среда, 5 декабря 2012 г.

Ու՞ր մնաց ժողովրդավարությունը


6:52 Yerevan | 2:52 GMT | Saturday 1 September

Ու՞ր մնաց ժողովրդավարությունը
Երբ մարզխորհրդի՝ օրերս կայացած նիստի ժամանակ մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության բաժնի պետ Վոլոդյա Բունիաթյանը կոչ արեց նիստից հետո «ստանալ» վերոնշյալ թերթը, շատերին թվաց, թե այն անվճար է: Ըստ այդմ` մի համայնքի ներկայացուցիչ նիստի ավարտից հետո մոտենալով դահլիճի նախամուտքի մոտ դրված սեղանին՝ վերցրեց «Բնապահպանություն» թերթի օրինակներից մեկը եւ ցանկանում էր հեռանալ, սակայն վաճառողը խռոված ձայն տվեց. «Բա 200 դրա՞մը»: Իսկ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը նիստի ընթացքում խիստ ու խիստ կարեւորեց «Լոռու մարզ» թերթի պարտադիր բաժանորդագրությունը: Համապատասխան զեկուցողի կողմից հատ-հատ մատնանշվեցին մի քանի տասնյակի հասնող այն համայնքների անունները, որոնց ղեկավարները խուսափում են բաժանորդագրության գումարը տալ (չի բացառվում, որ նիստին ներկա գյուղապետերն այդ առնչությամբ մտքներում դժգոհեին ու թումանյանաբար ասեին. «Կա ոչ, կա ոչ, այ ոչ ու փուչ, փող ունենամ՝ մանկապարտեզ կպահեմ»): Իսկ «Լոռու մարզ» թերթի խմբագիրը, որ վերջերս «ձեռի հետ» նաեւ «Նոյյան տապան» շաբաթաթերթն է խմբագրում, Սպիտակի քաղաքապետի հասցեին դժգոհեց. «Արդեն 3 ամիս է ասում է՝ էսա կփոխանցենք»: Պատկերացնու՞մ եք` ինչպես կոմունիստական «հին, բարի» ժամանակներում, երբ ՍՄԿԿ անդամ պաշտոնյաների վրա Կենտկոմից հատուկ պլանային առաջադրանք էր դրվում պարտադիր բաժանորդագրվել «Պրավդա», «Իզվեստիա», մինչդեռ, թվում էր, թե ազատ մամուլի եւ ժողովրդավարության պայմաններում պետք է «այլընտրանքի» հնարավորություն տրվեր: Ի դեպ, 1997-98թթ. պաշտոնավարող Լոռու նախկին մարզպետ Վիգեն Խաչատրյանն էլ կարեւորում եւ գյուղապետերին հանձնարարում էր «Հայաստանի Հանրապետություն» բաժանորդագրվել՝ պատճառաբանելով կառավարական որոշումներին գյուղապետերի ծանոթանալու, նոր ընդունված օրենքներին տեղյակ լինելու անհրաժեշտությունը (ահա թե ինչու մարզային պաշտոնաթերթի խմբագիրները նրա մասին հաճելի հուշեր չունեն. նշենք, որ վերջինիս օրոք մարզային պաշտոնաթերթը բավականին ժամանակ լույս չէր տեսնում): Համենայնդեպս տարիներ առաջ, Լոռու նախորդ մարզպետ Հենրիկ Քոչինյանի օրոք փորձ ձեռնարկվեց. մարզխորհրդի նիստի օրը, դահլիճի նախամուտքի մոտ տարբեր թերթեր էին վաճառքի հանվում, սակայն դա երկար չտեւեց: Իսկ թե ինչու չշարունակվեց այդ ակցիան, «Հայ մամուլի» լրագրավաճառներից մեկը պատճառաբանեց. «Ես չկարողացա էդ քյոխվեքին թերթ առնել տամ: Չեն ուզում 2 կոպեկ թերթի տան: «Ոզնին» էլ ձրի էին ուզում կարդան, ասում էին՝ տուր տանենք նիստի ժամանակ կարդանք, էլի հետ կբերենք»:
Կարծում ենք` գյուղերի բնակիչներին թերթը հասանելի դարձնելու նպատակով, նաեւ հաշվի առնելով գյուղապետարանների ու գյուղացիների անվճարունակության հանգամանքը, տեղին կլինի, եթե որոշ գյուղերում դեռեւս պահպանվող մշակութային օջախները դրամաշնորհային ծրագրերի, մշակութային հիմնադրամների կամ պետբյուջեի միջոցներով տարբեր թերթեր ստանային՝ մեկական օրինակ, բայց խտրականություն չդրվեր ընդդիմադիր եւ իշխանամետ թերթերի միջեւ: Եթե նախկինում գյուղական ակումբները լցված էին տարբեր անուններով, բայց միանման կաղապարային բովանդակությամբ ագիտպրոպի բուկլետներով, ապա ինչու՞ չի կարելի ազատ մամուլի եւ ժողովրդավարության պայմաններում մեկական օրինակ տարբեր թերթեր գրվել: Մարզկենտրոն Վանաձորում վիճակը վերջին մի քանի տարիներին համեմատաբար բարվոք է, քանի որ Լոռու մարզային գրադարանը ոչ միայն հայաստանյան թերթեր է ստանում՝ երկու տասնյակից ավելի, այլեւ՝ մոսկովյան (Ռուսաստանի դեսպանատան աջակցությամբ): Թեպետ այստեղ «հակացուցված» են «Ժամանակ Երեւան» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերը (թերեւս որպես խիստ ընդդիմադիր), այդուհանդերձ, գրադարանի ընթերցասրահը ընդդիմադիր ու անկախ այլ թերթեր («Առավոտ», «Հայկական ժամանակ») ստանում է: Իսկ ընդհանրապես անվճարունակ խավը Վանաձորում թերթ կարդալու հնարավորություն է ունենում նաեւ այս կամ այն կազմակերպության կամ կուսակցության գրասենյակում, եթե նրանց համակիր է կամ՝ քիչ թե շատ ծանոթ:
Գայանե Հովսեփյան            

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն