четверг, 27 марта 2014 г.

Տեղական վենդետտան շարունակվում է. սոցիալական ճնշումներն ՝ ընդդեմ ազատ մամուլի

   Չնայած որոշել  էի օգտվել Կանանց միամսյակից օգտվելու իմ սահմանադրական իրավունքից, ու որոշ ժամանակ դադարեցնել հրապարակախոսական գործունեությունս ՝ հաշվի առնելով նաեւ  Մեծ Պահքի խորհուրդը  / այդ օրերին համացանցից  հնարավորինս քիչ օգտվելու առումով /,սակայն տեղական իշխանություններն իրենց գործելակերպով նպաստեցին, որ ես հերթական անգամ խախտեմ ինտերնետային ,,պասս,, ու կրկին գրիչը ձեռքս առնեմ ՝ ընդդեմ տեղական ու գեղական իշխանությունների: Մարտի 24-ին, գարնանային մի հրաշալի օր, Լոռու մարզային գրադարանում մեկուկես ժամ անկախ ու ընդդիմադիր ընթերցանության ,,հովերով տարված,, ՝գավառական քաղաքի տաղտուկ առօրյային հաշտված մարդու մտամոլոր քայլերով ուղեւորվում էի տուն, երբ ճանապարհին հարեւաններիցս մեկը  հանդիպելով ՝ տեղեկացրեց, որ համատիրության ղեկավարն անձամբ այցելել է շենք, եւ իմաց է արել, որ ,,սպասարկման վարձերը,, մուծենք, թե չէ ստիպված է դատարան դիմել, քանի որ ,,շատ մեծ պարտք է,,: Փաստորեն, տարիներ շարունակ ,,չեն հիշել,,  ,,պարտքի,, մասին, ու հանկարծ ՝ ,,հիշել,, են: Դե սա տեղական իշխանությունների ,,վերջին զենքն,, է ՝ իրենց ոչ հաճո լրագրողին այդ կերպ ճնշելու համար, քանի որ մնացած վարձերը տեղը տեղին մուծում ենք,դեռ մի բան էլ ավելի, ինչպես ջրմուղի պարագայում, որին, ելնելով նպատակահարմարությունից, ջրի վարձ վճարում ենք  ըստ անձաքանակի ՝ մի քանի անգամ թանկացած սակագնով : Անգամ պայմանագիր չունեցող աղբի վարձն ենք մուծում ՝ տարիներ շարունակ, քանի որ պարզ տեսնում ենք, որ ամեն Աստծո օր, վաղ առավոտյան աղբատարի վարորդներն աղմուկ-աղաղակով, խաղաղ քնած բնակչությանը ժամը 6-ից դիվահար անելով ՝ գալիս- դատարկում են աղբարկղերը.երբեմն էլ օրը մի քանի անգամ են գալիս. թեպետ դա էլ չի փրկում տարածքի անմաքուր վիճակը, քանի որ թափառող շներն ու կատուները, ինչպես նաեւ, ցավոք, նրանց հետ նույն հարթության վրա գտնվող մուրացիկներն ու բոմժերը մշտապես ցրիվ են տալիս աղբը:Հարկ է նկատել, սակայն, որ 2 տարի առաջ էլ փորձում էին անհիշելի ժամանակներից իբր ,,մնացած,, աղբի ,,պարտք,, ,,փաթաթեն,, ու քաղաքապետի ազգական, գույքի կառավարման բաժնի պետի գրությամբ սպառնում էին դատարանով / ինչի մասին անդրադարձել ենք սույն բլոգի  2012թվի ,,Ւնչպես նեղել ընդդիմախոսներին,, հոդվածում. 27.06.2012թ. /:Իբր քիչ էր  տեղական իշխանությունների համար, որ ընտանիքի գլխավորին էին կենդանության օրոք հալածում ՝ճշտի համար, հիմա, էլ անցել են ,,վերջին մոհիկաններին,,: 2008-2010թվերին էլ ջրմուղին էին ,,քսի տվել,,՝ փորձելով Թութանհամոնի թվերից մնացած ,,պարտք,,փաթաթել մեր վզին, եւ միայն համառ պայքարի, անդուլ նամակագրության ու համապատասխան իրավական հիմնավորումներ ներկայացնելու արդյունքում 2010թվին այդ պարտքը կարողացա չեղյալ համարել: Բայց այդ համառ պայքարը / որի ընթացքում ջրմուղում մի քանի ղեկավար փոխվեց / թանկ նստեց մեր վրա. հակված եմ կարծելու, թե 2008թվին մորս  խփած կաթվածը դրան նախորդող ՝ ջրմուղի սպառնալից  ու վերջնագիր ներկայացնող գրության /,,Դատական ճանապարհով պարտքը գանձելու վերաբերյալ,,/ արդյունք  էր: Հետո էլ  ասում են ,, Մեծ Պահքի ժամանակ խուսափեք համացանցից,,: Ո՞նց խուսափես, եթե ներողություն արտահայտության ու համեմատության համար ՝,,լեշ տեսած գիշանգղի նման,, հարձակվում են  անգամ ՝ Պահքի ընթացքում, ու Կանանց միամսյակին, Զատկին  ու մայրության ու գեղեցկության տոնին ,,ընդառաջ,,: Այդ պարոնների համար երեւի թե Պահքն ու  Կանանց միամսյակը, առհասարակ տոները միմիայն իրենց թիմակից-կուսակից, խնամի-ազգական, քավորկին ու տեգերկին ,,փափկասուն տիկնանց,, կամ ,,աղջիկ-պարոնների,, համար են, նրանց, ովքեր  իրենց հաճոյախոսում են, ծափ են տալիս, համայնքի ավագանու 98 տոկոսի նման ՝ որոշումներին  ,,դա, գասպադին,, են ասում: Մյուսները ,, խոլոպներ,, կամ ,,բոմժեր,, ու ,,համբալներ,, են ՝ կոչված միմիայն իրենց բյուջեն լցնելու համար: Ի դեպ, ըստ հեռուստատեսային մի գովազդի, քաղաքապետական շրջանակները ասֆալտի բիզնեսից բացի, հիմա էլ անցնում են մսամթերքի կիսաֆաբրիկատների բիզնեսի / չլինի՞ որոշել են որպես ,,հումք,, իրենց ընդդիմախոսների կաշին ու ոսկորներն օգտագործել /: Իսկ ընդդիմախոսները, որպես կանոն, նրանց համար  ,,չարակամ,, են,  ,,պատվերով գրողներ,, որոնց ,,պատվիրատուները,,  ,,նախանձում,, են իրենց  կամ ՝ պաշտոնին ,,աչք ունեն,,: Փաստորեն, բավական չէ, որ քաղաքապետարանը դե յուրե թե դե ֆակտո դարձել է ,,Փակ-բաժնետիրական սահմանափակ պատասխանատվությամբ   ընկերություն,,  որտեղ գլխավոր ճարտարապետը քաղաքապետի փեսան է ՝ պատմաբան-մանկավարժի կրթությամբ, լրատվության գծով  խորհրդականն էլ ՝մորաքրոջ տղան ՝կաթի տեխնոլոգիայի գծով  մասնագետ, / նախկինում դպրոցի տնտեսվար /, իսկ մնացած ազգականների պաշտոնների մասին քանիցս է գրվել մամուլում ՝ այլոց կողմից, դեռ մի բան էլ ոչ միայն ոչ յուրայիններին թույլ չեն տալիս օգտվել ՏԻՄ կամ պետական համակարգում, անգամ ՝ մասնավոր ընկերություններում մի կտոր հաց վաստակելու իրավունքից / զանազան միջոցներով  արգելք հանդիսանալով, ինչը մի առանձին թեմա է /, այլեւ ՝,,գլխներին,, զանազան ,,պարտքեր,, են փորձում ,,սարքել,,: Թեպետ, հազիվ թե քաղաքակիրթ, բարեկիրթ ու խելքը գլխին մարդը կարողանա նրանց հետ հաշտ-համերաշխ  աշխատել ՝ եթե խնամի-բարեկամ չէ: Չենք զարմանա, եթե տեղական իշխանությունների մարդահալած քաղաքականության շնորհիվ քաղաքը այնքան դատարկվի բնակչությունից, որ մի օր քաղաքապետն ասի ՝,,Ի՞նչ անեմ, քաղաքում մնացել ենք մենք ու մերոնցով, սաղ թողել-փախել են, դրա համար էլ ամեն մեկս մի քանի պաշտոն ու բիզնես ունենք,,: Ինչ վերաբերվում է հերթական անգամ իմ նկատմամբ սոցիալական ճնշման դրսեվորմանը / նախորդը անցած ամսում էր, երբ մահացած հորս անձաքանակով աղբի վարձ էին հաշվարկել, անգամ ՝ նախօրոք իմ զգուշացումից հետո , իսկ իմ դիտողությունից հետո հանկարծ հիշեցին համատիրության ,,սպասարկման վարձը,, ինչի ապացույցները տեղ են գտել ,,Կերան,կերան կերան...վարձերը մարդկանց կերան,,հոդվածում /սույն բլոգի  այս տարվա 21փետրվարի համարում /, ապա դա, թերեւս, պայմանավորված է նրանով, որ մարտի 19-ին կոմկուսի Վանաձորի գրասենյակում ասուլիսի ժամանակ ,,վերին,, իշխանություններին քննադատող 1-ին քարտուղարից հետաքրքրվեցի.,,Իսկ արդյո՞ք արտագաղթի հարցում տեղական իշխանությունների մեղքի բաժինը չեք տեսնում,,: Ու բանախոսն էլ ստիպված էր համաձայնվել՝ իմ կողմից ներկայացրած համապատասխան փաստարկներից հետո, ու այդ ամենը տպագրվեց ինտերնետային հարթակում:Մի պատճառ էլ թերեւս այն է, որ Ֆեյսբուքի իմ էջում զետեղում եմ նաեւ քաղաքի հիմնախնդիրներին անդրադարձող այլոց հրապարակումներ եւս ՝ որպես լրագրողական համերաշխության դրսեւորում: Իսկ վերջերս էլ հերթական անգամ քննադատել էի ՝,,Խեղճ բնակչություն, ի՞նչ է անելու առանց քաղաքապետարանի նիստերի,, հոդվածում, որն արտատպած կայքերից մեկում 400-ից ավելի ընթերցանություն էր ունեցել:                                       ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ


среда, 26 марта 2014 г.

,,Շքամուտքի հարսների ջանը սաղ լինի,,

  Մարտի 25-ին բլոգում տպագրված   ,,Բաց նամակին,, ՝ համատիրությունների կողմից անհարկի գանձվող ,,սպասարկման վարձի,, առնչությամբ, անմիջապես արձագանքեց վանաձորաբնակ մի երիտասարդ մտավորական՝իր ֆեյսբուքյան էջում գրելով.,,Լրիվ համամիտ եմ: Երբ ձմռանը շենքը սնուցող  ջրագիծը սառել էր,  համատիրությունն ասում էր դա մեր գործը չէ, շենքի ներսն է մերը, ջրմուղն էլ ասում էր գլխավոր ջրագծից հետո  համատիրության գործն է, եւ ոչ ոք տեր չկանգնեց  հարցին եւ միայն բնակիչների  ջանքերով իրենց սեփական  գրպանի  գումարներով  7 օր չարչարվելով  կարողացան լուծել խնդիրը ՝ մնացած բոլոր խնդիրներն էլ նույնը: Ամբողջ տարվա ընթացքում գոնե 1 անգամ  գործ չեն իրականացնում,  որ ասես թե ՝ լավ , դրա համար վարձ մուծեմ:  Ի դեպ, շատերը պայմանագիր էլ չունեն համատիրության հետ, եւ նույնիսկ անտեղյակ են, որ ընդգրկված են այս կամ այն համատիրության կազմում  եւ մասնակցում են ,,ժողովների,,...,,: Իմ այն դիտարկմանը, թե  ,,Գոնե շքամուտքերում հավաքարար չեն պահում, որ  մարդիկ գոնե նրան տված փողը չափսոսեն,,  օգտատերը   նկատեց.,,Շքամուտքի հարսների ջանը սաղ լինի, ի՞նչ հավաքարար, կոյուղին խցանվում է՝ գնում դիմում ես ասում են բանվոր չունենք, դուք սարքեք  վարձից կհանենք, մարդ ես կանչում սարքում է, 5000ծախսում ես, վարձից 2000 էլ  չեն պակասեցնում: Իսկ որ ստուգեն հաստիքացուցակով, երեւի 50 աշխատող բանվոր ու մի 100հատ էլ հավաքարար կգտնեն,,: Հաջորդ դիտարկմանս ՝ ,,Ի՞նչ պակաս անհեթեթ ու չհիմնավորված վարձ է, այնպես, ինչպես  գազի սպասարկման վարձը, նա գոնե բանկային համակարգում են մուծում,, ՝ արձագանքեց .,,Գազի սպասարկման վարձի ում գրպանն է գնումն ավելի է զայրացնում մարդկանց, քան ՝ որ չգիտեն,,: Երեւի թե նկատի ուներ նաեւ այդ վարձատեսակի անիմաստ լինելը եւս / ինչն արդեն այլ թեմա է,առանձին  ուսումնասիրություն  պահանջող /: Իսկ երեւանաբնակ Քնարիկ Հովհաննիսյանը  ֆեյսբուքում գրում է.,,Շատ ճիշտ է, մենք դարձել ենք համատիրությունների գերին: Ամեն բառի տակ կստորագրի յուրաքանչյուր բնակիչ, անկախ բնակավայրից: Ո՞վ է տեսել  ոչ մի փաստացի ծառայություն չմատուցող  կառույց այդքան գումար վաստակի, սա ոչ այլ ինչ է, քան ռեկետ: Մարդիկ մի կերպ կարողանում են իրենց գոյությունը պահպանել, ծայրը ծայրին հասցնել այս ծանր սոցիալական պայմաններում, շատերը միայն թոշակի  հույսին են: Վեջապես ինչքա՞ն կարելի է  ժողովրդի համբերությունը չարաշահել: Այս հարցը հարկավոր է քննարկել ավելի հաճախ, քանի որ դա բոլորիս է վերաբերվում: Շնորհակալություն հիմնավորված վերլուծական նյութի համար,,: Ի դեպ, պատմական մի փաստաթղթից մեզ հաջողվեղ պարզել, որ 1996 թ. ԲՇՏ-ները Վանաձորում ԲՏՁ վերանվանելուց հետո հաստիքացուցակով հաստատված են եղել հավաքարարի, էլեկտրիկների հաստիքներ ՝ համապատասխան աշխատավարձով: Միգուցե մինչ օրս այդ հաստիքները  ,,թղթի վրա,, պահպանվում են եթե ոչ բոլոր, ապա ՝ մի քանի համատիրություններում. այսինքն ,,անունը կա, ամանում չկա,,: Նշենք, որ ԲՇՏ_ները  Վանաձորում  լուծարելուց  ու ԲՏՁ դարձնելուց հետո էլ  ,,Թաղամասային հիմնարկություն,, անվանումը տրվեց դրանց, իսկ այս տարի էլ սրանք լուծարվեցին, ու ասպարեզը մնաց ,,ինքնակոչ,, հաճախ ,,թղթի վրա գործող,, ու  մի քանի հոգանոց ,,ժողովներ,, անող համատիրություններին: Համատիրություն կա, որ տարիներով ձայնն էլ չեն լսել բնակիչները կամ տեղն իմացել: Բնակարանների ներսում էներգետիկ խնդիրների ժամանակ մասնավոր վարպետ են կանչում, չմտածելով անգամ, թե համատիրությունում էլեկտրիկ գոյություն ունի՞, թե՞ ՝ ոչ, շենքային էներգովթարների ժամանակ էլ  էլցանցի տեղամասային տեսուչի կարող են գտնել լավագույն դեպքում : Իսկ ,,համատիրություն,, բառը վերջին տարիներին բնակչության մոտ ընկալվում է որպես ,,սպասարկման վարձ,,հավաքող կառույց: Փաստորեն, նախկին տարիների բնակվարձի անունը դրել են ,,սպասարկման վարձ,,    ,քանի որ սեփականաշնորհված բնակարաններից չեն կարող բնակվարձ պահանջել ու ,,կլպել է որ կլպում են,, ՝ ումից կարողանում են:                                                                                                          ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

вторник, 25 марта 2014 г.

Բաց նամակ տարածքային կառավարման նախարարին, Հանրային խորհրդին, Վանաձորի քաղաքապետին ու ավագանուն

Բազմիցս մամուլում  եւ  հեռուստատեսությամբ քննադատվել է, որ  քաղաքապետարանային ենթակայության ներքո ստեղծված համատիրություններն  առավելապես ,,կույր աղիքի,, դեր են տանում, բնակչության վզին փաթաթելով ,,սպասարկման վարձ,, որ իրավաբանորեն թերի հիմնավորված կամ ընդհանրապես չհիմնավորվող մի հասկացություն է: Սակայն համատիրությունները շարունակում են սպառնալ բնակչությանը գրավոր կամ բանավոր, որ այդ ,,սպասարկման վարձ,, կոչվածը չմուծելու դեպքում  գանձումներ կարվեն դատարանով: Սա միակ ծառայությունն է, որի ,, մատուցած.. ծառայությունն առավելապես անհայտ է բնակչությանը: Ի՞նչ տրամաբանությամբ է ամսավճար հավաքվում բնակիչներից ՝ըստ սենյակների քանակի կամ պատշգամբների առկայության /, իսկ չմուծելու դեպքում մարդկանց ,,գլխին սարքվում,, որպես ,,պարտք,, /, եթե որպես համատիրության ,,աշխատանք,, վկայակոչվում են շենքերում երբեմն կատարվող առանձին աշխատանքներ, հաճախ ՝ բնակիչների հետ չհամաձայնեցված:Չենք կարծում, թե հույժ անհրաժեշտություն է որոշ շքամուտքերում սենսորային  լուսավորության անցկացումը  կամ շքամուտքի դռան փոփոխումն իբր վերանորոգման նպատակով /, որի արդյունքում շքամուտքի վիճակն ավելի է վատթարանում ՝ մինչեւ դռան բերելը ամիսներ շարունակ շքամուտքը  քամու բերանին թողնելու  եւ  թափառող կենդանիների համար ,,կացարան,, հանդիսանալու պատճառով /, եթե տվյալ շենքերի համար առավել կարեւոր է պատերի ճաքերի վերանորոգումը կամ սվաղը, ջարդված լուսամուտների փոփոխումը, բայց անգամ այդ դեպքում պետք է կատարված աշխատանքի վրա ծախսված գումարը բաշխվի ըստ ընտանիքների, եւ ոչ թե ՝ տարին մեկ անգամ արված ինչ-որ աշխատանքի դիմաց պարտադիր ամսավարձ գանձվի: Այդ դեպքում հարկ է, որ վարձի անունը դրվի շենքերի սպասարկման, եւ ոչ թե՝ բնակարանների, ինչպես սովորաբար կոչվում էր բնակվարձը ՝ մինչեւ  բնակարանների սեփականաշնորհումը: Ու ստացվում է, որ սեփականաշնորհված բնակարանների բնակիչները հաճախ եւ գույքահարկ են վճարում, եւ սպասարկման վարձ ՝ հայտնի չէ, թե  ո՞ր սպասարկման համար, երբ շքամուտքերի մաքրության համար անգամ հավաքարարներ չեն պահում համատիրությունները, իսկ այդ պարտականությունը կատարում են բնակիչները ՝ստիպված:Անգամ բակերի մաքրությամբ չեն զբաղվում հաճախ համատիրությունները, զգուշացումներ չեն փակցվում շքամուտքերում ՝ այն մաքուր պահելու, ծխախոտի մնացորդը չթափելու, շենքերում փայտ չջարդելու վերաբերյալ: Շենքերում տեղի ունեցող վթարների ժամանակ էլ հաճախ բնակիչներն իրենք հավաքվում, վարպետ են վարձում ու առանց համատիրության միջամտության ՝ վերացնում ջրատարների սառեցումը կամ խցանումներն ՝ ընդհանուր կոյուղագծում: Աղբի համար առանձին վարձ գանձվում է ՝ բանկերի միջոցով, բարձրահարկ շենքերում  էլ վերելակի համար է  առանձին վարձ գանձվում, ուրեմն էլ ի՞նչ ծառայություն է ,,մատուցվում,, համատիրության կողմից, եթե բնակչությանը ամսավարձ է պարտադրվում: Ընդհանրապես, շենքում կատարվող յուրաքանչյուր աշխատանք պետք է համաձայնեցվի համատիրության անդամների հետ, համատեղ որոշվի դրանց նպատակայնության հարցը, մինչդեռ անգամ ժողովների կայացման մասին շքամուտքերում հայտարարություններ չեն փակցվում: Վանաձորի շենքերի  մեծ մասն այսօր վթարային է / թեպետ մայրաքաղաքի վթարային շենքերի մասին էլ քանիցս իրազեկվել է հեռուստատեսությամբ /, ու երկրաշարժից 25 տարի անց բնակիչներն իրենք են իրենց սուղ միջոցներով վերանորոգում մաշված ջրատարները կամ էներգասնուցման գծերը ՝ առանց պետական աջակցության, նորոգում  պատշգամբները:Ուրեմն էլ ինչու՞ են համատիրությանը վճարում, եթե շենքերը  վերջնական քայքայումից փրկելու համար  համատիրությունների կողմից առնվազն նվազագույնը չի արվում շենքերում, իսկ պետական դոտացիայով նախատեսված տանիքների նորոգումն էլ արվում է միայն այն շենքերում, որտեղ բնակիչներն էլ են ի վիճակի լինում  այդ նպատակին հատկացվող գումար տրամադրել, ինչը սպասարկման վարձի մեջ չի մտնում: Ինչու՞, ի վերջո, համատիրությունները չեն փորձում ձմռան ամիսներին կազմակերպել բնակարանների ջեռուցման հարցը ՝ կաթսայատների միջոցով. այնպես, ինպես համայնքային ենթակայության հիմնարկներն են ջեռուցվում, իսկ կենտրոնացված ջեռուցումը նախընտրելի է թե գազի, եւ թե էներգիայի օգտագործումից ինչպես մատչելիության, այնպես էլ ՝անվտանգության տեսանկյունից: Միայն այն դեպքում, երբ համատիրությունները կզբաղվեն շքամուտքերի պարբերական մաքրության, ջեռուցման հարցերով, կարելի է մտածել բնակչությունից կանոնավոր վարձ հավաքելու մասին, օրինական հիմքերով: Իսկ արդյո՞ք համատիրությունների ,,սպասարկման վարձը,, որպես հանրային ծառայություն  ՝ ներկայացվում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատմանը. հազիվ թե, քանի որ հանձնաժողովն, ըստ հեռուստառեպորտաժների, առավելապես զբաղվում է գազի, լույսի, ջրի, հեռախոսի սակագների վերանայման կամ հաստատման հարցերով: Վերոնշյալ փաստարկները հաշվի առնելով, գալիս ենք այն եզրակացության, որ  իրենց գործելակերպով բնակչության շրջանում արդարացի դժգոհություն առաջացնող  համատիրությունների գոյությունն առավելապես ,,արյունածուծ միջատի,, է նման, ինչը կոռուպցիայի ոլորտից է.  մանավանդ, որ  հավաքած գումարներն, ի տարբերություն հանրային այլ ծառայությունների համար  հավաքվող գումարների, բանկային համակարգով չեն անցնում, այլ պարզապես ինչ-որ մեկը գալիս-հավաքում, մի թղթի կտոր է հատկացնում դրա դիմաց ու գնում է:Մի՞թե կարելի է օրեցօր պակասող բնակչության կրճատված թվաքանակի հաշվին մի քանի տասնյակի հասնող համատիրություններ պահել ու դրանց գործունեությունն արդարացնելու , խնամի-ծանոթ-բարեկամներին ,,աշխատանքով,, ու աշխատավարձով ապահովելու համար  բնակիչներից ամեն ամիս գումար հավաքել ՝ որպես ,,սպասարկման վարձ,,. չհաշված ՝ կոնկրետ աշխատանքների համար հավաքվող առանձին գումարները, վերելակների վարձը,աղբահանության վճարը , որոնց սակագներն էլ պարբերաբար բարձրացվում են :Եվ սա ՝ այն դեպքում, երբ մարդիկ ,,շունչ չեն քաշում,, գազի  ու ՝ ,,գազի սպասարկման,, լույսի, ջրի, հեռախոսի վարձերի ,,տարափից,,: Հարկ է նկատել նաեւ, որ համատիրությունների ժողովային ակտիվացումն ու բնակիչներին սպառնալը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ պետականորեն որոշվեց նրանց գործառույթները  սահմանափակել ու ընտանիքների կազմի վերաբերյալ տեղեկանքների տրամադրումը նրանցից անցավ անձնագրային բաժիններին, ինչի արդյունքում կոռուպցիոն ռիսկերից մեկը նվազեց այդ համակարգում, քանի որ համատիրությունների համար տեղեկանքի տրամադրումն այն կարեւոր  գործոնն էր, որի անվան տակ չարաշահումներ էին  արվում .,,Մինչեւ վարձերը չմուծեք ՝ տեղեկանք չենք տա,, / :Թեպետ վատն այն է, որ անձնագրային բաժիններում էլ պետական տուրք է գանձվում տեղեկանք տրամադրելու համար `1100դրամ : Դե համատիրություններն էլ, որպես  գումար կորզելու միջոց, ընտրել են ժողովների, բանավոր ու գրավոր զգուշացումների միջոցով սպառնալիքներ հայտնելն  առ այն, որ չմուծելու դեպքում ոչ միայն դատական ճանապարհով կգանձվեն ,,թղթի վրա սարքած,, գումարները, այլեւ ՝ դատական ծախսերը:Այս կարգի ,,ակցիաները,, ՝գարնան զարթոնքի ֆոնին, երբ երկրում օր-օրի ավելի է մեծանում սոցիալական բունտի հավանականությունը ՝ գների ու վարձերի համատարած բարձրացման ֆոնին, էլ ավելի են մեծացնում սոցիալական լարվածությունը, նպաստում ժողովրդական լայն զանգվածների համախմբմանն ՝ ընդդեմ գործող համակարգի: Ու՞մ է   դա ձեռնտու:            ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ


среда, 19 марта 2014 г.

Վանաձորի կոմունիստները Ղրիմի դեպքերով ոգեւորված են, Հայաստանի դեպքերով ՝ մտահոգված

  Չնայած Հայկոմկուսի Կենտկոմում  ամիսներ առաջ ղեկավարի փոփոխությունից հետո  քար-լռություն է տիրում / Իսկ հրաժարական տված նախկին 1-ին քարտուղար Ռուբեն Թովմասյանն այս ընթացքում ֆեյսբուքային ակտիվությամբ է առանձնանում իր պաշտոնական էջում /, սակայն Վանաձորի կոմկուսի գրասենյակում շարունակում է պահպանվել եռամսյակը կամ կիսամյակը մեկ ասուլիս հրավիրելու ավանդույթը:Հերթականը մարտի 19-ին էր. նվիրված Ուկրաինայի ու Ղրիմի դեպքերին եւ ՀԿԿ Կենտկոմում տեղի ունեցած փոփոխություններին. այն է ՝ Թովմասյանից հետո պլենումով ընտրված Տաճատ Սարգսյանը վերահաստատվել է պաշտոնում ՝ մինչեւ համագումարը : /Այսպիսով, պաշտոնական կոմկուսը դեռ լռելու շատ ժամանակ կունենա, իսկ մինչ այդ ՝ նույն պլենումով  ընտրված գաղափարական քարտուղար Անդրանիկ Ղուկասյանն ստիպված կլինի վանաձորյան ասուլիսներում ներկայացնել նաեւ մայր-կուսակցության դիրքորոշումը : Ասուլիսում արտահայտված մտքերի էությունն այն էր, որ հայ ժողովրդի փրկությունը Ռուսաստանն է, որ նաեւ Ղրիմի ժողովրդի փրկիչը  հանդիսացավ ուկրաինական նացիոնալիզմի ոտնձգություններից, հայ ժողովրդի ապագան էլ, ըստ կոմկուսի ՝ մաքսային միություն մտնելն է, այնուհետ ՝Եվրասիական միությունը:Իսկ եվրամիությանը կոմունիստները քննադատում են  մի շարք արժեքների ներմուծման կամ այս կամ այն օրենքը պարտադրելու համար / որոնցից մեկն էլ 12-ամյա կրթական համակարգին անցնելն է /: Ղուկասյանը քննադատեց ոչ միայն նրանց, ովքեր հակառուսական ու հակապուտինյան քննադատությամբ են հանդես գալիս, այլեւ ՝  նրանց, ովքեր չեն ճանաչում Ղրիմի հանրապետությունը,որպես Ռուսաստանի մի պատմական մաս : Հարցիս ՝,,Ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ Արցախի հանրապետությունը ճանաչել է Ղրիմը, ընդունել է հանրաքվեի արդյունքները,իսկ պաշտոնական Երեւանը չի ճանաչում: Մի՞թե Արցախն ու Հայաստանը տարբեր են,, խուսափուկ պատասխանեց տվեց եւ այդ փաստը պայմանավորեց հայ-ուկրաինական հարաբերությունների հետ կապված էթիկական / բարեկրթությունից դրդված / հանգամանքով, ինչը ,,թարգմանաբար,, կնշանակի ՝,,Բա որ հանկարծ Ուկրաինան նեղանա ,,: Ներքաղաքական զարգացումների ֆոնին կոմունիստներն իրենց պաշտպանության տակ առան վարչապետին, քննադատելով  խորհրդարանական ընդդիմադիր ուժերին, թե ինչու՞ նրանք նախագահի հրաժարական չեն պահանջում, այլ ՝ վարչապետի,բայց եւ նկատեցին, թե ,,3 նախագահ ենք փոխել, 8 վարչապետ, ի՞նչ է փոխվել ,,: Թե Ղուկասյանը, եւ թե ասուլիսին մասնակցող 2 քարտուղարները համոզված էին, թե խորհրդարանական ընդդիմությունը ,,վախենում է նախագահի անունը տալ,,  քանի որ ,,վախենում են, թե բիզնեսներից կզրկվեն,,: Դե իսկ կոմկուսը բիզնես չունի, բայց մտահոգված է, թե ինչու՞ ներկրվող մեքենաների համար մաքսատանը մեծ տուրք են մուծում. ,,4000դոլարանոց մեքենայի համար ՝ 2000դոլար,,: Հարցիս ՝ ,,Դուք դրանում անձա՞մբ եք համոզվել, թե՞ ձեզ պատմել են,,՝ բանախոսը տեղեկացրեց, որ ծանոթներն են դժգոհել:Քաղկոմի 1-ին քարտուղարը  համոզված է, որ վարչապետին ցանկանում են նորով փոխարինել, որպեսզի այդ նորին էլ հետո դարձնեն նախագահ: ,,Իսկ ու՞մ են ուզում դարձնեն նախագահ,, ՝հարցիս էլ ծիծաղելով պատասխանեց.,,Մաքսային միություն կմտնենք ՝ կերեւա ,,: Սա էլ ,,թարգմանաբար,, կարելի է հասկանալ ՝,,Պուտինն ում կցանկանա,,: Քանի որ ասուլիսի ընթացքում նաեւ արտագաղթի առթիվ մտահոգություն հնչեց, ուստի հետաքրքրվեցի, թե արդյո՞ք այդ հարցում տեղական իշխանությունների մեղքի բաժինը չկա, Ղուկասյանը  պատճառաբանեց, թե օրենքով տեղական ինքնակառավարման լիազորությունները սահմանափակ են, քաղաքապետը լիազորություններ չունի գործարանների վրա: ,,Իսկ չէ՞ որ ՏԻՄ-երին են պատկանում մանկապարտեզները, դպրոցները, քաղաքապետարանը, եւ այս ոլորտում չարաշահումների, առանց մրցույթի կադրային նշանակումների մասին քանիցս խոսվել է, մի՞թե դա արտագաղթի պատճառ չէ,, Ղուկասյանը ստիպված էր համաձայնվել, եւ  անգամ հիշատակեց, որ խորհրդային տարիներին մերձավոր ազգականներն իրավունք չունեին նույն վայրում աշխատել: Ասուլիսը վերջում վերածվեց ,,բաց դասի,,՝պատմական էքսկուրսի կարգով, որին մասնակցում էին թե կոմկուսի ներկայացուցիչները, թե լրագրողները: Իսկ 2-րդ քարտուղար, Քարաձոր գյուղի բնակիչ, մասնագիտությամբ մանկավարժ Մյասնիկ Հովակիմյանը հայտնեց, թե ,,Մենք անբարոյական ազգ ենք,,: Ինչու՞ ՝ ,,Որովհետեւ ոչ Հոկտեմբերի 27-ը բացահայտվեց, ոչ մարտի մեկը,,:Նաեւ քննադատեց, թե ինչու՞ Ռուբեն Թովմասյանը հրաժարական տվեց, եւ այդ հարցում համոզված էր, որ իշանությունների մատը խառն է: Ասուլիսի վերջում հետաքրքրվեցի, թե ինչու՞ ,,Ազատություն,, ռ/կայանը չի լուսաբանում կոմկուսի ասուլիսները,  Ղուկասյանը պատասխանեց, որ մի քանի անգամ ասուլիսներին հրավիրել է  ,,Ազատությանը,, բայց չեն եկել, ինչը բացատրվեց ռադիոկայանի եվրոպամետ լինելու համգամանքով: Ի դեպ, Ղուկասյանը, վկայակոչելով Սոլովյովի քաղաքական հաղորդումը, Եվրոպային էլ մեղադրեց Ղրիմի դեպքերը խեղաթյուրված ներկայացնելու հարցում:  Ասուլիսից հետո պատահաբար հանդիպեցինք երբեմնի հնագույն կոմունիստ, նախկին երեւանաբնակ, Երեւանի թիվ 162 դպրոցի  նախկին երկարամյա տնօրեն կենսաթոշակառու Սվետլանա Համբարյանին, եւ հետաքրքրվեցինք, թե ինչու՞ այլեւս չի մասնակցում կոմկուսի ասուլիսներին, պատասխանեց, որ խորապես հիասթափված է ամեն ինչից, այդ թվում ՝ քաղաքականությունից, եւ չնայած կապերը խզել է կոմկուսից, սակայն տոմսը սրբությամբ պահպանում է / ինչպես շատերը /: Թեպետ տեղեկացրեց, որ  ոգեւորված է Ղրիմի դեպքերով, եւ հատկապես ՝ Պուտինով:                                                   ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

среда, 12 марта 2014 г.

Խեղճ բնակչություն. ի՞նչ է անելու առանց քաղաքապետարանի նիստերի. վայ-վա~յ, վույ-վու~յ...

         Ամենայն հավանականությամբ, Վանաձորի իշխանությունները մեծ ցանկություն ունեն կրկին հայտնվել Ինֆորմացիոն ազատության կենտրոնի ,,Սեւ ցուցակում,,            / որի մեջ մտնում են տեղակատվություն տրամադրելուց խուսափող պաշտոնյաները /, քանի որ օրերս արգելել են տեղական հեռուստաստուդիաների լրագրողներին ՝ լուսաբանելու ամեն շաբաթյա խորհրդակցությունները / Իսկ իբր ե՞րբ էին լուսաբանում. որքան նկատել եմ ՝ ավելի հաճախ ռեպորտաժների վերջում ասվում էր ՝,,Տեսանյութը տրամադրել է քաղաքապետարանի լրատվության բաժինը: Միգուցե բացառիկ դեպքեր եղել են, երբ  TV-ների լրագրողներն են լուսաբանել : Ամեն դեպքում, այնքան էլ խրախուսելի չէ, եթե ոչ`զարմանալի քաղաքապետարանի նախաձեռնությունը ՝քաղաքապետարանի նիստերից լրագրողների /որոնց թվում ՝թերթերի, կայքերի ,,ոտքը կտրելու,, առնչությամբ /: Բայց ամենազարմանալին, եթե ոչ ՝ զվարճալին այն է. որ քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկը, որ լրագրողներին բացատրություն տալիս գտնվել է քաղաքապետի աշխատասենյակում, սկսել է բջջայինով նկարել լրագրողներին. երեի պատկերացրել է, որ դռնփակ ,,չարտոնված հանրահավաք,, է, ու սկսել է կատարել ոստիկանության գործառույթները: Քաղաքապետարանի ,,դիսպետչերսկիները,,եթեր հեռարձակելու  ոչ  նպատակային լինելը քաղաքապետը  հեռուստաէկրանից պատճառաբանեց   նրանով, որ  կարիք չկա ամեն շաբաթ բնակչությանը հայտնել, թե քանի  թափառող շուն ,,խփեցին,,կամ վնասազերծեցին եւ կամ քանի մետր տարածք հանձնեցին որեւէ մեկին :Ի դեպ, ինչքան էլ ուզում է թափառող շներին վնասազերծեն, ամեն դեպքում  քաղաքի մաքրության համար հակացուցված է գամփռ շների մշտական առկայությունը ոչ միայն աղբարկղերի մոտ ու շուկայամերձ տարածքներում, այլեւ ՝ հենց շուկայում, ու զարմանալի է, որ քաղաքի հակահիգիենիկ ծառայությանը, որի ներկայացուցիչը մշտապես մասնակցում է քաղաքապետարանի նիստերին, կարծես թե ամենեւին չի մտահոգում այդ խնդիրը. միգուցե նրանք շուկա չեն հաճախում, այլ միայն սուպերմարկետներից են օգտվում...հազիվ թե: Դատելով նրանից, որ վերջերս էլ համայնքի ավագանու  հերթական նիստին էր արգելվել  լրագրողների մասնակցությունը, կարելի է ենթադրել, որ հետայսու ավագանու նիստերի դռներն էլ մշտական կփակվեն լրագրողների առջեւ: Ու դրանից հետո, թերեւս,  տեղական ստուդիաներից ոմանք կմնան առավելապես   մսուր-մանկապարտեզների ու դպրոցների երեկույթ-ցերեկույթների հույսին, որոնց  լուսաբանմամբ էլ  վերջերս սկսվում է լրատվության մատուցումը: Մի 30 դպրոց կա, մի 20 էլ մանկապարտեզ կլինի, ու եթե դպրոցների 1-ից 10  կամ 12դասարանների թիվն էլ բազմապատկենք ,,ա,բ,գ,դ,, դասարանների քանակով, ապա ամեն օր մեկի կամ մի քանիսի միջոցառումով կարելի է ,,բոլ-բոլ,, լցնել եթերը, կարող է անգամ հերթեր առաջանան, թե առաջ ում  ցերեկույթ-երեկույթը լուսաբանեն... Ընդհանրապես չի բացառվում, որ քաղաքային իշխանությունները կամ վերջինիս  լրատվության բաժինը իրենց PR-ը /,,փիառը,,/ ուժեղացնելու նպատակով որոշել են իրենք իրենց հակագովազդել ՝ վիճարկելի որոշումներ կայացնելով, ու դրա շուրջը համացանցային աղմուկ-աղաղակ առաջացնելով. այնպես, ինչպես ռուսական էստրադայի աստղերն են  հաճախ իրենք իրենց մասին բամբասանքներ տարածում ՝ իրենց անվան շուրջ աղմուկ ստեղծելու, եւ դրանով իրենց գովազդը խթանելու նպատակով: Խեղճ  բնակչություն. ի՞նչ է անելու առանց քաղաքապետարանի նիստերի, առանց քաղաքապետարանի պաշտոնյաների խմբակային ամենշաբաթյա լուսանկարը տեսնելու...չի իմանալու, թե քանի թափառող ,,շուն-շանորդի,, ,,շանսատակ արեցին,,...: Անգամ քաղաքապետն է հեռուստաէկրանից ակամա խոստովանում, որ նիստերի մշտական ու հիմնական օրակարգը դա է, ու մեկ էլ ՝ վաճառվող տարածքները: Եւ անգամ այն ժամանակ, երբ հանրապետական հեռուստաեթերը հեղեղվում էր վանաձորյան արտակարգ պատահարներով, քրեական դեպքերով, քաղաքապետարանի լրատվության տեսանյութում նշվում էր, որ ,,քրեական վիճակը քաղաքում հանգիստ է,,: Մեկը չկա, գնա էն մազ-մորուքի մեջ կորած, անթրաշ-անլվա ,,Աբուհասանին,,նկարի / որ տարին բոլոր փողոցում , պատերի տակ քնում,աղբարկղերից սնվում ու աղբարկղերի պարունակությունը ուսից ու վզից կախ տված, փողոցն ու շրջակայքը աղտոտելով, բարձրաձայն  հայհոյելով  ման է գալիս /, ու  ուղարկի սոցապ նախարարություն կամ ,,Արմենիայի,, ,,Սուր անկյուն,,հաղորդմանն ու հարցնի ՝ ,,Էս մարդ-արարածով ու նրա նմաններով ո՞վ պետք է զբաղվի,,:     Մեկ տարի առաջ ինչ-որ մեկը լուսանկարել ու տեղադրել էր նկարը համացանցում ՝ուղեկցող հոդվածով, բայց դրանից ոչինչ չի փոխվել:  Երիտհանրապետական մի լեդի երեկ ԱԺ  ամբիոնից հպարտությամբ ասում էր,որ Հայաստանում  սթափարաններ չկան, ու դա  համարում  էր մեծ                    առավելություն  / Ռուսաստանի համեմատությամբ, որտեղ հարբեցողությունը կայուն հիմքերի վրա է դրված, ու անգամ սթափարանները չեն փրկում իրավիճակը :-Գ.Հ./ : Բայց ոչի՞նչ, որ բոմժերն ու աղբ քրքրողներն են շատ Հայաստանում: Ռուսաստանում, որի հետ մաքսային միություն ենք մտնելու, ձմռան ամիսներին շրջիկ մեքենաները սնունդ են բաժանում բոմժերին /ինչին ականատես ենք լինում ռուսական ֆիլմերում /, կարծեմ այդ կարգի մարդկանց հիգիենայի հարցերով էլ են զբաղվում: Իսկ Հայաստանում, որ մշտապես ,,աղքատության վերացմանն ուղղված,, դրամաշնորհներ է ստանում, այս կարգի մարդկանց թիվը մեծանում է, ու, որքան հայտնի է, անօթեւանների կացարան միան Երեւանում  կա: Մի օր չեղավ, քաղաքապետարանի նիստերում բոմժերի ու մուրացիկների խնդիրը բարձրացվի:Հետաքրքիր է, ինչպե՞ս են իրենց զգում իրենց ծառայողական շքեղ մեքենաներով շրջող պաշտոնյաները ՝ նման մարդկանց կողքով անցնելիս:Մի՞թե կարող են իրենց երջանիկ զգալ, որ իրենք հարուստ են:                                                                                                            ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ      

вторник, 11 марта 2014 г.

Հոսանքի տատանումներն ապօրինի լարանցումների՞, թե՞`լարումն ուժեղացնելու պատճառ

  Մի քանի օր առաջ մեր շքամուտքում հերթական անգամ արտակարգ իրավիճակ էր: Բնակարանների լույսերն ու հեռուստացույցները 10-15 րոպեն մեկ, երեկոյան ժամը 18-20-ի սահմաններում ՝անջատվում-միանում էին: Տագնապահար եղած բնակիչները դուրս էին գալիս շքամուտք, միմյանցից փորձում էին հետաքրքրվել. թե ի՞նչ կլինի կատարվելիս կամ ի՞նչը կլինի հոսանքի տատանման պատճառ, բայց ավելի շատ զայրացած ասում էին ՝ ,,Սա խուժանություն ա, բա որ հեռուստացույցն ու կոմպյուտերը փչանան, էդ փողն ո՞վ ա տալու,,:Ընդ որում, եղանակներն էլ փոքր-ինչ տաք-գարնանային են, ու հազիվ թե պատճառը հոսանքի սպառման ծավալների մեծացումը լիներ ՝ մեկ առանձին վերցրած շքամուտքում: Մոտ մեկ ժամ անց, ի վերջո, ժամանեց տեղամասային էլեկտրիկն ու միանգամից մտնելով ենթակայան, թերեւս, վթարի պատճառը վերացրեց ու միանգամից հեռացավ ՝ինչին ականատես եղան բնակիչները ՝լուսամուտից: Այս պատահարը հիշեցի, երբ մարտի 9-ին ,,Արմենիա,,հեռուստատեսության ,,Սուր անկյան,,մի ռեպորտաժում մայրաքաղաքի մի բնակչուհի համանման դեպք էր պատմում, դժգոհելով, որ իրենց հոսանքի սպառման հաշվեհամարին գրանցած մեծ թիվը, թերեւս, տվյալ ամսում տեղի ունեցած հոսանքի տատանումների, լարումը ուժեղացնելու կամ ապօրինի լարանցում կատարելու հետեւանք է:Ես չգիտեմ, թե մեր շքամուտքում տեղի ունեցածը հոսանքի լարումն ուժեղացնելու թե ապօրինի լարանցման հետեւանք էր, բայց դա արդեն թվով երկրորդ համանման դեպքն էր ՝վերջին 3 ամսում / նախորդը դեկտեմբերի 16-ին էր /:Թեպետ ՝լույսային տատանումներ  ավելի հաճախ էլ են նկատվել, ու ոմանք սա բացատրում են այն հանգամանքով, որ դա տեղի է ունենում նաեւ գիշերային հաշվիչների միացման ժամանակ, կեսգիշերից հետո:Իսկ մարտի 9-ի ,,Շանթ,,-ի կիրակնօրյա ,,Հորիզոնն,, էլ տեղեկացրեց, որ Հրազդան քաղաքի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ էր բռնկվել օրերս, ինչը կարող էր կարճ միացման հետեւանք լինել:Փաստորեն, 90-ականների տխուր ավանդույթը շարունակվում է, երբ բնակիչների գողությունները հաշվիչների նկատմամբ կանխելու նպատակով հաշվիչները տեղափոխեցին շքամուտք, բայց դրանից հետո սկսեցին էլեկտրիկները գողանալ ՝մեկի գծից մյուսին ,,լավություն,, անելու նպատակով,եւ, ինչպես ,,Սուր անկյան,,ռեպորտաժի հեղինակը հեգնեց ՝,,Փող տուր ՝հաշիվդ կիսեմ,,սկզբունքով:Ընդ որում, նույն ռեպորտաժի հեղինակը բնակիչներին խորհուրդ էր տալիս հաշվիչը վերահսկելու նպատակով կպչուն ժաչավեն ամրացնել վրան եւ ստորագրել. իսկ եթե ժամանակակից մեխանիզմի հաշվիչները գտնվում են ապակեպատ արկղում, որն էլ կողպված է, այդ դեպքում ի՞նչ անեն:Հենց հոսանքի տատանման եւ կարճատեւ հրդեհի, թե ապօրինի լարանցման հետեւանքով էր, որ 90-ականներին բնակիչներից մեկի սառնարանը, մյուսի դռան զանգը այրվեց: Ու հիմա բնակիչները լրջորեն մտահոգված են, որ հաճախակի տատանումների հետեւանքով ոչ միայն կարող են հայտնաբերել, որ իրենց հաշվեհամարին մեծ գումարներ են եկել, այլեւ ՝ կարող են էլեկտրական սարքավորումները փչանալ: Դե էլեկտրական իրեր նորոգող արհեստանոցների աչքը լույս, որոնց վարպետները  հաճախ խուսափում են նշել, որ հեռուստացույցի փչանալու պատճառը կարող են հոսանքի տատանումները լինել:Միգուցե այս ամենը համատեղ ծրագրված ,,դիվերսիա,, է. էլեկտրական սարքերը կփչանան ՝նորոգողները գործ կունենան, էլէկտրական ապրանքները կվաճառվեն, լույսերը հաճախ կանջատվեն ՝մոմի ու լուցկու բիզնեսը կծաղկի: Բա չաշխուժացնե՞ն տեղական ու ներմուծովի ապրանքների առեւտուրը: Իսկ այս օրերին թե Վանաձորում, թե մայրաքաղաքում ավելանում է սպառած էներգիայի համար իրենց վրա գրված մեծ գումարներից դժգոհողների թիվը: Ամենազարմանալին այն է, որ ոմանք նշում են, որ իրենք ձմռան ամիսներին այդ բնակարանում չեն ապրել կամ հանրապետությունից բացակայել են, բայց իրենց վրա ,,թիվ են կրակել,,: Այ ,,սենց մազալու բաներ,,:                                                                     ԳԱՅԱՆԵ   ՀՈՎՍԵՓՅԱՆ

вторник, 4 марта 2014 г.

Ոչ կամուրջն է նորոգվում, ոչ ՝ թունելը

 Փետրվարի 25-ին Վանաձոր-Ալավերդի մայրուղու վրա գտնվող, Ձորագետավան մտնող թունելում հերթական անգամ վտանգավոր իրավիճակ էր, որ մոտ էր արտակարգ դառնալուն:Չլուսավորվող, առաստաղը մշտապես կաթոցների մեջ գտնվող ու անբարեկարգ թունելում  հերթական անգամ ,,էքստրեմալ,,խցանում էր առաջացել, քանի որ հսկայածավալ բեռնատար ,,ֆուռերը,, ծանրումեծ շարժվելով ՝իրենց իսկ լույսով մի կերպ տեսանելի դարձնելով տեսադաշտը,  առաջ էին գնում ՝կողքի վրա օրորվելով ու ռեալ սպառնալիք ստեղծելով գրեթե հպվող մարդատարների երթեւեկի համար, որոնք աշխատում էին հնարավորինս պատկառելի հեռավորություն պահպանել այդ աժդահաներից ՝  միաժամանակ ստիպված լինելով շարժվել ,,ֆուռերի,,դանդաղ տեմպերին համապատասխան / իսկ եւ իսկ մեր երկրի տնտեսական առաջընթացի նման /:,,Ֆուռերի,,առաջացրած դղրդյունի ու նրա թունելային դժոխային արձագանքի հետեւանքով մարդատար մեքենաներում գտնվողները մի քանի րոպե շարունակ ,,մթաֆոբիայի,, մեջ էին, ու Աստծուն աղոթում էին, որ անփորձանք  դուրս գան այդ ,,դժոխքից,,:Դրանով, սակայն, փորձանքը չի ավարտվում, քանի որ հաջորդ փորձությունը սովորաբար սկսվում է, երբ ավտոմեքենաները հայտնվում են մայրուղու վրա գտնվող կամրջին ՝ բազրիքներն ամբողջությամբ թափված: Մի աննշան հատված միայն ՝1 մետր երկարությամբ, ծռված վիճակով պահպանվում է: Ու այդ վթարային կամրջով արդեն քանի տարի է ՝,,ֆուռեր,, են անցնում ՝ էլ ավելի թուլացնելով կամրջի վիճակը ու ռեալ վտանգ ստեղծելով երթեվեկության համար:Հետիոտնը պետք է անպայման շուտ-շուտ հետ նայի ՝ տեսնելու համար, թե արդյո՞ք մեքենա չի գալիս, ու ըստ այդմ ՝ հնարավոր վտանգից խուսափելու համար որոշի վազքի ու քայլքի արագությունը, իսկ մեքենայից խուսափելու համար մայթով քայլելն էլ է վտանգավոր ՝ քանի որ բռնվելու տեղ չկա:Մի քանի անգամ էլ մեքենա է գլորվել գետը:Անցած  գարնանը թե ամռանը բետոններ են բերել ՝ իբր նորոգելու նպատակով, բայց ՝ դեռ որեւէ շինարարական գործընթաց չի երեւում: Համենայն դեպս, բնակիչները հավաստում են, որ ,,Մարզպետն ասել ա էս տարի սարքիլ տեն,,: Ի դեպ, կամրջի ողբալի վիճակը նկարելու համարձակություն ունեցավ միայն սփյուռքահայ Եվա Պապիկյանը, որ 2012թվին հանգստանում էր Ձորագետ ավանում: Դեռ այն ժամանակ  կամրջի լուսանկարը տեղադրվեց համացանցում, բայց դրանից ոչինչ չփոխվեց: Մինչդեռ Ձորագես ավանը տուրիզմի միջազգային կենտրոն է համարվում, այդտեղ նաեւ միջազգային կարգի հյուրանոց է գործում :Մի՞թե կարելի է տուրիստներին ընդունել նման վատ ճանապարհային պայմաններում :Աստված մի արասցե ՝մեկ էլ տեսար Վիետնամի պատմությունը կրկնվեց. այնտեղ վերջերս  մի կամրջի ծանրությունը  չէր դիմացել թաղման թափորին, ու ամբողջ բազմությունը գետն էր ընկել: Առավել դատապարտելի է, երբ այս կարգի վթարային կամրջով չի արգելվում ,,ֆուռերի,, երթեվեկը:                         ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

Արդյո՞ք անորակ են ներմուծվող հավկիթները

  Այն բանից հետո, երբ տեղական արտադրության ձվի գինը դեռ նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբերից սկսեց բարձրանալ ՝հասնելով 70 , իսկ Նոր տարվա շեմին ու դրանից հետո ՝ անգամ 80-90դրամի ,  ու դրա հետ մեկտեղ նաեւ ժամանակ առ ժամանակ ձվի սուր դեֆիցիտ էր առաջանում , որպես հարցի կարգավորման լավագույն տարբերակ ՝ընտրվեց ձվի մեծաքանակ ներկրումը. դա զգալիորեն չափավորեց ժողովրդի հաշվին գերշահույթ ստեղծելու տեղական արտադրողների ախորժակը / թեպետ ՝նրանց իսկ շահերից ելնելով ներմուծված ձվի գինն էլ պատկառելի բարձրության վրա էին պահպանում . այդ կերպ գոնե հավասարակշռությունը պահպանվում էր /: Եվ ահա, օրերս տեղական ձու արտադրողներից մեկը կայքերից մեկին տված հարցազրույցում դժգոհել էր, թե կառավարողները փոխանակ խթանեն տեղական արտադրությանը ՝ ,,դրսից,,անորակ ձու են ներմուծում: Կարծում ենք, ներկրվող ձվի որակի հարցը պետք է մտահոգի սննդամթերքի որակի ու անվտանգության հարցերով զբաղվողներին. եթե ներկրվող ձուն որոշ դեպքերում անորակ է ՝ինչո՞ւ են թույլ տալիս ներկրումը, եթե որակյալ է ՝ինչու՞ են տեղական արտադրողները հակագովազդ անում դրանց: Ամեն պարագայում ՝հենց ձվի ներկրման շնորհիվ ճգնաժամը փոքր-ինչ մեղմացավ, եւ փետրվարի վերջից, ի վերջո, ձվի գինն սկսեց իջնել ՝հասնելով մինչեւ 60-65դրամի:Վանաձորի առեւտրի կետերում հենց այդ գնից են սկսվում  թե տեղական, թե ուկրաինական ձվի / փետրվարի 10-ի մակնշումով / արժեքները: Ընդ որում, ներկրածի վրա գոնե երեւում է արտադրման ժամկետը, արտադրողի տվյալները, ինչը գրեթե չի երեւում կամ բացակայում է տեղականի պարագայում :Դրա հետ մեկտեղ ՝հաճախ նաեւ հակահիգիենիկ ու անմաքուր տեսք էլ են ունենում տեղական հավկիթները:Հիշեցնենք, որ 1 տարի առաջ հավկիթի գինը 40-50դրամի սահմաններում էր, եւ գնի կտրուկ բարձրացումը ՝աշնանից սկսված, պատճառաբանվել էր արտադրության հետ կապված գործընթացների /  ծախսվող գազի, էներգիայի /, ինչպես նաեւ թռչնակերի գնի բարձրացման հանգամանքով: Ու մինչ Ազգային ժողովում գազի հանձնաժողովը կուսումնասիրի, թե ինչու է գազը Ռուսաստանից էժան ներկրվում, բայց թանկ վաճառվում սպառողների վրա, ժողովրդի գրպանները կշարունակվեն դատարկվել ոչ միայն գազի ու էներգիայի գնի բարձրացման պատճառաբանությամբ թանկացած ձվի, այլեւ ՝ թանկացած այլ սննդամթերքների  / օրինակ ՝վերամշակված մսամթերքի  տարբեր տեսակների / հավելյալ ծախսերի հաշվին:                 ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ