понедельник, 24 сентября 2012 г.

Ոչ նախկինում էր ,,մի բան,,, ոչ` ներկայումս

   Երբ ՀԿԿ Կենտկոմի 1-ին քարտուղար Ռուբեն Թովմասյանը մայիսմեկյան շքերթի ժամանակ հիշատակում էր խորհրդային տարիների առավելությունները (դրանք իսկապես կային), ակամա վերհիշեցինք այն տարիների արատավոր երևույթները. կեղծ հայրենասիրական ճառերը` ագիտպրոպի բրոշյուրներից արտագրվող ու ամեն տարի աննշան փոփոխություններով ներկայացվող, ստիպողաբար շքերթի ,,քշելը,,, անկախ այն հանգամանքից, մարդն այդ օրը շքերթի տրամադրություն ունի, թե` ոչ: Խիստ ներկա-բացակա էր արվում, բացակայողները հաջորդ օրն իրենց վերադասների կողմից կարգապահական տույժերի էին ենթարկվում: Ակամա վերհիշեցինք 1980թ. մայիսի 1-ի շքերթը, երբ Վանաձորի մանկավարժական ինստիտուտի 1-ին կուրսի 2 ուսանողուհիների դասախոսուհին հաձնարարել էր պլակատ բռնել. հավանաբար, տվյալ կուրսի տղաները ,,ճողոպրել,, էին այդ տհաճ պարտականությունից: Իսկ ուսանողուհիներն էլ 2 կանգառ այդ բեռը տանելուց ու հրապարակն անցնելուց հետո, վիրավորված այն հանգամանքից, որ տղամարդու գործն իրենց է հանձնարարվել, շպրտեցին ու վազքով փախան, քաջ գիտենալով, թե հետո իրենց  ինչ դատաստան է սպասվում: ,,Ոչ էն ժամանակ էր  մի բան, ոչ` հիմա: Ֆիննական երշիկն ու ձկան խավիարը, իմպորտնի կոշիկներն ու զոնտիկները տակից էին ծախում, բայց հիմա էլ մաքուր խավիար չկա, մեծ մասը պադդելկեք են: Ամեն դեպքում էն ժամանակ գոնե հացի խնդիր չկար, ոնց որ հիմա, ապրանքը թափած է խանութներում, բայց մարդիկ փող չունեն,,,- նկատում է վանաձորցիներից մեկը: Ընդունված է ասել, թե խորհրդային տարիներին աշխատանքի խնդիր չկար, մինչդեռ մանկավարժական ինստիտուտի շրջանավարտները տարիներով հերթագրվում էին ժողկրթբաժիններում, որպեսզի քաղաքում մանկավարժի աշխատանք ստանան. լավագույն դեպքում բավարարվում էին ջոկատավարի աշխատանքով կամ աշխատում ոչ ըստ մասնագիտության, կամ էլ` շրջանավարտը նախ պետք է 2 տարի գործուղումով գյուղում մանկավարժ աշխատեր, որպեսզի քաղաքում մանկավարժ աշխատելու իրավունք ունենար: ,,Եթե էն ժամանակ մաղարիչով աշխատանքի էին ընդունվում, հիմա կարող է մի 2-3 հազար դոլար կաշառք տան, պաշտոն ստանան, հետո էդ պաշտոն տվողին ազատեն, կաշառք տվողն էլ ստիպված կամ պետք է աշխատանքից դուրս գա, կամ` գլխին գործ կսարքեն,,,- համեմատում է մեկը: Ընդհանրապես, նախկին արատավոր երևույթները ,,նորացվել,, են. եթե նախկինում պաշտոն ստանալու համար կոմկուսի անդամ լինելն էր պարտադիր, հիմա` կոալիցիոն կուսակցության անդամ լինելը. անարժան, կիսագրագետ մեկը(որ անգամ խոստովանում է մամուլում , որ մի քանի տարի կտրվել է բուհական ընդունելության քննություններից, ու արտագրելով է ընդունվել), կարող է նախարար դառնալ, քանի որ կոալիցիոն կուսակցության անդամ է, մինչդեռ բարձրագույն կրթություն, օտար լեզուների իմացություն ու համակարգչային գիտելիքներ ունեցողներն իրենց ծառայություններն են առաջարկում որպես դայակ կամ տնային ծառայող, քանի որ այլ ելք չունեն: ,,Էս երկիրն արդեն հեղափոխությունն էլ չի փրկի: Քանդված, թալանված, փայ-փայ արված երկիր է: Ումից ասես կախված ենք` ամերիկացուց, ռուսից, Չինաստանից, Ճապոնիայից, Գերմանիայից, հետո էլ ասում են` անկախ ենք, տո ումից ենք անկախ,,,- ասաց ավագ սերնդի մի ներկայացուցիչ ու վկայակոչեց, որ ,,Արմենտելն,, ու բաշխիչ ցանցերը Ռուսաստանինն են, ջուրը` գերմանացիներինն ու ֆրանսիացիներինը: Ի դեպ, Վանաձորում ոչ միայն ջուրն է գերմանացիներինը, այլև մասնակիորեն` աղբը, քանի որ գերմանական վարկային ծրագրով պլաստմասե շշերի հավաքում ու վերամշակում է ձեռնարկվել:         


 ,,Հրապարակ,,  5.05.2010թ.
                                                                                     ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն