տեղեկատվական-վերլուծական, իրավապաշտպան,ազատ,անկախ,այլընտրանքային բլոգ ՝հիմնադրված 2011թվի հուլիսի 24-ին ՝Վանաձորում: Լրացավ բլոգի գործունեության 10-րդ տարին: www.azatankakh.blogspot.com, e-mail; gayane1960@gmail.com
вторник, 10 апреля 2012 г.
Ձորագետավանի հին ու նոր խնդիրները
Ապրիլի 9-ին ուրախալի լուր ստացվեց ձորագետավանից, ուր այցելել էինք: Ավանում գտնվող ենթաքարշակայանի շենքն, ի վերջո, սկսել է նորոգվել պետական ծրագրի շրջանակներում. առայժմ` տանիքներն ու պատշգամբները, բայց նախատեսվում է նաև ջրագիծ անցկացնել: Հատկանշական է, որ մինչև 60-ականները կառուցված այս շենքում ջրագիծ ու կոյուղագիծ չի եղել: Նշենք, որ շենքը պատկանել է երկաթուղուն: Մի քանի տարի առաջ բնակիչները նամակով դիմել են վարչապետին, Լոռու մարզպետին, սակայն պատասխան է ստացվել, որ կոյուղագիծ անցկացնելու համար բնակիչները պետք է ֆինանսական ներդրումներ անեն, քանի որ բնակարանները սեփականաշնորհված են (ընդ որում, կոյուղագիծ չի ունեցել ոչ միայն այդ շենքը, այլև, բնակիչների հավաստմամբ, երկաթուղուն պատկանող մեկ այլ շենք ևս` Թումանյան կայարանում): Ավանի ցավոտ հարցերից մեկն էլ այն է, որ անհիշելի ժամանակներից (ավելի ճիշտ` անկախության տարիների ընթացքում) համայնքի ներսում ասֆալտապատում չի արվել: Բուժկետ չկա, և բժշկական օգնության բացակայության պատճառով երբեմն անժամանակ մահացություններ են լինում: «Վահագնի գյուղում 2 բժիշկ կա, բայց նրանք եթե նույնիսկ ուզենան գան հիվանդին այցելության, պայմաններ չկան բուժզննում անցկացնելու համար»,- ասում է բնակիչներից մեկը: Ակումբն ու գրադարանը վաղուց են լուծարվել, թեպետ 90-ականներին տնակային պայմաններում գրադարանը գործում էր: Ակումբի շենքը լավագույնս թալանվել է «մթի ու ցրտի տարիներին» (ձերբազատվելով մանրահատակից, աթոռ-նստարաններից և առհասարակ փայտ հիշեցնող ամեն ինչից), թեպետ` շենքը կանգուն է, դռները` կողպած: «Եթե ակումբը գործեր, կարելի էր գոնե կինոդիտումներ կազմակերպել, մշակույթի օրեր: Կամ ասենք թե պատգամավոր է ուզում ընտրողների հետ հանդիպի, որտե՞ղ պետք է պատգամավորին տեսնենք»,- դժգոհում է բնակիչներից մեկը: Ի դեպ, ակումբի անգործության հարցը քանիցս բարձրացվել է մամուլում, բայց համապատասխան արձագանք չի գտել: Մի ցավոտ հարց էլ ավան մտնող կամրջի անբարեկարգ վիճակն է, որի բազրիքներից մեկն ամբողջությամբ է թափված, իսկ մյուսի ճաղերից մի քանիսն են պոկվել` նոյեմբերին տեղի ունեցած ավտովթարի արդյունքում, երբ ավտոմեքենան թռել էր գետի ուղղությամբ (բարեբախտաբար, զոհեր չեղան): Ի վերջո, որքա՞ն կարելի է այս կամրջի հարցը բարձրացնել: Ձորագետավանը տուրիզմի միջազգային կենտրոն է համարվում. այդտեղ է գտնվում Թուֆենկյան հյուրանոցը, որտեղ այս տարի հանգրվանելու են ոչ միայն արտերկրից, այլև Ռուսաստանից զբոսաշրջիկներ: Կարծում ենք, համապատասխան նախաձեռնության դեպքում այդտեղ կարելի էր զբոսաշրջության զարգացմանը նպաստող տարբեր ծրագրեր իրականացնել: Երեկ, երբ մենք այցելել էինք Ձորագետավան, հերթական անգամ նկատեցինք, որ այդ հրաշալի բնության պայմաններում չկա մի ֆոտոնկարիչ: Ավանի բնակիչներից մեկը կես-լուրջ, կես-կատակ ասում է. «Օրինակ կարելի է ճանապարհի վրա մի փոքր իշուկ կանգնեցնել` խուրջինով, տուրիստները կարող է ուզենան իշուկի հետ նկարվեն»: Իմ հարցին` իսկ ինչու՞` ոչ, պատասխանեց. «Վախում եմ հարկայինը էդ իշուկի պոչին տեղն ու տեղը մի հատ ՀԴՄ կպցնի»: Երկաթուղային կառամատույցը քարուքանդ վիճակում է 20 տարուց ավելի: Համաշխարհային բանկի ծրագրով ՀՀ մի շարք կառամատույցներ տարիներ առաջ նորոգվեցին, բայց Ձորագետավանի կառամատույցը ոչ միայն չնորոգվեց, այլև վերացվեց որպես կայարան, և էլեկտրական գնացքը` Գյումրի-Այրում, այստեղ սկսեց չկանգնել, մինչդեռ անգամ 90-ականներին կառամատույցը գործում էր:Հիմա առավել ևս ոչ ոք չի մտածում կառամատույցի նորոգման մասին, քանի որ էլեկտրական գնացքը կրկին չի գործում:
Գայանե Հովսեփյան
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն