Սեպտեմբերի 6-ին ուշ երեկոյան լուսամուտից դուրս նայելով մի սոսկալի տեսարանի ականատես եղա / ինչը, ցավոք, սովորական է հայաստանյան բակերի համար. համենայն դեպս, ականատեսներն են վկայում /: Մազ-մորուքի մեջ կորած, նախամարդու տեսքով մի թափառաշրջիկ մուրացիկ, ում վանաձորցիները հաճախ են տեսնում՝ ուսերից կախ տված տոպրակներով / աղբամաններից հավաքած սննդի մնացորդներով ու շշերով լեցուն/ ,,հյուրընկալվել,,էր Վանաձորի Երկաթուղայինների այգու դիմաց գտնվող շենքերից մեկի զույգ աղբարկղերի ,,հովանու,, ներքո, ու, թերեւս, լեփլեցուն աղբարկղերը մի լավ քրքրելուց ու շուրջբոլորը ցաքուցրիվ անելուց հետո թիկնել էր հենց աղբամանին ու տնավարի տեղավորվել՝բառացիորեն,քանի որ մեկ ուտում էր, մեկ՝ քրքրում,մեկ՝պառկում: Հավանաբար մինչեւ լուսաբաց այդտեղ էլ գիշերեց: Ականատեսների վկայությամբ, վերջինս ամեն անգամ մի բակում քնում է անգամ ցրտաշունչ ձմռանը,եւ դա համապատասխանում է իրականությանը, քանի որ քանիցս տեսել ենք վերջինիս փողոցի սիզամարգերի մեջ պառկած: Այդ մարդու համար ,թերեւս, փրկություն կլիներ, եթե իրավապահները նրանով զբաղվեին ու համապատասխան մարմիններին հանձնեին նրա խնամքը կամ դաստիարակությունը:,,Միլիցեքը տանում են ի՞նչ անեն, տանեն ձրի հաց տա՞ն,,-այս հարցի կապակցությամբ հեգնում է մի վանաձորցի: Կարծում ենք,նման մարդկանց համար նախ եւ առաջ անհրաժեշտ է Ռուսաստանի ու Ամերիկայի օրինակով ՝հատուկ կացարաններ ստեղծել.անօթեւանների կացարան /եթե չեմ սխալվում, մայրաքաղաքում եւս կա /: Իսկ առայժմ նման մարդկանց նկատմամբ բարյացակամության աստիճանը պայմանավորված է բացառապես աղբարկղերի շուրջը մշտապես վխտող շների ու կատուների վերաբերմունքով՝ նույն հարթության վրա գտնվող. ի՞նչ իմանանք,թե մի օր ինչպես կտնօրինեն նմանների ճակատագիրը այդ շներն ու կատուները:..Իսկ ընդհանրապես,աղբահենությունն արդեն սովորական երեւույթ է դարձել,եւ ակամա հարց է ծագում, թե ո՞ւր են գնում սոցիալական ոլորտի հատկացումները,եթե մեր շրջակայքում դեռ աղբ քրքրողներ կան, եւ պարբերաբար ականատես ենք լինում, թե ինչպես է ոտնահարվում մարդու արժանապատվությունը,երբ կյանքի հատակում գտնվողները կիսով չափ ընկղմվում են բերնեբերան լեցուն աղբարկղը եւ եռանդով ջոկջկում ինչ-որ անպետքություններ՝ այդպիսով թեթեւացնելով ոչ միայն աղբարկղը, այլեւ՝ քաղաքապետարանի կոմունալ բաժնի հոգսը: Մի՞թե իշխանավորները երբեւէ չեն տեսնում այդ կարգի մարդկանց, մի՞թե նրանց ,,ՋԻՊ,,-երը չեն անցնում այդ մարդկանց կողքով, ու չեն նկատում իրենց ու նրանց միջեւ եղած ահռելի տարբերությունն ու գոնե նվազագույն միջոցներ ձեռնարկում երեւույթը վերացնելու համար: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն