Ահագին մխիթարանք է, երբ տեսնում ենք, որ մայրաքաղաքում էլ է պարբերաբար նույն անբարեկարգ, քանդուքարափ վիճակը ՝ ասֆալտապատման անվան տակ, ինչպես Վանաձորում, եւ այդ թեմային նվիրված մի ամբողջ հոդվածաշար ենք գրել: Իսկ իրականում փողերի լվացում է տեղի ունենում: Ահավասիկ, ,,Եթեր,, շաբաթաթերթի թիվ 45 նոյեմբերյան համարում լրագրող Արա Բաղդասարյանի ,,Ճանապարհաշինական-փողալվացման միջոցառումներ,, հոդվածում արծարծված հարցերը, որոնք վերաբերվում են մայրաքաղաքին, կարող են վերաբերվել նաեւ Վանաձորին:,,Ամբողջ ամառ ՝ թեժ շոգին շարունակվեց ասֆալտապատումը: Ընդ որում ՝ թողած ծայրամասային մեծ ու փոքր փողոցները, որոնք տարիներով ասֆալտի երես չեն տեսել, ասֆալտապատում էին այն փողոցները, որոնք առաջին հայացքից բարեկարգման կարիք չունեին,,- գրում է հոդվածագիրը: Մեկ այլ պարբերության մեջ էլ նկարագրում տիպիկ վանաձորյան Ղուկասյան փողոցի ասֆալտապատմանը բնորոշ երեւույթ / այն տարբերությամբ, որ այստեղ քանդած-փակած փողոցի հողազանգվածի վերին շերտն էին քանդում, ոչ թե ՝ նոր-նոր արած ասֆալտի վերին շերտը, ինչպես նկարագրում է հեղինակը /. ,,Աշխատանքը նոր-նոր ավարտած ՝ սկսեցին քանդել: Այո, քերել-քանդել ասֆալտի վերին շերտը...Ինչու՞: Այստեղ կարելի է զոռ տալ երեվակայությանն ու ինչ պատճառ ասես մոգոնել,,: Մայրաքաղաքի հավերժական ասֆալտապատման, փողոցների անհարկի քանդելուն /ինչը բնորոշ է նաեւ Վանաձորին / անդրադարձել են նաեւ ,,Արմենիայի,, ,,Սուր անկյունն,, ու ,,Շանթի,, Կիրակնօրյա ,,Հորիզոնը,,: Փողերի լվացման գործընթացին էլ անդրադարձել է ,,Ժառանգության,, անդամ Անահիտ Բախշյանը: Բայց դե լսողն ո՞վ է: Տեր չկա, տիրական չկա: ,,Վերեւներում,, անգամ պետական ,,Հայլուրով,, երբեմն սպրդող քննադատություններին չեն ուշադրություն դարձնում, ուր մնաց ՝ ,,այլընտրանքային,, հեռուստատեսությանը կամ մամուլին:Մի՞թե պետք է մի 5 տարի անցնի, որ վերահսկիչ պալատը այս ոլորտում ուսումնասիրություն կատարի, ժամկետանց չարաշահումներ հայտնաբերի , որից հետո մեղավորները կամ կպատժվեն, կամ չեն պատժվի:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն