Զարմանում եմ, որ մայրաքաղաքում տրանսպորտի թանկացման դեմ սկսված շարժումը չի վերածվում համաժողովրդական շարժման ՝ ընդդեմ իշխող վարչախմբի: Լավ, ասենք թե մի քանի օր Նիկոլն անվճար ուղեւորափոխադրում կատարեց ընկերականով կամ ՝ մարդկայինով, մի քանի օր էլ ՝ դերասաններ Հայկոն ու Լալան կամ էլի մի 200հոգի 800մարդու անվճար տեղափոխեցին: Լավագույն դեպքում, ինչպես հուլիսի 24-ի ասուլիսում կարծիք հայտնեց Հայրիկյանը ՝փոխադրավարձը 150-ից կդառնա 120դրամ: Իսկ եթե անգամ կրկին 100դառնա / ինչը քիչ է հավանական ՝ դատելով Երեանի քաղաքապետի ելույթից /, ստացվում է, որ մարդիկ պայքարում են միայն նրա համար, որ ավելի վատ չապրեն, փոխանակ՝ լավ ապրելու համար պայքարեն: Դե իշխանության ուզածն էլ դա է. ժողովուրդ, գոհ եղեք, որ ավելի վատ չեք ապրում, եղածով յոլա գնացեք: Ես հիշում եմ, որ մի 4-5 տարի առաջ Երեւանում անգամ 50դրամանոց երթուղայիններ կային ՝ 70-100դրամանոցներին զուգահեռ, ու մի որոշ ժամանակ անց մարդիկ սկսեցին բողոքել ՝սկզբում 100- ի դեմ, հիմա ՝ 150-ի: Որքան հիշում եմ, մետրոն էլ սկզբում 40դրամ էր, հետո դարձավ 50, հետո մարդկանց ,,վարժեցրին,, 100դրամին: Ի՞նչ է պետք համոզվելու համար, որ այս վարչախմբից ոչ մի լավ բան սպասել չի կարելի, որ սրանց միակ զբաղմունքը բյուջետային գումարներն աննպատակ ծախսելն է / վկա ՝ բիոզուգարանների վրա ծախսած հազարավոր դոլարները, վկա ՝ ասֆալտապատման ու ճանապարհների նորոգման նպատակով յուրացվող գումարները, ինչին ,,Արմենիան,, անդրադարձավ հերթական ,,Սուր անկյան,, ժամանակ: 15 տարի է ՝ սեփականաշնորհված ,,Նաիրիտի,, ու Վանաձորի քիմգործարանի աշխատողներն աշխատավարձը ոչ թե ստանում են, այլ ՝,,պոկում,, սեփականատերերի ,,մսից,, ՝այն էլ ՝ բողոքի ցույցերի արդյունքում: Հիմա էլ դրան ավելացել են սնանկացած ,,Արմավիայի,, աշխատողների բողոքներն ՝ իրենց տարիների կուտակված աշխատավարձերի պահանջով: Օր չկա, որ կառավարության շենքի դիմաց ցույց չլինի. խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներ, բնակարանները կապալառուների մեղքով կորցրածներ, ըստ արժանվույն չգնահատվող, առողջությունը կորցրած ազատամարտիկներ եւ, պարզապես ՝ անհատ քաղաքացիներ ՝ տարիներ շարունակ չլուծվող իրենց խնդիրներով: Երբեմն էլ ,,կոկորդներին հասած,, համբերության բաժակը լցված գյուղացիներն են իրենց սոցիալական բողոքն արտահայտում ՝ ճանապարհ փակելով... Իշխող կուսակցության անդամ մարզային ,,իշխաններն,, ու ,,բդեշխներն,, էլ պարբերաբար աչքի են ընկնում իրենց ,,զոռբայության,, դրսեւորումներով...Մի օր Սյունիքի մարզպետն է այդ ,,սեւ ցուցակում,, մի օր ՝ Գյումրու նախկին քաղաքապետը, մի քանի օր առաջ էլ Սպիտակի քաղաքապետն էր 71 տարեկան մեկին ծեծել ՝ըստ ««Արմենիայի,, եւ ըստ ոստիկանական հաղորդագրություններին հղում կատարած մամուլի: : Օրումեջ էլ իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից լրագրողներն են բռի վերաբերմունքի արժանանում, երբ վերջիններս ,,խենթություն,, են ունենում նրանց որեւէ հարցով դիմել...Այս ամենը դեռ բավական չէ ՝մարդկանց նորմալ տեղաշարժի իրավունքն էլ է խախտվում թե մայրաքաղաքում, թե ՝ մարզում. մի քանի փողոց միաժամանակ քանդուքարափ են անում, թումբուփոսեր առաջացնում / իբր եղածները քիչ են / ու ամիսներով այդպես թողնում: Վերջին 5 տարիների միակ դրական ձեռքբերումը թոշակների ժամանակին վճարումն էր, բայց ՝ այս տարվա մայիսից սկսած ոչ միայն սկսվեցին գրաֆիկի խախտումներ, այլեւ ՝ մի քանի հազար թոշակառուների անուններ դուրս մնացին ցուցակներից ՝ իբր համակարգչային ,,նորարարության,, պատճառով: Չես հասկանում ՝ էս երկիրը տեր չունի՞, եթե չունի, թող ժողովուրդը տեր կանգնի եւ ավելի մեծ պահանջներ ներկայացնի, քան ՝ 1 անգամ թանկացած տրանսպորտի հերթական թանկացումը կանխելն է: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն