четверг, 17 ноября 2011 г.

Հանուն հայուհի կնոջ իտալացին կնքվել է հայկական եկեղեցում


ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | ankakh | Նոյեմբերի 1, 2010 15:49

Լոռու մարզի Ձորագետ ավանում, որ տուրիզմի միջազգային կենտրոն է, այս տարի ամառային հանգիստն էր անցկացնում իտալացի երիտասարդ ընտանիքը: Եվա Պապիկյանը, որ քանդակագործ Հովսեփ Պապիկյանի և ֆլորիստ-դիզայներ Դոնարա Կոստանդյանի դուստրն է, այդտեղ էր գտնվում իտալացի ամուսնու` Բրունոյի հետ:
2003 թ. ավարտելով Երևանի գեղարվեստի ակադեմիայի արդյունաբերական գրաֆիկայի բաժինը` Եվան ուսումը շարունակել է Իտալիայի Միլան քաղաքում` «Բրերա» հաստատությունում (ազգային պատկերասրահին կից ակադեմիա): Այդ տարիներին հանդիպել է ապագա ամուսնուն` Բրունոյին, որը մինչ Եվայի հետ ծանոթանալը լսած չի եղել Հայաստանի մասին, բայց հանուն Եվայի կնքվել է հայկական եկեղեցում, որտեղ  էլ կայացել է նրանց պսակադրությունը: Ի դեպ, Եվան, որ մանուկ հասակում Տիգրան Հեքեքյանի երգչախմբում է եղել, Իտալիայում երգում է Միլանի հայկական եկեղեցու երգչախմբում:
«Իտալիայում ավելի շատ տպագի՞ր թերթ են կարդում, թե՞ ինտերնետից են օգտվում» հարցիս ի պատասխան  զրուցակիցներս հավաստեցին, որ թերթն առաջատար դիրքերում է, վաղ առավոտից մարդիկ շտապում են թերթ գնել: «Իսկ ինչու՞ ինտերնետի`սփյուռքահայ տպագրված թերթերի ցանկում իտալահայ թերթեր չկան», հարցիս Եվան պատասխանեց, որ պատճառը, թերևս, այն է, որ սփյուռքահայ այլ գաղութների համեմատությամբ Իտալիայում հայերն այնքան էլ շատ չեն. 4 մլն բնակիչ ունեցող Միլանում, օրինակ, մոտ 1000 հայ կա: «Իտալիայում որոշ թերթեր անվճար են տարածվում, քանի որ շահագրգռված են գովազդատուները»,- ասում է Եվան:
Իտալիան հայտնի է իր երգիչներով, փառատոներով, իտալացիները սենտիմենտալ, ռոմանտիկ մարդիկ են, բայց ինչու՞ է շատ տարածված «իտալական մաֆիա» արտահայտությունը: Այս հարցիս Եվան պատասխանեց. «Իտալական մաֆիա իսկապես կա, բայց այն չի երևում, թեպետ շատ հզոր է»: Ի տարբերություն Հայաստանի` Իտալիայում  մաֆիան մանր-մունր բաներով (օրինակ` ձեթի, ալյուրի, շաքարավազի ներկրման ոլորտում) չի զբաղվում, այլ` ավելի ծանրակշիռ գործերով է զբաղված` զենք, թմրանյութ, որից, սակայն, ժողովրդի կենսամակարդակը չի տուժում: Աշխատողների տարեկան եկամուտը 24 000 եվրո է: Հայերը Միլանում զբաղված են բիզնեսով, բայց, չգիտես ինչու, հայաստանյան ապրանք, հայկական խանութներ չկան (ի տարբերություն Ամերիկայի, Ֆրանսիայի, Բելգիայի): «Ռուսական խանութներ շատ կան», – նկատեց իմ զրուցակիցը:
Եվան պատմեց նաև հայ համայնքի մասին. շատ կազմակերպված են, միասին տոներ են նշում. «Այս տարի լավ Վարդավառ արեցինք»: «Այնտեղ է՞լ են միմյանց վրա ջուր լցնում» հարցիս պատասխանեց. «Նրանք` չէ, բայց հայերը միմյանց վրա ջուր լցնում են»:
Իմ զրուցակիցները հետևել են Եվրատեսիլին` հօգուտ Հայաստանի քվեարկելով: Բրունոն խոստովանեց, որ իրեն հոգեհարազատ է դուդուկի երաժշտությունը (այն հնչել էր Եվրատեսիլում` Ջիվան Գասպարյանի կատարմամբ): Հայկական երգչախմբերից հավանում է «Արմենոիդսին»: Սիրում է նաև Շառլ Ազնավուր լսել, դասական երաժշտություն: Եվրատեսիլում Իտալիան մասնակից չի ունեցել: Իսկ թե ինչու, Եվան պատասխանեց. «Նրանք շահագրգիռ են Սան Ռեմոյի համար: Ուզում են, որ նա ճանաչում ունենա»:
Հայ-թուրքական հարաբերությունների հարցում Բրունոն առաջխաղացում է նկատում: Հետևելով ներքաղաքական իրադարձություններին` նա եկել է այն եզրակացության, որ Թուրքիայի առաջադեմ մտավորականությունը, նոր սերունդը ընդունում են Հայոց ցեղասպանության փաստը:
Բրունոն հիացած էր Լոռվա բնությամբ, բայց նրա աչքից չէր վրիպել Ձորագետի լողափի աղտոտվածությունը. սննդի մնացորդներ, դատարկ շշեր, որի առնչությամբ հիասթափությամբ ասաց` նոն էպոլիտո (այսինքն` մաքուր չէ): Հայաստանում արդեն հասցրել է լինել 4 անգամ: Եվայի հետ այցելել են Մատենադարան, ազգային պատկերասրահ, ցեղասպանութան թանգարան, եղել են Սևանում, Գառնիում, Հաղպատում, Օձունում: Հայկական կերակրատեսակներից ո՞րն է նախընտրում հարցին Բրունոն միանգամից հայերեն պատասխանեց` խորոված:
Գայանե Հովսեփյան

1 комментарий:

  1. Նախորդ հրապարակումից 2 տարի անց,այս տարվա օգոստոսին Եվան ու Բրունոն կրկին իրենց ամառային հանգիստն էին անցկացնում Ձորագեսում:Նրանց հետ էին նաեւ Եվայի ծնողներն ու քույրը՝Էլենը:Նկարները կան ֆեյսբուքի Եվայի էջում;Ի դեպ,Եվան ֆեյսբուքում շատ ակտիվ է,եւ Իտալիայից մշտապես հայանպաստ լոբբինգ է անում,սակայն միաժամանակ հարկ եղած դեպքում դատապարտում է հասարակական արատավոր երեւույթները/որոնց թվում՝հայկական բանակում առկա բացասական միտումները/;

    ОтветитьУдалить

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն