Ժողովրդին վեր են ածել մի մեծ ստամոքսի: Կաշառք է, որ բաժանել են. էլ ՝ հյուրանոց, էլ ՝ դպրոց, էլ ՝ շենքեր: Եւ անգամ ծիծաղելի է դրա դեմ պայքարելը, քանի որ պայքարողները բաժանողների հետ մի թիմից են, եւ 1999թվից ,,աշխատում են միասին,,: Ու հիմա էլ հաղթեցին միասին. ոչ թե՝ ժողովրդին, քանի որ ժողովրդի մեծ մասի համար արդեն ,,հա եղած, հա չեղած,, թե ով կնախագահի, այլ ՝ հաղթեցին քաղաքացիական հասարակությանը, ապացուցելով, որ ժողովրդի մի զգալի հատվածն արդեն քվեարկում է ստամոքսով: Իրավապաշտպաններն իրենց տեսածն ու լսածն արձանագրում են, իրավապահներն էլ բութ մատն ու ցուցամատն իրար քսելով ասում են ՝,,փաստեր ունե՞ք, փաստեր,,: Եվ հարց է ծագում, թե մասսայականի ու համատարածի մեջ ի՞նչ փաստ: Իսկ ԿԸՀ-ն այդ ընթացքում տոկոսներ էր ,,խփում,, ու երբեմն հայտնում, թե ահազանգերը վերաբերվում են առանձին դեպքերի, ու դրանք ,,կուսումնասիրվեն,,: Համացանցն ընտրության ողջ օրը, ,տժժում,, էր փաստերով, բայց կատաղի Հանրապետական Աշոտյանին հավանաբար անգամ ՝ ,,Ազատություն,,. միայն հավաստի լուրեր,,-ը չէր հավատ ներշնչում, ու նա համացանցում կոչ արեց ,,դադարեցնել ապատեղեկատվության լցոնումները,,: Շա՜տ սրամիտ ԿԳ նախարար ունենք: Իսկ այն, ինչ փետրվարի 18-ին լսեցի ,,Ազատության,,երեկոյան հաղորդման ժամանակ, ինչպես կասեր Հ2-ի ,,Տաքսի նեմա,,-ի հերոսը ՝,,Ապե, էտի վերջն էր, վերջը,,: Արարատի մարզի տեղամասերից մեկում դիտորդներին բռնել- դուրս էին հանել, ու մոտ 300քվեաթերթիկ լցրել, ու հանձնաժողովականները դա չէին ,,տեսել,, քանի որ ամեն մեկը մի տեղ էր իբր եղել, իսկ հանձնաժողովի նախագահն էլ, իր իսկ խոսքերով, գնացել էր ,,սկեսուրին սրսկելու,,: Իսկ եւ իսկ ,,Շանթի,, ,,Անծանոթը,, սերիալը: Ակամա հիշեցի նաեւ այն դժբախտ դեպքը, երբ նորածինը մահացել էր, քանի որ մանկաբարձուհին գնացել էր ,,բուրդ չիփխելու,,: Թղթակիցը տեղամասում իր ականջով լսում ու ձայնագրում է, թե ինչ կասկածելի հանձնարարություններ են տրվում ՝ անօրինական բնույթի, բայց նրան խոչընդոտում ու պահանջում են, որ ձայնագրիչը ,,դեն տանի,,: Թաղի ,,խառոշիներն,, ազատ ելումուտ են անում տեղամասում, բայց նրանցից մեկը պատճառաբանում է, թե եկել էր ,,մորքուրին բան ասելու,,: Թղթակիցը հիշեցնում է,որ նրան այլ տեղամասում էլ է տեսել, բայց նա հեգնում է, թե ,,էնտեղ էլ մորքուր ունեմ,,: Անհայտ կարգավիճակով տեղամասում գտնվող մեկն, ի պատասխան թղթակցի, հայտնում է, թե ինքն ,,անվտանգության գծով է,, բայց երբ թղթակիցը համառորեն վկայական է պահանջում, ,,գլխից ցրում,, է, թե իր ծառայությունը գաղտնի է. այսինքն ՝ ,,շպիոն Օնիկի,, կարգավիճակով է տեղամասում: Մինչդեռ օրենքն արգելում է կողմնակի անձանց ներկայությունն ընտրական տեղամասեր: Իսկ երբ Եվրոնյուսը, դեռ ընտրությունները չավարտված, հայտնեց, թե հավանաբար նախագահական ընտրությունների 2-րդ փուլ հաստատ չի լինի, ու թեկնածուների տոկոսներ հրամցրեց / տոկոսներ, որ ,,էն գլխից,, զանազան սոցհարցումներով էին անցկացնում /, հասկացանք, որ եվրոդիտորդներն այս անգամ էլ կզեկուցեն, որ ,,ընտրություններն անցել են հանգիստ, խաղաղ պայմաններում,, իսկ ,,առանձին դեպքերն էական ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքների նկատմամբ,,: Փետրվարի 19-ին, այսօր, Եվրոնյուսն արդեն նմանատիպ մի տեղեկատվություն հայտնեց, նշելով, որ այս ընտրությունները նախորդից մեկ քայլ առաջ էին: Եւ իսկապես էլ մեկ քայլ առաջ էին. ընտրողների մի մասը գումարը վերցրել, բայց ոչ թե իշխող կուսակցության ներկայացուցչի օգտին է քվեարկել, այլ՝ ընդդիմության: Միայն դժգոհել են, երբ գումարի բաժանման հարցում խտրականություն է դրսեւորվել կամ փող բաժանողներն իրենց ,,փայը,, ,,գլխանց,, վերցրել են, եւ Վանաձորի տարբեր թաղամասերում ,օրինակ, գումարի չափը տարբեր է եղել ՝ կախված ընտրական ,,դիլերների,, ախորժակից,,. մի տեղ ՝10000դրամ, մի տեղ ՝ 6000, 5000: Հեռավոր թաղամասերում արդեն ,,կուրսն իջել է,, մինչեւ 4000դրամի: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն