воскресенье, 3 марта 2013 г.

Ինչպես էին փորձում ,, հարամել,, Րաֆֆու հանրահավաքը

Փետրվարի  23-ին  Վանաձորի  ,,Արցախ,,  պուրակում  Րաֆֆի  Հովհաննիսյանի  հանրահավաքի  ժամանակ  մարդիկ  հանգիստ  ելույթ  էին  լսում,  երբեմն՝  ծափահարում, բուռն  օվացիաներ, համընդհանուր  ոգեւորություն, բայց ՝  հասարակական  կարգի  եւ  ոչ  մի  խանգարման  դրսեւորում,  բայց  ոստիկանությունը  20  րոպեն  մեկ  բարձրախոսով  հայտարարում  է,  թե  հանրահավաքը  ,,չարտոնված,,  է,  եւ  մասնակիցները  կարող  են  պատասխանատվության  ենթարկվել:   Դրա  արդյունքում  ոմանք  նախընտրեցին  հեռանալ  տարածքից,  մանավանդ  որ  սկսեցին  հանրահավաքի  մասնակիցներին  նկարել:  Ոմանք  էլ  հետեւում  էին  հանրահավաքը  պատկառելի  հեռավորության  վրա,  պուրակը  երիզող  մայթից:  ,,Է, եթե  չարտոնված  է,  ինչի՞  սկզբից  չէին  արգելում,  էս  մի  ժամից  ավել  է,  հարթակի  վրա  խոսում  են,,-  մինչ  Հովհաննիսյանի  ժամանելը  /  որ  եկավ  մեկ  ժամ  ուշացումով / նկատեց  իմ  զրուցակիցը ՝  տարեց  մի  մանկավարժ,  որ  նաեւ  հետաքրքրվեց, թե  ի՞նչ  է  ,,ուզում,,  Րաֆֆին,  արդյո՞ք  սոցիալիզմ  չի  ուզում,  քանի  որ  անընդհատ  արդարությունից  է  խոսում:  ,,Է  ամեն  տեղ  էլ  կապիտալիզմի  ժամանակ  օլիգարխներ  լինում  են,,- նկատեց  ազգությամբ  ռուս  իմ  զրուցակիցը,  որ  այդքան  էլ  լավ  չէր  ըմբռնում  Րաֆֆու  քաղաքական  հայացքները, բայց  դժգոհ  էր,  որ  նա  ՆԱՏՕ-ին  անդամագրվելու  կողմնակից  է:  Երբ  բացատրեցի,  որ  Րաֆֆին,  ամենայն  հավանականությամբ  ,,արդար  կապիտալիզմի,,  կողմնակից  է, իմ  զրուցակիցը  չհամաձայնվեց  այդ  դիտարկման  հետ,  ու  նկատեց,  որ  եթե  մարդիկ  արդարություն  ու  սոցիալիզմ  են  ուզում,  պետք  է  ավելի  շուտ  դաշնակներին  միանան:  Մեր  հետագա  զրույցի  այլ  մանրամասներին  չանդրադառնալով, նշեմ,  որ  տվյալ  դեպքում  ինձ  համար  անհասկանալին  ,,չարտոնված,,  հանրահավաքի  մասնակիցներին                                         ,,պատասխանատվության  ենթարկելու,,  կոչն  էր ՝  ոստիկանության  կողմից: Հետաքրքիր  է,  ի՞նչ  տրամաբանությամբ  կարող  են  հանրահավաքի  խաղաղ  մասնակցին  պատասխանատվության  ենթարկել,  եթե նա  հակահասարակական  արարք  թույլ  չի  տվել,  եւ  եկել  է  այդտեղ,  միգուցե,  ոչ  այնքան  կիսելու  համընդհանուր  ոգեւորությունն  ու  Րաֆֆու  քաղաքական  հայացքները,  այլ  պարզապես ՝ ունկնդրելու: Այդ  նույն  տրամաբանությամբ ,,կարելի,,  է  պատասխանատվության  ենթարկել,  ասենք ՝,,Արցախ,,  պուրակի  մոտակա  շենքերի  բնակիչներին ՝  պատշգամբից  հանրահավաքը  դիտող, կամ ՝  պուրակում  տեղակայված  օբյեկտներում  այդ  պահին  գտնվող  մարդկանց,  ֆոտոսրահի  աշխատակիցներին: Հետաքրքիր  է,  երեկոյան /  երբեմն  էլ ՝  ցերեկային  / ժամերին  Վանաձորի  փողոցներում  վխտում  են  բարձրաձայն  զազրախոսող,  հայհոյող  մարդիկ, որոնց  թվում ՝ բջջայինը  ականջին ,,ռազբորկա,,  անողներ ՝  հահոյախառն  ժարգոնով,  կանանց  ու  երեխաների  քթի  տակ,  բայց  նման  դեպքերում  հաճախ  որեւէ  ոստիկան  չի  հայտնվում,  բայց  երբ  օրինավոր  մարդիկ,  մանկավարժներ, մտավորականներ,  կապ  չունի ՝ գործազու՞րկ,  թե՞՝ գործավոր,  թոշակառուներ, անգամ ՝ պաշտոնյաներ , հասարակության  գիտակից  խավը, որ  չի  ուզում  ստորացված  կամ  թշվառության  մեջ  ապրել՝ անարժանների  հարստացման,  բյուջեն  կողոպտելու  հաշվին,  հավաքվում  են  խաղաղ  հանրահավաքի՝  ունկնդրելու  այն  մարդկանց,  ովքեր  մտահոգ  են  հասարակության  խնդիրներով  ու  բարձրաձայնում  են  դրանք,  նրանց  սկսում  են  ահաբեկել  վարչական  պատասխանատվության  ենթարկելու  ,,հեռանկարով,,:  Զարմանալիորեն  հասարակական  կարգի  խախտում  չի  համարվում  նաեւ  գիշերային  ժամերին  Վանաձորում  տեղի  ունեցող  հրավառությունները,  որի  ընթացքում  պարբերաբար  խախտվում  է  բնակիչների  գիշերային  հանգիստը:                                                                                                                         ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ   

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն