Պարզվում է, գների բարձրացմանը համահունչ թոշակները չբարձրացնելուն զուգահեռ ՝ կառավարությունը մի անակնկալ էլ էր պատրաստել թոշակառուների համար: Չնայած յուրաքանչյուր ամսվա 1-2 ից իբր թե պետք է մշտապես բաշխվեն թոշակները, սակայն այդ կարգը թերեւս միայն մայրաքաղաքում է գործում կամ ՝ ընտրությունների շեմին: Հուլիսի 4ի կեսօրի դրությամբ, սահմանադրության տոնի նախօրեին Վանաձորի փոստային բաժանմունքներում դեռեւս չէին սկսել թոշակների բաշխումը, իսկ վաղ առավոտից անհույս հերթի կանգնած թոշակառուները չգիտեին անգամ, թե թոշակ կլինի՞, թե՞ ՝ չի լինի, կամ իրենց կհասնի՞, թե՞՝ չի հասնի: Եվ միայն կեսօրից հետո ,, երջանիկների,, մի ստվար խումբ միայն ՝ թոշակն ստանալուն պես ՝ արդեն ,,գրոհի,, էին դուրս եկել խանութների վրա, ոմանք էլ շուկա ՝ ծիրանի ,,որսի,,: Իսկ մնացյալը, որոնց թվում ՝ տներում թոշակին սպասող վատառողջներ, ստիպված կլինեն միգուցե օդով սնվել կամ դեղորայք գնել ՝մինչեւ շաբաթ կամ երեքշաբթի, քանի որ երկուշաբթին էլ ՝Վարդավառին հաջորդող օրը, մեռելոց է: Ընդհանրապես անհասկանալի խտրականություն է. ինչու՞ բանկային բաժանմունքներում թոշակները մի քանի օր ավելի շուտ են բաշխվում, քան ՝ փոստային բաժանմունքներում, կամ մարզկենտրոններում ավելի շուտ են բաշխում, քան ՝ գյուղերում: Չէ՞ որ թոշակառուներն ունեն նույն սահմանադրական իրավունքները: Այս ֆոնի վրա հարկ ենք համարում մեկ անգամ եւս հիշեցնել ընթացիկ ու սպասվող թանկացումների մասին: Ամենայն հավանականությամբ, ամսեամիս թոշակների բաշխման ժամկետների երկարաձգումն ապացույց է այն բանի, որ գումարները ,,խաղացվում,, են բանկերում կամ ՝ համապատասխան սոցիալական մարմինների կողմից պտտեցվում են, եւ ,,Խաչիկյան պլյուս բանդայի,,՝ թոշակների յուրացման գործով ,,լավագույն ավանդույթները,, շարունակվում են: Ի՞նչ տարբերություն ՝ մեռածների անվամբ գումարներ յուրացնեն, թե՞ ՝ ողջերի գումարները պտտեցնեն այն հույսով, որ այս ընթացքում էլի մի քանիսը ,,վարի կգնան,,: ,,Դե դաչնի սեզոնն սկսվել ա, տղեքին ,,վիզ,, փող ա պետք, Դուբայ-մուբայ, Տայլանդ, Իսպանիա ...,,-հեգնում է վանաձորցիներից մեկը: Իսկ 1-2 օր ուշացնելն անգամ կարող է ճակատագրական լինել շատերի համար: Հիշեցնենք նաեւ, որ Վանաձորում պակասում են թոշակառուները, քանի որ շատերն անգամ թոշակի տարիքի չեն հասնում, եւ այս պայմաններում, երբ թոշակառու քիչ է մնացել, էլ ավելի անընդունելի է / եթե ոչ ՝ ցինիզմի դրսեւորում / այս բնագավառում ուշացումները կամ մարդկանց ստորացնելը ՝ տանել- բերելու կամ սպասեցնելու առումով. այն էլ ՝ տոնի նախօրյակին: Իսկ ցինիզմի ծայրահեղ դրսեւորում է ոչ միայն թանկացումների ֆոնի վրա թոշակները չբարձրացնելը, այլեւ ՝մի քանի հազար դոլարանոց բիոզուգարանների կառուցումը ՝ պետբյուջեի հաշվին, մինչդեռ տարեցտարի պակասող թոշակառուների ավանդների վերադարձի համար բյուջեում այդպես էլ փող չգտնվեց: ,, Հետո էլ որ Լեւոնն ասում էր ավազակապետություն ՝ նեղանում էին, ավազակապետություն չի, բա ի՞նչ ա,,- վերոնշյալ խնդիրները նկատի ունենալով ՝ ասում է վանաձորցիներից մեկը: Փաստորեն, մինչ ,,վերեւներում,, ԵԽԽՎ, վերահսկիչ-վերաքննիչ ու ,,Օֆշոր,, են ,,խաղացնում, ,,ներքեւներում սոցիալապես անապահով խավերը բացարձակ անտերության են մատնված ու արհամարհանքի: Հավանաբար, պաշտոնյաներին միանգամայն ,,իրավացիորեն,, թվում է, որ սահմանադրությունը միայն իրենց տոնն է, եւ ոչ թե ՝ հասարակ մահկանացուների, որոնք ստիպված են լինելու հայհոյել տոնն էլ, տոնն ստեղծողին էլ: Իսկ միգուցե դա ձեռնտւ՞ է ինչ-ինչ ուժերի , որոնք լծակներ ունեն պետական կառավարման համակարգում: Ի՞նչ իմանաս: Ակամա հիշում եմ խորհրդային տարիները, երբ ուսուցիչներից ոմանք, դասամիջոցի զանգից ուրախացած աշակերտների ոգեւորության վրա ,,ջուր,, էին լցնում ՝ ասելով .,,Զանգը ձեզ համար չի, ինձ համար է,,: Ինչպես կասեին ,,32ատամի,, տղաները ՝ ,,Թող ծափ տան նրանք, ովքեր այդպիսի ուսուցիչ են ունեցել,, ՝ որոնք էլ ուսանել են այն պաշտոնյաներին, որոնք այսօր գտնում են, որ սահմանադրության տոնը միայն իրենց համար է, ոչ թե ՝շարքային ժողովրդի: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն