четверг, 15 декабря 2011 г.

Նախատոնական առևտուրը, թանկացումներն ու մանր-մունր գողությունները Վանաձորում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | ankakh | Դեկտեմբերի 31, 2010 15:00

Դեկտեմբերի 10-ից սկսած` Վանաձորի առևտրի կետերում բուռն ծաղկում է ապրում նախատոնական առևտուրը, իսկ 20-ից սկսած` առանձին կետերում անգամ հերթեր ու հրմշտոցներ են: Սա կարելի է բացատրել ոչ միայն նախատոնական հանգամանքով, այլև պարբերական հարսանիքների առկայությամբ. գրեթե ամեն օր քաղաքում հարսանիքներ են` աղմուկ-աղաղակով, զիլ ազդանշաններով, “Հայքի” հրապարակում հարսանեկան ավտոշարասյան 5-6 պտույտով: Սրանով էլ պայմանավորված են խանութներում մշտական հերթերը, որոնք դիտելիս մարդիկ ակամա մտածում են. բա հետո էլ ասում են` ժողովուրդը փող չունի:
Սրան զուգահեռ` խանութներում մանր-մունր գողություններ էլ են տեղի ունենում, ինչն արդեն ժողովրդի մի հատվածի վատ ապրելու հետևանք է: Հավանաբար շատ քաղցած մի տատիկ որոշել էր խանութից աննկատ բուլկի թռցնել` օգտվելով համընդհանուր իրարանցման հանգամանքից: Սուպերմարկետներից մեկում էլ վաճառողները կանխեցին մոր հետ խանութում գտնվող մի անչափահասի գողությունը և իրեղեն ապացույց գողոնը` ապխտած ձուկ, հետ վերադարձրին, չմոռանալով երեխային դաստիարակչական նպատակներով “քոթակ տալ”:
Ընդհանրապես այս օրերին շատ մայրեր ափսոսում են, որ երեխաների հետ են շուկա գնում, որովհետև երեխայի սիրտը շատ բան է ուզում, բայց բավարար գումար չունեն: Չնայած ՀՀ նախագահն իր  ելույթներում պարբերաբար անդրադառնում է որոշ մթերքների գների չհիմնավորված բարձացմանը, սակայն գործարարները դրանից առայժմ անհրաժեշտ հետևություն չեն անում: Ըստ այդմ` հավկիթը շարունակում է վաճառվել 50-70 դրամով, իսկ պանրի գները սկսում են 1800-ից: Հավկիթի կատաղած գների վրա չազդեց նաև Հ1 պետական հեռուստաալիքի “Տեսանկյուն” հաղորդման ժամանակ հնչած կծու հեգնանքը. “Ձվերը փոքրանում են, գները` մեծանում”: Քաղաքակիրթ երկրներում նախատոնական օրերին զեղչեր են լինում, իսկ Հայաստանում հակառակն է: Աննշան զեղչեր գործում են միայն սպառման ժամկետը մոտեցող բնական հյութերի, ալկոհոլային խմիչքների պարագայում:
Այս օրերին բուռն ծաղկում է ապրում զեղծարարությունը, գների խախտումը, գնապիտակների բացակայությունը, ստվերային ապրանքների շրջանառությունը: Յուրօրինակ էլեկտրոնային կշեռքներ են գործում որոշ խանութներում. մթերքը կշռելիս գինը չեն գրում, իսկ կշռելուց հետո հաշվարկը կատարում ձեռքի հաշվիչով, կամ բանավոր թվաբանությամբ: Խախտումներն այնքան համատարած են, որ խանութներից մեկն այդ առումով մյուսներից տարբերվելու մղումով, որպես օրինակելի վարքագծի ինքնագովազդ, դռան վրա գրել էր. “Մեզ մոտ 1 կգ = է 1000 գրամ”:
Այս օրերին առավել ցայտուն է ուրվագծվում ժողովրդի սոցիալական բևեռացումը. որոշ սուպերմարկետներում հերթեր են, իսկ նույն սուպերմարկետների առջև` դատարկ արկղեր ու ստվարաթուղթ հավաքող ծայրաստիճան չքավորներ, որոնք դրանցով ջեռուցում են իրենց բնակարանները, և դա նրանց գրեթե ամենօրյա զբաղմունքն է աշնան-ձմռան ամիսներին: Նկատվում են նաև խանութներում “դարանակալած” մուրացիկներ ու աղբարկղ քրքրողներ:
                                                                        Գայանե Հովսեփյան


  Հ.Գ. Սույն հրապարակումը, որ ներկայացրինք համեմատության համար, լույս է տեսել  մեկ տարի առաջ "ankakh.com" կայքում: Ստորև ներկայացնենք այս տարվա ուսումնասիրության արդյունքները:
  Չնայած Վիշապի տարին դեռ պաշտոնապես իր իրավունքների մեջ չի մտել, սակայն 2011թ. դեկտեմբերի սկզբից մթերքների գներն ամենակուլ վիշապի նման միանգամից հարձակվեցին սպառողների վրա: Գների թռիչքային բարձրացումը այնքան է համատարած, որ ավելի տեղին կլինի մատնանշել, թե ինչը չի թանկացել կամ միգուցե` էժանացել (կարտոֆիլը, ալյուրը, հացը, մակարոնեղենը. սրանք են միայն այն մթերքները, որոնք վանաձորյան շուկայում առայժմ "աչքին սովոր մակարդակի" են): Առայժմ մատչելի են նաև մրգերը: Ամենացայտուն բարձրացումը սուրճի ոլորտում է: Սուրճի վերամշակմամբ զբաղվող ընկերությունները, համաշխարհային շուկայում սուրճի գնի բարձրացման լուրն առնելուն պես մեկ անգամ արդեն իսկ բարձրացրած գինը էլի բարձրացրին: Եթե 1-2 ամիս առաջ սուրճի 1կգ-ի նվազագույն գինը սկսվում էր 1900 դրամից, ապա այժմ` 2500-ից: Հակված ենք կարծելու, թե սուրճի գնի բարձրացմանն անուղղակիորեն խթանեց նաև ՏՄՊՊՀ-ն, որ այս ոլորտում ուսումնասիրությունից հետո պարզել էր, որ սուրճի որոշ տեսակներ էժան են, քանի որ անորակ են, դրանց հետ գարի են խառնում: Դե սուրճ արտադրողներն էլ, որպեսզի ապացուցեն, որ իրենց ապրանքը որակյալ է, որոշեցին համատարած գինը բարձրացնել: Չէ՞ որ այդ կերպ նաև ՏՄՊՊՀ տուգանքների "պաշար" են հավաքում: Հետաքրքիր է, թե ի՞նչ օգուտ սպառողներին այդ տուգանքներից, եթե երաշխիք չկա, թե մարդկանց վրա այսուհետ էլ խառնուրդով սուրճ չեն վաճառելու: Չէ՞ որ զեղծարարները պետք է ոչ  թե միայն տուգանվեն, այլ պետք է քրեական գործ հարուցվի նրանց նկատմամբ: Միայն այդ կերպ կարող է կասեցվել խաբեության հետագա տարածումը: Խաբեության մի տեսակ էլ այն է, երբ հայտնի օլիգարխի կողմից պարտադրվող սուրճի տուփին 10 տարի շարունակ գրում են "շահումով", բայց մարդիկ շուրջ 10 տարի է` գնում են այդ սուրճը, սակայն որևէ շահում դրանում չի հայտնաբերվում: Եվ այս դեպքում մարդկանց միակ մխիթարությունը ժողովրդական լեզվով ասած` "քյարը" մնում է տվյալ սուրճի մատչելի գինը` սուրճի մյուս տեսակների  համեմատությամբ: Հակառակ երևույթն էլ կա. որևէ սուրճի տուփին չի գրված "շահումով", բայց գնորդները երբեմն դրանց մեջ իրային շահումներ են հայտնաբերում: Գովազդի կամ հակագովազդի նպատակ չունենալով սուրճ արտադրող ընկերությունների անունները չենք մատնանշում: Դեկտեմբերի սկզբից կտրուկ բարձրացել է ներկրվող թռչնամսի 1կգ-ի գինը, 700-ից դառնալով 850 դրամ, ինչն արվում է ելնելով տեղական թռչնամսի բարձր գնի շահերից (1կգ-ն` 1300-1600 դրամ): Այս հանգամանքը օրերս նկատեց նաև "Միր" ԱՊՀ միջպետական ալիքը, նշելով, որ Հայաստանում տեղական թռչնամսի գինը կրկնակի բարձր է ներկրվող թռչնամսից: Չնայած տեղական խոզերի նկատմամբ տարվող հեռուստատեսային "հակաքարոզչությանը", այդուհանդերձ, դրանք շարունակում են "խոզային" վերաբերմունք ցուցաբերել սպառողների հանդեպ. սրանց գինը "կայունացել" է 2500-3000 դրամի վրա, իսկ տավարի մսի 1կգ-ն նույնպես 2500-3000 դրամ է: Հերթական անգամ թանկացել են տեղական կոնֆետները, և շարքային գնորդները, ուզած-չուզած, նախապատվությունը տալու են ուկրաինական կոնֆետներին, որոնց գինն էլ իր հերթին է բարձրացել` ելնելով տեղական կոնֆետների շահերից (և այդուհանդերձ դրանք շարունակում են մնալ շատ ավելի մատչելի` տեղականի համեմատությամբ): Իսկ ամանորին մեծ պահանջարկ ունեցող հավկիթների գինը արդեն իսկ խանութներում  55-70 դրամ է: Մինչդեռ այս ոլորտում ուսումնասիրություն կատարող պետական ու հասարակական մարմինները հավաստիացնում են, թե ամանորի նախօրյակին ձվի թանկացում չի լինելու: Ինչպե՞ս լինի, եթե արդեն իսկ թանկ է վաճառվում: Նախորդ տարվա համեմատությամբ բարձրացել է նաև չամիչի գինը. 1կգ-ն` 1300-1800 դրամ, և առհասարակ բարձրացել է ամեն տեսակ աղանդերի գինը: Շարունակում է բարձր մնալ նաև բուսական յուղի գինը` 1լ-ի նվազագույն գինը սկսվում է 800 դրամից:
  

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն