Չնայած շաբաթ-կիրակի օրերին հեռուստասերիալների սիրահարները զրկված են իրենց համար թմրանյութ դարձած սերիալներից, սակայն դրա փոխարեն, որպես ,,այլընտրանք,, ՝ մինչեւ նախագահական ընտրությունների քարոզարշավի ավարտը կարող են դիտել թեկնածուների քարոզարշավը ՝ քաղաքական շոուի կարգավիճակով: Ի՞նչ պակաս շոու է, երբ հասարակությանը մինչ վերջերս քաղաքական կամ հասարակական գործունեությամբ անհայտ մարդիկ, որոնք գոնե խորհրդարանական ընտրություններում չեն փորձել պարզել իրենց ընտրվելու հնարավորությունները, հասարակությանը միանգամից ներկայանում են որպես նախագահի թեկնածու / եւ սա ՝ ընտրական ահռելի գրավի պայմաններում /: Այս կապակցությամբ հարց է առաջանում. ովքե՞ր են մուծել նրանց ընտրական գրավը / հազիվ թե նրանք չիմանան իրենց ընտրվելու հավանաականության աստիճանը /. ո՞ւմ է ձեռնտու նրանց առաջադրումը. պարզ չէ՞ ՝ իշխող ուժերին, որպեսզի այդպիսով տպավորություն ստեղծվի, թե Հայաստանում ժողովրդավարությունը ,,հելել ՝իրեն ուտում է,,: Բայց ինչպե՞ս ենք ժողովրդավար, եթե ԿԳ նախարարը թեկնածուներին արգելել է բուհերում քարոզչություն իրականացնել. իսկ ինչու՞, մի՞թե ուսանողն ընտրող չէ, եւ չի կարելի դասերից հետո բուհի դահլիճում հանդիպում կազմակերպել: Կամ մի՞թե ուսանողն անպայման պետք է փողոցում սառչի քարոզչության ժամանակ: Ինչպե՞ս է, որ ընդդիմադիր համարվող ,,Ժառանգության,, թեկնածուի բարեւն անգամ ,,հակացուցված,, է ուսանողներին եւ քարոզչություն է համարվում, բայց երբ խորհրդարանական ընտրությունների նախօրյակին ՀՀԿ անդամ քաղաքապետն ու ՀՀԿ-ին սատարող բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչը անթաքույց պարգեւ-գումարներ են բաժանում բարձր առաջադիմությամբ սովորող ուսանողներին, ու այդ ամենը լուսաբանվում է հեռուստատեսությամբ ՝ դա քարոզչություն չէ ՝ իշխող կուսակցության օգտին: Մի՞թե քաղաքական շոու չէ, երբ հացադուլ հայտարարած թեկնածուն ամեն օր առույգ-կայտառ տեսքով հարցազրույցներ է տալիս ու շարունակում պահանջել, որ ԿԸՀ-ն չեղյալ համարի գործող նախագահի գրանցումը: Ու այդպես էլ հեռուստադիտողին չի բացատրվում, թե ինչու՞ պետք է գործող նախագահի գրանցումը չեղյալ համարվի, ո՞ր օրենքի ՝ ո՞ր կետի համաձայն: Պարզապես ներկայացնում են, որ տվյալ թեկնածուն նախագահի գրանցմանը դեմ է, ու եթե դեմ է, ուրեմն սրանից կարելի է ,,հանգեցնել,, որ նա ընդդիմադիր է, ու մենք շատ ժողովրդավար երկիր ենք, եթե նման ընդդիմադիր թեկնածուներ կան, որոնք անգամ հացադուլ են անում ՝ հանուն ,,ճշտի,,: Տարօրինակ է նաեւ այն, որ թեկնածուներից մեկն էլ հացադուլավորի կողքին չի նստում, բայց հավատացնում է, որ ինքն էլ տանն է հացադուլ անելու: Սրանից էլ մեծ շոու՞: Ինչո՞վ շոու չէ, երբ նախագահի թեկնածուն վարսավիրանոց գնալը դարձրել է քարոզչության բաղկացուցիչ մաս / ի դեպ, այդ կադրը դիտած լոռեցիներից մեկն ասաց ՝ ,,թենց էլ չիմացանք փողը տվե՞ց, թե՞ ՝չէ,, /, իսկ նախագահի մյուս թեկնածուն էլ իրեն հատկացված եթերն օգտագործում է ոչ թե իր առավելությունները ներկայացնելով, այլ ՝ մրցակցին ավելի լավ վարսավիրի տեղ է հայտնում: Դե իսկ հաղորդավարն էլ ամեն ինչ անում է, որպեսզի գործող նախագահի մրցակիցների շոուն կատարյալ լինի ու հարցնում է թեկնածուին. ,,Ուրեմն դուք ձեր գլուխն ամեն մեկին վստահու՞մ եք,,: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն