տեղեկատվական-վերլուծական, իրավապաշտպան,ազատ,անկախ,այլընտրանքային բլոգ ՝հիմնադրված 2011թվի հուլիսի 24-ին ՝Վանաձորում: Լրացավ բլոգի գործունեության 10-րդ տարին: www.azatankakh.blogspot.com, e-mail; gayane1960@gmail.com
суббота, 28 апреля 2012 г.
Անձնագրային բաժիններում բլանկները «քչություն» են անում
Ամենայն հավանականությամբ, ընտրողների մի զգալի հատված չի մասնակցի ընտրություններին` անձնագրերի հետ կապված լուրջ խնդրի պատճառով: Մի քանի օր առաջ ՀԱԿ ակտիվիստ Օֆելյա Միրզոյանն ահազանգեց, որ անձնագրի ժամկետը լրանալու պատճառով այն փոխել ցանկացող քաղաքացիներին Վանաձորի անձնագրային բաժնում հայտնում են, որ «կգաք 15 օր հետո», և ոչ մի երաշխիք չկա, որ 15 օր հետո էլ մարդիկ իրենց անձնագիրը կստանան, քանի որ պատճառաբանում են, որ «բլանկներ չկան»: Ընդ որում , օրերս պարզվեց, որ վիճակը նույնն է նաև մայրաքաղաքում: Մխիթարյանը ՀԱԿ վստահված անձ է, և տարակուսում էր, թե ինչպես է կատարելու իր պարտավորությունները թե որպես վստահված անձ, թե որպես ընտրող: «Իսկ ՀԱԿ գրասենյակում տեղյա՞կ են», հարցիս ասաց. «Տեղյակ են, բայց հիմա նրանք ժամանակ չունեն նման հարցերով զբաղվելու, ամբողջ օրը քարոզչությամբ են զբաղված»: Նաև նկատեց, որ անձնագիրը պարտավոր են 5 օրում հատկացնել: Ապրիլի 27-ին անձնագրային բաժին մեր այցելության պահին ևս դժգոհություններ էին հնչում քաղաքացիներից. «20 օր առաջ եմ տվել, ինչի՞ չի պատրաստ», - վրդովված էին 2 կանայք: Իսկ նրանց, ում ասել էին 15 օր հետո, պատրաստ չլինելու պատճառով նոր ժամկետ ասացին` կգաք մայիսի 4-ին: Վերոնշյալ Օ. Միրզոյանին էլ մայիսի 2-ին էին կանչել, բայց նա ևս հույս չուներ, որ այդ օրը պատրաստ կլինի անձնագիրը: Իսկ առջևում մայիսի 6-ին խորհրդարանական ընտրություններն են: Անձնագրերը ժամանակին չստանալու պատճառով շահագրգիռ անձինք ստիպված են «9-րդ ձև» կոչվող տեղեկանք ձեռք բերել, բայց դա շարքային քաղաքացու համար ավելի թանկ հաճույք է` 2000դրամ, քան` անձնագիրը, որ ստանալու համար 1200 դրամ պետք է մուծեն: Ի դեպ, մեզ առայժմ չհաջողվեց պարզել, թե երբվանի՞ց է «9-րդ ձև»-ը դարձել 2000 դրամ, քանի որ տարիներ առաջ այն անվճար էր: Կարծում ենք, սա ոչ միայն մարդու տարրական իրավունքների ոտնահարում է, այլև լրացուցիչ ժամանակ ու գումարներ է պահանջում: Դե պատկերացրեք այն մարդու վիճակը, ով քաղաքի մի ծայրից տրանսպորտով հասել է կենտրոն, ու նրան ասում են` պատրաստ չի, մի քանի օր հետո կգաք: Առավել տխուր կլինի մարզի այլ բնակավայրերից եկողների վիճակը: Այս ամենը լուրջ խոչընդոտ է ընտրությունների շեմին նրանց համար, ովքեր քվեարկում են խղճի համաձայն, առանց ընտրակաշառքների:
Գայանե Հովսեփյան
четверг, 26 апреля 2012 г.
Ի՞նչ էին ասում կոմունիստները
Հայկոմկուսի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի հանդիպմանը, որ տեղի ունեցավ ապրիլի 25-ին Վանաձորի երկաթուղայինների ակումբում, ուղևորվելիս զարմանքով նկատեցինք, որ ակումբի հարևանությամբ նարդի խաղացող տարեցներն անգամ չեն մասնակցում հանդիպմանը, և շատ ոգևորված խաղում էին, համենայն դեպս, դահլիճի 1/3-ը լցված էր, անգամ տարեց կանայք կային` կոմկուսի նվիրյալ: Մեր այցելության պահին Ռ. Թովմասյանն արդեն խոսում էր սպառողների իրավունքների մշտական խախտումներից. «Ով ասի, թե հացի 1 կգ-ն ինչ արժի Հայաստանում, կարժանանա պետական մրցանակի»: Այնուհետ անցավ հացի որակին ու այդ բնագավառում ամենաթողությանը, հսկողության բացակայությանը. «Կաշին պինդ է, ծամել չի լինում, լաբորատորիաներ չկան…»: Դե, բնականաբար, մինչ այդ Թովմասյանն արդեն հասցրել էր խոսել սոցիալիզմի առավելություններից ու փնովել ներկայիս հասարակարգը: Իսկ որպես այլընտրանք` այս հասարակարգին, ինչպես միշտ, վկայակոչեց կոմունիստական Չինաստանի մոդելը: Նրա ելույթից հետո ևս մեկ կոմունիստ` տարեց վանաձորցի, ցանկություն հայտնեց ելույթ ունենալ բեմից ու մտահոգություն հայտնեց` երկրի դատարկվելու առնչությամբ. «Բա մեղք չի՞ էս ժողովուրդը, մնացել են մեր նման տարեցները»: Եվս մեկն էլ հարց բարձրացրեց` տեղից. «30 տարվա շինարար եմ, էս շենքերը մենք ենք սարքել, աշխատանք չեն տալիս, որ ապրեմ»: Միջոցառումից հետո ընկ. Թովմասյանից հետաքրքրվեցի, թե ինչու՞ կոմկուսի բուկլետներում կուսակցության համամասնական ցուցակի գոնե առաջին տասնյակը չի ներկայացված (միայն առաջին 3 տեղերի թեկնածուների անունները ներկայացված էին պլակատում, որ պետք է փակցնեին պատերին): Բանախոսը պատճառաբանեց, որ փոքր բուկլետում հնարավոր չէր ցուցակ տեղավորել: Իսկ երբ հիշատակեցի, որ քաղաքական այլ ուժեր (օրինակ` ՀԱԿ-ը) ցուցակի բոլոր անդամների անունները տպագրել են իրենց բուկլետներում, նկատեց, որ ի տարբերություն ՀԱԿ-ի, իրենք թերթ չունեն, որ մեծ ցուցակ տպեն, սակայն համոզմունք հայտնեց, որ կոմկուսի Facebook-ի էջում ցուցակը տեղադրված է: Երբ նկատեցի, որ Facebook-ի էջում նայել եմ` չկա, նա անմիջապես բջջայինով կապվեց էջի պատասխանատուի հետ և համոզվեց, որ համամասնական ցուցակը չի տեղադրված, և խոստացավ տեղադրել: «Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կա այդ ցուցակը», - հավաստիացրեց Թովմասյանին ուղեկցողներից մեկը` մայրաքաղաքից: Հազիվ թե այդ հավաստիացումը մխիթարի շարքային ընտրողին, որն ուզում է համոզված լինել, թե ում է ընտրում` ի դեմս կոմկուսի: Ձայն տվողը պետք է իմանա, թե կոնկրետ ու՞մ պետք է գնա իր ձայնը, եթե տվյալ կուսակցությունը հաղթահարի 5 տոկոսի շեմը: Ի դեպ, կոմկուսը միակ կուսակցությունը չէ, որի համամասնական ցուցակը բուկլետում չկա:
… «Լևոն Տեր-Պետրոսյանը կարծիք է հայտնել, որ ավելի լավ է երկիրը կառավարեն դաշնակներն ու կոմունիստները, քան` հանրապետականները: Կոմունիստները համաձա՞յն են դրան, չէ՞ որ դաշնակներն ու կոմունիստները միշտ կատաղի հակառակորդներ են եղել»,- իմ այս հարցին, որ ուղղել էի կոմկուսի Facebook-ի էջին, պատասխանել էին, որ «հանուն հայ ժողովրդի կոմունիստները ամեն ինչի պատրաստ են»: Իսկ այս կապակցությամբ Ռ. Թովմասյանը մասնավորապես տեղին համարեց իր քաղաքական հակառակորդ Լևոն Տեր-Պետրոսյանի դիտարկումը. «Էսքան ժամանակ վերջապես մի շատ խելացի միտք է հայտնել»:
Ի դեպ, հայկոմկուսի նախընտրական բուկլետում ոչ միայն քննադատություն կա ներկա իշխանությունների և հասարակարգի հասցեին, այլև` դրվատանքի խոսքեր են այդտեղ տեղ գտել: Ահավասիկ` «Վերջին 20 տարիներին միակ փայլուն հաջողությունը Հայոց Բանակի ստեղծումն ու նրա մարտունակության ապահովումն է, որը տարածաշրջանում ամենամարտունակն է»:
Գայանե Հովսեփյան
Անհավասար մրցակցության պատճառներն ու հետևանքները
Հետաքրքիր է, այն, ինչ ցուցադրվում է վանաձորյան հեռուստատեսությամբ (իշխող կուսակցության անդամ պատգամավորների գործունեության լուսաբանում ու քարոզչություն, որն առավելապես մեծարանքի ցերեկույթ է հիշեցնում) քաղաքական գովա՞զդ է, թե՞` ոչ (քանի որ 1 ամիս առաջ հայտարարվել էր, որ մարզային հեռուստաընկերությունները քաղաքական գովազդ չեն տալու` ոչ եկամտաբեր լինելու պատճառաբանությամբ): Իսկ ի՞նչ պակաս քաղաքական գովազդ է (ես կասեի` “սուպերգովազդ”), երբ բնակիչներն իրարից հերթ խլելով փառաբանում են իշխող կուսակցության պատգամավորին` տանիք նորոգելու, դպրոցին ավտոբուս նվիրելու, ուսանողի ուսման վարձը վճարելու համար: Բա հետո էլ ԿԳ նախարար Աշոտյանը քննադատում էր, թե չի կարելի ուսանողներին բարեգործներից կախման մեջ դնել, այլ պետք է պետական հովանավորություն լինի: Թե՞ դա միայն ԲՀԿ-ին է վերաբերվում (ավելի ճիշտ` արգելվում), ՀՀԿ-ին չի վերաբերվում: Հիմա եթե մարդկանց ապրիլի 26-ի դրությամբ հարցումներ անեն, թե ովքե՞ր են թիվ 29 և 31 տարածքի պատգամավորության այլ թեկնածուներ, բացի գործող պատգամավորներից, որոնց գովքն առավոտից երեկո գնում է, հաստատ չեն իմանա, քանի որ “այլընտրանքային” թեկնածուների անունները շատ քիչ են հիշատակվում: Կուսակցությունների պարագայում էլի “մխիթարություն” է, որ դահլիճներ են տրամադրվում, հանդիպումները ` լուսաբանվում, սակայն ընդդիմության պարագայում դահլիճները հիմնականում կիսադատարկ են լինում: Սա ոչ այնքան վախի մթնոլորտի արդյունք է, ինչպես հեռուստատեսությամբ հավաստում էր դեմոկրատական կուսակցության առաջնորդը` Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում սակավաթիվ մարդկանց հետ հանդիպումից հետո, այլ` չտեղեկացվածության, որովհետև մարդիկ եթե նախապես իմանան, որ հանդիպում է լինելու, առնվազն հետաքրքությունից կգնան: Բայց` վախի գործոնն էլ կա. վախ, ոչ միայն աշխատանքից, այլև… ընտրակաշառքից զրկվելու պատճառով: Ապրիլի 25-ին Վանաձորի երկաթուղայինների ակումբում կոմունիստների նախընտրական հանդիպումից հետո 2 կանայք զրույցի ընթացքում կես-լուրջ, կես-կատակ հայտնեցին, թե “տնեցիք” մտահոգված են, որ եթե իրենք գնան կոմկուսի ժողովին, ընտանիքը կզրկվի ընտրակաշառքից: Սա` մարզկենտրոնի պարագայում, գյուղերի պարագայում վախը կապված է նաև գյուղապետի “աչքից չընկնելու”, “թիրախի” տակ չհայտնվելու հետ: Ապրիլի 23-ին ընդդիմադիր ՀԱԿ թեկնածուներից մեկի նախընտրական հանդիպման լուսաբանումն էր վանաձորյան հեռուստատեսությամբ: Թեկնածուն խելացի մտքեր էր արտահայտում պատգամավորի դերի ու նշանակության մասին (այն, որ պատգամավորի գործն ասֆալտ քաշելն ու տանիք նորոգելը չէ, այլ` օրենքներ մշակելը ), նաև մրցակցին հրավիրում էր բանավեճի: Բայց ի՞նչ օգուտ խելացի մտքերից, եթե հանդիպմանը գյուղամիջի պատի տակ նստած ու կտուրներից “ծիկրակող” մի քանի մարդիկ էին “ինտեգրված “: Իսկ այն ընտրատարածքը (թիվ 31), որտեղ առաջադրվել էր թեկնածուն, մարզկենտրոնի հեռուստաստուդիաների “ձայնը” չի հասնում: Ի՞նչ հասանելության մասին կարող է խոսք լինել` մարզկենտրոնի հեռուստաստուդիաների պարագայում, եթե Լոռու մարզի Ձորագես ավանում անգամ Հ2 պետական ալիք (որով նույնպես քարոզչություն է գնում), չեն կարող նայել, քանի որ այդ տարածքներում “մետրայինը” “չի բռնում” (Դսեղում տեղակայված աշտարակի անգործության, թալանված լինելու պատճառով), Հ2-ն էլ արբանյակային հեռուստատեսությամբ (որով ապահովված են բնակիչներից մի քանիսը) չկա, իսկ կաբելայինն էլ, որով նույնպես Հ2-ը հեռարձակվում է, միայն Վանաձորում է: Մի առանձին խնդիր է, թե ինչու՞ հայկական հեռուստաեթերից վերացել են քաղաքական բանավեճերը` ուղիղ հեռարձակմամբ: Ճիշտ է, մայրաքաղաքի որոշ ակումբերում բանավեճեր լինում են, բայց ուղիղ եթերի կարգավիճակով չեն, այնպես, ինչպես էին երբեմնի “ԱԼՄ”-ի թոք-շոուները կամ “Արմենիայի” “Դուելը” , որ դադարեցրեց գործունեությունը 2008թ. նախագահական ընտրությունների նախօրյակին:
Գայանե Հովսեփյան
среда, 25 апреля 2012 г.
Ո՞վ է եթերի պատասխանատուն
четверг, 19 апреля 2012 г.
Խոսք հիշատակի
Լոռու մարզի Ձորագես ավանի երջանկահիշատակ բնակիչ, վաստակավոր էներգետիկ, 1915թ. Մեծ Եղեռնը վերապրած Գարեգին Հարությունյանը ծնվել է 1911թ. մայիսի 15-ին, Արևմտյան Հայաստանի Վանի նահանգում (Արճակ կամ Իրկիչ գյուղում): 1915թ. 4 տ. հասակում, փախեփախի ճանապարհին կորցրել է հորը, մորը, եղբայրներին ու քրոջը: Սկզբում եղբոր` Ազատի հետ է եղել ճանապարհին, սակայն նրանցից մեկը հիվանդացել է ու դրա հետևանքով նրանց բաժանել են միմյանցից, Գարեգինը հայտնվել է տարբեր մանկատներում (հիմնականում` Լենինականում): Փաստորեն, Ազատի ճակատագիրը մինչ օրս անհայտ է: Անհայտ է նաև քրոջ` Լուսիկի, հոր` Գերասիմի ու մոր`Հայաստանի ճակատագիրը. յաթաղանի զո՞հ են դարձել, թե՞ մազապուրծ փրկվել են` հայտնվելով սփյուռքում, այդպես էլ չիմանալով մյուս հարազատների ճակատագրի մասին: Մանկության ու պատանեկության տարիները անցել են մանկատներում: Երիտասարդության շեմին` 17 տ. հասակում Գ.Հարությունյանը ներգրավվել է նոր կառուցվող Ձորահէկի շինարարության մեջ, ու նոր ձևավորվող ավանում էլ ոստան գցել: Ողջ կյանքը նա անցկացրեց Ձորագեսում` ՀԷԿ-ում մասնագիտանալով էներգետիկի աշխատանքում և հասնելով վարպետի աստիճանի, իսկ տարիներ անց էլ արժանացավ վաստակավոր էներգետիկի կոչման: Վարպետ Գարեգինն ու կինը` Արաքսյան(Վահագնի գյուղից), համատեղ կյանքի ընթացքում ունեցան 4 զավակ` 2 որդի, 2 դուստր: Նրանցից 3-ը բարձրագույն կրթություն ստացան: 8 թոռներ, 6 ծոռներ սերվեցին Գ. Հարությունյանից, սակայն, ցավոք, ծոռներից մի քանիսին չհասցրեցին տեսնել ոչ Գարեգինը, որ մահկանացուն կնքեց 2002թ. նոյեմբերին, ոչ նրա կողակիցը, որ ավելի վաղ մահացավ`1989թ. դեկտեմբերին: 91-ամյա կյանքի հասուն տարիներին վարպետ Գարեգինը երբևէ չէր ցանկանում վերապրել իր դառը մանկության տարիները, վրեժխնդրությունը նրա մեջ չկար, քանի որ էությամբ խաղաղասեր էր` անգամ քաղաքական հայացքներում: Պատմական հայրենիքի, հարազատների կորստի ցավը պահում էր հիշողությունների մեջ, միայն երբեմն երազում էր տանջվում ու երազի մեջ էլ լաց լինում: Աղոտ հիշում էր, որ հայրը ձիթհանքում է աշխատելիս եղել: Երբեմն խոստովանում էր, որ կուզենար օրերից մի օր գնալ-տեսնել ծննդավայրը ու ետ վերադառնալ: Միգուցե, հենց հայրենիքի կարոտն էր փորձում հեռուներից առնել, հարազատներից մի լուր իմանալ, երբ ողջ հասուն կյանքի ընթացքում, անգամ խորհրդային տարիներին ունկնդրում էր «Ամերիկայի ձայն» ռադիոալիքը: Ճակատագրի բերումով նրա թոռներից 2-ն ու ծոռներից 4-ը այսօր Ամերիկայում են , որտեղ էլ հայտնվել են մեկ այլ «փախեփախի»` մթի ու ցրտի տարիների արդյունքում, և այդ նույն դաժան ճակատագրի բերումով մեծ որդին` Միհրանը (որին տվել էր եղբոր անունը) 2009թ. իր մահկանացուն կնքեց Ամերիկայում , որտեղ էլ գտնվում է նրա գերեզմանը: Անկեղծ էր վարպետ Գարեգինը, շիտակ ու արդարամիտ, «անուղղելի» աշխատասեր, և 80-նն անց տարիքում անգամ, կենսաթոշակի անցնելուց հետո, անհրաժեշտության դեպքում գործի էր դնում էներգետիկի մասնագետությունը, երիտասարդի ավյունով էլեկտրասյուներ մագլցում: 90-ականներին Ձորագես այցելած ֆրանսիացի մասնագետները նրան լուսանկարել էին աշխատանքի պահին: Աշխատանքից ազատ ժամերին էլ զբաղվում էր այգեգործությամբ, մեղվաբուծությամբ, էլեկտրական իրերի պատրաստումով ու նորոգումով: Աշխատանքը նրա համար հաճույք էր, կեցության ձև: Մեծ Հայրենականի տարիներին վարպետ Գարեգինը շատերի նման կմեկներ ռազմաճակատ, բայց մերժեցին դիմումը, գտնելով, որ նրա մասնագիտական կարողությունները թիկունքում ավելի են պետք: Այդ բացը նրա փոխարեն հետագայում լրացրին 2 ամենափոքր զույգ թոռները` Գարեգինն ու Էդգարը, որոնք ծառայեցին ՀՀ Ազգային բանակում, իսկ Դավիթ ու Սամվել թոռները` ԽՍՀՄ բանակում:
...,,Ընտանիքով են եղել փախեփախի ժամանակ, ինքը պատմում էր , որ մորը կորցրել է, հետո սկսել է փնտրել այլ կանանց մեջ, պատմում էր, որ բոլորը սեւ փեշերով են եղել, ու մորը մի կնոջ նմանեցնելով՝բռնել է փեշից, բայց հետո տեսել, որ մայրը չի ու լաց է եղել...,,-Գ.Հարությունյանի հիշողությունն է փոխանցում կրտսեր դուստրը ՝ Լամարան:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՎԱՐՊԵՏ ԳԱՐԵԳԻՆԸ
Մորապապս վանեցի
Եղեռն է տեսել,
Ու մի կարգին մանկություն
Նա չի ունեցել:
Փախեփախ է նա տեսել,
Մեծ իրարանցում,
Բայց հարազատներին,ավաղ
Աղոտ էր հիշում:
Նա հաճախ էր երազում
Իր Վանը տեսնում,
Իսկ հետո երբ արթնանում՝
Ցավ էր վերապրում:
Դառնություն է զգացել
Նա որբանոցում,
Բայց երբեք չի չարացել,
Դարձել դիմացկուն:
Վարպետ էներգետիկ էր ՝
Պապս արճակցի,
Իր նոր կյանքում եղել է
Միշտ ձորագեսցի:
,,Վարպետ,, էին մեծարում՝
Նրան հարգանքով,
Մշտապես վերաբերվում ՝
Մեծ ակնածանքով:
Հարեհաս էր բոլորին
Վթար լինելիս,
Չէր հոգնում բոլորովին
Մարդկանց օգնելիս:
Բարձրավոլտ էր մագլցում ՝
Ջահելի նման,
Երբ որ արդեն դարձել էր
80 տարեկան:
91-ում, ավաղ,
Կյանքից հեռացավ,
Բայց իր հետ կապված հուշը
Էլ չանհետացավ:
Հիշում ենք մենք միշտ նրան,
Շիրմին այցելում,
Պատգամներն ու խոսքերը
Մեր սրտում պահում:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, 20.02.2015թ.
вторник, 10 апреля 2012 г.
Ձորագետավանի հին ու նոր խնդիրները
Ապրիլի 9-ին ուրախալի լուր ստացվեց Ձորագետավանից, ուր այցելել էինք: Ավանում գտնվող ենթաքարշակայանի շենքն, ի վերջո, սկսել է նորոգվել պետական ծրագրի շրջանակներում. առայժմ` տանիքներն ու պատշգամբները, բայց նախատեսվում է նաև ջրագիծ անցկացնել: Հատկանշական է, որ մինչև 60-ականները կառուցված այս շենքում ջրագիծ ու կոյուղագիծ չի եղել: Նշենք, որ շենքը պատկանել է երկաթուղուն: Մի քանի տարի առաջ բնակիչները նամակով դիմել են վարչապետին, Լոռու մարզպետին, սակայն պատասխան է ստացվել, որ կոյուղագիծ անցկացնելու համար բնակիչները պետք է ֆինանսական ներդրումներ անեն, քանի որ բնակարանները սեփականաշնորհված են (ընդ որում, կոյուղագիծ չի ունեցել ոչ միայն այդ շենքը, այլև, բնակիչների հավաստմամբ, երկաթուղուն պատկանող մեկ այլ շենք ևս` Թումանյան կայարանում): Ավանի ցավոտ հարցերից մեկն էլ այն է, որ անհիշելի ժամանակներից (ավելի ճիշտ` անկախության տարիների ընթացքում) համայնքի ներսում ասֆալտապատում չի արվել: Բուժկետ չկա, և բժշկական օգնության բացակայության պատճառով երբեմն անժամանակ մահացություններ են լինում: «Վահագնի գյուղում 2 բժիշկ կա, բայց նրանք եթե նույնիսկ ուզենան գան հիվանդին այցելության, պայմաններ չկան բուժզննում անցկացնելու համար»,- ասում է բնակիչներից մեկը: Ակումբն ու գրադարանը վաղուց են լուծարվել, թեպետ 90-ականներին տնակային պայմաններում գրադարանը գործում էր: Ակումբի շենքը լավագույնս թալանվել է «մթի ու ցրտի տարիներին» (ձերբազատվելով մանրահատակից, աթոռ-նստարաններից և առհասարակ փայտ հիշեցնող ամեն ինչից), թեպետ` շենքը կանգուն է, դռները` կողպած: «Եթե ակումբը գործեր, կարելի էր գոնե կինոդիտումներ կազմակերպել, մշակույթի օրեր: Կամ ասենք թե պատգամավոր է ուզում ընտրողների հետ հանդիպի, որտե՞ղ պետք է պատգամավորին տեսնենք»,- դժգոհում է բնակիչներից մեկը: Ի դեպ, ակումբի անգործության հարցը քանիցս բարձրացվել է մամուլում, բայց համապատասխան արձագանք չի գտել: Մի ցավոտ հարց էլ ավան մտնող կամրջի անբարեկարգ վիճակն է, որի բազրիքներից մեկն ամբողջությամբ է թափված, իսկ մյուսի ճաղերից մի քանիսն են պոկվել` նոյեմբերին տեղի ունեցած ավտովթարի արդյունքում, երբ ավտոմեքենան թռել էր գետի ուղղությամբ (բարեբախտաբար, զոհեր չեղան): Ի վերջո, որքա՞ն կարելի է այս կամրջի հարցը բարձրացնել: Ձորագետավանը տուրիզմի միջազգային կենտրոն է համարվում. այդտեղ է գտնվում Թուֆենկյան հյուրանոցը, որտեղ այս տարի հանգրվանելու են ոչ միայն արտերկրից, այլև Ռուսաստանից զբոսաշրջիկներ: Կարծում ենք, համապատասխան նախաձեռնության դեպքում այդտեղ կարելի էր զբոսաշրջության զարգացմանը նպաստող տարբեր ծրագրեր իրականացնել: Երեկ, երբ մենք այցելել էինք Ձորագետավան, հերթական անգամ նկատեցինք, որ այդ հրաշալի բնության պայմաններում չկա մի ֆոտոնկարիչ: Ավանի բնակիչներից մեկը կես-լուրջ, կես-կատակ ասում է. «Օրինակ կարելի է ճանապարհի վրա մի փոքր իշուկ կանգնեցնել` խուրջինով, տուրիստները կարող է ուզենան իշուկի հետ նկարվեն»: Իմ հարցին` իսկ ինչու՞` ոչ, պատասխանեց. «Վախում եմ հարկայինը էդ իշուկի պոչին տեղն ու տեղը մի հատ ՀԴՄ կպցնի»: Երկաթուղային կառամատույցը քարուքանդ վիճակում է 20 տարուց ավելի: Համաշխարհային բանկի ծրագրով ՀՀ մի շարք կառամատույցներ տարիներ առաջ նորոգվեցին, բայց Ձորագետավանի կառամատույցը ոչ միայն չնորոգվեց, այլև վերացվեց որպես կայարան, և էլեկտրական գնացքը` Գյումրի-Այրում, այստեղ սկսեց չկանգնել, մինչդեռ անգամ 90-ականներին կառամատույցը գործում էր:Հիմա առավել ևս ոչ ոք չի մտածում կառամատույցի նորոգման մասին, քանի որ էլեկտրական գնացքը կրկին չի գործում:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ով` աստվածավախ, ով` սրբապիղծ
Ինչ խոսք, մինչերկրաշարժյան տարիների համեմատությամբ հայ ազգը շատ ավելի աստվածավախ է դարձել ու հարգում է կրոնական ավանդույթները: «Վերջապես սովորեցին, որ Զատիկի օրով չի կարելի գերեզման գնալ, այլ պետք է հաջորդ օրը գնալ, ծնունդն ու մեռելոցը խառնում էին իրար», _ նկատում է լոռեցիներից մեկը: Աստվածավախության ու կրոնական ծեսերը հարգելու մի ապացույց էլ այն էր, որ Զատիկի օրով ու հաջորդ օրը` մեռելոցին, առևտրի ու տարադրամի փոխանակման շատ կետեր Վանաձորում փակ էին: Իսկ ահա, կային մարդիկ, որ սբ. Զատիկը շահարկեցին, նախօրեին ժողովրդից հավելյալ գումարներ շորթելով: Թե մայրաքաղաքում (ինչպես հավաստում էին հանրապետական հեռուստատեսությամբ), թե Վանաձորում կանաչեղենի գինը շուկայում մի քանի անգամ բարձրացել էր, և այդ հարցում ոչ մի 3-րդ կամ 4-րդ ձեռքի վերավաճառողների հանգամանք էլ չկար (ինչպես պատճառաբանում էին հանրապետական հեռուստատեսությամբ): Նույն առևտրականներն էին, նույն ապրանքը, որ Զատիկի նախօրեին վաճառում էին թանկ գնով, իսկ հաջորդ օրը, եռակի էժանացնելուց հետո պարծենում, որ նախորդ օրը եռապատիկ թանկ են վաճառել: Այդ օրերին սպառողների վրա նաև անորակ մթերքներ «սաղացրին». հնացած լավաշ, դառնահամ խմորեղեն (ձկան տեսքով), որ հավանաբար , թխվածքի համար չնախատեսված, անորակ ալյուրից էին հունցել:Ի դեպ, հնացած լավաշ «սաղացնելը» արդեն ավանդույթի ուժ է ստացել. չէ՞ որ փաթեթավորած, իրար վրա դարսած լավաշները գնորդը չի կարող տեղում ստուգել: Բայց, այ, գնելուց հետո տեսնում է, որ դրանք արդեն բորբոսնելու ակնհայտ նշաններ են ցույց տալիս: Հատկանշական է, որ դրանք վաճառվում էին «Բարձրորակ հաց» անվանումը կրող փաթեթավորումով: Երբ այս կարգի «բարձրորակ» լավաշ գնած մի կին հաջորդ օրը վաճառողուհուն գանգատվում է, որ լավաշն անորակ է եղել, վերջինս արդարանում է. «Ինչ անեմ, մեզ ինչ տալիս են, էն ենք վաճառում»: Ավանդույթի ուժ է ստացել նաև Զատիկի ու մեռելոցի, ապրիլի 24-ի օրերին ծաղիկների ահռելի գները, և այս հարցում ոչ մի կարգավորում չկա, ՏՄՊՊՀ-ն (տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով) այս ոլորտում կարծես թե չարաշահումներ չի արձանագրում ու միջոցներ չի ձեռնարկում: Այդ մասին միայն հեռուստատեսությամբ լրագրողական ուսումնասիրություն է ներկայացվում ու վերջ, այդքանով հարցը փակվում է:
Գայանե Հովսեփյան
Подписаться на:
Сообщения (Atom)


