среда, 24 июля 2013 г.

,,Azat Ankakh,,-ի երկամյակի, ,,մեռնող ճշտի վերջին ասպետների,, եւ այլնի մասին

       Հուլիսի  24-ին  լրացավ  ,,AZAT ANKAKH,, բլոգի  գործունեության  2-րդ  տարին: Այդ  ընթացքում  AZAT-ն  իսկապես  ազատ, անկախ  եւ, ,,անտեր,, կարգավիճակում  էր ՝ ֆինանսական  առումով. առանց  հովանավորության, առանց  գովազդի, առանց  դրամաշնորհային  աջակցության: Չնայած   բլոգի  աջակցման  նպատակով  2012թ. մայիսին  հաշվի  համար  բացեցի  Զարգացման  հայկական  բանկում, որն  այդ  պահին  միակ  անվճար  հաշվի  համար  բացող  բանկն  էր  Վանաձորում, ու  այդ  առթիվ  հայտարարություն  զետեղեցի  բլոգում / ,,Azat ankakh,,- ը ՝ կայացման  փուլում, առանց  աջակցման,, / եւ  պարբերաբար  տարածում  էի  Ֆեյսբուք  եւ  Թվիթեր  ցանցերով, սակայն  որեէ  ֆինանսական  արձագանք  այդպես  էլ  չեղավ:  ,,Ոչ  մեկն  էլ  ազատ  լրատվությունը  չի  հովանավորի, քանի  որ  դա  շատերին  ձեռք  չի  տալիս, դու  ուղղակի  պետք  ա  գովազդ  տեղադրես,,-կարծիք  է  հայտնում  ու  խորհուրդ   տալիս  Երկրապահ  Հակոբ  Ղուկասյանը: Միանգամայն  խելացի  խորհուրդ  է,  եթե  հաշվի  չառնենք  այն,  որ  գովազդ  տեղադրելու  համար  միգուցե  բլոգի  ձեավորումը  փոխելու  անհրաժեշտություն  լինի,  ինչը  ֆինանսական  առանձին  միջոցներ  է  պահանջում:,,Մտի  google-ի  գովազդների  մեջ,,-խորհուրդ  է  տալիս  իմ  զրուցակիցը, մոռանալով, որ  մինչ  այդ  պատմել  է, որ  ինքը  մտել  է  google-ի  գովազդների  մեջ, վիրտուալ  հաշվի  համարին  էլ  մաս-մաս  գումարներ  են  եկել՝ գովազդային  ,,լայքերի,, շնորհիվ, բայց  հենց  հավաքված  գումարը  մի  կերպ  ,,ձգել,, է  70եվրոյի...google-ն  իր  հաշվի  համարը  փակել  է, իբր ՝գովազդի  օրենք  է  խախտել  ու  բացել-կարդացել է գովազդը, որ  չպետք  է  աներ: ,,Հա  բայց  ախր  ես  չեմ  բացել  գովազդը, ինչի՞  են  հաշվիս  համարը  փակել,,- զարմացել  էր  իմ  զրուցակիցը, որ  մանկական  ժամանցային  բլոգ  է  ստեղծել:  Այդուհանդերձ, բլոգը  շարունակում  է  ամսվա  ընթացքում  առնվազն  5-7  հոդվածներով  վերհանել  իրավական, սոցիալական  ու  ներքաղաքական  ոլորտի  հրատապ  խնդիրները, որոնք  որեւէ  թերթում  տպագրելու  համար, թերեւս, պետք  է  լրացուցիչ  փնտրտուքներ  կատարեի, ժամանակ  ու  լրացուցիչ  գումար  վատնեի, լավագույն  դեպքում ՝ տպագրվելու  պայմանում  էլ  վարձատրություն  չստանայի / Դե  անվարձահատույց  իմ  բլոգում  էլ  եմ  տպում  եւ  դեռ  տարածում  Ֆեյսբուքի  ու  Թվիթերի  միջոցով / :Այդ  առումով  տառապանքս  փորձ  ունի. ազատ, անկախ  ու  անկողմնակալ  հրապարակումների  թշնամիները, որոնք  թերթեր  էլ  են  հովանավորում,  թերեւս  ունեն  ,,սեւ  ցուցակ,, որի  մեջ  մտնող  լրագրողների  մուտքն  արգելված  է  անգամ ՝ ,,ընդդիմադիրի,, շապիկով  թերթերում,  որոնք  էլ  կախում  ունեն  որեւէ  հովանավորից, որն  էլ  կախում  ունի  իշխանավորից, որին  էլ  դուր  չեն  գալիս  այդ  ցուցակի  մեջ  մտնողների  հրապարակումները, ու  հանձնարարվում  է, որ  նրանց  հրապարակումներն  անարձագանք  թողնեն  կամ ՝լավագույն  դեպքում ՝ չվարձատրեն, որպեսզի  նրանք  այլեւս  չշարունակեն  համագործակցել : Ինչպես  ասվում  էր  մի  երգիծական  հաղորդման  մեջ ՝,,Մեր  վերեւը  տերեւ  է,  տերեւի  վերեւում  էլի  տերեւ  է,,: Մի  նախկին  դաշնակցական  ծանոթ  ունեի ՝ որոշ  ,,անկախ,,թերթերի    խոհանոցին  քաջածանոթ, ասում  էր, թե որ  հոդվածը  քանիսով  են  ,,ծախել,,՝ չտպելու  դիմաց. ,,Զանգում  են  այդինչին, ումից  նյութ  կա,  ասում  են  քո  մասին  նյութ  կա, ի՞նչ  կարծիքի  ես, դե  նա  էլ  հասկանում  է  ինչն-ինչոց  է, վռազ  փող  է  ուղարկում, նյութ  ուղարկողն  էլ  սպասում  է,  թե  պիտի  տպեն, կամ  էլ ՝ կրճատ  են  տպում, համաձայնեցնում  են  մտքերը, ու  էլի  փողով,,:  ,,Արեւի  տակ  տեղ  ունենալու,,  մի  տարբերակ  էլ  քաղաքական  պատվերով  լրագրությունն է, երբ  պատվերով  հոդված  են  գրում ՝թեկուզ  չհիմնավորված  փաստերով, ու  հետո  ստիպված  լինում  դրա  տակից  դուրս  գալ  դատական  ճանապարհով  կամ ՝հերքումով,  եւ  կամ  բղավել ՝,,Հասեք, մերոնց  ծեծում  են,,:  Ինչ  խոսք,  դա  չի  նշանակում, թե  արդարության  առաջամարտիկներին  կամ, ինչպես  ,,Կարգին  սերիալի,,Ջեմման  էր  ասում ՝,,մեռնող  ճշտի  վերջին  ասպետներին,, չեն  հալածում  դատական  կամ  սոցիալական  ճանապարհով : Առայժմ  որեւէ  դրամաշնորհային  ծրագրից  ,,կառչելու,, հեռանկար  չեմ  տեսնում, քանի  որ  համոզված  եմ, որ  այդ  ծրագրերն  էլ  են  հաճախ  ուղղորդվում: ,,Դե  հլա  սեռական  փոքրամասնություններին  կամ  աղանդներին  պաշտպանող  նյութ  գրի, տես  ոնց  ես  գրանտ  շահում,,-հեգնում  է  Հայ  Առաքելական  եկեղեցու  նվիրյալ  մի    ԱԻՄ-ական, մասնագիտությամբ ՝իրավաբան: Իսկ  մի  նախկին  ԱԻՄ-ական  էլ  պնդում  է,  թե  գրանտ  շահողների  մի  մասն  ,,շպիոններ,, են: Սակայն  միաժամանակ  խոստովանում  է, որ  ,,ժողովրդավարությանն,,  ու  չգիտեմ  ինչին  նվիրված  մի  սեմինարի  համար  իրեն  խնդրեցին  հոդված  գրել, ինքն  էլ  գրեց,  ,,լավ  էլ  փող  տվին,,; Այսինքն ՝ մարդը  դեմ  է  ,,գրանտակերներին,, բայց  դեմ  չէ, երբ  իրեն  դրանից  ,,փայ,, է  հասնում:  Ահա  թե  ինչու ՝մամուլում  գնալով  պակասում  են  ռեալիստական  ուղղության  կողմնակից  լրագրողները, եւ  նրանց  լավագույն  դեպքում  կարելի  է  ,,կողմնացույցով,,գտնել  ինտերնետային  կայքերում  կամ  բլոգներում:  Լոռեցիների  ասած ՝էլի  ,,օղորմի  բլոգ  հնարողի  հորը,, որ  մի  ընդհատակյա  դեմոկրատիա  դեռ  մնացել  է  ,,ազատ  ու  անկախ,, հռչակված  երկրում: Մի  հին  լոռեցի, որին  բլոգիս  էլեկտրոնային  հասցեն  տվեցի, հարցրեց. ,,Հիմի  քո  հիմնարկը  ո՞րտեղ  ա, ո՞րտեղ  ես  նստում,,:  Դե  արի  ու  միամիտ  լոռեցուն  բացատրի, որ  պարտադիր  չէ, որ  բլոգ  բացելու  համար  հիմնարկ  ունենաս  կամ  տանը ՝ համակարգիչ: Կարող  ես  պարզապես  ինտերնետ-ակումբի  ծառայություններից  օգտվել, էլեկտրոնային  հասցե  բացել  ու  գրանցել  բլոգը: Ճիշտ  է,  բլոգը  պարբերաբար  նյութերով  թարմացնելը  նույնպես  ծախսեր  է  պահանջում, սակայն  թերթ  տպելուց  շատ  ավելի  քիչ  ծախսատար  է,պարզապես ՝հոդվածները  չեն  ֆինանսավորվում  կամ ՝ սուբսիդավորվում  առնվազն  պետական  կառույցի  կողմից, եւ  կապ  չունի, որ  դու  այդտեղ  այնպիսի  հարցեր  ես  բարձրացնում, որ  թերթերի  կամ  հեռուստատեսության  ուշադրությունից  վրիպում  են: Հետաքրքիր  է, թե  ինչու՞  պետական  կառույցից  թերթերին  ֆինանսավորում  հասնում  է ՝առնվազն  տարեկան  կտրվածքով, մինչդեռ  իրենց  գոյության  անհրաժեշտությունն  ապացուցած  տեղեկատվական բլոգներն  անուշադրության  են  մատնված: Ի  վերջո  ինտերնետի  դարում  ենք  ապրում, կայքն  ու  բլոգն  արդեն  մրցում  են թերթերի  հետ: Պետականորեն  ֆինանսավորվում  են  անգամ ,,թղթի  վրա,, գոյություն  ունեցող  զանազան  ու  զարմանազան  Հասարակական  կազմակերպություններ, որոնց  մասին  հասարակությունը  լավագույն  դեպքում  տեղեկանում  է ընտրությունների  ժամանակ, երբ  իրենց  ձայնը  տալիս  են  իշխանամետ  կուսակցության  կամ  թեկնածուների: Ինչ  վերաբերվում  է  իմ ՝,,հիմնարկ,, ունենալուն /որի  ,,տեղը,, հետաքրքում  էր  միամիտ  լոռեցուն /,  ապա  եթե  դու  առողջ  դատող  ու  քաղաքացիական  հասարակության  քաղաքացի  ես, ոչ  թե  սոսկ ՝ կատարող, եթե  դու  կոչումով  ես  լրագրող, եւ  ոչ  թե ՝վկայականով  ու  հավատարմագրման  հավաստագրով,  ու  եթե  դու  համաձայն  չես  երկրում  տարվող  հակաժողովրդական  քաղաքականության  հետ,  ապա  դու  ,,իրավունք,, չունես  պետական  համակարգում  աշխատես: Հակառակ  պարագայում ՝ այնքան  կհալածեն  քեզ  կամ  այդ  համակարգում  աշխատող  հարազատիդ, որ  ստիպված  կլինես  առողջության  գնով  պայքարել  քո  տեսակի  դեմ  պայքարողների  դեմ:Ահա  թե  ինչու, 1999թվից  ի վեր,  լրագրությունն  ինձ  համար  ավելի  շատ  ոչ  թե  եկամտի  աղբյուր  է,  այլ ՝կոչում: Ճիշտ  է,  եղել  են  պայմանագրով  կամ  դրամաշնորհային  ծրագրի  շրջանակներում  թղթակցելու  ժամանակաշրջաններ, բայց  հետագա  պարապուրդային  շրջանները  վաղուց  գերազանցել  են  եկամուտներին: Մի  երջանկահիշատակ  դասախոս  կար ՝ պրոֆեսոր  Գարեգին  Ղույումչյանը, որ  իր  իրավունքների  համար  պայքարում  զոհվեց, բայց ՝ արդարության  հասավ, եւ  որի  հայցերով  դատական  նիստերը  լուսաբանել  եմ, մի  առիթով  ասաց.,,Աստված  քեզ  տվել  է  մեծ  շնորհ ՝գրելու, եւ  դու  չպետք  է  հրաժարվես  այդ  շնորհից ՝անկախ  ամեն  ինչից, ու  պետք  է  պայքարես, դա  քո  առաքելությունն է,,: Իսկ  օրերս  լոռեցի  ծանոթուհիներիցս  մեկը ՝ ընդդիմադիր  դաշտից, հետաքրքրվեց. ,,Հիմա  ո՞նց  են  գործերդ,,:  Կես-կատակով  ասացի   ,,Ազատ, անկախ  եւ...անտեր,,: Բայց  հիմա  մտածում  եմ, որ ՝AZAT ANKAK-ի  տերն  Աստված  է, նրա  շնորհիվ  է  ինձ  Մուսան  պարբերաբար  այցելում,  ոգեւորում, ուժ  տալիս  ու  ներշնչում, միաժամանակ  օգնելով  դիմակայել: Եվ  դրան  ,,ըմբռնումով,, են  վերաբերվում  նաեւ  իմ  հարազատները՝ իրենց  հնարավորության  սահմաններում  աջակցելով, եւ  դրա  համար  էլ  եմ   շնորհակալ  Աստծուց:                                                                                     ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ                                                                                                                                                       

                               

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն