суббота, 6 июля 2013 г.

Արմենտելում սպասարկու՞մ են, թե՞ ՝ ծառայեցնում

 Հուլիսի 5-ին, սահմանադրության  տոնական  օրը  զարմանալիորեն  աշխատանքային  էր  Արմենտել  Լոռու   սպասարկման  բաժնում: Դե  բնականաբար  ռուսաստանյան  պատկանելության  կառույցի  համար  ՀՀ  օրենքները  չեն  գործում: Օգտվելով  ընձեռված  հնարավորությունից, փորձեցինք  հայտ  ներկայացնել ՝ վնասված  հեռախոսագիծը  նորոգել  տալու  համար: Նախ, ինչպես  սովորաբար, հերթի  կտրոն  վերցրի, ու  որպեսզի  զուր  տեղը  ժամանակ  չկորցնեմ ՝ մինչեւ  հերթն  ինձ  հասնի,  ուղեւորվեցի  այլեւայլ  գործերով, եւ  կես  ժամ  անց  վերադառնալուց  հետո, ի  վերջո,   ,,բաղձալի,, հերթն  ինձ  հասավ: Սպասարկման  բաժնի  աշխատակցուհին, տեղեկանալով, որ  բողոքս  կապված  է  հեռախոսագծի  վնասվածքի  հետ, ինչպես  եւ  սպասվում  էր, միանգամից  խորհուրդ  տվեց  զանգել 1-00, որ  գտնվում  է Երեւանում: Ի  դեպ, դեռ  նախորդ  օրն  էի  զարմանքով  տեղեկացել, ու  ֆեյսբուքում  տեղեկացրել, որ  Վանաձորում , Արմենտելի  սիստեմում  հեռախոսագիծ նորոգող  վարպետին  կանչելու  համար  պետք  է   Երեան  զանգել,  որ  այնտեղից  հանձնարարություն  տան  վանաձորյան  մոնտյորին: Թվում  էր,  թե  ինձնից  առնվազն  գրավոր  դիմում  կպահանջեն ՝ եթե  Երեւանն է  վարպետին  հանձնարարություն  ուղարկելու, բայց  չէ, ի՞նչ  դիմում, ի՞նչ  բան...Պարզապես  ՝,,Զանգեք  1-00, այնտեղից  պատվերը  կընդունեն,,: Նախորդ  օրն էլ  նույնիսկ  հեռաքրքրվեցի, թե  ո՞րտեղ  են նստում  վարպետները, արդյո՞ք  Կենտրոնական  հանրախանութի  մոտ  չեն, ինչպես 4 տարի  առաջ , սակայն ,,դավադրաբար,,   չհայտնեցին  գտնվելիք  վայրի  մասին, իբր ՝,,չգիտենք,,: ,,Դուք  երբեւէ  փորձե՞լ  եք  1-00 համարով  կապվել, գիտե՞ք, թե  դա  ինչ  դժվարություն  է  ներկայացնում,, ՝ հարցիս  աշխատակցուհին  պատասխանեց ՝,,Էնքան  պետք  է  փորձեք, մինչեւ  ասի ՝օպերատորին  միանալու  համար  սեղմեք...,,: Ու  նմանատիպ  հրահանգներ: ,,Իսկ  միգուցե  արձակո՞ւրդ  վերցնենք  օպերատորին  կապվելու  համար, ինչու՞  դուք  չեք  զանգում,  դուք  սպասարկման  բաժին  եք  կոչվում, ես ձեզ  տեղյակ  եմ  պահում  որ  հեռախոսագիծը  վնասված է, չէ՞  որ  ամեն  ամիս  1100դրամ  սպասարկման  վարձ  ենք  մուծում,, ՝ հարցերիս  էլ  պնդում  են,  որ  իրենք  պարտավոր  չեն  զանգել,  այլ ՝ բաժանորդը: ,,Իսկ  կա՞  այդպիսի  օրենք  կամ  պայմանագրի  կետ, որ  բաժանորդն  ինքը  պետք  է  տեղեկացնի  Երեւանին, եւ  ոչ  թե ՝ սպասարկման  բաժինը,, հարցս  անպատասխան  մնաց, քանի  որ  հավանաբար  անտեղյակ  էին, թե  Արմենտելի  պայմանագրերում  նման  կետ  կա՞, թե՞ ՝ ոչ:  Որպեսզի  համառ  այցելուի  հարցերից  ի  վերջո  գլուխն  ազատի, աշխատակցուհին  ինձ  տրամադրեց  սրահի  մյուս  անկյունում ՝ ,,դախլի,, վրա  գտնվող  հեռախոսը,  որի  վրա  ընդհանրապես  թվեր  չէին  նշմարվում,  սակայն  մի  կերպ  դրանց  դասավորությունը  վերհիշելով ՝ հավաքեցի 1-00: Եվ  մինչ  ես  փորձում  էի  ,,Հայերենի  համար  սեղմեք 1,,-ից  բացի  իմ  բողոքին  առնչվող  որեւէ  այլ  կողմնորոշիչ  պատասխան  լսել  ավտոպատասխանիչից, աշխատակցուհին, որ  այդ  ընթացքում  ձեռքերը  ծալած  կանգնել  էր ՝,,դախլի,, մյուս  կողմում, թերեւս, համոզվեց, որ  իմ  ջանքերն  իզուր  են  անցնում, բայց  շարունակում  էր  պնդել, թե  ,,Ինչքան  պետք  ա  ՝պետք  ա  սպասեք, մինչեւ  միանաք,,: ,,Ինչի՞, կարող  է՞  Արմենտելի  ճորտն  ենք,  պետք  է  օրերով  1-00  հավաքենք,,  ՝դիտարկումս  անարձագանք  մնաց: Իսկ  աշխատակցուհուն  սրահի  մյուս  անկյունում  սպասողներն  սկսեցին  աղմկել, թե  դա  աշխատատար  գործ  է, եւ  ես  զուր  տեղը  ժամանակ  եմ  խլում / էլ չեն  ասում որ  ժամանակ  էլ  կորցնում  եմ /, եւ ,,ճիշտ,,  կլինի, եթե  հարեւանի  կամ  ծանոթի  տանը  գնամ  նստեմ  ու  այդ  համարը  հավաքեմ  այնքան, մինչեւ  միանամ  օպերատորին: Այսինքն,  ամսեկան  1100դրամ  սպասարկման  վարձ  գանձող  Արմենտելին  ,,չի  կարելի,,  անհանգստացնել, բայց  հարեւանին  կամ  ծանոթին  ,,կարելի,, է:  Ահա  այսպիսի  ,,տնավարի- գեղական,, հարաբերություններ ՝  ժամանակակից  ,,Արմենտելում,,,  որի  կողմից  սպասարկման  վարձը  վերջին  15  տարում  հասցվեց 1100դրամի, չհաշված ՝առանձին  րոպեավճարը: Հարեւանի  կամ  ծանոթի  տնից  կարելի  է  զանգել,  եթե  1-00-ում  մարդ  է  նստած, ու  անմիջապես  վերցնելու  է  պատվերը / առավել  ես ՝ որ  այդ  համարի  զանգերն  անվճար  են /, բայց  հիմա, երբ    սպասարկման  տեղական  ծառայությունները  լուծարվել  են,  ու  քաղաքացուն  ,,կցում,, են  երեւանյան  ռոբոտին, որի  միջոցով համապատասխան  ծառայությանը  ,,բռնեցնելու,, համար  օրուգիշեր  կարող  ես  անօգուտ  անցկացնել, մեղմ  ասած ՝ խենթություն  կլինի  բաժանորդի  կողմից,  խաբեություն ՝ Արմենտելի: Սա  նշանակում  է  քաղաքացուն  ,,պասլատ,, անել գրողի  ծոցը : Ո՞վ  էր  տեսել, վանա ձորյան  մոնտյորին  հայտ  ներկայացնելու  համար  Երեւան  զանգեն : Այս  անհեթեթ  կարգը  ներդրվեց  ոմն  Յորղուլասի   թե  Բլիզնյուկի  օրոք:  Մինչ  այդ  մարդիկ  զանգում  էին  1-08, հայտնում  էին, որ  գիծը  վնասված է, օրվա  ընթացքում  էլ  մոնտյորը  գալիս  նորոգում-գնում  էր: Ավելին.1-08-ից էլ  հետո  զանգում-հետաքրքրվում էին, թե ,,Աշխատե՞ց  ձեր  հեռախոսը,,: Իսկ  հիմա  վանաձորյան  հեռախոսահամար  իմանալու  համար  վանաձորցին  պետք  է  անօգուտ  փորձի  կապվել  երեւանյան  ավտոպատասխանիչի  հետ, որտեղից  մի  երկար-բարակ  հրահանգներից  հետո  քեզ  պարզապես  վերադարձնում  են  ,,դարձ  ի  շրջանս  յուր,,  կամ  ասում ՝,,ձեր  ժամանակն  սպառված  է,,: Ինչպես  կասեին  ,,32 ատամի,, տղաները ՝,,Թող  ծափ  տան  նրանք, ովքեր  հավաքել  են  1-00, որ  ինչ-որ  բան  իմանան, բայց  այդպես  էլ  չի  հաջողվել...,, Փաստորեն, սպասարկման  վանաձորյան  բաժանմունքը, որ ,,օտարվել,, է,  մարզային  ղեկավարության  ,,նստավայրից,,  ու  քշվել  մի  խոհանոցաչափ  տարածք ՝ Տիգրան  մեծ 59  հասցեում,  քաղաքացիներին  ոչ  թե  սպասարկում  է,  այլ ՝ծառայեցնում: Ընդ  որում, մարզային  ղեկավարությանը  որեւէ  հարցով  դիմելն  անհնար  է,  քանի  որ  վերջիններիս  ,,թագավորանիստի,, մուտքն  ընդհանրապես  արգելված  է  քաղաքացիների  համար :  Մամուլի  ծառայությունն  էլ  միայն  Երեւանում  է:  Իսկ  միգուցե  պետք  է  գոհ  լինենք, որ  վանաձորյան  մոնտյորների  տեղն  իմանալու  համար  պետք  է  Երեւանի  հետ  կապվենք,  ոչ  թե ՝ Մոսկվայի  Կրեմլի կամ  Լենինգրադի  Սմոլնու, չէ՞  որ  Արմենտելը  ռուսաստանյան  պատկանելություն  ունի . ,, Ալո,  Սմոլնի, շտապ  մեզ  հայտնեք  վանաձորյան  մոնտյորների  հեռախոսահամարը ,,:  Եւ,  ինչպես  կասեր  մեծն  Չարենցը ՝ ,,Ու  հեռախոսը  ֆրոնտից  հազում  է  շիֆր,,:  Ակնկալում  ենք, որ  սույն  հրապարակումը  միգուցե  կարժանանա  Հանրային  խորհրդի  ուշադրությանը, ու  միգուցե  մտաբերեն,  թե  ո՞վ  եւ  ի՞նչ  հիմունքներով  սեփականացրեց  հայաստանյան  կապը  ու  հանձնեց  օտարի  ձեռքը,  ու  հիմա  ինչպես  ուզում,  այնպես  տնօրինում  են,  ի՞նչ  հիմքով  է  հեռախոսավարձը  մի  քանի  անգամ  թանկացել,  եթե  սպասարկման  գործառույթները  պակասել  են ՝ի վնաս  ժողովրդի, եւ  ինչու՞  է  հանրային  ծառայությունները  կարգավորող  հանձնաժողովը  ,,դաբրո,, տվել  այդ  թանկացումներին:         

ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն