среда, 5 декабря 2012 г.

Ու՞ր մնաց ժողովրդավարությունը


6:52 Yerevan | 2:52 GMT | Saturday 1 September

Ու՞ր մնաց ժողովրդավարությունը
Երբ մարզխորհրդի՝ օրերս կայացած նիստի ժամանակ մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության բաժնի պետ Վոլոդյա Բունիաթյանը կոչ արեց նիստից հետո «ստանալ» վերոնշյալ թերթը, շատերին թվաց, թե այն անվճար է: Ըստ այդմ` մի համայնքի ներկայացուցիչ նիստի ավարտից հետո մոտենալով դահլիճի նախամուտքի մոտ դրված սեղանին՝ վերցրեց «Բնապահպանություն» թերթի օրինակներից մեկը եւ ցանկանում էր հեռանալ, սակայն վաճառողը խռոված ձայն տվեց. «Բա 200 դրա՞մը»: Իսկ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը նիստի ընթացքում խիստ ու խիստ կարեւորեց «Լոռու մարզ» թերթի պարտադիր բաժանորդագրությունը: Համապատասխան զեկուցողի կողմից հատ-հատ մատնանշվեցին մի քանի տասնյակի հասնող այն համայնքների անունները, որոնց ղեկավարները խուսափում են բաժանորդագրության գումարը տալ (չի բացառվում, որ նիստին ներկա գյուղապետերն այդ առնչությամբ մտքներում դժգոհեին ու թումանյանաբար ասեին. «Կա ոչ, կա ոչ, այ ոչ ու փուչ, փող ունենամ՝ մանկապարտեզ կպահեմ»): Իսկ «Լոռու մարզ» թերթի խմբագիրը, որ վերջերս «ձեռի հետ» նաեւ «Նոյյան տապան» շաբաթաթերթն է խմբագրում, Սպիտակի քաղաքապետի հասցեին դժգոհեց. «Արդեն 3 ամիս է ասում է՝ էսա կփոխանցենք»: Պատկերացնու՞մ եք` ինչպես կոմունիստական «հին, բարի» ժամանակներում, երբ ՍՄԿԿ անդամ պաշտոնյաների վրա Կենտկոմից հատուկ պլանային առաջադրանք էր դրվում պարտադիր բաժանորդագրվել «Պրավդա», «Իզվեստիա», մինչդեռ, թվում էր, թե ազատ մամուլի եւ ժողովրդավարության պայմաններում պետք է «այլընտրանքի» հնարավորություն տրվեր: Ի դեպ, 1997-98թթ. պաշտոնավարող Լոռու նախկին մարզպետ Վիգեն Խաչատրյանն էլ կարեւորում եւ գյուղապետերին հանձնարարում էր «Հայաստանի Հանրապետություն» բաժանորդագրվել՝ պատճառաբանելով կառավարական որոշումներին գյուղապետերի ծանոթանալու, նոր ընդունված օրենքներին տեղյակ լինելու անհրաժեշտությունը (ահա թե ինչու մարզային պաշտոնաթերթի խմբագիրները նրա մասին հաճելի հուշեր չունեն. նշենք, որ վերջինիս օրոք մարզային պաշտոնաթերթը բավականին ժամանակ լույս չէր տեսնում): Համենայնդեպս տարիներ առաջ, Լոռու նախորդ մարզպետ Հենրիկ Քոչինյանի օրոք փորձ ձեռնարկվեց. մարզխորհրդի նիստի օրը, դահլիճի նախամուտքի մոտ տարբեր թերթեր էին վաճառքի հանվում, սակայն դա երկար չտեւեց: Իսկ թե ինչու չշարունակվեց այդ ակցիան, «Հայ մամուլի» լրագրավաճառներից մեկը պատճառաբանեց. «Ես չկարողացա էդ քյոխվեքին թերթ առնել տամ: Չեն ուզում 2 կոպեկ թերթի տան: «Ոզնին» էլ ձրի էին ուզում կարդան, ասում էին՝ տուր տանենք նիստի ժամանակ կարդանք, էլի հետ կբերենք»:
Կարծում ենք` գյուղերի բնակիչներին թերթը հասանելի դարձնելու նպատակով, նաեւ հաշվի առնելով գյուղապետարանների ու գյուղացիների անվճարունակության հանգամանքը, տեղին կլինի, եթե որոշ գյուղերում դեռեւս պահպանվող մշակութային օջախները դրամաշնորհային ծրագրերի, մշակութային հիմնադրամների կամ պետբյուջեի միջոցներով տարբեր թերթեր ստանային՝ մեկական օրինակ, բայց խտրականություն չդրվեր ընդդիմադիր եւ իշխանամետ թերթերի միջեւ: Եթե նախկինում գյուղական ակումբները լցված էին տարբեր անուններով, բայց միանման կաղապարային բովանդակությամբ ագիտպրոպի բուկլետներով, ապա ինչու՞ չի կարելի ազատ մամուլի եւ ժողովրդավարության պայմաններում մեկական օրինակ տարբեր թերթեր գրվել: Մարզկենտրոն Վանաձորում վիճակը վերջին մի քանի տարիներին համեմատաբար բարվոք է, քանի որ Լոռու մարզային գրադարանը ոչ միայն հայաստանյան թերթեր է ստանում՝ երկու տասնյակից ավելի, այլեւ՝ մոսկովյան (Ռուսաստանի դեսպանատան աջակցությամբ): Թեպետ այստեղ «հակացուցված» են «Ժամանակ Երեւան» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերը (թերեւս որպես խիստ ընդդիմադիր), այդուհանդերձ, գրադարանի ընթերցասրահը ընդդիմադիր ու անկախ այլ թերթեր («Առավոտ», «Հայկական ժամանակ») ստանում է: Իսկ ընդհանրապես անվճարունակ խավը Վանաձորում թերթ կարդալու հնարավորություն է ունենում նաեւ այս կամ այն կազմակերպության կամ կուսակցության գրասենյակում, եթե նրանց համակիր է կամ՝ քիչ թե շատ ծանոթ:
Գայանե Հովսեփյան            

Ի՞նչ կարելի է «ձուլել» ինժեներներից ու մանկավարժներից


1:18 Yerevan | 21:18 GMT | Friday 22 June 2007

Գայանե Հովսեփյան

Ի՞նչ կարելի է «ձուլել» ինժեներներից ու մանկավարժներից

Դատելով Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի` «Լոռի» հեռուստատեսությամբ ուղիղ եթերով օրերս հնչած ելույթից, Վանաձորում թափուր աշխատատեղերը շատ-շատ են, պարզապես «ժողովրդի հոգեբանությունը փոխվել է» (ըստ քաղաքապետի), եւ մարդիկ այդ աշխատատեղերում ներգրավվելու ցանկություն չեն ցուցաբերում: Իսկ այդ աշխատատեղերը ասֆալտապատման, աղբահանման, կանաչապատման ոլորտում են:

«Ասֆալտ քաշելու համար առանձին մասնագիտական կրթություն չի պահանջվում», - նշում է ասֆալտի հմուտ մասնագետ քաղաքապետը (որ նախկինում Լոռվա «Ճանշին» ձեռնարկության ղեկավարն է եղել) եւ պարզաբանում, որ 500 աշխատատեղ կա այդ ոլորտում` 60-80 հազար դրամ աշխատավարձով, որն, ըստ նրա, ավելի ձեռնտու է, քան արտագնա աշխատանքի մեկնելը: Իսկ եթե «ասֆալտի սեզոնն» ավարտվի՞, մնացած ժամանակ ինչո՞վ են զբաղվելու, եթե քաղաքում մասսայական շինարարություն չի գնում, գործարաններն էլ չեն աշխատում: Իսկ ու՞ր գնան բարձրագույն ինժեներատեխնիկական կրթություն ունեցող կանայք, ում նախկին աշխատատեղերը կրճատվել են գործարանների եւ գիտահետազոտական ինստիտուտների լուծարման հետեւանքով: Չէ՞ որ վարձավճար գանձողների հաստիքներն այդքան շատ չեն (գազամատակարարման, ջրային տնտեսության կամ աղբահանման ոլորտում), որ հնարավոր լինի բարձրագույն կրթությամբ գործազուրկներին տեղավորել: «Մանկավարժներին գոնե 25 տարի աշխատելուց հետո թոշակ է հասնում, մենք ինչո՞վ ենք մեղավոր, որ 25 տարի ինժեներ ենք աշխատել, ու մեզ առայժմ թոշակ չի հասնում, աշխատանք էլ չկա, որ աշխատենք, նպաստ էլ չի հասնում», - դժգոհում է շուրջ 17 տարի առեւտրի կետերում որպես մատուցող ու վաճառող վերամասնագիտացած մի նախկին ինժեներ` Դեմիրճյան 30 հասցեի բնակչուհի: Դեռ լավ է, որ ասֆալտ քաշելու համար առայժմ կանայք չեն հրավիրվում (փառք Աստծո, Հայաստանում առայժմ ասֆալտագործ, բետոնագործ կամ պատդիր կանայք չկան, ինչպես Ռուսաստանում): Մատների վրա կարելի է հաշվել այն դեպքերը, երբ պետական կառավարման համակարգում համապատասխան աշխատանքի են հրավիրվում բարձրագույն կրթություն ունեցողները: Օրինակ` մեկ տարի առաջ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի նորանշանակ ռեկտորը տեղական հեռուստատեսությամբ «միանգամից» աշխատանքի էր հրավիրում «գրագետ լրագրողների»` լրագրություն դասավանդելու համար, բայց երբ այդ հրավերին արձագանքելու միամտություն ունեցավ ընդդիմադիր լրագրողը (համապատասխան աշխատանքային ստաժով եւ բարձրագույն կրթությամբ), բյուրոկրատական մեկամսյա քաշքշուկից ու դիմումը մերժելուց հետո («ժամեր չլինելու» անհիմն պատճառաբանությամբ), ընդամենը լրագրողական ծավալուն հետաքննություն դուրս եկավ «Ինչպե՞ս են աշխատանքի չընդունվում ընդդիմադիրները» թեմայով:

Ինչպես նախորդ ելույթներից մեկում, այս անգամ էլ Վանաձորի քաղաքապետը հիշատակեց հեղափոխական բանաստեղծ Չարենցի տողերը, թե «Հարկավոր է բանվորի տղայից պրոֆեսորներ ձուլել»: Խելացի միտք է, սակայն մերօրյա պաշտոնավորներն այսօր աշխատում են նախկին հմուտ մասնագետներից «ձուլել» այն, ինչ սիրտներն ուզի: Օրինակ` կապի հանգույցի բարձրակարգ մասնագետից այսօր «ձուլել» են Վանաձորի «Լաչինի միջանցքում» միրգ վաճառողների, 20-25 տարվա հմուտ մանկավարժներից էլ (2003-ից այս կողմ «փառավոր» օպտիմալացնելուց հետո) ուզում են հաշվապահ կամ «բիզնես-լեդի» ձուլել (վկա` Վանաձորի զբաղվածության կենտրոնում ժամանակ առ ժամանակ կազմակերպվող վերաորակավորման դասընթացները) եւ կամ շրջիկ դեղավաճառ` տիբեթական դեղաբույսերից կամ սննդային հավելումներից ստացվող դեղերը վաճառողներ, որոնց չարչիական վազվզոցն էլ այդ աշխատատեղերի կազմակերպիչների կողմից նրբանկատորեն ներկայացվում է որպես «ցանցային տեղեկատվական մարքեթինգ»:

Ի դեպ, տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ (որոնց թվում` Վանաձորի քաղաքապետը) 1999-ից սկսած պարբերաբար հավաստիացնում են, թե Վանաձորի քիմիական համալիրը պետք է աշխատի, սակայն վանաձորցիները վաղուց արդեն իմունիտետ են ձեռք բերել եւ այդ հավաստիացումներն ընդունում են այնպես, ինչպես խորհրդային տարիներին էին ընդունում, թե մի օր կոմունիզմ է գալու, եւ բոլորը պետք է վարձատրվեն ըստ պահանջմունքի: Եթե քիմգործարանը իսկապես աշխատեցնելու մտադրություն կա, ինչու՞ մասնագետների հրավիրման հայտարարություններ չեն արվում, ինչու՞ մասնագետներ պատրաստելու դասընթացներ չեն կազմակերպվում եւ հայտարարությամբ ծանուցվում: Չէ՞ որ նախկին հմուտ քիմիագործներից շատերը վաղուց մահացել են, շատերն էլ կենսաթոշակի տարիքը վաղուց են անցել, իսկ անխափան գործող արտադրություն կազմակերպելու ցանկության դեպքում հարկ է, որ նոր մասնագետներ պատրաստվեին, մինչդեռ առայժմ լավագույն դեպքում այդտեղ աշխատանքի են ընդունվում եռամսյա կարճաժամկետ պայմանագրային հիմունքներով, իսկ այդօրինակ աշխատանքի բովով անցածներին քաջ հայտնի է, որ հետո էլ ամիսներ է տեւում մինչեւ իրենց աշխատած գումարները ստանում են` կռիվ-ղալմաղալով կամ բողոքի ակցիաներով: Ահա թե ինչու մարդիկ թերահավատորեն ասում են. «Ամեն ընտրությունից առաջ գնում են գործարանում մի երկու կադր նկարահանում, մի երկու աշխատողի ցույց տալիս, իբր թե գործարանն աշխատում է, հետո էլի նույն ջուրն է, նույն ջրաղացը: Էդ գործարանը ոչ մի անգամ նորմալ չի աշխատելու»: 

Դեպի առաջ էին գնում ամբոխները՝ հարկադրված


1:11 Yerevan | 21:11 GMT | Wednesday 27 February 2008

Գայանե Հովսեփյան

Դեպի առաջ էին գնում ամբոխները՝ հարկադրված
Փետրվարի 24-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ հակաքարոզչության «ծրագրի շրջանակներում» Վանաձորում, Հայքի հրապարակում տեղի ունեցավ երթով սկսված հանրահավաք:
Մինչ հանրահավաքի վայր մեկնելը, ահազանգ ստացանք «Ժառանգություն» կուսակցության Վանաձորի գրասենյակից, թե դպրոցների մանկավարժներից մեկը դժգոհել է, թե «Մի կտոր հաց ենք ուտում՝ էն էլ քթից են բերում: Ստիպել են, թե գնացեք, Լեւոնի դեմ ցույց արեք»: Տիգրան Մեծի պողոտայով արգելվել էր ավտոմեքենաների երթեւեկությունը: Հանրահավաքային երթի մասնակիցները ոչ միայն ուսումնական հաստատություններից էին, այլեւ՝ պետական հիմնարկների աշխատակիցներ, որոնք Տիգրան Մեծի պողոտայի վերջնամասից՝ «Կենտրոնական հանրախանութի» մոտից սկսած, բնակելի շենքերի պատերին փակցված «Առաջ Հայաստան» կարգախոսով ցուցապաստառներից «նայող» վարչապետի ազդու հայացքի ներքո, համանուն կարգախոսները ձեռքին՝ «առաջ» էին գնում: Խանութների, տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցները դուրս էին եկել՝ «թամաշա» էին անում շքերթը ու հիասթափությամբ «հայտնաբերում» իրենց ճանաչած մարդկանց: «Ինչ լավ է՝ մենք էլ չենք պետական աշխատող, թե չէ մեզ էլ պետք է քշեին ցույցի», - նկատեց մի երիտասարդ վաճառողուհի՝ գործընկերուհիներին, որոնցից մեկ ուրիշը՝ ավագ տարիքի, իր հերթին ավելացրեց. «Բայց իսկականից ինչ մեղք է էս ժողովուրդը»: «Սա իշխանությունների թուլությունն է, եթե իրենք ուժեղ են, հաղթել են, ինչի՞ են էսպիսի բաներ անում: Ուրեմն վախենում են», - դժգոհեց մանր գործարարությամբ զբաղվող մի կին` համեմատելով, որ մայրաքաղաքի Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքին մարդիկ գնում են կամավոր (այդ թվում նաեւ՝ մարզերից), իրենց ցանկությամբ, մինչդեռ այդտեղ հարկադրված են գալիս (ըստ տեղեկությունների` կիրակնօրյա հանրահավաքային «արտաժամ» աշխատանքը գնահատվել է 1000-ական դրամ՝ յուրաքանչյուրին. այնպես, ինչպես խորհրդային տարիներին մայիսմեկյան եւ նոյեմբերյոթյան շքերթների ժամանակ «պլակատ բռնելը» 10 ռուբլի էր): Երբ երթի մասնակիցները ժամանակ առ ժամանակ վանկարկումով գոչում էին «Ա-ռաջ, Հայաստան», մայթից անցնող-դարձողներից ոմանք քթների տակ ռեպլիկ էին նետում ու ծիծաղում՝ համապատասխան մեկնաբանություններով: Իսկ մի խնձոր ծախողի «ցավ ու դարդն» էլ այն էր, թե՝ «էդքանը որ գային մի-մի կիլո խնձոր առնեին՝ ինչքան լավ կըլներ»: Սակայն այդ ամենը ոչ թե որպես զվարճանք, այլ՝ «դժբախտություն», «ազգային խայտառակություն», «ամոթ» որակողները, հանրահավաքի մասնակիցների վարմունքն էլ «դավաճանություն» համարողներն ավելին էին, քան կարելի էր պատկերացնել ներկա «ռեժիմի» պայմաններում: «Սա իսկական խայտառակություն է, ամոթ չի՞, էս ի՞նչ ժողովուրդ են, էս ձեւով կարելի՞ է աշխատանք ունենալ, Հուդայի ստացած արծաթն է», - դատապարտում էին մայթերից երթին հետեւողները: «Եվ սրանք էլիտա են կոչվու՞մ», - ցույցի ելած մանկավարժների հասցեին արհամարհանքով նետեց միջին խավի ներկայացուցիչ գործարար կինը, որ ընդդիմադիր թերթերի մշտական ընթերցող է (ի տարբերություն ընդհանրապես թերթ չկարդացող շատ ուսուցիչների) ու «Ազատություն» ռադիոկայանի մշտական ունկնդիր: Մարդիկ լավ հասկանում էին, որ այդ ամենը «վերեւից» է հրահանգավորված: Հակալեւոնական հանրահավաքը դատապարտողները՝ նույնիսկ միմյանց անծանոթ, ընդհանուր գաղափարի շուրջը միավորված, կիսվում էին միմյանց հետ, տպավորություններ հայտնում մայրաքաղաքում տեղի ունեցող «բուռն» իրադարձություններից: Ակնհայտ էր, որ ժողովրդի միասնության ոգին կոտրելու՝ իշխանության փորձերը ձախողման են դատապարտված: Ժողովուրդը չի ուզում ստրուկի նման ապրել եւ չի վախենում իր կարծիքն արտահայտելուց:

«Էս երկրում օրենքներն աշխատում են ի վնաս ընդդիմության»


18:30 Yerevan | 14:30 GMT | Thursday 20 March 2008

«Էս երկրում օրենքներն աշխատում են ի վնաս ընդդիմության»
Չնայած ՀՀ նախագահն օրերս հրամանագիր ստորագրեց՝ արտակարգ դրության պայմաններում ժամանակավորապես կասեցված քաղաքական կուսակցությունների գործունեությունը վերստին թույլատրելու մասին, սակայն Վանաձորի ընդդիմադիր կուսակցություններից մարտի17-ի դրությամբ բաց էր միայն «Ժառանգության» Վանաձորի գրասենյակը:
ՀՀՇ Լոռու մարզային կառույցի դռները ոչ միայն շարունակում էին փակ մնալ, այլեւ դռան վրայից հանված էր գրասենյակի անվանումը մատնանշող ցուցանակը: Ի՞նչ քաղաքական գործունեության մասին կարող է խոսք լինել, եթե կուսակցության ակտիվը ձերբակալված է. ստույգ տեղեկություններով՝ ձերբակալվածների թվում ոչ միայն ՀՀՇ Լոռու մարզային կազմակերպության ղեկավար, արցախյան շարժման նվիրյալ Աշոտ Մանուկյանն է, այլեւ ՀՀՇ Վանաձորի քաղխոհրդի նախագահ Ռուբիկ Ոսկանյանը եւ էլի մի քանիսը, որոնց վերաբերյալ ոչ պաշտոնական տեղեկություններով հաջողվեց ճշտել միայն Արթուր Շահնազարյանի անուն-ազգանունը եւ ավագ սերնդի մի քաղաքացու՝ Մեսրոպ անվանումը: Ազատության մեջ գտնվող ՀՀՇ անդամներից ոմանց (ովքեր մարտի 1-ի մայրաքաղաքի ճակատագրական հանրահավաքին չմասնակցելու «բարեբախտություն» են ունեցել), քաղաքական ակտիվությունն այս օրերին տեղափոխվել է Վանաձորի դատարան, որտեղ դատաքննություն է ընթանում Տեր-Պետրոսյանի վստահված անձ, մանկավարժ Սոֆյա Քալանթարյանի դեմ: Վերջինս փորձել է կանխել ընտրական կեղծիքները «մեկ առանձին վերցրած» տեղամասում, բայց՝ ինքն է հայտնվել «մեղադրվողի» կարգավիճակում. իբր՝ «խանգարել» է ընտրական հանձնաժողովի աշխատանքները: Ահա թե ինչու, «Ազգային միաբանության» նախկին անդամներից մեկը մեզ հետ զրույցում վերհիշելով, որ 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ համանման պատմություն «սարքվեց» իր նկատմամբ (որ այն ժամանակ ընդդիմություն համարվող «Ազգային միաբանության» վստահված անձն էր եղել Վանաձորի տեղամասերից մեկում), ասաց. «Էս երկրում օրենքներն աշխատում են միայն ի վնաս ընդդիմության: 2003թ. ոստիկանները ինձ մի քանի ժամով հանձնաժողովի աշխատանքներից հեռացրին, որ կեղծիքներին ականատես չլինեմ, իբր թե ես ինչ-որ մեկին ուղղորդում էի» (հիշյալ պատմության իրեղեն ապացույց վկայությունները՝ «Առավոտի» 2003թ. փետրվարի 22-ի «Ազատ, արդար եւ թափանցիկ բռնություններ» հոդվածում):

Ժողովուրդն այլեւս չի վախենում



2:00 Yerevan | 22:00 GMT | Sunday 15 June 2008

Գայանե Հովսեփյան

Ժողովուրդն այլեւս չի վախենում
Ընդհանուր կարծիք կա, թե ովքեր պետական կառավարման համակարգում են աշխատում` անպայմանորեն գործող իշխանության կողքին են, եւ ընդհակառակը` ովքեր պետական կառավարման համակարգում չեն` ընդդիմություն են:
Մարդկանց հետ պարբերական զրույցներից, սակայն, պարզ է դառնում, որ պետական կառավարման համակարգում էլ կարող են լինել մարդիկ, որոնք ներկա իշխանությունների քաղաքականությունից դժգոհ են: Ճիշտ է, ոմանք իրենց աշխատանքը չկորցնելու, ընտանիքը ապրուստի միջոցից զրկելու վախից երբեմն հրապարակավ չեն արտահայտում իրենց տեսակետը, այդուհանդերձ, «ներքին զրույցների» ժամանակ խոստովանում են իրենց համակրանքը Համաժողովրդական Շարժման եւ նրա առաջնորդի նկատմամբ: Վանաձորի առողջապահության ոլորտի երկարամյա մի աշխատակցուհի, օրինակ, վստահաբար տեղեկացրեց, որ չնայած նախագահական ընտրությունների ընթացքում կիրառված վարչական լծակներին, այդուհանդերձ, ոչ միայն ինքը, այլեւ պետական ոլորտի շատ աշխատողներ օգտվել են ազատ կամքի դրսեւորման իրենց իրավունքից եւ ընտրել ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին. «Բա էլ ու՞մ պետք է ընտրեի: Իհարկե Լեւոնին եմ ընտրել»: Հարցին, թե արդյո՞ք իր վերադասն էլ է Տեր-Պետրոսյանին ընտրել, ժխտողական պատասխան տվեց. «Իհարկե տնօրենը վարչապետի կողմն էր: Ամբողջ օրը ժողովներ էին անում, քարոզում, բայց ես եւ իմ նման շատերը` մեր հիմնարկից, Լեւոնին ենք ընտրել»: Արդյո՞ք նախկինում` 1991, 1996 թվականներին էլ է Տեր-Պետրոսյանին ընտրել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Հաստատ չեմ հիշում` այն ժամանակ ում եմ ընտրել կամ գնացե՞լ եմ ընտրության, բայց գիտեմ, որ 1998 թվից սկսած` Քոչարյանին ոչ մի անգամ չեմ ընտրել»: Հարցին, թե չի՞ վախեցել աշխատանքը կորցնելուց, երբ Տեր-Պետրոսյանին է ընտրել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Նախ, ո՞վ գիտեր, թե ես քվեախցիկում ում էի ընտրում եւ հետո` թող հիմա էլ իմանան, ես վախենալու բան չունեմ»: Երբ նրան հիշեցրի, որ մի բժշկի աշխատանքից ազատել են` «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանին իշխանությունների համար ոչ ցանկալի ախտորոշում տալու պատճառով, զայրույթով ասաց. «Բժիշկը Հիպոկրատի երդում տված անձնավորություն է, նա իրավունք չունի օգնություն ցույց չտալ` անկախ նրանից, թե ով է հիվանդը», եւ դատապարտեց այդ բժշկին աշխատանքից ազատելը: Եվս մեկ ապացույց, որ Տեր-Պետրոսյանի համակիրների բանակը միմիայն նրա օրոք պաշտոնավարած մարդկանցից չէ բաղկացած, որոնք, ըստ իշխանության խոսափողների, իբր «մենակ աթոռ են ուզում» եւ «ժողովրդի սոցիալական դժգոհությունը շահարկում են»: Այս կապակցությամբ էլ հարց է առաջանում, թե ինչու՞ իշխանությունները ժողովրդի վիճակը բարելավելու փոխարեն իրենց վիճակն են բարելավում եւ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը մի քանի անգամ բարձրացնում, հետո էլ ընդդիմությանը մեղադրում «ժողովրդի վիճակը շահարկելու» համար: Չլինի՞ ընդդիմությունն է մեղավոր, որ գներն օրեցօր աճում են, վարձերը` բարձրանում, «դրսից» օգնություն եկող դոլարն էլ` արժեզրկվում. «Ռուսաստանում դոլարը բարձրանում է` էստեղ իջնում, դոլարը սարքել են չուլ», - նկատում է վանաձորցի Ա.Մարտիրոսյանը: Ինչպես տեսնում ենք, հասարակությունը միմիայն անդեմ, «անողնաշար» մտավորականներից չէ բաղկացած, այլ` ինքնուրույն մտածող, առաջադեմ քաղաքացիներից, որոնք համոզված են, որ «Էս իշխանությունները չեն երկարելու, ինչքա՞ն կարող են զոռով աթոռ պահեն»: Թերեւս, «զոռով աթոռ պահելու» մի ապացույց էլ 1937 թվին բնորոշ գործելակերպն է եւ նույնիսկ... այդ գործելակերպի անթաքույց խոստովանությունը: Ահավասիկ. ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը հունիսի 12-ին մամուլում տված հարցազրույցում խորհուրդ է տվել «մի քանիսին աքսորել»` որպես երկրի ներքաղաքական ճգնաժամի լավագույն լուծում (ահա եւ «երկխոսության առաջարկ» ընդդիմությանը). «այնպես, ինչպես ժամանակին Պարույր Հայրիկյանին են աքսորել»: Դրանից էլ մեծ խոստովանությու՞ն` 1937 թվի գործելակերպի մասին: «Բա ի՞նչ եք կարծում, առանց բռնի մեթոդների էս իշխանությունները կարո՞ղ են աթոռ պահել», - ասում է վանաձորցի նախկին կոմունիստ Ռաֆիկ Սահարյանը, ով նախագահական ընտրությունների ժամանակ «Ժառանգության» կողմից հանձնաժողովի անդամ է եղել եւ լուրջ ընտրախախտումներ է արձանագրել զինվորական տեղամասում: Եվ կեսկատակ ավելացնում է. «Մի քանի օր մնաց: Երեւի ամսի 20-ի հանրահավաքից հետո էլ մի քանիսին կաքսորեն: Մնում է ենթադրել, թե ու՞ր պետք է աքսորեն: Մենք հիմա Սովետական Միության կազմի մեջ չենք, որ Սիբիր աքսորեն...»: Ի դեպ, երբ ՀԿԿ Վանաձորի քաղկոմի 1-ին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը ապրիլ ամսին հրավիրած մամուլի ասուլիսում դատապարտեց մարտի 1-ի դեպքերի առնչությամբ կատարված ձերբակալություններն ու քաղաքական հետապնդումները եւ առաջարկեց Վանաձորի երկաթուղայինների այգում տեղադրված, 1937թ. բռնաճնշումների զոհերի հուշարձանի տարեթիվը փոխարինել 2008 թվով ու «էլ 37 թվից չխոսել», մենք ենթադրում էինք, որ իշխանությունները «զրպարտություն» կորակեն Ղուկասյանի ասածը, բայց, պարզվում է, իշխանությունները ոչ միայն «տեր կանգնեցին» իրենց ուղղված քննադատությանը, այլեւ «տիրոջ իրավունքով» որոշեցին ավելի ամրապնդել այդ կարծիքը ժողովրդի մոտ, ինչի ակնառու ապացույցը, փաստորեն, հանրապետական պատգամավորի մտքերն էին` մամուլում արտահայտված, թեպետ ոմանք Աղաբաբյանի մտքերին հումորով են վերաբերվում` ասելով. «Եթե աքսորում են` թող Ամերիկա կամ Ֆրանսիա աքսորեն կամ էլ` «Գույք պարտքի դիմաց» ծրագրով հանձնեն Ռուսաստանին»:

четверг, 29 ноября 2012 г.

“Ազատ-անկախ”-ը` կայացման փուլում, առանց աջակցման-2



17  տարվա  լրագրող  եմ`  սկսած  1995թ.-ից:  Մամուլում  իմ  կողմից  տպագրված  քննադատական  հրապարակումների  համար  պարբերաբար  զանազան  ճնշումների  եմ  ենթարկվել  նրանց  կողմից,  ում  “թանին  թթու  ասող”  հոդվածներ  եմ  տպագրել  (ընդհուպ  մինչև  “սեփական  դիմումի  համաձայն”  աշխատանքից  ազատում  պետական  ոլորտում`  1998թ.,  մանրամասները  տես  բլոգի  8.01.2012թ.  “Ինչպես  ես  դարձա  լրագրող  և  դրա  հետևանքները”  հոդվածում):Սկսած  2005թ.-ից  հանդես  եմ  գալիս  որպես  ազատ  լրագրող,  սակայն,  տեսնելով,  որ  “հայտնի  ուժերի”  ձեռքը  պարբերաբար,  հետևողականորեն  հասնում  է  նաև  այն  թերթերին,  որոնցում  հանդես  եմ  գալիս,  2011թ.  հուլիսից  ստիպված  էի  բլոգ  ստեղծել  (www.azatankakh.blogspot.com),  որտեղ  մինչ  օրս  տպագրվել  են  շուրջ  100  հոդվածներ  սոցիալ-տնտեսական,  ներքաղաքական,  իրավական,  մշակութային,  հայապահպան  թեմաներով  վերլուծություն,  տեղեկատվություն,  ակնարկ:  Ընդ  որում,  բլոգում  բարձրացվում  են  հարցեր,  որոնք  երբևէ  որևէ  այլ  ԶԼՄ-ի  կողմից  չեն բարձրացվել  (Օր.` “Ու՞ր  են  կորել  հաշմանդամների  13  տարվա  նպաստները”,  10.08.2012թ.,  “Վթարային  կամուրջ  Վանաձոր-Բագրատաշեն  մայրուղու  վրա”,  18.08.2012թ.):  Ցավոք,  բլոգը  ֆինանսական  աջակցություն  չի  ստանում  որևէ  հասարակական  կամ  պետական  կառույցից  (թեպետ  այն  քաղաքական  նպատակներ  չի  հետապնդում),  չնայած  այդ  առթիվ  սոցցանցերում  պարբերաբար  հայտարարություններ  եմ  զետեղել,  որոնք  առայժմ  մնացել  են  “ձայն  բարբառոյ”:  Եվ,  եթե  բլոգը  մինչ  օրս  գոյատևում  է,  ապա  բացառապես  իմ  անձնական  խնայողությունների  հաշվին,  մինչդեռ  իմ  և  իմ  ընտանիքի  անդամների  բուն  խնայողությունները` խորհրդային  տարիներին  խնայբանկում  պահ  տված  ավանդներ,  առ  այսօր  “սառեցված”  վիճակում  են,  և  հայտնի  չէ,  թե  դրանք  երբևէ  վերադարձվելու  են  (այնպես,  ինչպես  հազարավոր  այլ  քաղաքացիների  ավանդներ):  Այսինքն,  պետությունը  ոչ  միայն  “խորթ  զավակի”  կարգավիճակում  է  պահում  շատերին,  այլև`  զրկում  է  անգամ  ունեցածից:  Ծանոթներիցս  մեկն  ինձ  խորհուրդ  է  տալիս  դիմել  որևէ  օլիգարխի,  կամ`  կուսակցության  անդամագրվել,  սակայն,  կարծում  եմ,  կուսակցության  անդամ  լինելը  կամ  որևէ  օլիգարխից  կախում  ունենալը  կխանգարի  ազատ  մամուլի  կայացմանը:  Ըստ  այդմ,  ակնկալում  եմ  ժողովրդավարության  զարգացմանն  ուղղված  որևէ  դրամաշնորային  ծրագրի  աջակցություն,  միաժամանակ  ակնկալելով  ազատ  մամուլի  ու  ժողովրդավարության  կայացման  համար  շահագրգիռ  որևէ  պատգամավորի  միջամտություն.  հարց  բարձրացնել,  որպեսզի  պետբյուջեի  միջոցներով  որոշակի  ֆինանսական  հատկացումներ  արվեն  այն  տեղեկատվական  բլոգներին,  որոնք  ապացուցել  են  իրենց  գոյության  անհրաժեշտությունը,  քաղաքական  նպատակներ  չեն  հետապնդում  և  տպագրում  են  հոդվածներ` բացառապես  ժողովրդի  շահերից  ելնելով:  Չէ՞  որ  պետության  կողմից  պարբերաբար  ֆինանսավորվում  են  և  առանձին  ՀԿ-ներ,  և  թերթեր  (որոնց  մի  որոշներում  տպագրվող  նյութերի  վերաբերյալ  ֆեյսբուքում  մի  օգտատեր  կատակել  էր,  թե  “Ափսոս  չէ՞ր  էն  ծառը,  որ  էդ  թերթը  տպելու  համար  էն  կտրել”):  Եթե  մի  100  անդամ  չունեցող,  “թղթի  վրա”  գործող  կուսակցություններն  են  անգամ  պետբյուջեից  տարեկան  կտրվածքով  ֆինանսավորվում,  ապա  ժողովրդի  շահերից  բխող  հարցեր  բարձրացնող  բլոգներն  ինչու՞  չպետք  է  ֆինանսավորվեն:  Միաժամանակ  հիշեցնեմ,  որ  Azat Ankakh  բլոգի  զարգացման  նպատակով  Զարգացման  Հայկական  բանկում  մայիս  ամսից  բացվել  է  հաշվեհամար,  և նրանք, ովքեր ցանկանում են նպաստել այլընտրանքային, բայց անկողմնակալ լրատվությանն ու ժողովրդավարության զարգացմանն` ի դեմս Azat Ankakh բլոգի, կարող են փոխանցումներ կատարել Զարգացման Հայկական բանկում հետևյալ հաշվի համարներով`

 ՀՀ դրամով          (AMD) 1810004845330100
ԱՄՆ դոլարով     (USD)  1810004845330101
Եվրոյով              (EUR)  1810004845330150
Ռուս. ռուբլով    (RUR)  1810004845330158
    Azatankakh բլոգի հիմնադիր հեղինակ`  Գայանե Հովսեփյան
Էլ.հասցե` gayane1960@gmail.com
                               gayanehovsepyan91@gmail.com
                             Հեռ.             +374 (322) 4-61-17

вторник, 27 ноября 2012 г.

,,Ազատ գոտու,, հյուրերն ՝ ընդդեմ ,,քֆուրով,, բանաստեղծության

 Հ1-ի ,,Ազատ  գոտի,,  հաղորդումը  հաճախ  չեմ  դիտում,  բայց  նոյեմբերի  26-ի  հաղորդման  անոնսից  տեղեկանալով,  որ  Երեւանի  գրողների  միության  հիմնադիր, լոռեցի  Աբգար  Ափինյանն  ու  նրա  համախոհները  հանդես  են  գալու  ,,ինտիմ,,  թեմաներով  գրող  Արտեմ  Հարությունյանի  ,,արվեստի,,  դեմ,  որոշեցի  ունկնդրել. մանավանդ,  որ  երկուսն  էլ  ինտրիգային  դեմքեր  են:  Դե , Ափինյանն  անընդհատ  սկանդալային  թեմաներով  քննարկումների  ու  ասուլիսների  հայտնի  մասնակից  է ՝  ազգապահպան-ավանդապաշտական.  թեմաներով . վկա ՝ մի  10տարի  առաջ  ,,Առավոտում,,  տպագրված  մի  հոդված ՝,,  Աբգար  Ափինյանը  եւ  աբորտը,,  վերնագրով:  Այն  ժամանակ  Հայաստանի  գրողների  միությունում  մի  քանի  մտավորականներ  հավաքվել  ու  բողոքում  էին  Հայաստան  ներմուծված  ու  ընտանիքի  պլանավորման  կաբինետների  միջոցով  անվճար  բաշխվող  հակաբեղմնավորման  միջոցների  դեմ,  այդ  ակցիան  համարելով  հայկական  ընտանիքների  աճի  արգելակման  գործոն:  Իսկ  Արտեմ  Հարությունյանի  բանաստեղծություններից  մի  քանիսը  պատահաբար  կարդացել  եմ  մամուլում,  եւ  նկատել,  որ  այնտեղ  բավականին  գռեհիկ  արտահայտություններ  կան: ,,Ազատ  գոտու,,  հյուրերն  էլ  հենց  դրա  համար  ուզում  էին  Արտեմին  համոզել,  որ  նրա  բանաստեղծություններից  որոշները,  մեղմ  ասած՝ ,,էրոտիկ,, են, անթույլատրելի  է որոշ  արտահայտությունների  օգտագործումը;  Հաղորդումը  վարող  Էրիկը  նույնիսկ  ,,չարախնդաց,, թե ,,Ձեր  վերջին  ստեղծագործությունների  գիրքը  կարծես  թե  չտպագրեցին,,:  Իսկ  Արտեմը  ,,սառը  ջուր  լցրեց,,  նրա  ,,գլխին,,  ու  ասաց,  որ  տպագրվել  է,  բայց ՝ ոչ  պետական  միջոցներով:  Հետաքրքիրն  այն  է,  որ  հաղորդման  ակտիվ  մասնակիցը  ոչ  թե  Աբգար  Ափինյանն էր, այլ ՝ցեղակրոն  արժեքներ  դավանող  մի  երիտասարդ,  որ,  բուն  թեմայից  շեղվելով,  սկսեց  պաթոսով  քարոզել, որ  հայ  կինը  չպետք  է  արտաամուսնական  կապի  մեջ  մտնի,  ու ,,կարմիր  խնձորը,,  պետք  է  առհասարակ  սրբություն   համարվի  . այն  դեպքում,  երբ  Արտեմ  Հարությունյանի ՝ ,,խնդրո  առարկա,,  բանաստեղծություններից  մեկի  գռեհիկ  տողերում  / որն  այդտեղ  ընթերցվեց /  որպես  ,,թիրախ,,  ռուս  կանայք  էին  ընտրված: Տպավորություն  ստացվեց,  թե  հայ  կանայք  կարող  են  բարոյալքվել, որովհետեւ  կարող  է  կարդան  Արտեմի  գրած  ոտանավորն  ու  ոգեւորված  գնան  բարոյալքվելու:  Բարեբախտաբար,  հաղորդման  հյուրերից  Արմեն  Մազմանյանը  նկատեց,  որ  բուն  թեմայից  շեղվել  են  ու  հաղորդումը  վերածել  ,,կարդաբալետի,,,  եւ  Ա.Հարությունյանին  ,,բզիկ-բզիկ,,  անելուց  փրկելու  նպատակով  վկայակոչեց  միջնադարյան  սիրային  բանաստեղծ  Նահապետ  Քուչակի  բանաստեղծություններից  մեկը:  Իսկ,  մինչ  այդ,  Հարությունյան  Արտեմը,  առաջնորդվելով  ,,լավագույն  պաշտպանությունը  հարձակումն  է,,  սկզբունքով, սկսեց  ցեղակրոն  երիտասարդին  հրահրել  ու  ,,խայթեց,,  թե  ,,դու  կնոջ  հետ  չես  կենակցել,, :Վերջինս  էլ  նրան  համեմատեց  պալատական  բանաստեղծների  հետ,  որ,   իբր,  իրենց  ոտանավորներով  ուզում  են  ,,պալատական  մարկիզուհիներին,,  դուր  գալ:  Ի  դեպ,  Հարությունյանը  ոգեւորվեց,երբ  մի  քանի  ,,արգելված  մտքեր,,  հնչեցրին  նրա  գրածներից:  Եւ  Աբգար  Ափինյանի  ընկերական  խորհուրդն  էլ,  թե  ,,ինչ  կլինի  էդ  տողերը  հանես,, ՝  չհամոզեց  նրան,  քանի  որ  երանությամբ  ասաց.,,.Հրաշալի  տողեր...,,: Իսկ  նրա  ոգեւորությունը  կատարյալ  էր, երբ  իմացավ,  որ  ուսանողուհիներն  իր  բանաստեղծություններից  ինչ-ինչ  տողեր  կարմիր  մատիտով  ընդգծել  են  եւ  ներկայացրել  Աբգարին՝ որպես  բողոքի  նշան. : ,,:Ուրեմն  կարդացել  են,,-ոգեւորվեց  նա  այդ  փաստից:Սա  նման  է  նրան, երբ  այգու  որեւէ  անկյունում  դարանակալած  մոլագարը  բավականություն  է  ստանում,  երբ  որեւէ  կին  տեսնում  է  նրա  մերկությունը:  Հաղորդումը  լիուլի  նպաստեց  Ա,Հարությունյանի  բանաստեղծությունների  գովազդին ՝ հակագովազդի  միջոցով,  եւ,  այն  դեռահասները,  ովքեր  որեւէ  գրախանութ  կամ  գրադարան  չեն  գնացել,  հաստատ  վազելու  են  եւ  այնտեղ  փնտրելու  Արտեմի  բանաստեղծությունները,  որոնց  նախաբանում, ճիշտ  կլիներ,  եթե  գրվեր,  որ  ,,մինչեւ  16  տարեկաններին  արգելվում  է,,:  Այնուամենայնիվ,  հաղորդման  գլխավոր  առավելությունն  այն  էր,որ  վերջում  նմանատիպ  գրողներին  հիշեցվեց,  որ  ՀՀքրեական  օրենսգիրքն  արգելում  է  պոռնոգրաֆիկ  թեմաներով  նյութերի /որոնց  թվում ՝ գրականություն / հրատարակումն  ու  տարածումը:
   ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ