среда, 5 декабря 2012 г.

Ժողովուրդն այլեւս չի վախենում



2:00 Yerevan | 22:00 GMT | Sunday 15 June 2008

Գայանե Հովսեփյան

Ժողովուրդն այլեւս չի վախենում
Ընդհանուր կարծիք կա, թե ովքեր պետական կառավարման համակարգում են աշխատում` անպայմանորեն գործող իշխանության կողքին են, եւ ընդհակառակը` ովքեր պետական կառավարման համակարգում չեն` ընդդիմություն են:
Մարդկանց հետ պարբերական զրույցներից, սակայն, պարզ է դառնում, որ պետական կառավարման համակարգում էլ կարող են լինել մարդիկ, որոնք ներկա իշխանությունների քաղաքականությունից դժգոհ են: Ճիշտ է, ոմանք իրենց աշխատանքը չկորցնելու, ընտանիքը ապրուստի միջոցից զրկելու վախից երբեմն հրապարակավ չեն արտահայտում իրենց տեսակետը, այդուհանդերձ, «ներքին զրույցների» ժամանակ խոստովանում են իրենց համակրանքը Համաժողովրդական Շարժման եւ նրա առաջնորդի նկատմամբ: Վանաձորի առողջապահության ոլորտի երկարամյա մի աշխատակցուհի, օրինակ, վստահաբար տեղեկացրեց, որ չնայած նախագահական ընտրությունների ընթացքում կիրառված վարչական լծակներին, այդուհանդերձ, ոչ միայն ինքը, այլեւ պետական ոլորտի շատ աշխատողներ օգտվել են ազատ կամքի դրսեւորման իրենց իրավունքից եւ ընտրել ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին. «Բա էլ ու՞մ պետք է ընտրեի: Իհարկե Լեւոնին եմ ընտրել»: Հարցին, թե արդյո՞ք իր վերադասն էլ է Տեր-Պետրոսյանին ընտրել, ժխտողական պատասխան տվեց. «Իհարկե տնօրենը վարչապետի կողմն էր: Ամբողջ օրը ժողովներ էին անում, քարոզում, բայց ես եւ իմ նման շատերը` մեր հիմնարկից, Լեւոնին ենք ընտրել»: Արդյո՞ք նախկինում` 1991, 1996 թվականներին էլ է Տեր-Պետրոսյանին ընտրել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Հաստատ չեմ հիշում` այն ժամանակ ում եմ ընտրել կամ գնացե՞լ եմ ընտրության, բայց գիտեմ, որ 1998 թվից սկսած` Քոչարյանին ոչ մի անգամ չեմ ընտրել»: Հարցին, թե չի՞ վախեցել աշխատանքը կորցնելուց, երբ Տեր-Պետրոսյանին է ընտրել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Նախ, ո՞վ գիտեր, թե ես քվեախցիկում ում էի ընտրում եւ հետո` թող հիմա էլ իմանան, ես վախենալու բան չունեմ»: Երբ նրան հիշեցրի, որ մի բժշկի աշխատանքից ազատել են` «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանին իշխանությունների համար ոչ ցանկալի ախտորոշում տալու պատճառով, զայրույթով ասաց. «Բժիշկը Հիպոկրատի երդում տված անձնավորություն է, նա իրավունք չունի օգնություն ցույց չտալ` անկախ նրանից, թե ով է հիվանդը», եւ դատապարտեց այդ բժշկին աշխատանքից ազատելը: Եվս մեկ ապացույց, որ Տեր-Պետրոսյանի համակիրների բանակը միմիայն նրա օրոք պաշտոնավարած մարդկանցից չէ բաղկացած, որոնք, ըստ իշխանության խոսափողների, իբր «մենակ աթոռ են ուզում» եւ «ժողովրդի սոցիալական դժգոհությունը շահարկում են»: Այս կապակցությամբ էլ հարց է առաջանում, թե ինչու՞ իշխանությունները ժողովրդի վիճակը բարելավելու փոխարեն իրենց վիճակն են բարելավում եւ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը մի քանի անգամ բարձրացնում, հետո էլ ընդդիմությանը մեղադրում «ժողովրդի վիճակը շահարկելու» համար: Չլինի՞ ընդդիմությունն է մեղավոր, որ գներն օրեցօր աճում են, վարձերը` բարձրանում, «դրսից» օգնություն եկող դոլարն էլ` արժեզրկվում. «Ռուսաստանում դոլարը բարձրանում է` էստեղ իջնում, դոլարը սարքել են չուլ», - նկատում է վանաձորցի Ա.Մարտիրոսյանը: Ինչպես տեսնում ենք, հասարակությունը միմիայն անդեմ, «անողնաշար» մտավորականներից չէ բաղկացած, այլ` ինքնուրույն մտածող, առաջադեմ քաղաքացիներից, որոնք համոզված են, որ «Էս իշխանությունները չեն երկարելու, ինչքա՞ն կարող են զոռով աթոռ պահեն»: Թերեւս, «զոռով աթոռ պահելու» մի ապացույց էլ 1937 թվին բնորոշ գործելակերպն է եւ նույնիսկ... այդ գործելակերպի անթաքույց խոստովանությունը: Ահավասիկ. ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը հունիսի 12-ին մամուլում տված հարցազրույցում խորհուրդ է տվել «մի քանիսին աքսորել»` որպես երկրի ներքաղաքական ճգնաժամի լավագույն լուծում (ահա եւ «երկխոսության առաջարկ» ընդդիմությանը). «այնպես, ինչպես ժամանակին Պարույր Հայրիկյանին են աքսորել»: Դրանից էլ մեծ խոստովանությու՞ն` 1937 թվի գործելակերպի մասին: «Բա ի՞նչ եք կարծում, առանց բռնի մեթոդների էս իշխանությունները կարո՞ղ են աթոռ պահել», - ասում է վանաձորցի նախկին կոմունիստ Ռաֆիկ Սահարյանը, ով նախագահական ընտրությունների ժամանակ «Ժառանգության» կողմից հանձնաժողովի անդամ է եղել եւ լուրջ ընտրախախտումներ է արձանագրել զինվորական տեղամասում: Եվ կեսկատակ ավելացնում է. «Մի քանի օր մնաց: Երեւի ամսի 20-ի հանրահավաքից հետո էլ մի քանիսին կաքսորեն: Մնում է ենթադրել, թե ու՞ր պետք է աքսորեն: Մենք հիմա Սովետական Միության կազմի մեջ չենք, որ Սիբիր աքսորեն...»: Ի դեպ, երբ ՀԿԿ Վանաձորի քաղկոմի 1-ին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը ապրիլ ամսին հրավիրած մամուլի ասուլիսում դատապարտեց մարտի 1-ի դեպքերի առնչությամբ կատարված ձերբակալություններն ու քաղաքական հետապնդումները եւ առաջարկեց Վանաձորի երկաթուղայինների այգում տեղադրված, 1937թ. բռնաճնշումների զոհերի հուշարձանի տարեթիվը փոխարինել 2008 թվով ու «էլ 37 թվից չխոսել», մենք ենթադրում էինք, որ իշխանությունները «զրպարտություն» կորակեն Ղուկասյանի ասածը, բայց, պարզվում է, իշխանությունները ոչ միայն «տեր կանգնեցին» իրենց ուղղված քննադատությանը, այլեւ «տիրոջ իրավունքով» որոշեցին ավելի ամրապնդել այդ կարծիքը ժողովրդի մոտ, ինչի ակնառու ապացույցը, փաստորեն, հանրապետական պատգամավորի մտքերն էին` մամուլում արտահայտված, թեպետ ոմանք Աղաբաբյանի մտքերին հումորով են վերաբերվում` ասելով. «Եթե աքսորում են` թող Ամերիկա կամ Ֆրանսիա աքսորեն կամ էլ` «Գույք պարտքի դիմաց» ծրագրով հանձնեն Ռուսաստանին»:

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն