вторник, 25 марта 2014 г.

Բաց նամակ տարածքային կառավարման նախարարին, Հանրային խորհրդին, Վանաձորի քաղաքապետին ու ավագանուն

Բազմիցս մամուլում  եւ  հեռուստատեսությամբ քննադատվել է, որ  քաղաքապետարանային ենթակայության ներքո ստեղծված համատիրություններն  առավելապես ,,կույր աղիքի,, դեր են տանում, բնակչության վզին փաթաթելով ,,սպասարկման վարձ,, որ իրավաբանորեն թերի հիմնավորված կամ ընդհանրապես չհիմնավորվող մի հասկացություն է: Սակայն համատիրությունները շարունակում են սպառնալ բնակչությանը գրավոր կամ բանավոր, որ այդ ,,սպասարկման վարձ,, կոչվածը չմուծելու դեպքում  գանձումներ կարվեն դատարանով: Սա միակ ծառայությունն է, որի ,, մատուցած.. ծառայությունն առավելապես անհայտ է բնակչությանը: Ի՞նչ տրամաբանությամբ է ամսավճար հավաքվում բնակիչներից ՝ըստ սենյակների քանակի կամ պատշգամբների առկայության /, իսկ չմուծելու դեպքում մարդկանց ,,գլխին սարքվում,, որպես ,,պարտք,, /, եթե որպես համատիրության ,,աշխատանք,, վկայակոչվում են շենքերում երբեմն կատարվող առանձին աշխատանքներ, հաճախ ՝ բնակիչների հետ չհամաձայնեցված:Չենք կարծում, թե հույժ անհրաժեշտություն է որոշ շքամուտքերում սենսորային  լուսավորության անցկացումը  կամ շքամուտքի դռան փոփոխումն իբր վերանորոգման նպատակով /, որի արդյունքում շքամուտքի վիճակն ավելի է վատթարանում ՝ մինչեւ դռան բերելը ամիսներ շարունակ շքամուտքը  քամու բերանին թողնելու  եւ  թափառող կենդանիների համար ,,կացարան,, հանդիսանալու պատճառով /, եթե տվյալ շենքերի համար առավել կարեւոր է պատերի ճաքերի վերանորոգումը կամ սվաղը, ջարդված լուսամուտների փոփոխումը, բայց անգամ այդ դեպքում պետք է կատարված աշխատանքի վրա ծախսված գումարը բաշխվի ըստ ընտանիքների, եւ ոչ թե ՝ տարին մեկ անգամ արված ինչ-որ աշխատանքի դիմաց պարտադիր ամսավարձ գանձվի: Այդ դեպքում հարկ է, որ վարձի անունը դրվի շենքերի սպասարկման, եւ ոչ թե՝ բնակարանների, ինչպես սովորաբար կոչվում էր բնակվարձը ՝ մինչեւ  բնակարանների սեփականաշնորհումը: Ու ստացվում է, որ սեփականաշնորհված բնակարանների բնակիչները հաճախ եւ գույքահարկ են վճարում, եւ սպասարկման վարձ ՝ հայտնի չէ, թե  ո՞ր սպասարկման համար, երբ շքամուտքերի մաքրության համար անգամ հավաքարարներ չեն պահում համատիրությունները, իսկ այդ պարտականությունը կատարում են բնակիչները ՝ստիպված:Անգամ բակերի մաքրությամբ չեն զբաղվում հաճախ համատիրությունները, զգուշացումներ չեն փակցվում շքամուտքերում ՝ այն մաքուր պահելու, ծխախոտի մնացորդը չթափելու, շենքերում փայտ չջարդելու վերաբերյալ: Շենքերում տեղի ունեցող վթարների ժամանակ էլ հաճախ բնակիչներն իրենք հավաքվում, վարպետ են վարձում ու առանց համատիրության միջամտության ՝ վերացնում ջրատարների սառեցումը կամ խցանումներն ՝ ընդհանուր կոյուղագծում: Աղբի համար առանձին վարձ գանձվում է ՝ բանկերի միջոցով, բարձրահարկ շենքերում  էլ վերելակի համար է  առանձին վարձ գանձվում, ուրեմն էլ ի՞նչ ծառայություն է ,,մատուցվում,, համատիրության կողմից, եթե բնակչությանը ամսավարձ է պարտադրվում: Ընդհանրապես, շենքում կատարվող յուրաքանչյուր աշխատանք պետք է համաձայնեցվի համատիրության անդամների հետ, համատեղ որոշվի դրանց նպատակայնության հարցը, մինչդեռ անգամ ժողովների կայացման մասին շքամուտքերում հայտարարություններ չեն փակցվում: Վանաձորի շենքերի  մեծ մասն այսօր վթարային է / թեպետ մայրաքաղաքի վթարային շենքերի մասին էլ քանիցս իրազեկվել է հեռուստատեսությամբ /, ու երկրաշարժից 25 տարի անց բնակիչներն իրենք են իրենց սուղ միջոցներով վերանորոգում մաշված ջրատարները կամ էներգասնուցման գծերը ՝ առանց պետական աջակցության, նորոգում  պատշգամբները:Ուրեմն էլ ինչու՞ են համատիրությանը վճարում, եթե շենքերը  վերջնական քայքայումից փրկելու համար  համատիրությունների կողմից առնվազն նվազագույնը չի արվում շենքերում, իսկ պետական դոտացիայով նախատեսված տանիքների նորոգումն էլ արվում է միայն այն շենքերում, որտեղ բնակիչներն էլ են ի վիճակի լինում  այդ նպատակին հատկացվող գումար տրամադրել, ինչը սպասարկման վարձի մեջ չի մտնում: Ինչու՞, ի վերջո, համատիրությունները չեն փորձում ձմռան ամիսներին կազմակերպել բնակարանների ջեռուցման հարցը ՝ կաթսայատների միջոցով. այնպես, ինպես համայնքային ենթակայության հիմնարկներն են ջեռուցվում, իսկ կենտրոնացված ջեռուցումը նախընտրելի է թե գազի, եւ թե էներգիայի օգտագործումից ինչպես մատչելիության, այնպես էլ ՝անվտանգության տեսանկյունից: Միայն այն դեպքում, երբ համատիրությունները կզբաղվեն շքամուտքերի պարբերական մաքրության, ջեռուցման հարցերով, կարելի է մտածել բնակչությունից կանոնավոր վարձ հավաքելու մասին, օրինական հիմքերով: Իսկ արդյո՞ք համատիրությունների ,,սպասարկման վարձը,, որպես հանրային ծառայություն  ՝ ներկայացվում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատմանը. հազիվ թե, քանի որ հանձնաժողովն, ըստ հեռուստառեպորտաժների, առավելապես զբաղվում է գազի, լույսի, ջրի, հեռախոսի սակագների վերանայման կամ հաստատման հարցերով: Վերոնշյալ փաստարկները հաշվի առնելով, գալիս ենք այն եզրակացության, որ  իրենց գործելակերպով բնակչության շրջանում արդարացի դժգոհություն առաջացնող  համատիրությունների գոյությունն առավելապես ,,արյունածուծ միջատի,, է նման, ինչը կոռուպցիայի ոլորտից է.  մանավանդ, որ  հավաքած գումարներն, ի տարբերություն հանրային այլ ծառայությունների համար  հավաքվող գումարների, բանկային համակարգով չեն անցնում, այլ պարզապես ինչ-որ մեկը գալիս-հավաքում, մի թղթի կտոր է հատկացնում դրա դիմաց ու գնում է:Մի՞թե կարելի է օրեցօր պակասող բնակչության կրճատված թվաքանակի հաշվին մի քանի տասնյակի հասնող համատիրություններ պահել ու դրանց գործունեությունն արդարացնելու , խնամի-ծանոթ-բարեկամներին ,,աշխատանքով,, ու աշխատավարձով ապահովելու համար  բնակիչներից ամեն ամիս գումար հավաքել ՝ որպես ,,սպասարկման վարձ,,. չհաշված ՝ կոնկրետ աշխատանքների համար հավաքվող առանձին գումարները, վերելակների վարձը,աղբահանության վճարը , որոնց սակագներն էլ պարբերաբար բարձրացվում են :Եվ սա ՝ այն դեպքում, երբ մարդիկ ,,շունչ չեն քաշում,, գազի  ու ՝ ,,գազի սպասարկման,, լույսի, ջրի, հեռախոսի վարձերի ,,տարափից,,: Հարկ է նկատել նաեւ, որ համատիրությունների ժողովային ակտիվացումն ու բնակիչներին սպառնալը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ պետականորեն որոշվեց նրանց գործառույթները  սահմանափակել ու ընտանիքների կազմի վերաբերյալ տեղեկանքների տրամադրումը նրանցից անցավ անձնագրային բաժիններին, ինչի արդյունքում կոռուպցիոն ռիսկերից մեկը նվազեց այդ համակարգում, քանի որ համատիրությունների համար տեղեկանքի տրամադրումն այն կարեւոր  գործոնն էր, որի անվան տակ չարաշահումներ էին  արվում .,,Մինչեւ վարձերը չմուծեք ՝ տեղեկանք չենք տա,, / :Թեպետ վատն այն է, որ անձնագրային բաժիններում էլ պետական տուրք է գանձվում տեղեկանք տրամադրելու համար `1100դրամ : Դե համատիրություններն էլ, որպես  գումար կորզելու միջոց, ընտրել են ժողովների, բանավոր ու գրավոր զգուշացումների միջոցով սպառնալիքներ հայտնելն  առ այն, որ չմուծելու դեպքում ոչ միայն դատական ճանապարհով կգանձվեն ,,թղթի վրա սարքած,, գումարները, այլեւ ՝ դատական ծախսերը:Այս կարգի ,,ակցիաները,, ՝գարնան զարթոնքի ֆոնին, երբ երկրում օր-օրի ավելի է մեծանում սոցիալական բունտի հավանականությունը ՝ գների ու վարձերի համատարած բարձրացման ֆոնին, էլ ավելի են մեծացնում սոցիալական լարվածությունը, նպաստում ժողովրդական լայն զանգվածների համախմբմանն ՝ ընդդեմ գործող համակարգի: Ու՞մ է   դա ձեռնտու:            ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ


Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն