Վաղահաս ձմռան (որ վանաձորցիներն անվանում են «քյասիբի ձմեռ») այս օրերին Վանաձորում ամենավտանգավոր երթևեկությունը, թերևս, «Լաչինի միջանցք» կոչվող բացօթյա առևտրի վայրում է: Այս «միջանցքը», որ անկախության տարիների ծնունդ է, մոտ 15 տարի է` անբարեկարգ է. ձմռանը` սառցաթմբերի, մնացած եղանակներին` ցեխաճահճալճակների մեջ, որտեղ «անվտանգ երթևեկությունը» հնարավոր է միայն «կոշկանավակներով»: Իրավիճակը չնչին չափով մեղմում են միայն առևտրականների կողմից հարմարեցված տախտակամածներն ու բրեզենտե ծածկոցները, որոնք հովհարի դեր են կատարում: Տեղական իշխանության ներկայացուցիչները ժամանակ առ ժամանակ հավաստիացնում են, թե տարածքը պետք է ասֆալտապատվի, բայց` մանր-մունր կարկատանային նորոգումներից այն կողմ որևէ ծանրակշիռ բարենորոգում տեղի չի ունեցել: Դրա արդյունքում երբեմն «վթարներ» են լինում հատկապես «միջանցքի» միջին ու ստորին հատվածներում. օրինակ`բուսական յուղի շիշը ծամոնի տուփի հետ հայտնվում է ցեխի մեջ, կամ` ինչ-որ մեկի հագուստի կամ թևքի` ապրանքներին անզգույշ բախվելու դեպքում դրանք միանգամից թափվում են, իսկ դրան էլ հաջորդում են փոխադարձ մեղադրանքներով համեմված վիճաբանությունները` առևտրականների ու գնորդների միջև: Հորդ անձրևների ժամանակ կարելի է տեսնել նաև ցեխաջրի մեջ լողացող բանջարեղեն, միրգ: Անպակաս են բեռնասայլակավորների, բեռնակիրների ու անցորդների միջև բախումները: Մի խոսքով` իսկական «թուրքի բազար»: Ընդհանրապես, այս տարածքին կարելի է «Հատուկ կարգավիճակ» տալ և երթևեկության առանձին կանոններ սահմանել: Անցորդները մշտապես բարձրաձայն տրտնջում են. «Ըսենց էլ էս անտեր տեղը ասֆալտ չարվեց», «Անհնար ա առանց ոտ ու ձեռ ջարդելու ըստեղով անցնել», «Թու~, էլի էկանք ընկանք էս ցեխերը»: Վիճակն ավելի ողբերգական է դառնում, երբ բրեզենտե ծածկոցների վրա հավաքված անձրևաջուրը միանգամից թափվում է անցորդների գլխին: Որպես հարցի լուծման լավագույն տարբերակ` իշխանության ներկայացուցիչները բնակիչներին կոչ են անում փողոցից առևտուր չանել, մատնացույց անելով խանությերի տեղը, բայց չէ՞ որ այս հատվածում միայն փողոցային առևտուր չի իրականացվում, այստեղ տեղադրված են նաև խանութներ, փակ տաղավարներ (օրերս էլ հերթական խանութը բացվեց` «Լաչին Սիթի»), որոնց մոտենալու համար մարդիկ պետք է մտնեն այդ փողոցը: Բացօթյա առևտրով զբաղվող գործարարներից էլ կանոնավոր կարգով տուրք է գանձվում: Նրանցից մեկն անգամ դժգոհեց. «Փող հավաքելիս լավ են, բայց մի հատ չեն մտածում էս տարածքը բարեկարգելու մասին»: Մի խոսքով, Վանաձորի «Լաչինի միջանցքում» կրկին ցեխալճակների, սառցաթմբերի ու ձնախառն ձկնաջրերի բուռն շրջան է, և մարդիկ ստիպված են լարախաղացի նման ոստոստալով քայլել և հնարավոր վայրէջքը կանխելու նպատակով կառչել միմյանց թևից կամ հագուստից: Ընդհանարպես, մարդկանց կոշիկներին նայելով կարելի է ստույգ որոշել, թե այդ օրը նա եղե՞լ է «Լաչինի միջանցքում»:
Գայանե Հովսեփյան
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն