տեղեկատվական-վերլուծական, իրավապաշտպան,ազատ,անկախ,այլընտրանքային բլոգ ՝հիմնադրված 2011թվի հուլիսի 24-ին ՝Վանաձորում: Լրացավ բլոգի գործունեության 10-րդ տարին: www.azatankakh.blogspot.com, e-mail; gayane1960@gmail.com
четверг, 26 апреля 2012 г.
Ի՞նչ էին ասում կոմունիստները
Հայկոմկուսի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի հանդիպմանը, որ տեղի ունեցավ ապրիլի 25-ին Վանաձորի երկաթուղայինների ակումբում, ուղևորվելիս զարմանքով նկատեցինք, որ ակումբի հարևանությամբ նարդի խաղացող տարեցներն անգամ չեն մասնակցում հանդիպմանը, և շատ ոգևորված խաղում էին, համենայն դեպս, դահլիճի 1/3-ը լցված էր, անգամ տարեց կանայք կային` կոմկուսի նվիրյալ: Մեր այցելության պահին Ռ. Թովմասյանն արդեն խոսում էր սպառողների իրավունքների մշտական խախտումներից. «Ով ասի, թե հացի 1 կգ-ն ինչ արժի Հայաստանում, կարժանանա պետական մրցանակի»: Այնուհետ անցավ հացի որակին ու այդ բնագավառում ամենաթողությանը, հսկողության բացակայությանը. «Կաշին պինդ է, ծամել չի լինում, լաբորատորիաներ չկան…»: Դե, բնականաբար, մինչ այդ Թովմասյանն արդեն հասցրել էր խոսել սոցիալիզմի առավելություններից ու փնովել ներկայիս հասարակարգը: Իսկ որպես այլընտրանք` այս հասարակարգին, ինչպես միշտ, վկայակոչեց կոմունիստական Չինաստանի մոդելը: Նրա ելույթից հետո ևս մեկ կոմունիստ` տարեց վանաձորցի, ցանկություն հայտնեց ելույթ ունենալ բեմից ու մտահոգություն հայտնեց` երկրի դատարկվելու առնչությամբ. «Բա մեղք չի՞ էս ժողովուրդը, մնացել են մեր նման տարեցները»: Եվս մեկն էլ հարց բարձրացրեց` տեղից. «30 տարվա շինարար եմ, էս շենքերը մենք ենք սարքել, աշխատանք չեն տալիս, որ ապրեմ»: Միջոցառումից հետո ընկ. Թովմասյանից հետաքրքրվեցի, թե ինչու՞ կոմկուսի բուկլետներում կուսակցության համամասնական ցուցակի գոնե առաջին տասնյակը չի ներկայացված (միայն առաջին 3 տեղերի թեկնածուների անունները ներկայացված էին պլակատում, որ պետք է փակցնեին պատերին): Բանախոսը պատճառաբանեց, որ փոքր բուկլետում հնարավոր չէր ցուցակ տեղավորել: Իսկ երբ հիշատակեցի, որ քաղաքական այլ ուժեր (օրինակ` ՀԱԿ-ը) ցուցակի բոլոր անդամների անունները տպագրել են իրենց բուկլետներում, նկատեց, որ ի տարբերություն ՀԱԿ-ի, իրենք թերթ չունեն, որ մեծ ցուցակ տպեն, սակայն համոզմունք հայտնեց, որ կոմկուսի Facebook-ի էջում ցուցակը տեղադրված է: Երբ նկատեցի, որ Facebook-ի էջում նայել եմ` չկա, նա անմիջապես բջջայինով կապվեց էջի պատասխանատուի հետ և համոզվեց, որ համամասնական ցուցակը չի տեղադրված, և խոստացավ տեղադրել: «Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կա այդ ցուցակը», - հավաստիացրեց Թովմասյանին ուղեկցողներից մեկը` մայրաքաղաքից: Հազիվ թե այդ հավաստիացումը մխիթարի շարքային ընտրողին, որն ուզում է համոզված լինել, թե ում է ընտրում` ի դեմս կոմկուսի: Ձայն տվողը պետք է իմանա, թե կոնկրետ ու՞մ պետք է գնա իր ձայնը, եթե տվյալ կուսակցությունը հաղթահարի 5 տոկոսի շեմը: Ի դեպ, կոմկուսը միակ կուսակցությունը չէ, որի համամասնական ցուցակը բուկլետում չկա:
… «Լևոն Տեր-Պետրոսյանը կարծիք է հայտնել, որ ավելի լավ է երկիրը կառավարեն դաշնակներն ու կոմունիստները, քան` հանրապետականները: Կոմունիստները համաձա՞յն են դրան, չէ՞ որ դաշնակներն ու կոմունիստները միշտ կատաղի հակառակորդներ են եղել»,- իմ այս հարցին, որ ուղղել էի կոմկուսի Facebook-ի էջին, պատասխանել էին, որ «հանուն հայ ժողովրդի կոմունիստները ամեն ինչի պատրաստ են»: Իսկ այս կապակցությամբ Ռ. Թովմասյանը մասնավորապես տեղին համարեց իր քաղաքական հակառակորդ Լևոն Տեր-Պետրոսյանի դիտարկումը. «Էսքան ժամանակ վերջապես մի շատ խելացի միտք է հայտնել»:
Ի դեպ, հայկոմկուսի նախընտրական բուկլետում ոչ միայն քննադատություն կա ներկա իշխանությունների և հասարակարգի հասցեին, այլև` դրվատանքի խոսքեր են այդտեղ տեղ գտել: Ահավասիկ` «Վերջին 20 տարիներին միակ փայլուն հաջողությունը Հայոց Բանակի ստեղծումն ու նրա մարտունակության ապահովումն է, որը տարածաշրջանում ամենամարտունակն է»:
Գայանե Հովսեփյան
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն