Ամիսներ առաջ Հ1-ի ,,Ինդեքս,, տնտեսական հավելվածը, ավետելով, թե հանրապետությունում թոշակների բաշխումն սկսվել է, մի զարմանալի միտք հայտնեց, որն, ի դեպ, ավելի վաղ է ,,օրենքի ուժ,, ստացել փոստային բաժանմունքների համար: Ըստ դրա, այն թոշակառուները, ովքեր տանն են թոշակ ստանում, ուրեմն այնքան էլ ,,կարիքավոր,, չեն, եթե փոստային բաժանմունք չեն գնում, ուստի նրանց թոշակները կբաշխվեն 3-րդ օրվանից սկսած: Հաշվի չի առնվում այն պարզ տրամաբանությունը, որ տանն ստացողները, միգուցե, դժվարությամբ տեղաշարժվող տարեցներն են, հիվանդ ծերերը, դեղորայքով մի կերպ գոյատեւող մարդիկ, որոնցից շատերն այդ վիճակին հասել են վայ-իշխանավորների մեղքով, ում հիմնական մտահոգությունն այսօր այն է, որ իրենց ահռելի աշխատավարձերն սկսել են ,,քչություն,, անել, ,,չեն հասնում գների ետեւից, ուստի դրանք բարձրացնելու անհրաժեշտություն կա . այստեղ են ասել ՝ ,,Միայն կաղին որ լինի, ուտեմ, պառկեմ, գիրանամ,,: Ըստ այդմ, թոշակների բաշխման օրերին Վանաձորի փոստային բաժանմումքներում կարելի է տեսնել հենակներով, անվասայլակներով հաշմանդամների, տանեցիների օգնությամբ տեղաշարժվողների, որոնք նախընտրում են թեկուզ հերթ կանգնել, տուժվել, բայց ՝ օր առաջ ստանալ թոշակը, այլ ոչ թե ՝ օրերով սպասել, թե երբ պիտի ,,պոչտալյոն Պեչկինը,, վերջապես ժամանի: Փորձեցինք կապվել նպաստների ու թոշակների հարցերով զբաղվող Թեժ գծին, թե որքանո՞վ է տեղին տանը թոշակ ստացողների գումարները հատկացնել միայն 3-րդ օրվանից սկսած, սակայն վերջինների հեռախոսահամարը 8008034, որ գրված է ,,Սփյուռ,, տեղեկատուի մեջ, 4-րդ համարից հետո այլեւս չէր հավաքվում: Ի դեպ, կան փոստատարներ, որոնք հաշվի չեն առնում այդ անհեթեթ կարգը, եւ առաջին օրն իսկ գումարը հանձնում են տներում ստացողներին: Նոյեմբերի 4-ից Վանաձորում սկսվել է թոշակների բաշխումը, սակայն նոյեմբերի 7-ի դրությամբ տներում ստացողներին դեռեւս հերթը չէր հասել. այն դեպքում, երբ անգամ որոշ հեռավոր գյուղերում էին դրանք բաշխվել: ,,Գումարները դեռ բանկից չեն բերել,,-պատճառաբանում էին փոստային բաժանմունքներում. փաստորեն, հենց հերթը հասել է տներում ստացողներին ՝ գումարներն սկսել են քչություն անել. չէ՞ որ տներում ստացողները ,,կարիքավոր, չեն. այնպես, ինչպես ամսի 1-ից կամ 2-ից աշխատավարձ ստացող նախարարներն ու պատգամավորները, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, տներում ստացողները չեն կարող բողոքի ցույց անել կամ միանալ մայրաքաղաքի հեղափոխականներին... Նոյեմբերի 7-ին ցերեկային ,,Հայլուրը,, հայտնեց, որ այսօր կառավարության նիստում քննարկվել է թոշակների ուշացման առթիվ բողոքների հարցը, եւ պարզաբանվել է, որ բաշխումն սկսվում է յուրաքանչյուր ամսվա 3-ից / իսկ նախագահական ու խորհրդարանական ընտրություններից առաջ որոշվել էր մայրաքաղաքում 1-ից սկսել, մարզերում ՝ 2-ից :-Գ.Հ. / : Փաստորեն, թոշակների բաշխումն ընթանում է ձգձգումներով,եւ անգամ մայրաքաղաքում արդեն հեղափոխական գործընթացները չեն զսպում կառավարողների ախորժակը, եւ շարունակում են գումարները բանկերում պտտեցնելու տխուր ավանդույթը: Ցավալի է, ամոթ է, սթափվեք , վերջապես Աստծուց վախեցեք, ի վերջո ահեղ դատաստանի օր էլ է գալու: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն