1:11 Yerevan | 21:11 GMT | Wednesday 27 February 2008
Գայանե Հովսեփյան
Փետրվարի 24-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ հակաքարոզչության «ծրագրի շրջանակներում» Վանաձորում, Հայքի հրապարակում տեղի ունեցավ երթով սկսված հանրահավաք:
Մինչ հանրահավաքի վայր մեկնելը, ահազանգ ստացանք «Ժառանգություն» կուսակցության Վանաձորի գրասենյակից, թե դպրոցների մանկավարժներից մեկը դժգոհել է, թե «Մի կտոր հաց ենք ուտում՝ էն էլ քթից են բերում: Ստիպել են, թե գնացեք, Լեւոնի դեմ ցույց արեք»: Տիգրան Մեծի պողոտայով արգելվել էր ավտոմեքենաների երթեւեկությունը: Հանրահավաքային երթի մասնակիցները ոչ միայն ուսումնական հաստատություններից էին, այլեւ՝ պետական հիմնարկների աշխատակիցներ, որոնք Տիգրան Մեծի պողոտայի վերջնամասից՝ «Կենտրոնական հանրախանութի» մոտից սկսած, բնակելի շենքերի պատերին փակցված «Առաջ Հայաստան» կարգախոսով ցուցապաստառներից «նայող» վարչապետի ազդու հայացքի ներքո, համանուն կարգախոսները ձեռքին՝ «առաջ» էին գնում: Խանութների, տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցները դուրս էին եկել՝ «թամաշա» էին անում շքերթը ու հիասթափությամբ «հայտնաբերում» իրենց ճանաչած մարդկանց: «Ինչ լավ է՝ մենք էլ չենք պետական աշխատող, թե չէ մեզ էլ պետք է քշեին ցույցի», - նկատեց մի երիտասարդ վաճառողուհի՝ գործընկերուհիներին, որոնցից մեկ ուրիշը՝ ավագ տարիքի, իր հերթին ավելացրեց. «Բայց իսկականից ինչ մեղք է էս ժողովուրդը»: «Սա իշխանությունների թուլությունն է, եթե իրենք ուժեղ են, հաղթել են, ինչի՞ են էսպիսի բաներ անում: Ուրեմն վախենում են», - դժգոհեց մանր գործարարությամբ զբաղվող մի կին` համեմատելով, որ մայրաքաղաքի Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքին մարդիկ գնում են կամավոր (այդ թվում նաեւ՝ մարզերից), իրենց ցանկությամբ, մինչդեռ այդտեղ հարկադրված են գալիս (ըստ տեղեկությունների` կիրակնօրյա հանրահավաքային «արտաժամ» աշխատանքը գնահատվել է 1000-ական դրամ՝ յուրաքանչյուրին. այնպես, ինչպես խորհրդային տարիներին մայիսմեկյան եւ նոյեմբերյոթյան շքերթների ժամանակ «պլակատ բռնելը» 10 ռուբլի էր): Երբ երթի մասնակիցները ժամանակ առ ժամանակ վանկարկումով գոչում էին «Ա-ռաջ, Հայաստան», մայթից անցնող-դարձողներից ոմանք քթների տակ ռեպլիկ էին նետում ու ծիծաղում՝ համապատասխան մեկնաբանություններով: Իսկ մի խնձոր ծախողի «ցավ ու դարդն» էլ այն էր, թե՝ «էդքանը որ գային մի-մի կիլո խնձոր առնեին՝ ինչքան լավ կըլներ»: Սակայն այդ ամենը ոչ թե որպես զվարճանք, այլ՝ «դժբախտություն», «ազգային խայտառակություն», «ամոթ» որակողները, հանրահավաքի մասնակիցների վարմունքն էլ «դավաճանություն» համարողներն ավելին էին, քան կարելի էր պատկերացնել ներկա «ռեժիմի» պայմաններում: «Սա իսկական խայտառակություն է, ամոթ չի՞, էս ի՞նչ ժողովուրդ են, էս ձեւով կարելի՞ է աշխատանք ունենալ, Հուդայի ստացած արծաթն է», - դատապարտում էին մայթերից երթին հետեւողները: «Եվ սրանք էլիտա են կոչվու՞մ», - ցույցի ելած մանկավարժների հասցեին արհամարհանքով նետեց միջին խավի ներկայացուցիչ գործարար կինը, որ ընդդիմադիր թերթերի մշտական ընթերցող է (ի տարբերություն ընդհանրապես թերթ չկարդացող շատ ուսուցիչների) ու «Ազատություն» ռադիոկայանի մշտական ունկնդիր: Մարդիկ լավ հասկանում էին, որ այդ ամենը «վերեւից» է հրահանգավորված: Հակալեւոնական հանրահավաքը դատապարտողները՝ նույնիսկ միմյանց անծանոթ, ընդհանուր գաղափարի շուրջը միավորված, կիսվում էին միմյանց հետ, տպավորություններ հայտնում մայրաքաղաքում տեղի ունեցող «բուռն» իրադարձություններից: Ակնհայտ էր, որ ժողովրդի միասնության ոգին կոտրելու՝ իշխանության փորձերը ձախողման են դատապարտված: Ժողովուրդը չի ուզում ստրուկի նման ապրել եւ չի վախենում իր կարծիքն արտահայտելուց:
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն