суббота, 28 апреля 2012 г.

Անձնագրային բաժիններում բլանկները «քչություն» են անում

Ամենայն հավանականությամբ, ընտրողների մի զգալի հատված չի մասնակցի ընտրություններին` անձնագրերի հետ կապված լուրջ խնդրի պատճառով: Մի քանի օր առաջ ՀԱԿ ակտիվիստ Օֆելյա Միրզոյանն ահազանգեց, որ անձնագրի ժամկետը լրանալու պատճառով այն փոխել ցանկացող քաղաքացիներին Վանաձորի անձնագրային բաժնում հայտնում են, որ «կգաք 15 օր հետո», և ոչ մի երաշխիք չկա, որ 15 օր հետո էլ մարդիկ իրենց անձնագիրը կստանան, քանի որ պատճառաբանում են, որ «բլանկներ չկան»: Ընդ որում , օրերս պարզվեց, որ վիճակը նույնն է նաև մայրաքաղաքում: Մխիթարյանը ՀԱԿ վստահված անձ է, և տարակուսում էր, թե ինչպես է կատարելու իր պարտավորությունները թե որպես վստահված անձ, թե որպես ընտրող: «Իսկ ՀԱԿ գրասենյակում տեղյա՞կ են», հարցիս ասաց. «Տեղյակ են, բայց հիմա նրանք ժամանակ չունեն նման հարցերով զբաղվելու, ամբողջ օրը քարոզչությամբ են զբաղված»: Նաև նկատեց, որ անձնագիրը պարտավոր են 5 օրում հատկացնել: Ապրիլի 27-ին անձնագրային բաժին մեր այցելության պահին ևս դժգոհություններ էին հնչում քաղաքացիներից. «20 օր առաջ եմ տվել, ինչի՞ չի պատրաստ», - վրդովված էին 2 կանայք: Իսկ նրանց, ում ասել էին 15 օր հետո, պատրաստ չլինելու պատճառով նոր ժամկետ ասացին` կգաք մայիսի 4-ին: Վերոնշյալ Օ. Միրզոյանին էլ մայիսի 2-ին էին կանչել, բայց նա ևս հույս չուներ, որ այդ օրը պատրաստ կլինի անձնագիրը: Իսկ առջևում մայիսի 6-ին խորհրդարանական ընտրություններն են: Անձնագրերը ժամանակին չստանալու պատճառով շահագրգիռ անձինք ստիպված են «9-րդ ձև» կոչվող տեղեկանք ձեռք բերել, բայց դա շարքային քաղաքացու համար ավելի թանկ հաճույք է` 2000դրամ, քան` անձնագիրը, որ ստանալու համար 1200 դրամ պետք է մուծեն: Ի դեպ, մեզ առայժմ չհաջողվեց պարզել, թե երբվանի՞ց է «9-րդ ձև»-ը դարձել 2000 դրամ, քանի որ տարիներ առաջ այն անվճար էր: Կարծում ենք, սա ոչ միայն մարդու տարրական իրավունքների ոտնահարում է, այլև լրացուցիչ ժամանակ ու գումարներ է պահանջում: Դե պատկերացրեք այն մարդու վիճակը, ով քաղաքի մի ծայրից տրանսպորտով հասել է կենտրոն, ու նրան ասում են` պատրաստ չի, մի քանի օր հետո կգաք: Առավել տխուր կլինի մարզի այլ բնակավայրերից եկողների վիճակը: Այս ամենը լուրջ խոչընդոտ է ընտրությունների շեմին նրանց համար, ովքեր քվեարկում են խղճի համաձայն, առանց ընտրակաշառքների: Գայանե Հովսեփյան

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն