Նոյեմբերի 27-ի կեսգիշերին, ժամը 2-3-ի սահմաններում հարբած խուլիգանների խումբն ավտոմեքենաներին ,,հեծած,,՝ զիլ ազդանշաններով, բաց լուսամուտներից գլուխները հանած, հռհռալով ու ձայնարկություններ հանելով, մոտ կես ժամ անհանգստություն պատճառեցին Վանաձորի Երկաթուղայինների այգու մոտակա շենքերի խաղաղ բնակիչներին ՝ խաթարելով վերջիններիս գիշերային հանգիստը, եւ մի քանի անգամ պտույտներ կատարեցին. չհաշված ՝ մեքենաները կանգնեցնելն ու ազդանշաններով ,,լեղաճաք,, անելը: Իբր քիչ են բնակիչներին պարբերաբար անհանգստացնում գիշերային հրավառությունները ՝ մոտակա ռեստորաններից, կեսգիշերային խուլիգանությունն էլ պակասը լրացրեց: Հայտնի չէ, թե ո՞րն էր այդ հորթային հրճվանքի պատճառը. ավելի ճիշտ ՝ դրդապատճառը. ալկոհո՞լը, թե՞ ՝ թմրանյութը, սակայն այդ ժամին ոչ մի ոստիկանական մեքենա չհայտնվեց: Մի՞թե գիշերային պարեկապահակային ծառայություն չի իրականացվում: Հիշեցնենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ Երկաթուղայինների այգում մի անմեղ պատանու սպանություն էր տեղի ունեցել. այն էլ ՝ օրը ցերեկով, մինչդեռ թվում էր, թե գոնե դրանից հետո այս տարածքում պատշաճ հսկողություն կիրականացվեր. մանավանդ, որ գիշերային ,,ռազբորկաներն,, ու զազրախոսությունները հարբած խմբերի կողմից այստեղ անպակաս են: Մի՞թե պետք է անպայման հանրահավաք լինի, որ ոստիկանների ջոկատներ հայտնվեն: Ակամա հիշում եմ ,,Վիտամին,, ակումբի մի երգիծական համար. փողոցում մեկին կողոպտում են, տուժողն էլ մի քանի անգամ բղավում է ,,ոստիկան, ոստիկան,, ՝ բայց որեւէ ոստիկան չի հայտնվում, մինչդեռ հենց բղավում է ,,Լե-վոն, Լե-վոն,,՝ ոստիկաններն անմիջապես հայտնվում են:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий
Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն