Շուրջ 2 ամիս է ՝ Վանաձորի կենտրոնական հատվածների տարբեր փողոցներ հերթով խրամատավորվում են. ջրատար խողովակներ են փոխում ՝ մայթեզրին հարող ուղղությամբ, ու ջրագիծ փոխելուց հետո , փորած ավազախճաքարախառն զանգվածը նորից լցնում ու պարզապես հարթեցնում են. բայց ՝ ասֆալտապատում չի արվում, ինչի հետեւանքով առանց այդ էլ կարգին ասֆալտի երես չտեսած փողոցներն ավելի են այլանդակվում: Այսինքն ՝ջրմուղն իր մասով գործն անում-վերջացնում է, եւ, դրանից հետո, թվում էր, թե համայնքային ճանշինը պետք է ասֆալտապատում աներ, բայց ՝ չի արվում. համենայն դեպս ՝Կ. Դեմիրճյան փողոցում, որտեղ շուրջ 3 շաբաթ առաջ ,,վիրաբուժական,, միջամտություն արեցին, ու այդպես էլ ասֆալտապատում չարեցին: Ընդ որում, Դեմիրճյանում աշխատանքները կիսատ ՝ անցան Տերյանին, Տերյանի մի մասը դեռ խրամատավորված ՝ սկսեցին ,,մանրից,, քչփորել Լազյանն ու Ղուկասյանը: Այնպիսի տպավորություն է ՝ թե գերմանացիների հարձակումն է Սովետական Միության վրա: 1 տարի էլ չկա ՝ այդ փողոցներում կարկատանային ասֆալտապատում էին արել, իսկ հիմա դրա հետքն էլ չկա: Եւ անուն է ՝ թե կառավարությունը Վանաձորում ասֆալտապատման համար փող է հատկացրել: Հիմա սա ասֆալտապատու՞մ է, թե՞ ՝ ասֆալտատնաքանդում ՝ նախկին Ղարաքիլիսայի գյուղական կոլորիտը վերականգնելու ու փողոցները վերջնականապես նախնադարյան հողային տեսքին բերելու նպատակով: Մայթերն առանց այդ էլ չեն ասֆալտապատվում ՝ որպես կանոն, եւ պարզապես ,,լացելու,, վիճակում են / Կ.Դեմիրճյան, Տերյան / : Փաստորեն,, առանց այդ էլ քարուքանդ եղած մայթից փրկվելու նպատակով մարդկանց որպես ,,այլընտրանք,, փողոցն էլ չի մնում: Հերթական անձրեւներից հետո, Լազյան փողոցում անցորդները անցնող մեքենաներից խուսափելու համար ստիպված են մնալ ,,ցեխաճմբերի,, հույսին: Սրան ավելացնենք նաեւ այն, թե ինչ փոշի է բարձրանում մեքենաների երթեւեկից հետո: Ի դեպ, մշտական անձրեւներն ի հայտ բերեցին, թե ինչ անորակ ասֆալտապատում էր արվել Կ. Դեմիրճյան փողոցում ՝ 2 ամիս առաջ / ավելի ճիշտ ՝ կարկատանային փոսալցումներ, որոնց հիմա էլ ավելացել են ջրագծեր փոխելու , բայց նոր, ավելի լայնածավալ ասֆալտապատում չանելու վնասները թե անցորդների, թե մեքենաների համար : Խրախուսելի չէ նաեւ այն, որ ջրագծեր փոխելուց հետո փողոցներում շարունակում են մնալ ավազախճաթմբեր, ինչը լուրջ վնաս է հատկապես գիշերային երթեւեկության համար: Ընդհանրապես, այդ ամենի արդյունքում աջ ու ձախ երթեւեկություն է խախտվում: Նշենք, որ ամիսներ առաջ Վանաձորում խոշոր ավտովթարի պատճառը ինչ-որ շինարարական կիսատ աշխատանքներն էին եղել: Հիշեցնենք, որ անորակ ասֆալտապատման մեկնարկային աշխատանքներին անդրադարձել ենք բլոգի ՝ հունիսի 15-ի համարում ՝,,Եվ կրկին անորակ ասֆալտապատման, բաց դիտահորերի ու բյուջետային վնասների մասին,,: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ Հ.Գ. Հուլիսի 24-ի դրությամբ լայնածավալ ասֆալտապատում է սկսվել առայժմ միայն Տիգրան Մեծ պողոտայում, որտեղ նույնպես ջրագծեր փոխեցին:
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն