вторник, 29 ноября 2011 г.

Հերթի կտրոնը` նոր հերթերի պատճառ



  Մոտ 2 ամիս է` "Բիլայն" Վանաձորի բաժանմունքի սպասարկման կենտրոնում նոր կարգ է ներդրվել. սպասարկման բաժնի ծառայություններից օգտվել ցանկացողները նախապես պետք է հերթի կտրոն վերցնեն (A, B, C համարանիշերով` ըստ ծառայությունների տեսակի) և ուշադիր հետևեն սրահում տեղակայված էկրաններին, տեսնելու, թե երբ է գրվելու իրենց հերթի համարը: Նրանք, ովքեր արդեն փորձով համոզվել են, որ առաջիկա մի քանի ժամում իրենց հերթի համարը չի մոտենա, գնում են այլ գործերով և մի քանի ժամից վերադառնում: Իսկ այդ դեպքում հերթը ոչ միայն կարող է հասած, այլև անցած լինել, և տվյալ բաժանորդը ստիպված է նոր կտրոն վերցնել (եթե իհարկե աշխատանքային օրն ավարտին չի մոտենում): Հաճախ էլ կարող է այդ օրը ընդհանրապես տվյալ բաժանորդի հերթը չհասնել: Նոր կարգը ոչ միայն չի պակասեցնում, այլև ավելացնում է մարդկանց հերթը, երկարաձգում սպասումները, քանի որ նոր ծրագիրը լուրջ բացասական կողմ ունի. այն է` հերթի թվային համարները ոչ թե ըստ ծառայությունների են, այլ միասնական ուղղությամբ են առաջ շարժվում: Այս պայմաններում մի համակարգչային օպերատորը կարող է թերբեռնվածությամբ աշխատել կամ ընդհանրապես պարապ լինել, իսկ C կարգ ունեցող 280 համարը, օրինակ, սպասել, թե երբ է ավարտվելու B 250-ի սպասարկումը, որպեսզի հերթի թվերն առաջ գնան: Այսպես. C կարգի կտրոն ունեցող բաժանորդը, տեսնելով, որ օպերատորներից մեկի մոտ սպասող չկա, հետաքրքրվում է, թե արդյո՞ք նա չի կարող սպասարկել: "Ինչպե՞ս սպասարկեմ, եթե ձեր հերթի համարը չի գրվել էկրանին",- հնչում է պատասխանը: "Բայց չէ՞ որ իմ գործարքը քաղաքային հեռախոսակապի գծով է, իսկ մյուսներինը` բջջային, դուք էլ հիմա ազատ եք",- զարմանում է բաժանորդը: "Ազատ եմ, բայց չեմ կարող սպասարկել, մինչև ձեր հերթի համարը չգրվի, դե մեր ծրագիրն է այդպես, մենք հո չենք կարող ծրագրին կարգադրել",- հնչում է արդարացում-պատասխանը: Պարզապես զավեշտ է. վարձեր ընդունող օպերատորը պարապ նստած է, բայց վարձեր չի ընդունում, քանի որ մյուս համակարգիչների գործարքները չեն ավարտվել: Սա է նոր ծրագրի "տրամաբանությունը", և այդ "տրամաբանությամբ"  էլ հերթի կտրոնի վրա գրվում է` "Հերթի համարը` A 230, սպասողների թիվը` 6", կամ` "Հերթի համարը` C 163, սպասողների թիվը` 5": Հերթերի պատճառը, սակայն, ոչ միայն ծրագրի անհաջող դրվածքն է, այլև` համակարգչային ծրագրերի հետ կապված տեխնիկական թերությունը, որ այստեղ առկա էր նաև մինչև հերթի կտրոնի ներդրումը: Ասվածի մի ապացույց է այն, որ ժամանակ առ ժամանակ օպերատորներից մեկը հերթ կանգնածներին ի  գիտություն տեղեկացնում է, թե "ծրագիրս չի աշխատում, պետք է սպասեք`  մինչև աշխատի": Իսկ ծրագրի "գործադուլը" երբեմն կարող է տևել մինչև աշխատանքային օրվա վերջը, և տվյալ բաժանորդը ստիպված լինի հաջորդ օրն էլ գալ: "Ի՞նչ է, էլ ուրիշ բանուգործ չունեն՞ք, պետք է օրերով գանք էստեղ հերթ կանգնե՞նք", "Ուրեմն ես պետք է շեֆիցս թույլտվություն վերցնեմ, որ գամ էստեղ հերթ կանգնեմ",- պարբերաբար դժգոհում են բաժանորդները, որոնցից մի քանիսն այդ ընթացքում բջջայինով կապվում են տանեցիների հետ ու տեղեկացնում, որ "Բիլայնի" հերթում են: Երիտասարդ մի աղջիկ ընկերուհուն կատակով ասում էր` "Վայթե գնամ վազող տողով հայտարարություն տամ, որ ըստեղ եմ, տանը չանհագստանան": Դե պատկերացրեք այն մարդու վիճակը, ում հերթի համարը 310 է, իսկ էկրանին դեռ 240 է գրված, աշխատանքային օրն էլ ավարտին է մոտենում: Չնայած այս հիմնարկությունը շաբաթ օրն էլ է աշխատում, սակայն այդ օրը ոչ բոլոր ծառայությունների գծով համակարգիչներն են աշխատում. օրինակ` հեռախոսային խոսակցությունների վերծանման տվյալներ ստանալ ցանկացողներին շաբաթ օրը խնդրում էին այցելել երկուշաբթի, իսկ վարձ մուծել ցանկացողներին էլ ասում էին` <<Տվյալներ չենք կարող ասել, եթե դուք գումարի չափը գիտեք` մուծեք>>: Վիճակը կարող էր փոքր-ինչ թեթևացնել վարձեր ընդունող ապարատը, բայց այս դեպքում մարդիկ ստիպված են գումարը մուծել "կլորացված", քանի որ ապարատը մանրադրամ չի ընդունում և չի վերադարձնում: Իսկ 50-100 դրամ մնացորդ-պարտքի պատճառով հեռախոսը կարող է անջատվել: Վերջերս այստեղ դժգոհությունն այն աստիճանի էր, որ սրահի ադմինիստրատորը ստիպված էր նոր ներդրված ծրագրի "գլխով թռչել" և հայտարարել. "Ժողովուրդ, ովքեր վարձ են մուծելու, թող գան առանց կտրոնի էն պատուհանի մոտ հերթ կանգնեն": Այդ ժամանակ նոր դժգոհություն սկսվեց, քանի որ աստվածաշնչյան լեզվով ասած` "Առաջինները հայտնվեցին վերջում, իսկ վերջինները դարձան առաջիններ": "Ո՞նց, էսքան ժամանակ կտրոնով հերթ էինք պահել, հիմա հենց հերթներս մոտեցավ, նոր հերթ ե՞նք կանգնելու": Ի դեպ "Բիլայնի" վարձերի մուծման անդորրագրերը շուրջ 3 տարի է` Երևանի ԳՈՒՄ-ի անդորրագրեր են, այսինքն` ՀԴՄ կտրոնի կարգավիճակով են (սրանք կապ չունեն "հերթի կտրոնի" հետ): Այս հանգամանքը նպաստում է, որ շատերը ցանկանան հեռախոսավարձը "Բիլայնում", և ոչ թե բանկերում կամ փոստում մուծեն:
  ... Հերթի կտրոնային համակարգը նախատեսված է ներդնել նաև անձնագրային բաժիններում: Միգուցե այնտեղ դա իրեն արդարացնի, ինչը անարդյունավետ է "Բիլայնի" պարագայում:

                                                   Գայանե Հովսեփյան
                                                    "Անկախ" թերթ թիվ 41, դեկտեմբերի 9-16, 2010թ.

Հ.Գ. Սույն հրապարակումից անցել է մոտ 1 տարի, սակայն իրավիճակը հերթերի առումով մնում է նույնը, որին էլ 2011թ. նոյեմբերի 29-ին ավելացել էր հովհարային անջատումը, ինչը հիշեցրեց մկան պոչի ու ցախավելի մասին հայտնի անեկդոտը:

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն