Հետաքրքիր է, այն, ինչ ցուցադրվում է վանաձորյան հեռուստատեսությամբ (իշխող կուսակցության անդամ պատգամավորների գործունեության լուսաբանում ու քարոզչություն, որն առավելապես մեծարանքի ցերեկույթ է հիշեցնում) քաղաքական գովա՞զդ է, թե՞` ոչ (քանի որ 1 ամիս առաջ հայտարարվել էր, որ մարզային հեռուստաընկերությունները քաղաքական գովազդ չեն տալու` ոչ եկամտաբեր լինելու պատճառաբանությամբ): Իսկ ի՞նչ պակաս քաղաքական գովազդ է (ես կասեի` “սուպերգովազդ”), երբ բնակիչներն իրարից հերթ խլելով փառաբանում են իշխող կուսակցության պատգամավորին` տանիք նորոգելու, դպրոցին ավտոբուս նվիրելու, ուսանողի ուսման վարձը վճարելու համար: Բա հետո էլ ԿԳ նախարար Աշոտյանը քննադատում էր, թե չի կարելի ուսանողներին բարեգործներից կախման մեջ դնել, այլ պետք է պետական հովանավորություն լինի: Թե՞ դա միայն ԲՀԿ-ին է վերաբերվում (ավելի ճիշտ` արգելվում), ՀՀԿ-ին չի վերաբերվում: Հիմա եթե մարդկանց ապրիլի 26-ի դրությամբ հարցումներ անեն, թե ովքե՞ր են թիվ 29 և 31 տարածքի պատգամավորության այլ թեկնածուներ, բացի գործող պատգամավորներից, որոնց գովքն առավոտից երեկո գնում է, հաստատ չեն իմանա, քանի որ “այլընտրանքային” թեկնածուների անունները շատ քիչ են հիշատակվում: Կուսակցությունների պարագայում էլի “մխիթարություն” է, որ դահլիճներ են տրամադրվում, հանդիպումները ` լուսաբանվում, սակայն ընդդիմության պարագայում դահլիճները հիմնականում կիսադատարկ են լինում: Սա ոչ այնքան վախի մթնոլորտի արդյունք է, ինչպես հեռուստատեսությամբ հավաստում էր դեմոկրատական կուսակցության առաջնորդը` Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում սակավաթիվ մարդկանց հետ հանդիպումից հետո, այլ` չտեղեկացվածության, որովհետև մարդիկ եթե նախապես իմանան, որ հանդիպում է լինելու, առնվազն հետաքրքությունից կգնան: Բայց` վախի գործոնն էլ կա. վախ, ոչ միայն աշխատանքից, այլև… ընտրակաշառքից զրկվելու պատճառով: Ապրիլի 25-ին Վանաձորի երկաթուղայինների ակումբում կոմունիստների նախընտրական հանդիպումից հետո 2 կանայք զրույցի ընթացքում կես-լուրջ, կես-կատակ հայտնեցին, թե “տնեցիք” մտահոգված են, որ եթե իրենք գնան կոմկուսի ժողովին, ընտանիքը կզրկվի ընտրակաշառքից: Սա` մարզկենտրոնի պարագայում, գյուղերի պարագայում վախը կապված է նաև գյուղապետի “աչքից չընկնելու”, “թիրախի” տակ չհայտնվելու հետ: Ապրիլի 23-ին ընդդիմադիր ՀԱԿ թեկնածուներից մեկի նախընտրական հանդիպման լուսաբանումն էր վանաձորյան հեռուստատեսությամբ: Թեկնածուն խելացի մտքեր էր արտահայտում պատգամավորի դերի ու նշանակության մասին (այն, որ պատգամավորի գործն ասֆալտ քաշելն ու տանիք նորոգելը չէ, այլ` օրենքներ մշակելը ), նաև մրցակցին հրավիրում էր բանավեճի: Բայց ի՞նչ օգուտ խելացի մտքերից, եթե հանդիպմանը գյուղամիջի պատի տակ նստած ու կտուրներից “ծիկրակող” մի քանի մարդիկ էին “ինտեգրված “: Իսկ այն ընտրատարածքը (թիվ 31), որտեղ առաջադրվել էր թեկնածուն, մարզկենտրոնի հեռուստաստուդիաների “ձայնը” չի հասնում: Ի՞նչ հասանելության մասին կարող է խոսք լինել` մարզկենտրոնի հեռուստաստուդիաների պարագայում, եթե Լոռու մարզի Ձորագես ավանում անգամ Հ2 պետական ալիք (որով նույնպես քարոզչություն է գնում), չեն կարող նայել, քանի որ այդ տարածքներում “մետրայինը” “չի բռնում” (Դսեղում տեղակայված աշտարակի անգործության, թալանված լինելու պատճառով), Հ2-ն էլ արբանյակային հեռուստատեսությամբ (որով ապահովված են բնակիչներից մի քանիսը) չկա, իսկ կաբելայինն էլ, որով նույնպես Հ2-ը հեռարձակվում է, միայն Վանաձորում է: Մի առանձին խնդիր է, թե ինչու՞ հայկական հեռուստաեթերից վերացել են քաղաքական բանավեճերը` ուղիղ հեռարձակմամբ: Ճիշտ է, մայրաքաղաքի որոշ ակումբերում բանավեճեր լինում են, բայց ուղիղ եթերի կարգավիճակով չեն, այնպես, ինչպես էին երբեմնի “ԱԼՄ”-ի թոք-շոուները կամ “Արմենիայի” “Դուելը” , որ դադարեցրեց գործունեությունը 2008թ. նախագահական ընտրությունների նախօրյակին:
Գայանե Հովսեփյան
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն