկելով: Բրունոն խոստովանեց, որ իրեն հոգեհարազատ է դուդուկի երաժշտությունը (այն հնչել էր Եվրատեսիլում` Ջիվան Գասպարյանի կատարմամբ): Հայկական երգչախմբերից հավանում է «Արմենոիդսին»: Սիրում է նաև Շառլ Ազնավուր լսել, դասական երաժշտություն: Եվրատեսիլում Իտալիան մասնակից չի ունեցել: Իսկ թե ինչու, Եվան պատասխանեց. «Նրանք շահագրգիռ են Սան Ռեմոյի համար: Ուզում են, որ նա ճանաչում ունենա»:
Հայ-թուրքական հարաբերությունների հարցում Բրունոն առաջխաղացում է նկատում: Հետևելով ներքաղաքական իրադարձություններին` նա եկել է այն եզրակացության, որ Թուրքիայի առաջադեմ մտավորականությունը, նոր սերունդը ընդունում են Հայոց ցեղասպանության փաստը:
Բրունոն հիացած էր Լոռվա բնությամբ, բայց նրա աչքից չէր վրիպել Ձորագետի լողափի աղտոտվածությունը. սննդի մնացորդներ, դատարկ շշեր, որի առնչությամբ հիասթափությամբ ասաց` նոն էպոլիտո (այսինքն` մաքուր չէ): Հայաստանում արդեն հասցրել է լինել 4 անգամ: Եվայի հետ այցելել են Մատենադարան, ազգային պատկերասրահ, ցեղասպանութան թանգարան, եղել են Սևանում, Գառնիում, Հաղպատում, Օձունում: Հայկական կերակրատեսակներից ո՞րն է նախընտրում հարցին Բրունոն միանգամից հայերեն պատասխանեց` խորոված:
Գայանե Հովսեփյան

Ե՞րբ են ասֆալտապատելու Վանաձորի «Լաչինի միջանցքը»` Աստված գիտե

       Վաղահաս ձմռան (որ վանաձորցիներն անվանում են «քյասիբի ձմեռ») այս օրերին Վանաձորում ամենավտանգավոր երթևեկությունը, թերևս, «Լաչինի միջանցք» կոչվող բացօթյա առևտրի վայրում է: Այս «միջանցքը», որ անկախության տարիների ծնունդ է, մոտ 15 տարի է` անբարեկարգ է. ձմռանը` սառցաթմբերի, մնացած եղանակներին` ցեխաճահճալճակների մեջ, որտեղ «անվտանգ երթևեկությունը» հնարավոր է միայն «կոշկանավակներով»: Իրավիճակը չնչին չափով մեղմում են միայն առևտրականների կողմից հարմարեցված տախտակամածներն ու բրեզենտե ծածկոցները, որոնք հովհարի դեր են կատարում: Տեղական իշխանության ներկայացուցիչները ժամանակ առ ժամանակ հավաստիացնում են, թե տարածքը պետք է ասֆալտապատվի, բայց` մանր-մունր կարկատանային նորոգումներից այն կողմ որևէ ծանրակշիռ բարենորոգում տեղի չի ունեցել: Դրա արդյունքում երբեմն «վթարներ» են լինում հատկապես «միջանցքի» միջին ու ստորին հատվածներում. օրինակ`բուսական յուղի շիշը ծամոնի տուփի հետ հայտնվում է ցեխի մեջ, կամ` ինչ-որ մեկի հագուստի կամ թևքի` ապրանքներին անզգույշ բախվելու դեպքում դրանք միանգամից թափվում են, իսկ դրան էլ հաջորդում են փոխադարձ մեղադրանքներով համեմված վիճաբանությունները` առևտրականների ու գնորդների միջև: Հորդ անձրևների ժամանակ կարելի է տեսնել նաև ցեխաջրի մեջ լողացող բանջարեղեն, միրգ: Անպակաս են բեռնասայլակավորների, բեռնակիրների ու անցորդների միջև բախումները: Մի խոսքով` իսկական «թուրքի բազար»: Ընդհանրապես, այս տարածքին կարելի է «Հատուկ կարգավիճակ» տալ և երթևեկության առանձին կանոններ սահմանել: Անցորդները մշտապես բարձրաձայն տրտնջում են. «Ըսենց էլ էս անտեր տեղը ասֆալտ չարվեց», «Անհնար ա առանց ոտ ու ձեռ ջարդելու ըստեղով անցնել», «Թու~, էլի էկանք ընկանք էս ցեխերը»: Վիճակն ավելի ողբերգական է դառնում, երբ բրեզենտե ծածկոցների վրա հավաքված անձրևաջուրը միանգամից թափվում է անցորդների գլխին: Որպես հարցի լուծման լավագույն տարբերակ` իշխանության ներկայացուցիչները բնակիչներին կոչ են անում փողոցից առևտուր չանել, մատնացույց անելով խանությերի տեղը, բայց չէ՞ որ այս հատվածում միայն փողոցային առևտուր չի իրականացվում, այստեղ տեղադրված են նաև խանութներ, փակ տաղավարներ (օրերս էլ հերթական խանութը բացվեց` «Լաչին Սիթի»), որոնց մոտենալու համար մարդիկ պետք է մտնեն այդ փողոցը: Բացօթյա առևտրով զբաղվող գործարարներից էլ կանոնավոր կարգով  տուրք է գանձվում: Նրանցից մեկն անգամ դժգոհեց. «Փող հավաքելիս լավ են, բայց մի հատ չեն մտածում էս տարածքը բարեկարգելու մասին»: Մի խոսքով, Վանաձորի «Լաչինի միջանցքում» կրկին ցեխալճակների, սառցաթմբերի ու ձնախառն ձկնաջրերի բուռն շրջան է, և մարդիկ ստիպված են լարախաղացի նման ոստոստալով քայլել և հնարավոր վայրէջքը կանխելու նպատակով կառչել միմյանց թևից կամ հագուստից: Ընդհանարպես, մարդկանց կոշիկներին նայելով կարելի է ստույգ որոշել, թե այդ օրը նա եղե՞լ է «Լաչինի միջանցքում»:
                                                                   Գայանե Հովսեփյան